Արտակ Պապիկյանը անասնապահ է, ունի կովեր, այծեր, խոզեր։ Իր ասելով միշտ շուն է պահել․սարերում վտանգները շատ են, հավատարիմ շունն անհրաժեշտություն է։

«Սովորականի պես գնում էի աշխատանքի, շունս էլ, ինչպես միշտ, ինձ ճանապարհում էր։ Հասա աշխատանքի, շունս շրջվեց, որ տուն վերադառնա, մի քանի թափառող շների մոտեցավ, այդ պահին մի մեքենա կանգնեց, միջից կրակեցին շանս։ Ընկավ, վազեցի, գրկեցի։ Արդեն սատկել էր։ Դիմացս սևացավ, գիտակցությունս կորցրեցի»։

Արտակի շանը իր աչքի առաջ կրակել են, այս դեպքից հետո երկար ժամանակ ուշքի չի եկել, նյարդային խնդիրներ է ձեռք բերել։

Արտակի պատմությունից երեսուն տարի է անցել, սակայն երեսուն տարում շների վնասազերծման մեթոդները Գյումրիում չեն փոխվել։

 


Արտակ Պապիկյանի լուսանկարը, որտեղ նա իր շան հետ է: Արտակի շանը կրակոցով սպանել են 30 տարի առաջ:

 


Ա-ն 2014-ի հուլիսի 1-ից աշխատում է քաղաքապետարանում՝ «թափառող շների վնասազերծում» իրականացնող որսորդ հաստիքին։ «Երկար ժամանակ էին համոզում, ես չէի համաձայնվում»,- պատմում է Ա-ն: Ասում է՝ բանկի հետ խնդիրներ ունի, վարձով է ապրում (երկրաշարժին տունը քանդվել է, իսկ նորը չի ստացել), սոցիալական վիճակից ելնելով` վերջապես համաձայնվել է։ «Գիտեմ՝ սարսափելի բան է արածս»։ Ա-ի խոսքով՝ շուն շատ է սիրում, ինքն էլ մի քանի շուն է պահել։ «Վերջին անգամ գնացի կրակելու, շունը նայեց աչքերիս մեջ, չկարողացա կրակեմ, հրացանը իջեցրեցի, եկավ ձեռքերս լիզեց»։

 

«Հարամ է էդ փողը, որ ստանում եմ»,- ասում է Ա-ն, բայց և պնդում, որ բողոքները շատ-շատ են, իսկ ոստիկանությունն ու ԱԻՆ-ը հետևում են վնասազերծմանը։ Թեև ինքը առավել կողմ է քնեցմանը, բայց հիմիկվա իրողությամբ այլ տարբերակ չի տեսնում, ասում է՝ եթե ինքը չկրակեր, ավելի անփորձ մեկին էին տալու, որ մի կրակոցով չի կարողանում սպանել․ շները տանջվելով էին սատկելու։ Պատմում է դեպք, երբ հրապարակում անփորձ որսորդը հինգ անգամ կրակել է, մինչև շունը վերջապես սատկել է՝ լրիվ վերքերի մեջ։ Ըստ Ա-ի՝ գիշերային ժամերին նույնպես ոստիկանությունից կանչում են, բայց մթին չի կրակում, պատասխանատվություն է զգում կրակած փամփուշտի համար։
Նաև ուշադիր է կրակելիս. վզկապով, ցեղական կամ հանգիստ շներին չի կրակում՝ «ուզում ա հազար հոգի բողոքի, չեմ կրակի»։

 


Հովհաննես Խնուսյանը («Աղավնաբազե որսորդների, բնապահպանների միություն» ՀԿ-ի տնօրեն) շների սպանդը անընդունելի է համարում։ «Շուն կրակելը արատ է»,- ասում է Հովհաննեսը, բայց և կարծում է, որ անգամ քաղաքի բոլոր շներին ստերջացնելով խնդիրը չի լուծվի, որոշ ժամանակ անց հարակից գյուղերից շներ կգան քաղաք, մարդիկ էլ շների ձագերին հաճախ դուրս են գցում։ Կոչ է անում շների տերերին ավելի պատասխանատու լինել, նշում է՝ եթե ցեղական շուն գնեն ու գումար վճարեն, նման հեշտությամբ դուրս չեն հանի տնից։ ՀԿ տնօրենը մտահոգ է որսորդների վարկանիշով, ասում է՝ երբ շներին են կրակում, մարդիկ քաղաքապետարանին կամ համայնքին չեն մեղադրում, մեղադրում են որսորդին, իսկ որսորդը այս դեպքում պարզապես գործիք է։ «Էնպես չի, որ որսորդները վանդալներ են»,- վրդովվում է Խնուսյանը:

 


Թափառող շները Գյումրու փողոցներում:

 

