![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Yaghdan_01.jpg)
Ձորագետը` Յաղդան տանող ճանապարհին:
18-րդ դարի վերջին, երկրում արդյունաբերականացման բարձրացող ալիքին համընթաց՝ սկսեցին շահագործվել Լոռու մարզում գտնվող Ալավերդու (հիմնադրված 1770-ին) Քաջարանի, Ագարակի, Ախթալայի, Շամլուղի, Ղափանի և մի շարք այլ պղնձի հանքավայրեր: Արդյունաբերական համալիրներում աշխատելու համար մարզը բնակեցվեց մասնագետ հույներով, որոնցից մի մասը Ձորագետի երկու կողմերում խոյացող 100մ բարձրություն ունեցող կիրճի ձախ կողմն ընտրեց: 1821-ին կիրճի ձախ կողմում գտնվող Եղիտանք բնակավայրը հույները վերանվանեցին Յաղդան՝ յուղի կաթսա, գյուղում յուղի մեծածավալ արտադրության համար: 1988-ին Հունաստանի կառավարության հրավերով երկրաշարժից տուժած շուրջ 300 երեխա ուսուցիչների հետ 6 ամսով մեկնեցին Հունաստան: Հայերին հյուրընկալած հույները աշխատանքի հրավեր էին ուղարկում Հայաստանում բնակվող թե հայ, թե հույն ընտանիքներին: Հունաստանում կյանքը նոր էջից սկսելու գայթակղությունը արտագաղթի ալիք բարձրացրեց: 1992-94թթ հույների 90 տոկոսը լքեց Հայաստանն ընդմիշտ:
13-րդ դարի կամուրջը Յաղդանի կիրճում:
Յաղդան գյուղը կիրճի ծայրին:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Yaghdan_04.jpg)
Հույն ընտանիքի պատկանող լքված տունը:
Գրիգորի Սարիմախմուդովը իր տրակտորի ֆոնին:
Սեդա Սարիմախմուդովան իր տան բակում:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Yaghdan_07.jpg)
Սեդա և Գրիգորի Սարիմախմուդովների պատշգամբը՝ ջուր հավաքելու շշերով: Գյուղում ջրի լուրջ խնդրի պատճառով` 76-ամյա Գրիշա պապը ստիպված է ամեն օր ջուր կրել գյուղի ներքևում գտնվող աղբյուրից:
Հունական օրացույց:
Հունաստանի դրոշը պատուհանագոգին:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Yaghdan_10.jpg)
Գրիգորի Սարիմախմուդովի հույն հայրն ու հայ մայրը:
Այսօր Յաղդանում բնակվող 278 մարդուց ընդամենը 20-նն է հույն, որոնցից մեծ մասը հայ և հույն խառը ամուսնություններից ծնվածներն են: Գյուղն անհետացումից փրկելու նպատակով՝ տարբեր տարիներին այն վերաբնակեցվել է հարակից գյուղերից և քաղաքներից եկած հայերով: Չնայած փոքրաթիվ բնակչությանը` Յաղդանը ամեն գնով պահպանում է իր դպրոցը: Դպրոցում այսօր սովորում է տարբեր տարիքի 32 աշակերտ: Կրթությունը երեխաները ստանում են հայերեն, բայց ցանկացողների համար հարևան համայնքից հրավիրված ուսուցիչը հունարենի արտաժամյա պարապմունքներ է անցկացնում: Հունարեն սովորել ցանկացողների մեծ մասը հայ երեխաներն են:
Յաղդանում հունական մշակույթը հիշեցնող գրեթե ոչ մի նշույլ չկա: Շատերը նույնիսկ հունարեն գրել-կարդալ չեն կարող, մայրենի լեզվին տիրապետում են բանավոր: Հունարեն շատ բառեր մոռանում են՝ լեզուն չգործածելու պատճառով, հիմնականում հայերեն են շփվում հարևանների հետ: Օրվա մտահոգություններն ու երեխաների հանդեպ կարոտը երգում են հիմնականում հունարեն, իրենց հորինած բառերով:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Yaghdan_11.jpg)
Հունական շիրմաքար:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Yaghdan_15.jpg)
Յաղդանի 17-րդ դարի եկեղեցին, որը խորհրդային տարիներին պահեստ է եղել:
Եկեղեցու պատի խոռոչում տեղադրված սրբապատկերը:
Եկեղեցու խորանը:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Yaghdan_18.jpg)
Յաղդանի դպրոցականները ֆիզկուլտուրայի ժամին ֆուտբոլ են խաղում: Ետևում հին դպրոցի շենքն է:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Yaghdan_19.jpg)
Յաղդանի փոքրիկ բնակչուհին:
Գյուղ մեկնելիս ինձ հանդիպած գրեթե յուրաքանչյուր մարդ, ով ծանոթ էր հույներին, կարոտով հիշատակում էր առասպել դարձած հունական հացը՝ սոմին, որն այլևս ոչ ոք չի թխում: Նույնիսկ գյուղի բնակիչները, հունական հացի անունը լսելիս, երանությամբ փակում էին աչքերն ու ըմբոշխնում իրենց հիշողության մեջ տարածվող հացի բուրմունքը: Բայց ինչպես հայտնի է հունական դիցաբանությունից, ճակատագրի երեք քույրերի՝ Մոյրաների գործերը հասու չեն նույնիսկ աստվածներին: Ճակատագրի բերումով ինձ հանդիպած Լենա տատիկը հենց այդ օրն էլ պատրասատվում էր թխել «առասպելական» հացը:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Yaghdan_20.jpg)
Լենան հյուրասիրում է իր պատրաստած պանիրը:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Yaghdan_21.jpg)
Լենայի՝ միշտ բաժակների ալիքը ցույց տվող պահարան-հեռուստացույցը:
Լենան (անձնագրով՝ Ալեքսանդրա) և Վիկտորը (անձնագրով՝ Քսենոֆոնտ) իրենց տան հյուրասրահում:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Yaghdan_24.jpg)
Տան նախասրահի զարդարված անկողինը:
Գյուղում միայնակ մնացած զառամյալ հույներից մի քանիսը ցավով են հետևում գյուղում դատարկ ու անխնամ մնացած տների ճակատագրին: Չնայած նրան, որ տարբեր տարիների այցելել են Հունաստանում ապրող իրենց զավակներին, թոռներին, ծոռներին, բայց զավակների՝ Հունաստան տեղափոխվելու հորդորը անտեսում են: Ոմանք կտրականապես հրաժարվում են լքել իրենց տունը՝ պատճառաբանելով, որ իրենց հայրենիքը Յաղդանն է:
Ինչպես ասում է հունական ասացվածքը՝ Թե չգովաբանես տունդ, այն գլխիդ կփլվի:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Yaghdan_25.jpg)
78-ամյա Լենան և 83-ամյա Վիկտորը տան պատշգամբում իրենց թխած հունական հացով: