Ջողազի ջրամբարի ափին ափսեի մեջ դրված գյուղը Բերքաբերն է: Ջրամբարի մյուս կողմում ադրբեջանական Մազամ գյուղն է և հակառակորդի դիրքը, որտեղից Բերքաբերը պարբերաբար գնդակոծվել է: Խորհրդային տարիներին տարածքի ոռոգման հարցերը լուծելու համար մեծ ջանքերով կառուցված արհեստական ջրամբարը ամբողջովին փոխեց գյուղի լանդշաֆտն ու բնության բազմազանությունը: Զրամբարի ափին սկսեցին այգիներ տնկել, ջրում ձկներ բուծել: Այդ ժամանակների հիշողութունները դեռ ապրում են մարդկանց մտքերում, աչքերում և ճակատագրերում: 1990-ականների պատերազմը և ապա զինադադարի խախտումները Ջողազը վերածեցին ջրբաժան սահմանի: Սակայն հարաբերական, կամ ինչպես բերքաբերցիք են ասում, «մի քիչ» խաղաղությունը նրանց կրկին հույս է տալիս ամեն ինչ նորից սկսելու:

 

 

Իսկ ո ՞րն է գյուղի թիվ մեկ խնդիրը, հարցնում եմ Բերքաբերի կենտրոնում փոքրիկ թանգարանի աշխատակցին: «Տղամարդիկ»,- պատասխանում է նա: «Երեսունից ավել չամուսնացած երիտասարդ տղաներ ունենք` քսանութ, երեսունհինգ, քառասուն տարեկան: Սաղ օրը գործ են անում: Ամուսնանալու ժամանակ չկա… Իհարկե, ամեն մեկն իր պատճառն ունի: Դե կրակոցներն էլ որ հա կա, մարդիկ վախենում են մեր գյուղ աղջիկ հարս տան»:

 


Արա Խուդավերդյան, 34տ.
Արքայանարնջի այգի ունի, արտադրում է արքայանարնջի օրգանական չիր:

 

«Օրինակ, պատերազմ չլինի, պատերազմ ասած` եթե չսպասես կրակոցի, ստեղ պոտենցիալը շատ ա, աշխատանքի, ապրելու: Մեր գյուղի ժողովրդի ինտելեկտը շատ բարձր ա: Տենց չի, որ ասում են գյուղ, սահմանի գյուղ, կորած տեղ ա: Ստեղ բոլորը ակտիվ են, շփվում են դրսերում: Հիմա որ ասեմ` ուզում ենք նանոտեխնոլոգիաների արտադրանք ունենանք գյուղում, կարող ա ծիծաղելի հնչի, բայց կա էդ պոտենցիալը: Մենք շատ խելացի երիտասարդներ ունենք գյուղում: Կրակոց չլինի, ամեն ինչ կարելի ա անել: Հիմա էլ ենք անում…»:

 

 

90-ների պատերազմից հետո նենց էր, որ հուսահատված էին մարդիկ, կոնկրետ որ տեսել էին պատերազմը: Շատերը չէին ուզում իրանց երեխեքը ստեղ մեծանան, ասում էին` գնացեք, ավելի ապահով տեղ ապրեք: Ինձ էլ են մեր տնից ուղարկել տենց ստիպելով` գնա, ստեղ ի՞նչ կա… Բայց ես, ճիշտ ա, արտագնա աշխատանքով ստեղ չեմ եղել, բայց հետո հետ եմ եկել:
Երեսուն տղամարդ կա, որ ամուսնացած չեն, բայց էդ եկել ա ավելի շատ էն բանից, երբ որ հաշվի են առնում` սահման ա, ոչ մեկ չէր ուզում իրա սիրած աղջկան բերի ստեղ, թուրքի կրակոց լսի: Ավելի շատ մտածել են` լավ, էսօր չէ, վաղը, մի հատ հնարավորություն ստեղծվի, մի ուրիշ տեղ ունենան քաղաքում, որ այլընտրանք լինի, կռիվ լինի, տեղափոխվենք էնտեղ:
Մեր գյուղում ով որ ապրում ա հիմա, ինքը արդեն որոշել ա, որ ստեղ պետք ա ապրի, ու էդ որոշումը շատ վաղուց ա կայացրել, ու ինքը էլ գնալու տեղ չունի, ինչ էլ լինի: Եթե ատոմային էլ գցեն, էդ մարդիկ չեն գնալու: 90-ականներին գնացել են, էդ գնացողները գնացին, ով որ փորձեց կյանքը ուրիշ տեղ կառուցի: Բայց ստեղ մարդիկ մինչև էսօր եթե ստեղ մնացել են… համարենք երեսուն տարի ա, պատերազմ ա, բայց մարդիկ ստեղ ապրում են:
Մեր սերունդը փոխել ա մի քիչ ապրեալաոճը, կարելի ա ասած, կարծրատիպը կոտրել ա, էն որ սահման ա, անհնարին ա ինչ-որ բան անել: Հենց անմիջապես սահմանի վրա հնարավոր ա ապրել, արարել, ստեղծել:

 


Արգամ Արզումանյան, 36տ. 
2018-ի հոկտեմբերից Բերքաբեր համայնքի ղեկավարն է:

 

«Էստեղ ապրելը հաճույք է մեզ համար: Եթե ինձ հարցնեն` աշխարհում որ կետում կուզես ապրել, կուզեմ Բերքաբերում ապրել: Պարզ է, որ Բերքաբերը աշխարհի ամենաանվտանգ տեղը չի, բայց մերն է: Ես բացատրում եմ նրանով, որ ուղղակի մերն է: Կուզեմ Բերքաբերը ինքնաբավ գյուղ լինի, իրա բոլոր ենթակառուցվածքներով զարգացած: Մենք քայլ առ քայլ գնում ենք դրան»:

 

 

 

Գյուղի տղամարդկանց երիտասարդ սերունդը գյուղի շարժիչ ուժն է: Վերին Բերքաբերի ալպիական սարերում մանկությունն անցկացրած, Ջողազի ջրերում կոփված երիտասարդները դիպուկահարների նշանառության տակ ամուր կանգնած՝ փորձում են իրենց ապրուստը քամել բերք բերող հողից: Դեռ հինգ տարի առաջ «Սահման ՀԿ»-ի օգնությամբ գյուղում մի քանի փոքր բիզնեսներ, ջերմոցային ու սառնարանային տնտեսություններ, քարի ու կարի արտադրամասեր են հիմնվել: Այսօր Բերքաբերում արքայանարնջի այգիներ կան, արտադրվում է օրգանական մեղր ու արքայանարնջի չիր, գյուղատնտեսության տարբեր ճյուղերն են զարգանում: Երիտասարդ տղամարդիկ մնացել ու աշխատում են գյուղում: Նրանք կապված են իրար, կապված են գյուղին:

 


Վահե Ալիխանյան, 28տ.
Բերքաբեր համայնքի ղեկավարի տեղակալն է:

 

«Գյուղը շատ են սիրում երիտասարդները, և դա շատ մեծ պլյուս է, որ ոչ մեկ չի թողնում գնում: Փոքր գյուղ է, մեկը մեկի հետ կապված են»:

 


Թաթուլ Մայիլյան, 29տ.
Զբաղվում է ձկնորսությամբ և անասնապահությամբ:

 

«Շատ հարցեր ունենք գյուղում լուծելիք, պիտի անենք, որ գյուղ եկող աղջիկն էլ ուզենա գա, ապրի»:

 

 

Մի գյուղ ա` մի ընտանիք, այ տենց ենք, ու բոլորս ունենք մեր պարտավորվածությունը գյուղի նկատմամբ: Եթե մի բան ջարդած ա, պիտի սարքենք, չասենք` դե գյուղապետարանն ա, պիտի գնա, գյուղապետը սարքի: Եթե օգնելու գործ կա, բոլորս օգնենք իրար: Էդ նոր չի եղել, էդ շատ շուտուց ա եկել` մեր պապերից, հայրերից: Էդ համախմբվածությունը միշտ ա եղել:

 

Երեկոյան գյուղամիջում հերթով հավաքվում են: Մի բաժակ գարեջրի շուրջ խոսում օրվա գործերից` ում մոտ ինչ կա, վաղն ինչ են անելու, ով ինչի կարիք ունի, գնան օգնեն: Արան «Խաղաղության» այգու արքայանարինջն է հավաքելու, Տիգրանը փեթակները սարից պետք է իջեցնի: Էդպես խմբովի մանկապարտեզի հարցն են լուծել, գյուղը մաքրել, գյուղի երկայնքով կարմիր ցուցանակներ են դրել` «Մաքուր պահենք միջավայրը»: «Բերքաբեր ՀԿ» են ստեղծել` գյուղի ծրագրերի համար ու հակառակորդի դիրքի դիմաց «Էքստրիմ» սրճարան հիմնել, որտեղ Մարգարիտը թարմ սարերի թեյ կսարքի, ու գյուղում տեղ կլինի գնալու:

Բերքաբերում տղամարդիկ համայնք են։

 

 


Հրաչ Զարգարյան, 27տ. 
Զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ: 

 

«Որ ասում են` հայրենիքը սկսվում ա սահմանից, հենց էդ կոնկրետ տեղը ստեղ ա էլի: Ստեղ ապրելու իմաստը նրա մեջ ա, որ դու ապրում ես հանգիստ, քո հարազատ միջավայրում: Երկար ժամանակով մնացել եմ Ռուսաստանում, աշխատել եմ: Բայց մեկ ա, ինչքան էլ քեզ լավ դրսեւորես, քեզ օտար են համարում: Ստեղ ես իմ տեղում եմ»:

 

Իրավիճակը նենց ա որ, շատերը ձգտում են ասենք ինչ-որ մի բանի հասնեն, նոր ամուսնանան: Դուրսը տուն ունենան մի տեղ, գյուղից դուրս էլի, Իջևան կլինի, Երևան կլինի, տենց ինչ-որ մի տեղ:
Որովհետև, ասենք, անկախությունից էս կողմ փորձը ցույց ա տալիս, որ հա, կարա խաղաղություն լինի, բայց երկարատև չի էլի: Չորս, հինգ տարի… ավել չի տևել ստեղ, ոչ մի անգամ խաղաղությունը, էդքան չի տևել` չորս-հինգ տարուց ավել: Հարաբերական ա եղել ստեղ միշտ խաղաղությունը: Ասենք, որ ստեղ սկսում են կրակելը, դա ահավոր մի բան ա, դա ստրես ա էլի, ապրումների մեջ են ընկնում մարդիկ, որ իրականում անտանելի բան ա: Մարդա մտածում ա իրա ծնողի մասին, երեխեքի մասին:
Կուզեմ ժամանակն նենց գնա, որ մի քիչ զարգանա ստեղ, խաղաղություն լինի ամենաառաջին հերթին, ու կուզեմ, հա… Կուզեմ իմ երեխեն էլ մեծանա էն միջավայրում, որտեղ ես եմ մեծացել: Ասենք տեղի, էդ թանկ դաստիարակությունը, էդ արժեքները խոսքի իմ երեխեքն էլ ունենան էլի: Գյուղը, բնությանը մոտիկ, մաքուր, բնական միջավայրը, ոչ թե, ասենք, քաղաքի մեջ:

Տիգրան Հարությունյան, 30տ.
Զբաղվում է մեղվաբուծությամբ: Արտադրում է օրգանական մեղր:

 

«Ճիշտ է, գյուղի ճանապարհները լավ չեն, գազ ու խմելու ջուր չկա, բայց դրանք բոլորը լուծելի հարցեր են: Վերջին տարիներին մարդիկ նոր այգիներ են գցում, որի արդյունքը գոնե հինգ տարի հետո են տեսնելու, դա արդեն զարգացման տեդենց ա հաղորդում: Դա նշանակում է, որ մարդիկ մնալու են գյուղում և գյուղի հետ ապագա են մշակում»:

 

 

 


Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Այս նյութի ստեղծումը հնարավոր է դարձել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության կողմից շնորհված մրցանակի միջոցներով։
Հոդվածում տեղ գտած տեսակետները և կարծիքները հեղինակինն են և կարող են չարտացոլել ԿԽՄԿ-ի պաշտոնական դիրքորոշումը: