Սահմանին մոտ ապրելն ամեն մարդու բան չէ։ Իսկ եթե խոսքը վերաբերում է կանանց, պիտի որ ավելի ուժեղ լինեն, գուցե չվախենալու ինչ-որ ձեւեր իմանան կամ անվտանգության հատուկ կանոններ ունենան, այլապես ինչպե՞ս կապրեն այնտեղ, այն էլ երեխաների հետ։

 

 

 

 

 

 

Երեւանից Երասխ գնացածիս պատկերացումներն ադրբեջանական նշանառության տակ ապրող կանանց մասին միանգամից ցրվեցին, երբ հենց առաջին բակում աչքս ընկավ լվացքով լիքը տաշտը քարշ տվող փոքրամարմին կինը։ Ծանոթացանք. անունը Գայանե էր: Պարզվեց՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ է ծննդաբերել եւ երեխայի հետ տուն եկել։ Հիմա արդեն պահածո է փակում, վազում, նորածնին կերակրում, քնեցնում, լվացք, արդուկ, տուն-տեղ, իհարկե, հյուրերին՝ սուրճ։ Ու այդ ամենն այնպիսի թեթեւությամբ, ժպիտը դեմքին, սկեսուրի հետ այնպիսի սիրալիրությամբ։

Չորս երեխա` սահմանին, բայց սահմանը կարծես թե այս կնոջ համար գոյություն էլ չունի։ Օրվա հոգսն այնքան շատ է, որ ժամանակ էլ չկա դրա մասին մտածելու։ Ի տարբերություն գյուղի շատ հարսների՝ Գայանեի ամուսինը կողքին է, գուցե դա՞ է ապահովության զգացողություն տալիս: Զրուցում ենք, ու հասկանում եմ, որ նրա մտահոգությունն ավելի շատ երեխաների հագուստի, կոշիկի, սննդի համար է, մանվանդ որ ամուսինը հիմնական աշխատանք չունի:

 

 

 

 

 

 

Գայանեի ու Երասխում ապրող մի քանի այլ կանանց հետ ծանոթանալով՝ մտածում եմ, որ մեր սահմանը պահողը ոչ միայն զինվորներն են, այլ իրենց ընտանիքների ու ամուսինների թիկունքն իրապես պահող կանայք: Սա էլ նրանց ծառայությունն է, բայց իրենք իրենց հերոս չեն համարում։ Ասում են՝ արտառոց ոչինչ չկա, ու «հատուկ պահանջներ» էլ չունեն: Կանայք են՝ ընկղմված հոգսաշատ կենցաղի մեջ, աշխատանքը` հերթականությամբ, թե անհերթ, շփումը՝ հարեւանուհիների հետ, հեռախոսազանգեր, հեռուստասերիալներ, ու դեռ օրն էլ չի հերիքում:

Կանանց ավագ սերունդը՝ Գայանեի սկեսուրը՝ տիկին Սիրանը, սահմանամերձ գյուղի մասին այլ հիշողություններ էլ ունի: Խորհրդային շրջանի Երասխ մեկ-մեկ կինո էր գալիս, համերգներ էին լինում, ակումբն ակտիվ գործում էր, կանայք «ներկայանալու» տեղ ունեին, ավելի խնամված էին: Իսկ հիմա «կանացի նման գործերով» զբաղվելու առիթ էլ չկա:

«Դարտակ բաներ են, աղջիկ ջան»,- ասում է տիկին Սիրանը:

 

 

 

 

 

 

 

 

Գայանեին եւ նրա ընտանիքին հրաժեշտ տալով՝ մտքերով դեռ նրանց հետ` մոտենում եմ մյուս տանը: Դարպասը բաց է, դարպասի աջ կողմում թոնրատունն է` ամառային խոհանոց, պահոց, ցախանոց, որն ի սկզբանե, երեւի, ավտոտնակ է եղել: Երիտասարդ երկու կին նստած լոլիկ են ճզմում: Շուրջը վեց երեխա խառը վազվզում են, աղմկում, լոլիկ ուտում, լաց լինում…

Երկու եղբայրների կանայք են, ձմեռվա պատրաստություն են տեսնում: Տանտիրուհին` Մերին, սահմանամերձ Խնձորուտ գյուղից 19 տարեկանում հարս է եկել սահմանին ավելի մոտ գտնվող Երասխ: Երեք երեխա ունի: Ամուսնության հենց սկզբից ամուսինն ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի՝ ինչպես գյուղի տղամարդկանց մեծ մասը:

 

 

 

 

 

 

 

 

Մտածում եմ` միայնակ կին, երեխաների հետ սահմանին, չե՞ն վախենում: Հետո պիտի հասկանամ, այս գյուղում ոչ մի կին մենակ չէ, խրամատում կռվող զինվորների նման մեկը մյուսին հասնում են, պետք եղած ժամանակ մեկը մյուսի երեխային պահում, լվացքն անում, միասին հաց թխում, մի տուն դառնում:

 

 

 

 

 

 

31-ամյա Մերին ասում է՝ երջանիկ եմ: Մեկ տարի է, ինչ առանձին տուն են գնել Երասխում, թեկուզ՝ պարտքով, բայց նոր տուն են դառնում: Մինչ այդ, մի շրջան մեկնել են Ռուսաստան, որ ամուսնու կողքին լինեն։ Սակայն ոչ ինքը, ոչ երեխաները չհարմարվեցին:

«Էստեղ է մեր տունը, Էստեղ ես ու երեխաներս մեզ լավ ենք զգում։ Ամուսինս էլ ամեն ձմեռ գալիս է, սովորել ենք, էլ չենք նեղվում…»,- ասում է Մերին։

Ձմռան համար ավելի քան 200 պահածո է փակում, ողջ ձմեռ կբավարարի: Հարցնում եմ` բա հա՞ցը։ «Հաց չենք առնում, թխում ենք»:

Հաջորդ անգամ հյուրընկալվում եմ հացի արարողությանը: Շաբաթը մեկ են թխում, միշտ միասնական ուժերով՝ հարեւաններով, հարազատներով:

 

 

 

 

 

 

Հրաժեշտին Մերին տաք լավաշներով է ինձ ճանապարհում…

Արդեն գյուղից դուրս մի պահ կանգ եմ առնում, նայում գյուղին, այն ինձ Մերիի թխած լավաշն է հիշեցնում՝ շագանակագույն, այրված «խալերով»։ Ջուր չկա, կանաչն ու ծառերը քիչ են, որ ջուր լիներ, հա՛մ կանանց հոգսը կթեթեւանար, հա՛մ էլ գյուղը մի տեսակ ավելի պաշտպանված կդառնար ու այդչափ «անշոր ու մերկ» չէր լինի թշնամու թիրախում: