Ինչո՞ւ Աննան:
Հենց սկզբից էի որոշել: Երկուսս էլ ունեինք հեռակա հարգանք ու վստահություն իրար նկատմամբ, բայց Աննան ժամանակ ուզեց մտածելու: Նրա համար նոր փորձառություն էր: Ինձ համար էլ:
Մեր առաջին խոսակցության ժամանակ Աննան ասաց, որ իր կյանքը ֆրագմենտալ է հիմա, մի տեղից մյուսն է շտապում: Անըդհատ: Սկսեցի հետևել նրան շատ տարբեր միջավայրերում: Տանը, ծնողների տանը, ընկերների ու գործընկերների հետ շփվելիս, անգլերենի ու թատրոնի պարապմունքներին… Երբեմն տարածության մեջ ու հեռու, երբեմն շատ մոտ` մեկնած ձեռքի հեռավորությունից:
Մտերմության որոշ կետերում, երբ մտածում էի, որ այ հիմա նոր շերտեր կերևան, եղան կանգառներ: Տարօրինակ է: Խախտե՞լ եմ շրջանակները. նրանք, որ երկար փորձել եմ ստեղծել: Խախտե՞լ եմ իմ ու պատկերների հետ հաղորդակցման «կանոնները»: Տարբեր միջավայրերում, մարդկանց հետ շփումներում Աննային հաճախ մենակ եմ լուսանկարել: Աննայի` ժամանակը կանգնեցնելու գործողությունները, լուսանկարները ստացվել են ֆրագմենտներ:
Աննայի մասին իմ սեփական պատկերացումը վիզուալ կերպով ձևավորելը հետաքրքիր փորձառություն էր: Աննայի հետ խոսակցությունները և արած լուսանկարները թողնում էին ազդեցություն, երբ արդեն իր հետ չէի: Լուսանկարելիս մոռանալով նախնական միտումնավոր ձգտումը` վերհանել նրա յուրօրինակության ու բազմազանության շերտերը, չեմ դիտարկել ուղիղ` նրա դեմքը, արտաքինը, բնավորությունը և ինքնությունը:

«Իմ ամենաչսիրած թեման է իմ մասին պատմելը, ու նաև մասնագիտության առումով: Պաշտոնապես սոցիոլոգ եմ, բայց երևի գործունեությամբ հետազոտող կասեմ ինձ: Ի՞նչ եմ անում. ընկերներիս հետ, տարբեր ու մեր կարծիքով շատ կարևոր թեմաների շուրջ հետազոտություններ ենք փորձում անել ու դրանով բարձրացնել խոսակցություններ, որ մինչև հիմա առանձնապես շատ չեն հնչել Հայաստանում: Էդ խոսակցությունները հույս ունենք, որ պիտի փոխեն մարդկանց առօրյա վարքը, պատկերացումները աշխարհի հանդեպ, իրենք իրենց հանդեպ, ու մարդկանց սոցիալական հասունությունը բերի մարդկային հարաբերությունների հավասարության, հորիզոնականության` մի քիչ, ինչ ասեմ, ավելի մարդկային լինելուն:» [Աննան տանը, ննջասենյակում:]
Աննայի տան պատերից մեկին իր ստեղծած գործը:
Հայելու մեջ:

Աննան տանը:

Տանը, հայելու դիմաց:

Հանդիպում Լենա Նազարյանի հետ «Սոցիոսկոպ»-ում:

«Մեր հասարակությունը ունի շատ լավ պատրաստված խմբեր, անհատներ: Ամեն մեկիս գործողությունը դեր ունի այսօր, ամեն մեկիս ասածը, բառը, արած դերակատարությունը: Հիմա իսկապես մի փուլ է, որ ամեն մեկի արածն ու չարածը հստակ հետևանքներ են ունենում, տեսանելի հետևանքներ ու շատ արագ»: [Հանդիպում Լենա Նազարյանի հետ «Սոցիոսկոպ»-ում:]

«Սոցիոլոգիան հաճախ մարդկանց մոտ ասոցացվում է թվերի հետ: Սոցիոլոգիան բոլորովին էդ չի: Կարևոր է, որ մենք դուրս գանք քանակական մտածողությունից: Օրինակ, կա ընտանեկան բռնություն, պիտի դա 90 տոկոս լինի, որ մեծ խնդիր լինի՞: Բայց հետազոտությունները կարող են բերել նրան, որ պարզվի, որ ընտանեկան բռնությունը Հայաստանում աճում է, բայց ոչ թե աճում է բռնությունը` տարածվածությունը, այլ աճում է դրա մասին խոսելը: Երբ մարդիկ սկսում են խնդրի մասին ավելի բաց խոսել, ճանաչելի է դառնում խնդիրը:» [Աննայի աշխատասենյակը «Սոցիոսկոպ»-ում:]
Ընդհանրապես բանակը շատ հետաքրքիր, կարևոր ցուցանիշային ինստիտուտ է, շատ տիպիկ ցույց է տալիս` ուր է հասել մեր հասարակությունը»: [Աննա Ժամակոչյանը սոցիոլոգ է, հետազոտող, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի նախագահն ու համահիմադիներից մեկը: Աննան «Ռազմ-ականացման և ան-վտանգության միջև» դասընթացի ժամանակ:]

«Մեկանգամյա արած քայլը դեռ շատ քիչ է, կարևոր է, բայց շատ քիչ: Մենք պիտի կարողանանք մեր արածները դարձնել սովորություններ, չպիտի զլանանք երկրորդ անգամ վեր կենալուց, նույն բանը անելուց: Ո՞նց ենք ինչ-որ բան սովորում անհատական կյանքում, սոցիալական կյանքում էլ պիտի սովորություններ դառնան: Մեզ մոտ սոցիալական կյանքը մեռցված է եղել, ոչ մի ինստիտուտ չի աշխատել: Հիմա պիտի այդ ինստիտուտները աշխատեն, ձևավորվեն, վերակառուցվեն, ու դա դառնա իսկապես սովորական: Առայժմ ամեն ինչ արտասովոր է»: [Աննան «Սոցիոսկոպ»-ում:]

Աննան հայրական տանը` պատշգամբում, որ ժամանակին իր սենյակն էր:

Վարսավիրանոցում:

«Արվեստի ոլորտի հետ կապ ունենալու սեր ու հավակնություններ ունեմ ու նաև փորձում եմ արվեստային ակտիվիզմը դարձնել իմ/մեր գործունեության մաս: Մի տեսակ հասարակության ներսում կողքից նայելու հնարավորություն է դառնում»: [«Թեք տեղ» սիրողական թատերախմբի` Կարեն Ղարսլյանի «Ռեժիմը խուճապի մեջ է» գործի փորձերի ժամանակ:]

«Թեք տեղ» սիրողական թատերախմբի` Կարեն Ղարսլյանի «Ռեժիմը խուճապի մեջ է» գործի փորձերի ժամանակ:
Անգլերենի դասին:
Ընկերների հետ։

«Ես շատ ուշ եմ հասկացել, որ ես կին եմ, էն իմաստով, որ բոլոր խնդիրները, որ ունեցել եմ, ինչ-որ փոքր հարց, ինչ-որ սեղանի շուրջ խոսելիս մեկ էլ նկատել ես, որ քեզ, քո ասածին ուշադրություն չեն դարձնում, կամ դու ստիպված ես ավելի շատ փաստարկներ բերել, քան մյուսները… Ոչ մի անգամ դա մտքովս չի անցել, որ դա կին լինելու հետ է կապված։ Ու մեկ էլ հետո, երբ հասունանում ես, երբ համարձակվում ես խոսել ընկերներիդ հետ, կիսվել էս հարցի շուրջ, մեկ էլ պարզվում է, որ նույն խնդիրներին իրենք էլ են բախվել ու բախվում։ Ու հասկանում ես, որ դա ոչ թե քո թերացումներն ու խնդիրներն էին, այլ սոցիալական խնդիր է։ Էդ իմաստով նկատի ունեմ, որ շատ ուշ եմ հասկացել, որ կին լինելը առանձին մի հատկանիշ է»: [Աննան ննջասենյակում:]
«Թեք տեղ» թատերախմբի կազմակերպած` Էդմոնդ Հաբեթյանի կոնտակտ-շարժման աշխատարանում:
«Թեք տեղ» թատերախմբի կազմակերպած` Էդմոնդ Հաբեթյանի կոնտակտ-շարժման աշխատարանում:

«Ինչ-որ մի ունիվերսալ կապի զգացում կա, որ ես ունեմ մարդկանց հետ ու նույնքան միայնության մի հատ շերտ կա: Տիեզերքն է, ու դու մենակ ես էդ տիեզերքում, ընդ որում` շատ ուժեղ կապի մեջ ողջ տիեզերքի հետ, բայց մենակ: Էսքան շատ տարբեր տեղերում, տարբեր մարդկանց մեջ եմ, ու նույնքան միայնության մի հատ շերտ կա, որտեղ ես չունեմ ոչ մի երկխոսություն ոչ մեկի հետ: Ավելի շատ ես լռություններ ունեմ տարբեր մարդկանց հետ: Ես էդպես եմ կարողանում աշխարհի հետ հարաբերվել»: [«Թեք տեղ» թատերախմբի կազմակերպած` Էդմոնդ Հաբեթյանի կոնտակտ-շարժման աշխատարանում:]