Գրեթե ամեն օր Գյումրիում կրակոց է հնչում, կրակում են քաղաքի շներին, կենտրոնում ու ծայրամասերում, բակերում ու հրապարակներում։ Ակտիվիստ բնապահպանները բողոքում են, դիմում են քաղաքապետարան, սակայն, ինչպես պարզվում է, կրակողը հենց քաղաքապետարանի պայմանագրային աշխատող է՝ քառասուն տարվա որսորդ, որն ըստ պայմանագրի՝ ամեն կրակած շան դիմաց ստանում է հազար հարյուր դրամ՝ ներառյալ հարկերը։

Որսորդը, ով ունի զենք կրելու իրավունք, սակայն օրենքով իրավունք չունի այն գործածելու բնակելի վայրում, ամեն օր օրենք է խախտում՝ վտանգելով բնակիչների կյանքը և գույքը, կատարում է իր աշխատանքը։ Քաղաքապետարանը արդեն երեսուն տարի է, գործածում է վարձու որսորդների պրակտիկան, ովքեր գնում և վերացնում են ագրեսիվ շներին, սակայն, նույն որսորդի հավաստմամբ` այսքան տարվա մեջ ո՛չ շների քանակն է նվազել, ո՛չ էլ ագրեսիան։

 


Թափառող շները Գյումրու փողոցներում:

 


Աննա Վարդանյանը նույնպես Գյումրիից է, հիմա ապրում է Խարբերդում իր եղբոր՝ Գեորգիի և մոր՝ Նաիրայի հետ։ Տնամերձ տարածքում Աննան 49 շուն է պահում, որոնք փրկվել են փողոցից։ Նրանց մի մասը պարբերաբար այցելում են անասնաբույժի՝ տարբեր առողջական խնդիրների պատճառով։ Շների կերի և անասնաբույժի ծախսերը ընտանիքն է հոգում։ Այդուհանդերձ, Աննան մեծ կապվածություն է զգում կենդանիների հետ, ինքն էլ կամավոր է Ուշիում, թերապեւտ, ասում է՝ տարատեսակ հիվանդություններ ունեցող երեխաները ձիերի, շների հետ շփումների շնորհիվ վերականգնվում են։ Երևանում շների ստերջացման որոշումը Աննան ողջունում է, ասում է՝ սկզբում հավատը չէր գալիս, բայց տեսնում է, որ ստերջացումն իրոք կիրառվում է, հուսով է՝ նույն կերպ կշարունակվի։

 

Աննան պատմում է՝ երբ Գյումրիում էին ապրում, մայրը լուրջ վիճաբանություններ է ունեցել շուն կրակողների հետ, մի քանի շուն է փրկել։ Ասում է՝ ինչ իրեն հիշում է, շներով շրջապատված են եղել, Գյումրիում դպրոցական տարիներին փոքրիկ կացարան են ունեցել, որտեղ շներին բուժում էին, խնամում, սակայն ինֆորմացիայի պակասից՝ աշխարհից կտրված էին զգում։

 


Հիմա էլ բացի իր 49 շներից, նաև տարածքի շներին է կերակրում, բոլորին ճանաչում է, անուններ է տվել։ Ասում է՝ շներն իր մոտ տարբեր եղանակներով են հայտնվում․ լինում է հարևանների երեխանները խեղճ կամ վնասված շուն գտնեն, էդ դեպքում գիտեն՝ ում մոտ բերել, լինում է նաև, որ ամառը հանգստանալու եկող մարդիկ շներով գան, իսկ վերադառնելիս «մոռանան» շներին այստեղ։

 


Երևանի քաղաքապետարանի թափառող կենդանիների ստերջացման կենտրոնը գործում է 2019թ. մարտի 13-ից։ Արդեն մոտ հազար կենդանի է ստերջացվել, հետվիրահատական խնդիրներ չեն գրանցվել, կա էվթանազիայի քսանմեկ դեպք՝ անբուժելի հիվանդությունների պատճառով։ Բոլոր ստերջացված շները բաց են թողնվում այն տեղում, որտեղից բռնվել են։

 

Երևանում մինչեւ վերջերս թափառող շների հարցը լուծվում էր սպանդով։ 2018-ի դեկտեմբերին քաղաքապետ Մարությանը հավաստիացրել է, որ կենդանիների սպանդի «ամոթալի գործելաոճը» անցյալում է։ 2019-ին Երևանի քաղաքապետարանը շների վնասազերծման սեփական կենտրոնն է գործարկել, որտեղ շները ստերջացվելու են և բաց թողնվելու։ Հայաստանի երկրորդ քաղաքին, սակայն, փոփոխությունները չեն հասել։

 

Կենտրոնի աշխատողները նախապատրաստում են շանը վիրահատության։

 


Այժմ ընթանում է շինարարություն, և մոտ մեկ ամսից կենտրոնը կտեղափոխվի ավելի ընդարձակ տարածք, որտեղ, բացի ստերջացումից, շների համար կգործի նաեւ փոքրիկ կացարան և բացօթյա տարածք, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան այցելել շներին և որդեգրել։

 

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: