Գրիգորը ծանր է տանում հատկապես այն, որ ընտանիքը ցրվել է, տղան կողքին չէ, որ բոլորով միասին չեն ընթրում: Տարիների մեջ ձգվում է իրականության  բաժանարար հոծ գիծը` սիրիական կյանքը մինչև պատերազմն ու դրանից հետո։

Հայրը, որ Թուրքիայում մասնակցում էր Առաջին համաշխարհային պատերազմին, 1915 թվականին վերադառնալով տուն` Այնթապ, ողջ հայրական ընտանիքը մորթված է գտնում։ Գաղթում է Սիրիա, ընտանիք կազմում, որտեղ էլ ծնվում է Գրիգորը, 1945-ին։

Ծնված օրվանից այնտեղ է ապրել՝ 69 տարի: Մինչեւ պատերազմը չգիտեին, թե ինչ բան է վտանգը, որովհետեւ իրենց ապրած կյանքում անվտանգությունն ինքնին գոյություն ուներ, կանոնի պես մի բան էր, թեեւ Հալեպը էթնիկ խմբերի, ազգությունների, կրոնների խաչմերուկ էր: Հետո պատերազմ․ պայթյունները ոչ թե սահմանին էին՝ տնից հեռու, այլ սեփական բակում, ուր սուրճ էին խմում, երեխաները վազվզում էին, ընկերներով էին հավաքվում։

 


Գրիգորը լվացքից հետո փռում է կնոջ գիշերազգեստը, կնոջ` Լուսինի շարժումները սահմանափակված են։

 


Ամուսիններով սիրում են սուրճ խմել, դա իրենց մշակույթի մի մասն է, երրորդ բաժակը իմն է, սուրճից, որպես կանոն, չեմ հրաժարվում։

 


Ամուսիններով` սոցիալական տանը, իրենց հատկացված սենյակում։

 

Սիրիայում հատկապես հայերը տնտեսապես շատ լավ էին ապրում. «Ամենը գործում էին, ունեին սեփական տուն, շատերն էլ՝ բիզնես, ապահով կյանք»։

Հետո ամեն ինչ հիմնահատակ փոխվում է․ ցանկացած պահի մարդը կարող էր առևանգվել, և նույնիսկ հարազատների կողմից  մեծ փրկագին տալուց հետո՝ առևանգվածը կարող էր չհասնել տուն ու անհետ կորել։

Հայրը գաղթեց Սիրիա, ինքը՝ Հայաստան։ Այստեղ գոյապահպանության և գոյատևման միջև կա մի տարբերություն՝ բակում պայթյուններ չկան,  բայց չկա նաև նախկին բակը, ընտանեկան հավաքները, տարեցի ապահով կենցաղը։

 


Հալեպում Գրիգորի և Լուսինի ամուսնական արարողությունից կադրեր, 1975թ․։

 


Սոցիալական տան ընդհանուր միջանցքը: Գրիգորը օգնում է կնոջը տեղաշարժվել։

 


Լուսինը` նստած տան շքամուտքի մոտ։

 


Գրիգորը լվացքի հերթական կտորն է փռում։

 


Ձախից առաջինում Գրիգորն է` քրոջ հետ, մյուսում Գրիգորի և Լուսինի երեխաները: Ավտոմեքենան Գրիգորինն է: Ամուսիններով միշտ երջանկությամբ ու կարոտով են հիշում Սիրիայում անցկացրած տարիները։

 


Սոցիալական տան շքամուտքի մոտ նստած հետևում են առօրյային։

 

Պատերազմը և գաղթը չեն փոխել միայն մի բան` Գրիգորը լվացքից հետո քնքշանքով փռում է կնոջ գիշերազգեստը, կամ կնոջ համար սուրճ է դնում, հաց պատրաստում, միրգ կտրատում, սեղանը հավաքում, բաժակները լվանում, և վերջում՝ միասին նայում են իրենց սիրած սերիալը։

Լուսինը դեռ Հալեպում երկու ծանր վիրահատության միջով է անցնում, ու պարզվում է, որ ձեռք է բերել Պարկինսոնի հիվանդություն, որը անբուժելի է։ Իսկ Երևան տեղափոխվելուց հետո ընկնում է և ջարդում նստատեղի խնձորակը։ Երկար բուժման անհաջող ընթացքը, ապա վիրահատությունը ու բժիշկների վստահեցումը, որ նա նորից կքայլի, արդյունք չեն տալիս։ Նրանք ապարդյուն ծախսում են իրենց ողջ հավաքած գումարը, որի արդյունքում չեն կարողանում վճարել տան վարձը:

 


Գրիգորի և Լուսինի համար կարևոր հասկի կտոր` ամրացված լարերին։

 


Սոցիալական տան ընդհանուր միջանցքը, Գրիգորը` մի պահ քարացած։

 


Ճամպրուկներ սոցիալական տանը, որտեղ ապրում են միայն սիրիահայեր` կարծես միշտ պատրաստ տեղափոխման։

 


Սիրիահայերով բնակեցված սոցիալական տունը գիշերով: Գրիգորը` հարևանուհու հետ կանգնած։

 

UNHCR Հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի օգնությամբ տեղափոխվում են Սիրիայի գաղթականների համար նախատեսված սոցիալական տուն, որտեղ ապրում են մինչև օրս այլ գաղթական սիրիահայերի հետ, Սիլիկյան թաղամասի մի անկյունում։ Չորս երեխաներից երկու աղջիկները ընտանիքներով նույնպես տեղափոխվել են Հայաստան՝ թողնելով ռմբակոծված տները, տղան Ալժիրում է, կրտսեր աղջիկը՝ Լիբանանում։

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: