Կյանքը մինչև

Երբ նա ամուսնացավ, ընդամենը 18 տարեկան էր: Ամուսնությունը փախուստ էր դժվար ապրելակերպից: Ապագա ամուսինը նոր էր վերադարձել Ռուսաստանից`արտագնա աշխատանքից: Թեև իրենից բավականին մեծ էր, բայց մտածում էր կամուսնանա, երեխաներ կունենա, կչարչարվի ու լավ կապրի:

– Սկզբում շատ լավ էր: Ամուսինս ինձ շատ լավ էր վերաբերվում, մայրը, հայրը ինձ հարգում էին, – պատմում է կինը: Բայց երբ չորս ամսական հղի էի, մի օր խմած եկավ ու խփեց ինձ: Դրանից հետո սովորական բան դարձավ: Որ խմում էր, բան չէր հասկանում, ծեծում, ջարդում էր ամեն ինչ: Առավոտյան ոչ մի բան չէր հիշում: Քնած ժամանակ տաք ճաշը վրաս էր լցնում: Չէի կարողանում ապացուցել, որ ինձ ծեծել ա: Շատ անգամ փախնում էի բաղնիք, դուռը փակում ու մնում էի այնքան մինչև հանգստանա: Մեծս շատ էր վախենում, մինչև հիմա էլ վախեր ունի…

 

 

 

 

 

 

Նա հյուծվել էր, նիհարել: Նրա մոտ սկսվեցին ի հայտ գալ առողջական խնդիրներ, մոտ երեք ամիս ջերմությունը չէր իջնում: Մարզի հիվանդանոցի գինեկոլոգը ուռուցք ախտորոշեց և բուժումներ նշանակեց: Սակայն ապարդյուն: Երևանի հիվանդանոցներից մեկում հաստատեցին, որ հղի է: Հղիության յոթերորդ ամսում հերթական հետազոտությունների ժամանակ պարզվեց, որ վարակված է ՄԻԱՎ-ով:

Նա չէր հավատում, ծիծաղում էր, չէր հասկանում: Իսկապես չէր պատկերացնում հիվանդության լրջությունը: Տնեցիներն էլ մտածում էին գրիպի հետևանքներ են: Երկրորդ անգամ հետազոտվեց ու ՄԻԱՎ-ը հաստատվեց: Ամուսնու մոտ նույնպես հայտնաբերեցին:

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԻԱՎ-ից հետո

– Երբ հասկացա, թե ինչ հիվանդության մասին է խոսքը, ամեն օր լացում էի: Մտածում էի՝ ոնց պետք ա երեխեքիս մեծացնեմ, ամուսնացնեմ, ոնց ապրեմ… Բայց հավաքեցի ինձ:

Հերթական վեճերից ու ծեծից հետո նա որոշեց փախչել ամուսնուց: Սկզբնական շրջանում մնաց ապաստարանում:

– Ապաստարանում ես առաջին անգամ առանց վախենալու հանգիստ լողանում էի, առաջին անգամ հանգիստ քնում էի… չէի պատկերացնում, որ առանց վեճերի, բղավոցների հնարավոր է ապրել: Ամուսինս միշտ ասում էր, որ տեղ չունեմ գնալու, ում եմ պետք ես այդ հիվանդությամբ, ուր էլ գնամ հետ եմ գալու:

Ապահովելու համար անձի գաղտնիությունը, նյութի մեջ և լուսանկարներում նշված չեն կնոջ անունը, ազգանունը, տարիքը, երեխաների անունները, բնակության տեղը, անձը հաստատող որևէ մանրամասներ:

Հայաստանում թյուր կարծիք կա, որ ՄԻԱՎ-ով վարակվելու ամենամեծ վտանգն ունեն հասարակության առավել ռիսկային խմբերը` թմրամիջոցներ օգտագործողները կամ կոմերցիոն սեքսի բնագավառում աշխատող կանայք: 2012-2016թթ. ընթացքում գրանցված ՄԻԱՎ վարակակիրների 56,6%-ը վարակվել է արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանում, մոտ 11,5%-ը կազմում են նրանց զուգընկերները, այսինքն՝ 68,1% դեպքերում առկա է միգրացիայի գործոնը:

ՄԻԱՎ-ով ապրող 864 կանացից 818 -ը ՄԻԱՎ վարակը ձեռք են բերել սեռական ճանապարհով իրենց ամուսիններից կամ մշտական զուգընկերներից: