Մանկական ուղեղային կաթված ախտանիշով զույգ թոռնիկների շարունակական բուժումը և տարածաշրջանի հաշամանդամություն ունեցող երեխաների խնդիրները Մելանյա Եփրեմյանի համար առիթ հանդիսացան 2003-ին Վարդենիս քաղաքում ստեղծել «Աստղավարդ» հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունը, որի առաքելությունն է աջակցել հաշմանադամություն ունեցող երեխաներին, ապահովել հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելու պայմանները:
Բացի ֆիզեոթերապիայի, լոգոպեդի, մանկական հոգեբանի և այլ բուժական ծառայություններից` կենտրոնը կազմակերպում է նաև ցերեկային անվճար դասընթացներ` անապահով ընտանիքների երեխաների, ինչպես նաև ծնողների համար: Դասընթացների ժամանակ երեխաներն ու ծնողները ձեռք են բերոմ տարբեր հմտություններ, որոնք հետագայում կօգնեն ոչ միայն կենցաղում, այլ նաև աշխատանքի ոլորտում:
«Աստղավարդի» գործունեությունը կախված է հիմնականում դրամաշնորհներից, որոնք մշտական չեն և ուղղված են երեխաների ժամանակավոր տեղափոխմանը, մասնագետների սիմվոլիկ վարձատրությանն ու երեխաների սննդին: Պետության կողմից տարիներ առաջ տրամադրված մոտ 500 քմ տարածքը, տիկին Մելանյայի և ծնողների ջանքերով, տարիների ընթացքում անմիխիթար տարածքից վերածվել է հյուրընկալ օջախի: Ցավոք, ձմռան ամիսներին անհնար է գործել` առանց ջեռուցման. շենքում տեղադրված ջեռուցման համակարգը հազվադեպ է գործում, քանի որ կենտրոնի ամենամյա խնդիրներից մեկը ջեռուցման գումար հայթայթելն է (ամսական 350 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ): Իսկ նման կենտրոնների համար տաք միջավայր ապահովելը առաջնային խնդիր է:
Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքը պետք է լինի շարունակական, քանի որ այն նպաստում է մկանային համակարգի, ինչպես նաև մտավոր զարգացմանը: Սակայն, չունենալով մշտական ֆինանսավորում և սեփական փոխադրամիջոց` հաճախ պարապմունքները դադարեցվում են, մինչ նոր դրամաշնորհի հայթայթումը: Կենտրոնի մասնագետները հիմնականում աշխատում են բարեգործական հիմունքներով, իսկ ծնողները չունեն երեխաներին հարակից տարածքներից կենտրոն բերելու հնարավորություն: