Տաթեւիկը իր աշխատասենյակում. քարտեզին նշված են այն երկրները, որտեղ երբեւէ եղել է:

«Չկա անհնարին ոչինչ, պարզապես կա խնդրի բարդ լուծում ու պարզ լուծում, երբեմն հարկ է լինում գնալ բարդ ճանապարհով»:

Տաթեւիկի հետ աշխատելու ժամանակ ստվերի պես պտտվում էի շուրջը ու ներկա գտնվեցի շատ հետաքրքիր քննարկումների։ Մի անգամ աշխատողներով փորձում էին հասկանալ՝ ինչպես լուծել օրենքի ու իրականության այն թնջուկը, որով օրենքը պարտադրում է գնել ամենաէժան կոնյակը, երբ գործուղման գնում ես կատարում, իսկ մեր իրականությունը պահանջում է լավ ներկայանալ՝ լավորակ ու թանկարժեք նվերով։ Լուծումը գտնվել է՝ գնումը կատարում են սեփական գրպանից։

Տաթեւիկը քաղավիացիա է եկել մասնավոր ոլորտից, որտեղ ժամանակը եւ գումարների արդյունավետ ծախսը (իսկ էժանը հաճախ արդյունավետը չէ) գործի հաջող ընթացքի կարեւոր բաղկացուցիչն են:

 


Ինքնաթիռներ Տաթեւիկի աշխատասենյակում:

 


Տաթեւիկ Ռեւազյան՝ 31 տարեկան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, իր աշխատասենյակում:

 

 

Ապրում էր Կոպենհագենում՝ օդանավակայանի հարեւանությամբ, հաճախ էր այնտեղ լինում։ Բայց մի անգամ իսկապես տեսավ՝ նկատեց այն, ինչին այնքան ժամանակ նայել էր։ Օդանավակայանի վերուդիրը՝ ինքնաթիռներ, համազգեստներ, օդաչուներ, եռուզեռ… Ընդունվում է օդանավակայանում աշխատանքի։ Ու կյանքն այդպես կապում է ավիացիայի հետ։ Զուգահեռ սովորում է բիզնես կառավարում եւ կազմակերպչական հաղորդակցություն, այնուհետեւ նորարության եւ բիզնեսի զարգացման կառավարչի որակավորում է ձեռք բերում Կոպենհագենի բիզնես դպրոցում, իսկ Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում ստանում միջազգային կառավարչի դիպլոմ:

2015-ից «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի եւ համագործակցության մենեջեր է աշխատում, բանակցություններ վարում խոշոր ավիաընկերությունների հետ՝ կապված տոմսերի գնագոյացման, դրանց ճկունության հետ։ Ձեռք է բերում անհրաժեշտ կապեր խոշոր ավիաընկերություններում:

 

 


Քաղավիացիայի կոմիտեի նախասրահ. պատին՝ կառույցի ղեկավարների լուսանկարներն են, ստեղծման պահից մինչեւ մեր օրերը:

 

 

Մի օր ֆեյսբուքում նկատում է հոդված՝ արագ տեմպերով աճող մի նոր ընկերության մասին, որը գտնվում էր Սան Ֆրանցիսկոյում։ «Մտքովս չանցավ աշխատել Սան Ֆրանցիսկոյում, բայց անցավ աշխատել այդ հավակնոտ թիմի հետ։ Կապվեցի Ալեքսի՝ իրենց համահիմնադիր/տեխնիկական հարցերով տնօրենի հետ, նա ասեց, որ իրենց նման մարդ պետք է մի 6 ամսից։ Այդքան ժամանակահատվածում իմ մասին կմոռանային, տոմս վերցրի ու թռա Սան Ֆրանցիսկո, Ալեքսին հրավիրեցի մի գավաթ սուրճի, պարզվեց՝ երկուսս էլ ունենք մեկ ընդհանուր սեր՝ ավիացիան»:

Տաթեւիկն ընդունվեց աշխատանքի՝ որպես «FLYR» գործակալության գլոբալ համագործակցության տնօրեն: «FLYR»-ը ուզում էր գրասենյակ բացել կամ Կոպենհագենում, կամ Լոնդոնում, բայց Տաթեւիկի դրդմամբ իմացավ Հայաստանի տեղը եւ ընտրեց Երեւանը։ Պարզ լուծում։

 


Քաղավիացիայի ուսումնական կենտրոնում շրջայցի ժամանակ:

 

 

 


  • Քաղավիացիայի կոմիտեն մասնակցում է համապետական շաբաթօրյակին:

 

«Ինձ Հայաստանում ուրիշ ձեւ էի զգում, լավ էի զգում, Դանիայում արդեն շատ բան կառուցած ա, շատ անելու բան չկա, իսկ Հայաստանում դեռ շատ բան կա կառուցելու, փոխելու, իսկ ես բնույթով սիրում եմ կառուցել»։

2018-ին Հայաստանում տեղի է ունենում թավշյա հեղափոխությունը: Տաթեւիկը, որպես քաղաքացի, մասնակցում է երթերին հազարավոր մարդկանց շարքում, իսկ գիշերները շարունակում աշխատել նորաստեղծ գրասենյակում, որպեսզի գործը չտուժի:

Արդեն իշխանափոխությունից հետո Տաթեւիկը հանդիպում է փոխվարչապետի հետ, առաջարկում իր թիմի օգնությունը եւ իր կապերը՝ նոր ավիաընկերություններ բերելու Հայաստան: Փոխվարչապետը հարցնում է, թե ինչպես է տեսնում ոլորտի զարգացումը, Տաթեւիկը բերում է իր պատկերացումները, մոտեցումները՝ չիմանալով փոխվարչապետի մտքինը, վերջում փոխվարչապետի խնդրանքով ուղարկում է CV-ն: Մի քանի օր անց փոխվարչապետի աշխատասենյակում է, ու նա առաջարկում է գլխավորել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Վստահ է, որ մերժելու է. նախ, մասնավոր ընկերության մոտեցումներն ու տրամաբանությունն է այլ, երկրորդ` մասնավոր ոլորտում շատ բարձր աշխատավարձը՝ 9400 դոլար, ամսական։

«   – Տաթեւիկ, դու ինչո՞ւ ես տեղափոխվել Հայաստան:

     – Ավիացիայի ոլորտը զարգացնելու համար:

     – Ես հիմա այդ հնարավորությունը տալիս եմ, համար մեկ հնարավորությունը, դու չես կարող մերժել,- ու ես հանձնվեցի»:

 


Երեկոյան հանգիստ La CASA-ում սալսայի դասից հետո:

 


Սալսա պարելիս La CASA-ում նշանածի՝ Պարույրի հետ:

 

 


Տաթեւիկը Skype-ով շփվում է ընկերուհու հետ:

 


  • Տաթեւիկը փոքր ժամանակ, Կոպենհագենի տան բակում:

 


Պարույրի եւ Տաթեւիկի ձեռքերը հարցազրույցի պահին:

 


Տաթեւիկը պատրաստվում է գործուղման, նշանածը՝ Պարույրը, թվարկում է այն կարեւոր իրերը, որոնք չպետք է մոռանալ:

 


Տաթեւիկը երկարատեւ գործուղվում է Հնդկաստան, ապա Սինգապուր: Հրաժեշտ օդանավակայանում նշանածի՝ Պարույրի հետ:

 

Իր համար տարօրինակ բաներից է պատմում։ «Հիշում եմ աթոռը, որտեղ պետք է նստեի, շատ թագավորական աթոռ ա։ Երբ սենյակ մտա, մարդիկ ոտքի կանգնեցին, դա իրականում տհաճ էր ինձ համար, տարօրինակ: Դանիայում եմ մեծացել, բոլորը հավասար են, տարբերություն չկա՝ մարդը տնօրեն է, թե չէ: Քաղավիացիայում մեծ փորձով պրոֆեսիոնալներ են աշխատում, որոնք սիրում են ավիացիան՝ իրենց գործը, ես խնդրեցի իմ ներս մտնելուց ոտքի չկանգնել, ու պարբերաբար այդ աթոռին տարբեր մարդկանց եմ նստեցնում»:

Հ.Գ.

   – Ի՞նչ ես երազում, Տաթեւիկ:

   – Որ «Ռայնեյր» լոու քոստ խոշոր ավիաընկերությանը համոզեմ, գա Հայաստան,             որովհետեւ նրանց մուտքը մեր շուկա մեծ ազդեցություն կունենա, եւ կբացվեն             հազարավոր աշխատատեղեր:

 


Վաղեմի նկար՝ Քաղավիացիայի ուսումնական կենտրոնում: