Ամալյային առաջին անգամ հանդիպեցի 2018 թ-ի գարնանը Վանաձորում։ Մեր հանդիպման առիթը ֆոտոպատումի համար հերոսի փնտրտուքներն էին։
Ու ես հայտնվում եմ Շինարարների 15, բնակարան 3 հասցեում։ Մեկ սենյականոց սառը վարձու բնակարան, որտեղ Ամալյան ապրում է իր մոր՝ Ալվարդի հետ։
Տիկին Ալվարդը միանգամից սուրճ է հյուրասիրում, զրույցը ստացվում է, լուսանկարում եմ, հետո տաք համեղ կարտոֆիլ, էլի սուրճ, էլի հարցեր, պատասխաններ, խցիկիս չխկչխկոցը, հյուրեր են գալիս՝ Ամալյայի քույրը՝ Լուսինեն իր երկու փոքրիկների հետ։
Այս ջերմ անմիջական ժամերի ընթացքում անկախ ինձանից անընդհատ ֆիքսում եմ Ամալյայի դողացող ձեռքերը, հասկանում եմ, որ նա հուզվում է։

Նրա պատմությունը կարծես անվերջ ձգվող օր լինի, հիշողությունները ժպիտով են գալիս շուրթերին, սակայն «ինչո՞ւ, ինչպե՞ս պատահեց հարցին Ամալյան այնքան էլ չի սիրում պատասխանել։

 

1988 թ-ին Ամալյայի մայրը երկու դստեր հետ Բաքվից գաղթում է Հայաստան, գյուղ Փամբակ։ Այդ ժամանակ Ամալյան երեք տարեկան էր, քույրը` Լուսինեն` մեկ։ Հայաստան գաղթելուց երկու ամիս անց նրանք այլեւս չեն կարողանում կապ հաստատել Բաքվում գտնվող հոր հետ։

«Միշտ մտածում եմ, որ իմ բոլոր խնդիրների սկիզբը հենց էն էր, որ մենք մեր տունն ենք կորցրել, մեր ընտանիքը, ու էսպես շարունակվել է, կորիզը վնասվել է, էլ ծիլ չի տվել։ Ու եթե էդ ամեն ինչը չլիներ, գաղթը չլիներ, ես մնայի էնտեղ, որտեղ ծնվել էի, այս ճակատագիրը չէի ունենա»։

Փամբակ գյուղում Ամալյան իր ընտանիքի հետ ապրում է տատիկի տանը։

«Չկար էս ինտերնետը, ու էնքան ուրախ, էնքան լավ, էնքան խաղերով, առողջ մանկություն էր։Շատ չար եմ եղել, օր չի եղել, որ չընկնեմ, մի վնասվածք չստանամ: Դժվար էր ինձ գետնին խաղալը, ես պետք է ծառերի վրա թռնեի, շենքերի տանիքներին լինեի, աստիճանները վերեւից ներքեւ սղալով էի իջնում, սիրում էի տուռնիկներից կախվել, տղայական չարություններ: Տենց տեղեր չունեմ, որ սպի չունենամ, ու դրանցից ամեն մեկն էլ մի հիշողություն ա։ Իմ խնդիրներն էլ ընկնելուց սկսվեցին, ես էդպես եմ կարծում, բայց չեմ փոշմանել։ Մեկ-մեկ մտածում եմ՝ կարող ա սա էլ ինչ-որ մի վատ բանի արգելք էր»։

 


Դպրոցական ընկերներիս գրած հուշերի օրագիրը թերթելիս` մտքով վերադառնում եմ պատանեկության օրերին։

 

Դպրոցահասակ տարիքում Ամալյայի մոտ սկսվում են առողջական խնդիրները։

Ութերորդ դասարանում մեզ մոտ դպրոց լուսանկարիչ էր եկել ու շարք կանգնացրեց մեզ լուսանկարելու, երբ հնչեց նրա հրանագը «ուղիղ կանգնեք, նկարում եմ», այդ պահին ես գիտակցեցի, որ մի բան  էն չի, ուղիղ չեմ կարողանում կանգնել, ես 15 տարեկան էի»։

Տասներորդ դասարանում դասերից հաճախակի էր բացակայում։ Ավարտական խնջույքին չմասնակցեց։

«Սկսվեցին այցերը տարբեր բժիշկների մոտ, մի հետազոտությունից մյուսը, ժամեր շարունակ ճանապարհներին, հիվանդանոցների միջանցքներում անվերջ սպասել, շուտ էի հոգնում, անընդհատ կարիք ունեի ինչ-որ տեղ հենվելու»։

Ամալյան չի սիրում հիշել գյուղում ապրած տարիները, երբ ինքնուրույն չէր քայլում։

«Դուրս չէի գալիս տանից, անընդհատ պառկած էի։ Շատ էի նեղվում, որ հարեւանները կարող է ասեին. «Հա դե քոնն էլ էս էր, քո փայն էր» կամ «սա էլ քո ճակատագիրն ա»։ Կա, չէ՞, հույս տվող բառ, բայց էդ մեջիդ հույսը կոտրող բառ էլ կա…

Կյանքից, աշխարհքից, մարդկանցից, բոլորից հիասթափված, մեկուսացած, ու տարիներ էդպես եմ ապրել։ Արդեն խելագարության աստիճան էր դառել էդ մեկուսացումը»։

 

 

 

Առավոտյան մի բաժակ սուրճը, որ մաման ինձ համար պատրաստում է, նոր օրվա սկիզբ է։
Առավոտյան վաղ եմ արթնանում, սակայն անկողնուց չեմ շտապում վեր կանալ։

 

 

2016 թ-ին տատիկի մահից հետո Ամալյան մոր եւ քրոջ հետ տեղափոխվեց Վանաձոր։

«Էս երկու տարվա ընթացքում էլի ոչ հաճախակի, գոնե մեկ-մեկ առիթ լինում է տնից դուրս գալու, շփվելու։ Հետո այն ժամանակ մտածում էի աշխարհում մենակ ես եմ, իմ նմանները էլ չկան, մենակ ես էի, որ իմ հետ դեպք եղավ, մենակ ես եմ, որ էլ չեմ քայլում։ Բայց որ դուրս եկա, տեսա, որ չէ, ավելի վատ վիճակում գտնվող մարդիկ կան, արդեն էն, որ ասում ես ինքս ինձ երանի տվեցի, մի հույս առայժմ ինձ պահում ա։ Մեկ ա սրանից այնկողմ հրաշքներ չեն լինելու, ոչ մի բան չի փոխվելու, առողջական վիճակս ինչ որ կա, կա։ Բայց հույս ունեմ, որ ինչ-որ չափով հնարավորություն կստեղծվի, ինքնուրույն կդառնամ, օրս անիմաստ չի անցնի։

 

Էն, որ ամեն օր մի ափսե կերակուր ունեմ տաք պատրաստված, մամայի շնորհիվ է, առանց իրա էլ ի՞նչ, առանց իրա` ես էլ չկամ։
Մամայիս ինչ հիշում եմ, իմ ձեռքը տանջվում է, մեր սաղ խնդիրների պատճառը ես եմ եղել, ու էդպես էլ շարունակվում ա։

 

Մաման էնքան լավ ու ուժեղ մարդ ա, որ ինձ դիմանում ա, առանց իրա ես էլ չկամ, իրանից բացի` ուրիշ ոչ մեկի վրա հույսս չեմ կարա դնեմ, իմ պատճառով երկար տարիներ չի կարողացել աշխատել, անընդհատ կողքս ա, ամբողջ իմ հոգսը իրա ուսերին ա։ Առանց իրա ես անգամ տան մեջ չեմ կարող շարժվել»։

 

Այն անգամներից էր, երբ դուրս եմ եկել բակ ու ծաղիկներ հավաքել, բնությանը կուզեի ավելի մոտիկ լինել։
Չեմ սիրում ձմեռը, այն ինձ ավելի է մեկուսացնում։ Հիմա էլի պիտի սկսեմ օրերը հաշվել, մի երեք ամիս էլի տանից դուրս չեմ գա։

 

Ամալյայի մասին իմ չհրապարակած նյութը միշտ մտքումս էր։ Նրան երկրորդ անգամ հանդիպեցի 2018 թ-ի նոյեմբերին։

Տեսախցիկս, իհարկե, ֆիքսել էր ամեն ինչ, նրանց կյանքի վատ պայմանները, այն, որ տունը այնքան փոքր է եւ անհարմար, որ Ամալյան իր սայլակով ինքնուրույն սենյակից սենյակ չի կարող գնալ, ուր մնաց տանից դուրս գա։ Տանից դուրս գալու համար նրան անհրաժեշտ է երկու հոգի, իսկ տանը տեղաշարժվելու համար մի հոգի։ Նրա մշտական կախվածությունը թույլ չի տալիս տիկին Ալվարդին հիմնական աշխատանք ունենալ, եւ նրանք գոյատեւում են Ամալյայի թոշակով եւ նպաստով, որոնք միասին ամսական կազմում են ընդամենը 40000 դրամ։ Սակայն իրենց այս ոչ դյուրին իրականության մեջ շատ կարեւոր է հոգատարությունը եւ մեծ սերը, որը, անկեղծ ասած, ամենաշատը հուզեց ինձ։

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: