Տեքստիս վրա երկար մտմտալով` որոշեցի դնել հենց Նունեի ուղիղ խոսքը` արանքից հանելով իմ հարցերը.

– Մասնագիտության ընտրության հարցում այլընտրանք չեմ ունեցել, որովհետեւ մեծացել եմ բժշկի ընտանիքում եւ այլ մասնագիտության մեջ ինձ չեմ պատկերացրել: Փոքրուց շփվել եմ հիվանդների հետ, առօրյաս անցել է հիվանդանոցում: Հայրս վիրաբույժ էր, մայրս՝ արյան մասնագետ: 4 տարեկանից ներկա եմ եղել վիրահատություններին:Ուսումս ավարտելուց հետո Չարենցավանում թերապեւտ, ապա Երեւանի 5-րդ պոլիկլինիկայում՝ նյարդաբան եմ եղել: Քանի որ քաղաքային կլինիկայում ինքնուրույն գործելու, մտածելու հնարավորությունը խիստ սահմանափակված էր, որոշեցի տեղափոխվել գյուղական համայնք՝ անցնելով ընտանեկան բժշկի վերապատրաստում: Ինքնուրույն կողմնորոշվել,ավելի օպերատիվ լինել է հնարավոր: Հիվանդությունների վաղ հայտնաբերման մեջ մեծ ներդրում ես ունենում՝ ցույց տալով առաջին օգնություն, կատարելով առաջին բացահայտումներ: Չունենալով որեւէ լուրջ հետազոտություն՝ հիվանդների գանգատների ու սեփական հմտությունների հիման վրա՝ կարողանում ես կողմնորոշվել ախտորոշման մեջ:

 


Բժիշկ Եղիազարյանը` գործի գնալիս։ Միայն մեկ ավտոբուս է սպասարկում Կապուտան գյուղի բնակիչներին։ Այն Աբովյանից գալիս է օրը միայն չորս անգամ, այդ պատճառով միշտ մարդաշատ է։ Եղիազարյանը պետք է երկու ավտոբուս փոխի՝ գործի հասնելու համար։

 


Տեսարան ավտոբուսի պատուհանից։ Կապուտան գյուղը։

 


Բժիշկը շրջայց է կատարում Կապուտան գյուղում։

 


Երեխաները հետեւում են բժիշկ Եղիազարյանին Հատիս գյուղում։

 


Եղիազարյանը զննում է հիվանդներից մեկին Հատիս գյուղում։ Տղամարդու մոտ, որ ընկել էր ձիուց, ախտորոշվել է աղիքների ոլորում, ու նա ստիպված է եղել վիրահատվել։ Տղամարդը մնացել է ինտենսիվ թերապիայի պալատում 88 օր ու անցկացրել է հետվիրահատական երկար շրջան տանը։

 


Բժիշկը շրջայց է կատարում Հատիս գյուղում։

 


Բժշկական քարտերի արխիվը բժիշկ Եղիազարյանի գրասենյակում, Կապուտան գյուղում։

 

Մոտ 85-90 տոկոս դրված ախտորոշումները հաստատվում են: Բավական երիտասարդացել են քաղցկեղը, սիրտ-անոթային անբավարարությունը եւ ստորին վերջույթների երակների վարիկոզը: Բայց այս ամենից զատ՝ շատ տարածված է նեւրոզը, որը չգիտակցված քողարկված է լինում այլ գանգատներով, այլ հիվանդություներում: Նեւրոզի պատճառներից է սոցիալ-տնտեսական վիճակը, կենցաղային պայմանները: Հիմնականում տառապում են երիտասարդ կանայք, որոնց ամուսինները արտագնա աշխատանքի են լինում կամ ընդհանրապես չեն աշխատում:

 


Գյուղ Կապուտան։ Բժիշկը զննում է Նարեկին, ում ծնողները նրան բերել էին Կապուտան գյուղի բժշկի գրասենյակ, երբ տղան առավոտյան վատ էր զգացել, թրջել էր տակը ու չէր խոսել ոչ մեկի հետ։ Տղայի մոտ ավելի ուշ ախտորոշվել էր էպիլեփսիա։

 


Շրջանային վարչական շենքի ներսում։ Բժշկի պայուսակը՝ աթոռին, Հրազդան։

 


Երեւան։ Բժիշկ Եղիազարյանը` գործից տուն ճանապարհին։

 


Երեւան։ Լուսանկարը ձախից. բժիշկ Եղիազարյանի մանկական նկարը մոր եւ քրոջ հետ։ Բժիշկ Եղիազարյանը իր դուստրերի ու հարազատների հետ մեջտեղի լուսանկարում։

 


Նունե Եղիազարյանի հոր՝ Արա Եղիազարյանի լուսանկարը Կամոյի ( Գավառի) հիվանդանոցի վիրահատական սենյակում՝ տպագրված Կոմունիստ թերթում, 1971.

 


Բժիշկը` տանը ճաշելիս։ Երեւան։

 


Բժշկի մեկսենյականոց բնակարանը Երեւանում, որտեղ ապրում է։

 


Նոր Գյուղ: Բժիշկը հիվանդի տուն հերթական այցի ժամանակ։

 

Սրան գումարվում է այն հանգամանքը, որ հատկապես գյուղական ընտանեկան ավանդական  միջավայրում  ընդունված է ապրել սկեսրոջ, սկեսրայրի եւ նրանց ծնողների հետ: Հարսը, որպես խոնարհ ներկայացուցիչ, պետք է ծառայի բոլորին, բոլորի ասածը անի, չպատասխանի, երեխաների, մեծերի հոգսը քաշի, ինչի արդյունքում՝ նեւրոզ, որը իր հերթին կարող է բերել վահանաձեւ գեղձի հիվանդություների, վերջինս էլ կարող է հիմք հանդիսանալ կրծքագեղձի գոյացությունների համար:

 


Եղիազարյանը վերադառնում է Նոր Գյուղ կատարած հերթական շրջայցից։

 

 


Բժիշկը դուրս է գալիս Հրազդանի շրջանային վարչության շենքից։

 

Ընտանեկան բժշկի առաքելությունը եւ ընտանեկան բժշկի գրասենյակը Հայաստանում աշխատում է միայն գյուղական համայնքներում, որովհետեւ Երեւանում եւ մեծ քաղաքներում ընտանեկան բժիշկը եւ այդ գրասենյակը, որպես այդպիսին, չի աշխատում: Կլինիկաները, զանազան լաբորատորիաները, հետազոտական կենտրոնները հասանելի են այնտեղ, ու ընտանեկան բժիշկը, որպես այդպիսին, պարալիզվում է, ուղղակի դառնում է տեղամասային թերապեւտ: Իսկ գյուղում դու ես, քո գիտելիքը ու քո հիվանդը: Գյուղում ընտանեկան բժիշկը կայանում է: