Նյութը եւ լուսանկարները` Ժասմին Եդիգարեանի

Տրավմա

Ի՞նչ է տրավման: Ի՞նչ է բռնությունը: Շատերի համար այն ինչ-որ սարսափելի բան է, այն, ինչ պատահել է ուրիշներին, որի վկան են դարձել: Մյուսների համար դա այն է, ինչ տեղի է ունենում փակ դռների հետեւում, հասարակության աչքից հեռու: Իմ փորձի ամենածանր մասն այն է, երբ հասկացա, որ ոչ ոք չգիտեր՝ ինչ էր կատարվում հետս, ու իմ պատմությունը հիմնականում ծավալվում էր փակ դռների հետեւում: Հասարակության մեջ` հատկապես Նյու Յորքի հայկական համայնքի, ես ու նախկին ամուսինս դիտվում էինք որպես կատարյալ սիրող զույգեր: Մեր դերը շատ լավ էինք խաղում, հատկապես ամուսինս, որ շատ հմայիչ էր հասարակության առջեւ: Դա այն էր, ինչ ես ամենաշատն էի ուզում, այնքան, որ դա արտացոլվում էր անգամ մեր լուսանկարներում: Ես ազնիվ չէի ինքս ինձ հետ: Այնքան էի ուզում հավատալ, որ այն խնդիրները, ինչ ես եւ նա ունեինք, այնքան էլ ահավոր չէին: Ես հավատում էի նրան, երբ ասում էր, որ ես շատ հուզախռիվ եմ, որ արձագանքում եմ բաներին չափից դուրս ուժեղ: Նաեւ փորձում էր համոզել ինձ, որ հույզերս ընդունելի չեն, երբ ես ամսականներիս մեջ եմ, ասես իմ արձագանքը իր վատ վերաբերմունքին սխալ էր:

Ինչեւէ, ես ուզում եմ, որ լուսանկարներս ու գրածս օգնեն փորձիցս գլուխ հանել: Ավելին, ես կիսում եմ իմ փորձը` փոխհատուցելու իմ լռության համար այն դժվար տարիներին: Ուզում եմ մարդիկ իմանան, որ ոչ ոք ապահովագրված չէ բռնությունից, որը կարող է տեղի ունենալ իրենց հետ:   

 


Ռիչմոնդ, Վիրջինիա, 2018

Սեռական կյանք

Մեր հանդիպման առաջին իսկ պահից նա ստիպել է ինձ անել ամեն ինչ` սկսած մեր առաջին համբույրից, մինչեւ սեքսը: Ես նրան պարզ ցույց տվեցի, որ ուզում եմ սպասել մինչեւ ամուսնությունը` սեքս ունենալու համար, որովհետեւ կույս էի եւ ուզում էի պահել այդ հատուկ առաջին անգամը հարսանեկան գիշերվա համար: Այնուամենայնիվ, դա նրան հետ չպահեց փորձեր կատարելուց: Երբ նշանված էինք, նա փորձեր էր անում առանց հարցնելու եւ համոզեց ինձ, որ ակտի վերջում դուրս հանելու մեթոդը սեքս չէ:

Կարծում եմ, որ կասեք՝ ես զիջել-համաձայնել եմ: Բայց պատճառն այն էր, որ ես մտածում էի, որ մեր արածը սեքս չէ: Բայց ես իսկապես ԿԵՂՏՈՏ էի զգում ինձ ամեն անգամ, երբ հետն էի լինում: Զգում էի, որ սխալ է: Նման չէր, թե սեքս չէ: Ես այնքան շփոթված էի այդ տարի եւ այնքան ընկճված` լինելով դեռ նոր Նյու Յորք տեղափոխված եւ դասերս Տեսողական արվեստների դպրոցում նոր-նոր սկսած: Մտքիս չէր գալիս որեւէ մեկին հարցնել: Եթե անգամ ուզած լինեի խոսել, շատ էի ամաչում բարձրաձայնելուց: Միայն մեր հարսանիքից հետո էր, որ իմացա, որ նա սխալ էր, բայց դեմ չգնացի նրան: Չնայած` պետք էր, որ արած լինեի: Գիտեի, որ ինչ-որ բան այն չէ, երբ կուսաթաղանթս պատռվեց նրա հետ անցկացրած մի գիշերվա ժամանակ, մեր հարսանիքից ամիսներ առաջ: Դրա մասին էլ նրան ոչինչ չասացի: Ես միայն ձեւ արեցի, թե ամսականներս են սկսվել, թեեւ դա պարզապես այդպես չէր: Քաջությունը չունեի ընդունելու, որ կորցրել եմ կուսությունս ամուսնանալուց առաջ: Քաջությունը չունեի մեր արածը սեքս անվանելու:

 


Հարսանիքը Յեթեմում, Կալիֆորնիա, 2011

Ձվի կճեպներ

Ամուսնության խնդիրներից շատերը փոքր էին, բայց երբ իրար էին գումարվում, ինձ դարձնում էին շատ երկչոտ, տագնապած ու անպաշտպան մեկը նրա շրջապատում: Նրա կողքին ես կարծես ձվի կճեպների վրա քայլելիս լինեի, որովհետեւ ոչ մի արածս երբեք բավարար լավը չէր: Ես ապրում էի նրա ջղայնության վախով: Ամեն գիշեր շունչս պահած էի պառկում, որ շարժումներիցս հանկարծ չարթնանա: Ամբողջովին դադարեցի պատառաքաղով ուտել եւ ուտում էի դանակով ու գդալով` խուսափելու նրա ջղային արձագանքից, երբ պատառաքաղը քսվում էր ափսեին ու ձայն էր հանում: Շատ բաներ կային, որ անում էի` տանը ներդաշնակություն պահելու համար, բայց նա դա չգիտեր: Ես ինձ մերժում էի անգամ իմ մարդեղենությունը` նրա հետ որեւէ վիճաբանության դեմն առնելու համար: Փորձում էի մատներիս ծայրերի վրա քայլել տան մեջ, ջրի հոսանքը ցածր պահել, երբ ջուր էի օգտագործում, տունը մաքուր պահել, որովհետեւ նա մատը մատին չէր տալիս ինչ-որ բան անելու համար: Պնդում էր, որ տնային գործերը իմ պարտականությունն են, որովհետեւ ինքն ավելի երկար էր աշխատում, քան ես, եւ ինձնից ակնկալվում էր համապատասխանել նրա ծանր աշխատանքին այն բանում, ինչ տանն էի անում: Կապ չուներ, որ ես ունեի իմ աշխատանքն ու դասերը. թեեւ ես երբեք չէի հասցնում, քանի որ կային օրեր, որ ես մոռանում էի անել ինչ-որ բան կամ շատ էի հոգնած ու ընկճված լինում անելու այն, ինչ նա պահանջում էր ինձնից: Երբ էլ հասցնում էի, նա միշտ կարողանում էր գտնել բան, որ այն չէի արել: Ի հավելումն այս ամենի` նա ուզում էր հարաբերություն ունենալ հետս, եւ որ ես ուշադիր լինեի նրան ու իր կարիքներին` հուզական կամ այլ: Ես կարող էի միայն այդքանը տալ: Մի քանի տարի անց հայտնաբերեցի, որ ես դատարկ տեղն եմ տանջվում, քանի որ նա նեցուկ չէր ինձ այնպես, ինչպես ես էի նրան նեցուկ: Նա ակնկալում էր, որ ես հոգ տանեմ թե իր, եւ թե իմ մասին: Ինձ պարտական էր համարում հաղթահարելու եւ իմ, եւ իր հույզերը: Ի վերջո մեղադրեց ինձ, որ անտեսում եմ նրան այնպես, ինչպես իր մայրն էր անտեսել իր մանկության տարիներին: Թեեւ ես նրա մայրը չէի: Ե՞րբ եւ ինչու՞ էր նա իր մտքում ինձ իր մայրը սարքել: Նա ինձ չէր տեսնում այնպես, ինչպես կայի, այլ այնպես, ինչպես ինքն էր ուզում ինձ տեսնել. ուզում էր, որ ես լինեի այն բոլոր մարդիկ, ովքեր իր հանդեպ ինչ-որ բան այնպես չէին արել: Չեմ կարծում, որ տեսնում էր՝ ով եմ ես, կամ կորցրել էր զգացողությունը ով լինելուս, մինչեւ ես փախա նրանից:  

 

Ինչու էի մնում

Մարդիկ հարցնում են, թե ինչու մնացի նախկին ամուսնուս հետ այդքան երկար, եթե այդպես սխալ էր հետս վարվում: Ներսումս միշտ պայքար է ընթանում այդ հարցին պատասխանելու համար: Ընտանեկան բռնության խնդիրն այն է, որ այն միանգամից, հանկարծակի չի սկսվում, այլ շատ աստիճանաբար: Տարիներ տեւեց, մինչեւ իրերի դրությունը ավելի վատացավ, եւ դժվար էր դա որպես բռնություն տեսնելը: Այնքան հեշտ է վարժվել մարդու սխալներին, երբ հետն այնքան ժամանակ ես անցկացնում, հատկապես երբ ապրում ես հետը: Այսպես է մեր ընտանիքների, մոտ ընկերների հետ. մեզանից քանի՞սն են իսկապես տեղյակ այն բոլոր բաներից, որ նրանք անում են, ու մենք չենք հավանում: Հատկապես ամուսնության մեջ ես վստահ չէի, թե որտեղ է ամուսնական խնդիրների եւ ամուսնական բռնության սահմանագիծը: Այնպես որ ամեն անգամ, երբ նա զայրանում էր ինչ-որ բանի վրա, ես մտածում էի, որ դա օրինական զայրույթ է. Նույնիսկ երբ նրա քննադատությունները դառնում էին անտանելի, ես մտածում էի, որ դա անկեղծորեն իմ սխալն է, եւ թույլատրելի է նրա զայրույթը: Մենք միասին չէինք ապրում մինչեւ ամուսնությունը, այնպես որ մտածում էի, որ մեր միջեւ լարումները իրար վարժվելու ընթացքի մասն էին:

Մեկ այլ բան ուշացնում էր իրավիճակից դուրս գալու իմ որոշումը: Ես չունեի ճիշտ բառապաշարը՝ փորձս նկարագրելու: Շատ բռնության ենթարկվածների նման, ես իմ փորձը բռնություն չէի համարում, ուրեմն ինչպե՞ս կարող էի այն ներկայացնել մեկ այլ բան, քան այն, որ ամուսինս շատ խիստ էր իմ նկատմամբ: Երկար ժամանակ տեւեց, մինչեւ այս բառապաշարը ձեւավորեցի, էլ չասած, որ չգիտեի անգամ, որ այն գոյություն ուներ: Այս բառապաշարը ձեւավորելուս օգնող բաներից մեկն այն էր, որ ամուսինս համալսարանում սովորող հոգեբան էր: Ես լսում ու սովորում էի շատ բառեր, որոնք առաջ չգիտեի: Մյուս բանը, որ նպաստեց իմ փորձը բռնություն անվանելուն, այն մարդկանց լսելն էր, ում վստահում էի, եւ ովքեր այն բռնություն էին կոչում: Եթե չլինեին ընկերներս, ովքեր ինձ սա ցույց տվեցին, երբեք մտքովս անցած չէր լինի կամ էլ ինձնից ավելի շատ ժամանակ կպահանջվեր դա հասկանալու:

Երբեք մի թերագնահատեք արթնացված լինելու կարեւորությունը. ես այնտեղ չէի լինի, որտեղ եմ հիմա՝ առանց արթնացվելու, եւ որ ամենակարեւորն է՝ առանց արթուն ընկերներ ունենալու, ովքեր օգնեցին ինձ արթնանալ:

 


Կասկադը Երեւանում, Հայաստան, 2014

Տագնապի նոպաներ

Նախկին ամուսնուս թողնելուց ի վեր՝ ես ունենում եմ տագնապի նոպաներ տարբեր խթանիչների պատճառով գրեթե ամեն օր: Նոպան խթանվում է բարձր կամ հանկարծակի ձայնից, որովհետեւ ամեն անգամ, երբ ամուսինս ջղայնացած էր վրաս, ինչ-որ բան էր շպրտում ու դիտմամբ շատ աղմուկ էր բարձրացնում: Շատ ժամանակ դա դռներ շրխկացնելն էր կամ թանկարժեք կամ ոչ այնքան բաներ ջարդելը, օրինակ՝ համակարգիչը: Սկզբներում ես խնդրում էի նրան դադարեցնել ու փոխարենը խոսել հետս, թե ինչն է նրան անհանգստացնում: Նա սառը նայում էր ինձ ու ստում՝ ես ջղայնացած չեմ, սա իմ սովորական ձեւն է: Կամ՝ սրանից ավելի հանգիստ չեմ կարող լինել: Որոշ ժամանակ անց ես դադարեցի խնդրել նրան խոսել, այլ գնում էի ուրիշ սենյակ, դնում էի ականջակալներ կամ հեռանում էի տնից ու մնում ընկերներիս մոտ: Մինչեւ նրան լքելս չգիտեի, որ սրանք կարող են խթան հանդիսանալ ինձ համար, եւ ամեն անգամ, երբ մեկի ձայնի տոնը փոխվում է, կամ հանկարծակի աղմուկ է բարձրանում, ինձ մոտ սկսվում է տագնապի նոպա:

Այս բաների հանդեպ իմ արձագանքը բոլորովին կախված չէ իմ կամքից, ես կուզեի կարողանալ դադարեցնել այն, բայց չեմ կարող: Այդպիսին է հետտրավմատիկ խանգարման բնույթը: Այն, ինչ կարող եմ անել, հաղթահարելու ձեւեր գտնելն է: Անցած տարվա ընթացքում ունեցել եմ տարբեր աշխատանքներ, որոնք ստիպված լքել եմ, քանի որ տագնապս խթանող բաներ կային այնտեղ: Ավելին՝ չեմ կարող գնալ մեծ խանութներ կամ տեղեր, որտեղ շատ աղմուկ կամ շատ մարդ կա: Հիմա մի աշխատանքի մեջ եմ, որտեղ տագնապս խթանող բաներ կան ամեն օր, բայց մենեջերներս թույլ են տվել ականջակալներ կրել, բայց ես դեռ ճիգ եմ թափում, կարողացածս անում եմ:

Սա հաղթահարելու ինչ-որ ձեւ պետք է լինի, բայց ես չգիտեմ ինչպես: Երբեմն պարզապես դուրս եմ գալիս գործից, գնում եմ տուն ու թաքնվում եմ անկողնուս մեջ՝ ականջակալները ականջներիս՝ սպասելով, որ մարմինս ու հոգիս հանգստանան:

 


Ֆորեսթ Հիլզ, Քուինս, 2015

Անկողինը

Անկողնում ապահով զգալը այն տարրական բանն էր, որը ես չէի զգում մինչեւ նրան լքելը:

Ամուսնացած ժամանակ անկողինն այն տեղն էր, որտեղ պետք է շունչս պահեի ու այնքան անշարժ մնայի, որ չխանգարեի նրա քունը:

Ամուսնացած ժամանակ անկողինն այն տեղն էր, որտեղ նա ինձ արթնացնում էր՝ փորձելով հետս սեքս անել, իսկ ես ձեւ էի անում, թե քնած եմ ու բանի տեղ չէի դնում կատարվողը, մինչ նա անում էր այն, ինչ ուզում էր:

Ամուսնացած ժամանակ անկողինն այն տեղն էր, որտեղ ես կարող էի մնալ այնքան, ինչքան նա էր թույլ տալիս: Նա ինձ չէր թողնում երկար քնել ու ջղայնացած արթնացնում էր, երբ շաբաթավերջին ուզում էի մի քիչ երկար քնել:

Ամուսնացած ժամանակ անկողինն այն տեղն էր, որտեղ ինձ թույլատրված չէր լինել, երբ ես ընկճված էի կամ լավ չէի զգում: Ցանկացած դեպքում նա մեղադրում էր ինձ, որ տակից դուրս չեմ գալիս, որ պետք է ինձ մեծ մարդու պես պահեմ, պետք է անեմ տնային գործերն ու հետ չմնամ դասերից կամ գործից:

Ամուսնացած ժամանակ եթե ես հանկարծ վրաս քաշեի ծածկոցը (առանց հասկանալու), նա կոպտորեն կարթնացներ ինձ, վրայիցս կքաշեր ծածկոցը ու ահավոր բարձր կասեր, որ ես քնելու ոչ մի ծածկոց չեմ ունենա, որովհետեւ այն քաշել եմ իրենից ու խանգարել իր քունը:

Ամուսնացած ժամանակ  եթե ես շատ էի շարժվում քնածս տեղը ու արթնացնում նրան, նա միացնում էր լույսը, արթնացնում ինձ ու ստիպում հետն արթուն մնալ մինչեւ կորոշեր նորից քնել:

Ամուսնացած ժամանակ անկողինն այն տեղն էր, որտեղ ես ահավոր շատ մեղքի ու ամոթի զգացում ունեի՝ կապված սեքսի հետ: Անկողինն այն տեղն էր, որտեղ ես սովորեցի ատել սեքսը:

Ամուսնացած ժամանակ չէի կարող երկար փաթաթվել նրան, քանի որ միանգամից սեքսի հարց էր բացում ու մեղադրում ինձ, որ նրան ինքս եմ մղում ու հետո չեմ համաձայնվում:

Առաջին գիշերը, որ անցկացրի անցած ամառ նրանից հեռու, մտքիս մեջ տոնական գիշեր էր, քանի որ ես կարող էի շնչել նորից: Կարող էի վերջապես անկողինը ետ ստանալ՝ որպես ապահով տեղ: Անկողինը շատ կարեւոր տեղ է բոլորիս կյանքում, որովհետեւ մեր կյանքի կեսից ավելին անցկացնում ենք քնած: Կարեւոր է, որ այն լինի ապահով տեղ մեզ համար: Այդ է պատճառը, որ այդքան ինքնադիմանկարներ եմ անում անկողնուս մեջ: Այն վերջապես իմն է եւ երբեք չի դադարի իմը լինել:

 


Ֆորեսթ Հիլզ, Քուինս, 2014

Ընտանիքս կորցնելը

Շատ բան եմ կորցրել ամուսնացած ժամանակ, բայց կորցրածս ամենամեծ բանն ընտանիքս էր: Նախկին ամուսինս դանդաղ, բայց հաստատակամորեն սահման էր գծում իմ եւ ընտանիքիս միջեւ: Նա քննադատաբար էր ինձ վերաբերվում, բայց տասն անգամ ավելի քննադատաբար էր վերաբերվում ընտանիքիս: ժամանակի հետ կորցրի կապս մարդկանց հետ, ում հետ արյունակցական կապ ունեի, ու այն ինձ ցավ է պատճառում մինչ օրս: Վեց տարի կորցրել էի նրանց: Իհարկե, երբեմն նրանց տեսնում էի ինչ-որ տեղ տարին մի քանի անգամ, բայց մեր հարաբերությունը այնքան նվազ էր: Նրա վատ վերաբերմունքը ընտանիքիս հանդեպ ավելի վատ էր, քան իմ հանդեպ, ու քանի որ ես այնքան դյուրահավատ էի, հավատում էի այն ամենին, ինչ նա ասում էր ընտանիքիս մասին: Ընտանիքիս հետ վերամիավորվեցի այն պահից սկսած, երբ նրանց ասացի, որ որոշել եմ բաժանվել ամուսնուցս: Իսկապես շատ աշխատանք եմ տարել վերջին մեկ տարվա ընթացքում՝ փոխհատուցելու այն վնասը, որ նա հասցրել էր նրանց հետ իմ հարաբերություններին: Նրանք նեցուկ են կանգնել ինձ այնպես, որ ես զգում եմ, որ արժանի չեմ: Ինչպե՞ս կարող եմ այնքան սիրո ու ներողամտության արժանանալ, երբ նրանց այնքան ցավ եմ պատճառել: Քանի՞ ծննդյան տոներ, տոնակատարություններ ու անգամ առօրյա պահեր եմ բաց թողել նրանց հետ՝ նրա պատճառով: Ինչպե՞ս կարող էի այդքան միամիտ լինել: Ուղեղս կերել էր:

 


ՏԱԴ-ի ավարտական, Նյու Յորք, 2014

Երկտողեր, որ թողնում էր ինձ. Պետք է հիշել

 

 

1. Ռայընի ականջները ցավում են, երբ Ժասմինը բարձր է խոսում:

2. Ռայընը կքննարկի Ժասմինի գործի հեռանկարը Սբ. Վլադիմիրում, եթե սարկավագ Գրեգը կամ Հայր Չադը խոսք բացեն դրա մասին: Ռայընը ինքը երբեք չի սկսի խոսակցությունը:

3. ——-

4. Խոսելուց առաջ մտածիր: Սա վերաբերում է մարսելուն ու խտացնելուն այն, ինչ ուզում ես ասել, մինչեւ ասելդ, նաեւ ծանրութեթեւ արա՝ արժի՞, որ ընդհանրապես բան ասես:

5. Ռայընը կուզեր ինչ-որ բան ասել, որ տեղի է ունենում իր հետ՝ առանց այն բանի, որ դա դառնա Ժասմինի մասին խոսակցություն:

6. Ռայընը չի ուզում խոսել:

 

 

7. Ռայընը կգնահատի, եթե Ժասմինը սեղանը վերից վար սրբի մինչեւ իրիկվա վերջ:

8. Ռայընը լավ չի քնում:

9. Ռայընը շատ բան ունի, որի մասին ինքը նույնպես մտածում է: (#5-ի մասով)

10. Ռայընը ուզում է հանգստանալ երեկոյան՝ առանց ներքաշվելու լուրջ, ծանր, խորհրդատվական քննարկումների մեջ:

11. Ռայընը ջղայնանում է, երբ ստիպված է կրկնել ասածը, կամ երբ Ժասմինը չի լսում համարյա ամեն օր:

12. Ռայընը ավելի է ջղայնանում, երբ ստիպված է կրկնել, որ ինքը ջղայնանում է, երբ ստիպված է կրկնել:

13. Ռայընը հոգնել է հոգնած լինելուց:

14. Երբեմն լավ է լսել Ռայընին, ու քննարկումը դադարեցնել:

 

 

. Ռայընը գնահատում է, երբ Ժասմինը բաց է ու խոսում է այն մասին, թե ինքն ինչ է  ուզում անկողնում:

. Երբ Ռայընը պատասխանում է երկդիմի հարցի, պետք չէ նրան էլի հարցեր տալ: Ընդունիր նրա պատասխանը:

. Ռայընը ուզում է լինել Ժասմինի հետ, Ռայընը չի պատրաստվում լքել Ժասմինին, բայց ուզում է, որ ամեն բան ավելի լավ դառնա, ավելի ներդաշնակ: Սա չի կարող առանց փոփոխության լինել:

. Ռայընը թարգում է փոխվելը:

. Ռայընը հոգնած է:

 

Ռիչմոնդ, Վիրջինիա, 2018

Հայկական եկեղեցու իմ համայնքը

Ինձ թույլատրված չէր քննարկել իմ ամուսնական խնդիրները որեւէ մեկի հետ, որովհետեւ նա անհագստանում էր, որ ուրիշների առաջ իր նկարագրի վրա հանկարծ բիծ կքաշեմ: 2017-ի գարնանն արդեն ես թքած ունեի թույլտվության վրա ու խոսեցի քահանաների ու վստահելի մի քանի անձանց հետ: Ես հուսահատ էի, որովհետեւ Բրուկլինի մեր տունը պատերազմական գոտու էր նման, որտեղ ամեն օր պայքար էր ընթանում: Կարծում եմ՝ դա եղավ այն ժամանակ, երբ նախկին ամուսինս փորձեց անտեսել ինձ երկու շաբաթ ու մեքենայից դուրս գցել եկեղեցու ճանապարհին մի քանի անգամ, ու ես թաքուն սկսեցի օգնություն փնտրել: Քահանաներից որոշները, ովքեր գիտեին իմ նախկին ամուսնուն, շատ տխրեցին պատմածներիս համար, բայց նաեւ շատ զարմացած չէին, որովհետեւ ականատես էին եղել նրա վայրենի պահվածքին, երբ դեռ սովորում էր Սբ. Ներսես հայկական ճեմարանում: Նրանք շատ օգնեցին ու ասացին, որ իմ ձեռքում է, թե ինչ կորոշեմ, բայց ոչ մի խորհուրդ չտվեցին, թե ինչ պետք է անեմ: Ես ելք էի փնտրոմ՝ առանց հասկանալու դա, որովհետեւ շարունակում էի գնալ ճանաչածս այլ քահանաների մոտ՝ օգնություն փնտրելով: Դժբախտաբար, քահանաներից որոշները կարծում էին, որ ունեցածս ընտանեկան խնդիրները շատ լուրջ չէին, հնարավոր է՝ ես նրան բավարար սեքս չէի տալիս: Նրանք բռնության որեւէ նշան չէին տեսնում, ընդամենը մի դժբախտ կնոջ, որ բողոքում էր իր ամուսնությունից: Վեց տարվա ամուսնական կյանքից ու հայկական եկեղեցու վրա դրված հույսից հետո, որ կարող է տալ հոգեւոր, հուզական ու այլ աջակցություն, ես ստիպված էի հասկանալ այն դժվար բանը, որ եկեղեցին չէր կարող օգնել ինձ կամ չգիտեր՝ ինչպես օգնել: Իմ ուսուցիչներն ու ընկերները Տեսողական արվեստի դպրոցից, որտեղ լուսանկարչություն էի սովորում ու աստիճան ունեի, նրանք էին, ովքեր ինձ տվեցին իմ իրավիճակը որպես բռնարարական ճանաչելու բառապաշարը:

Նրանք վավերացրին իմ փորձը եւ օգնեցին ինձ զորեղանալ որպես անձ: Նրանք ինձ մնալու տեղ տվեցին ու օգնեցին Նյու Յորքից տեղափոխվել ապահով ու առողջարար վայր: Ես երբեք չէի մտածել, որ ես բռնության միջով եմ անցնում, որովհետեւ դա ֆիզիկական բռնություն չէր: Բայց ես իմացա իմ ընկերներից ու համալսարանական ընտանիքից, որ ամեն բռնություն չէ, որ ֆիզիկական է, որ իմ անցածը խոսքային եւ հոգեբանական բռնություն էր: Ես դեռ ընկերներ ունեմ հայկական ու այլ ուղղափառ եկեղեցիներում, բայց վստահությունս սասանվել է, որովհետեւ երբ չգիտեի ինչ անել, ուսուցիչս ու ընկերներս ՏԱԴ-ից օգնեցին ինձ: Ես պետք է հայկական համայնքից դուրս օգնություն փնտրեի. կուզեի, որ հայկական եկեղեցին կարողանար բռնության նշաններ գտնել՝ ֆիզիկական բռնությունից դենը: Նույնիսկ այն եկեղեցականները, ովքեր աջակցում էին ինձ, բաժանությանը դեմ էին եւ դրա դեմ էին խոսում: Հայ եկեղեցականները՝ նույնիսկ սփյուռքում, հոգեբանական բռնությունը չեն համարում այնքան վտանգավոր ու թունավոր, ինչքան ֆիզիկական բռնությունը: Այո, ես երբեք ֆիզիկապես չեմ վնասվել, բայց ես հասցվել եմ այն կետին, որտեղ ուզում էի ինքնասպան լինել ամեն անգամ, երբ կռվում էինք: Սա բռնություն չէ՞:

 

Ավտովթար

2015-ի նոյեմբերի առաջին մի քանի շաբաթվա մեջ նախկին ամուսնուս մի մեքենա վրաերթի էր ենթարկել, երբ նա հեծանիվով Բրուկլինի մեր տնից գնում էր Մանհեթեն՝ դասի: Նա ուշագնաց էր եղել բախման ժամանակ ու հիշում էր միայն՝ ինչպես է թռել օդի միջով ու զարթնել մայթի վրա: Մենք ավելի ուշ իմացանք, որ ուղեղի ծանր վնասվածք էր ստացել, ինչպես նաեւ ողնաշարի հինգ ողերի ճողվածք՝ վզի եւ մեջքի ներքեւի հատվածում: Ամուսինս ահավոր ցավեր ուներ, ու ոչ մի ցավազրկող ի զորու չէր ցավը թեթեւացնել: Սկսած այդ ժամանակից, մինչեւ հաջորդ տարիուկեսը՝ ես նրա մշտակա խնամատարն էի, քանի որ նա գործնականում անկողնային էր: Չէի աշխատում, մնում էի տանը՝ հոգ տանելու նրա մասին: Վեց ամիս նա ողնաշարի վրա ստանում էր ամենամսյա կորտիզոնի սրսկումներ, բայց սրսկումները կորցրին իրենց ազդեցությունը, ու նա նախընտրեց վերականգնողական վիրահատություն ու ողերի փախարինում:  

Մենք արդեն լարված հարաբերություններ ունեինք, բայց վթարը կյանքս հարաբերականորեն տանելիից դարձրեց ամբողջական մղձավանջ: Ամուսնության ամեն լավ բան կամաց-կամաց շերտատվեց այն բանի տակ, ինչ ես էի ստիպված տանել, երբ նրա խնամատարն էի: Ավելի անհանգստացնող էր՝ ցավերից էլ դենը, ուղեղային վնասվածքը: Նա չէր կարողանում հիշել, թե ուր էր դրել բանալիները: Երկար խոսելուց հետո լեզուն սկսում էր չենթարկվել: Խոսելը նրա համար հյուծող էր, անգամ եթե չէր կմկմում, պարզապես քնում էր: Ավելի ուշ իմացանք, որ բացի ուղեղի վնասվածքից, նրա մոտ զարգացել էր նաեւ հետտրավմատիկ խանգարում: Ես արդեն վարժվել էի նրա խոսքային բռնությանը, երբ նա ցավերի մեջ էր, բայց ոչինչ ինձ չէր նախապատրաստել այն հոգեբանական պատերազմին, որ նա հայտարարեց ինձ այն բանում, ինչ կատարվում էր նրա ուղեղում: Ես քավության նոխազն էի ու իմ վրա էր պրոյեկտվում ամեն ինչ ամեն օր: Ամենօրյա գործերիս հետ պայքարին ավելացել էր այն, որ նա հասցեագրում էր իր նախկին տրավմաները ինձ, որոնցից շատերը պատահել էին իր հետ ու նա մինչեւ հիմա դրանց հետ հարցերը չէր լուծել: Առաջին անգամ իր կյանքում նա ամբողջովին խոցելի էր զգում: Դարձել էր տնակյաց, ի վիճակի չէր ոչ աշխատանքի, ոչ դասի գնալ ու ամեն բան, ինչում իրեն լավը լինելու հպարտությունն էր թույլ տվել, այլեւս հեշտորեն չէր տրվում նրան: Անկեղծորեն հավատացել էր, որ չկա մի բան, ինչը չի ստացվի իր մոտ, որ ինքը լավ է ամեն բանում: Վթարը ասում էր, որ նա սխալ է: Վթարը հիշեցրեց նրան, որ նա մարդ է: Բայց դա չստիպեց նրան դադարել լինել այն մշտական անձը, որն ամեն անգամ ձախողվելուց ամեն ինչ գցում էր իմ վրա:

 


Ֆրեզնո, Կալիֆորնիա, 2016

Վերապրելով հիշողությունները

Շատ դժվար է այս բաները գրել: Ստիպված եմ վերապրել այս հիշողությունները, որպեսզի գրեմ դրանց մասին: Դրանից հետո տագնապած ու ընկճախտավոր եմ մնում երբեմն ժամեր, երբեմն օրեր շարունակ: Հիշողությաններն այնքան տկարացնող են ինձ համար, բայց ես հստակ որոշել եմ շարունակել գրել ու ստեղծագործել այդ մասին, որովհետեւ տրավման մտքերիս մակերեսին հանելը օգնում է հաշվի նստել դրա հետ ու գործ տեսնել հետը, այնպես որ կարողանամ առաջ շարժվել: Ամենօրյա կյանքիս մեջ դրանք այլեւս այնքան չեն գալիս մտքիս, ինչքան առաջ, որովհետեւ կյանքս շատ ավելի լավ է հիմա ու ավելի տարբեր է: Շունչս պահելու կարիք չունեմ, երբ նոր զուգընկերոջս հետ եմ կամ ընկերներիս ու ընտանիքիս: Կարող եմ ես ես լինել՝ առանց որեւէ հետեւանքի: Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ նախկին ամուսինս դանդաղ հեռացնում էր ինձնից ինձ՝ իմ ցանկացած կողմի վրա հարցեր հանելով: Իմ ընդդիմանալուն վերաբերվում էր որպես ապստամբության ու որպես մերժման՝ իմ ու իր միջեւ ներդաշնակության: Ես ուզում էի, որ ներդաշնակություն լինի, այդ պատճառով ամեն ինչ անում էի համապատասխանելու համար, քանի որ գիտեի՝ զիջումը հարաբերությունների հիմնական մասն է, բայց ինքն իր մասով ոչինչ չէր անում՝ որպես զիջում: Ես այնքան մեկուսացած էի զգում այդ ժամանակ, հիշում եմ, որ գնում էի զբոսանքի ու ճչում էի մտքիս մեջ, ես ամեն ինչ տալիս էի, որ մասերի չբաժանվեմ: Չէի ուզում մասերի բաժանվել, որովհետեւ պետք է այնպես անեի, որ ամուսնությունը կայանար, եւ ես չեմ կարող մասերի բաժանվել հիմա, որովհետեւ վերջապես ազատ ապրելու հնարավորություն ունեմ:

 


Սբ. Ներսես ճեմարան, Նյու Յորք, 2012

Իմ որոշումը

Ի՞նչն ինձ ստիպեց որոշել լքել նրան: Տարբեր բաներ. առաջինը այն, երբ նա փորձեց ինձ տնից դուրս գցել 2016-ի գարնանը: Դա առաջին հարվածն էր ինձ համար, իսկ երկրորդը այն, որ նա սկսեց նոպաներ ունենալ բոլոր այն փոքր հարցերի համար, որոնք պարզապես բաներ էին, որ իմ մեջ իրեն դուր չէին գալիս: Վերջին հարվածը եղավ մեր` մեքենայով ճամփորդության ժամանակ 2017-ի հունիսին: Մեքենայով ճամփորդությունը լի էր խոսքային բռնությամբ, որի ժամանակ ահավոր ագրեսիվ էր քշում:

Նա չէր կարող մոտիկ գտնվել ինձ մեկ ժամից ավելի՝ առանց ինչ-որ բանից ջղայնանալու: Հետո Կոլորադոյում նա մեքենան աջ քաշեց՝ հայտնաբերելով այն, որ ես նրան վստահելու խնդիր ունեմ այն բանից հետո, երբ փորձել էր ինձ դուրս շպրտել մեկ տարի առաջ: Հետո վերցրեց իր պայուսակն ու ասաց, որ գնում է ապրելու անտառում: Ես հասկանում էի, որ նրա խելքը գլխին չէ, երբ դա որոշեց, ու շատ խնդրելուց հետո սպառնացի, որ ոստիկանություն կզանգեմ, եթե հեռանա: Նա սպառնաց, որ կբաժանվի, եթե այդպես անեմ, բայց ես ասածիս վրա կանգնած մնացի, ու երկուսս էլ վերադարձանք մեքենա ու շարունակեցինք ճանապարհը: Նա դրանից հետո Կալիֆորնիայում գրեթե մեկ շաբաթ չդրեց իր ամուսնական մատանին ՝ ասելով, որ առանց վստահության մենք ամուսնացած չենք: Սանտա Ֆեում մեր առաջին իսկ առավոտյան նա սկսեց իրերը հավաքել ու ասաց, որ հետ ենք գնում Նյու Յորք: Ես իմն առաջ տարա ու հրաժարվեցի: Շատ հետուառաջից հետո, ես արեցի մի բան, որը պետք է այս ճամփորդության սկզբից եւեթ արած լինեի: Ինձ համար հյուրանոցում սենյակ պատվիրեցի եւ ասացի, որ կարող է առանց ինձ հետ գնալ: Նա կատաղած էր, բայց ես ստիպեցի նրան խոստանալ, որ ինձ գոնե հյուրանոցի մոտ կիջեցնի: Ինչ-որ պահի նա կանգնեցրեց մեքենան եւ սկսեց իրերս դուրս նետել՝ ասելով, որ կարող եմ այստեղից քայլել ու էլ չի ուզում ինձ տանել: Ես ասացի՝ չեմ ուզում մեքենայից իջնել ու հավաքեցի իրերս: Նա շարունակեց քշել, հետո հանկարծակի հետ շրջեց մեքենան ու հայտարարեց, որ հետ է քշում Նյու Յորք: Ես խնդրեցի, որ կանգնի եւ ինձ նախ հյուրանոց տանի, բայց նա անտեսեց ինձ: Ես սկսեցի գոռալ նրա վրա՝ ասելով, որ կանգնեցնի մեքենան, բայց նա բանի տեղ չդրեց ինձ:

Ինչ-որ պահի ես միայն ուզում էի իջնել մեքենայից ու հեռանալ նրանից, բայց նա չէր դադարեցնում քշելը, ու ես սկսեցի քաշել ձեռքի արգելակը, հետո հասա մեքենայի բանալուն, դուրս քաշեցի այն անցքից, այնպես որ մեքենան հանգեց: Միայն այդ ժամանակ նա ուշքի եկավ, սկսեց լացել ու ինձ տարավ հյուրանոց: Դրանից մեկ շաբաթ հետո էր, որ ես ասեցի նրան, որ ուզում եմ առանձնանալ, եւ երեք շաբաթ դրանից հետո, որ ուզում եմ բաժանվել: Տխրում եմ, որ վախենում էի թողնել նրան իմ անվտանգության համար, բայց եղածը դա էր: Ես մտածում էի, թե որտեղ է նրա հետ իմ սահմանագիծը, որովհետեւ ես այնքան բռնություն էի տարել տարիների ընթացքում: Դա պետք է լիներ ավելի վաղ ամուսնության մեջ, բայց ես միշտ փորձում էի բացասականը չտեսնել եւ նայել միայն դրականին նրա մեջ: Ես մեղայականներ էի մտածում նրա համար, որովհետեւ լավն էի տեսնում նրա մեջ, մինչեւ այնքան հյուծվեցի, ու նա այնքան ջղային դարձավ, որ ես այլեւս չէի կարող լավը տեսնել:

 


Առաջին անգամը, երբ փորձում էր ինձ դուրս գցել, Ֆլաթբուշ, Բրուկլին, 2016

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: