«Բայց հիմա կրակը փոխել է ձևն ու էությունը, դարձել է թվային, անտեսանելի ու սառը, ու հենց դրա համար այն ավելի է մոտեցել, մենք բոլորս կրակի ներսում ենք, այն մեզ շրջապատում է ամեն վայրկյան»։

                 «Երբ տունդ վառվում է», Ջորջո Ագամբեն

Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վիրահատարանում այրված տղաներին լուսանկարելիս հիշում էի արցախյան գյուղերը հրադադարից հետո… Տեղեր, ուր կենդանի ամեն բան այրվել էր… Տներն ու մեքենաները։ Հրետանիները։ Ամեն բան։ Հավերը ծառերին էին։ Նռները հասել-ճաքել էին լքված ու այրվող գյուղերում։ Ձայն չկար… Ոչ երեխա կար, ոչ զինվոր։ Կրակից իրենց դիմագիծը կորցրած տները մի քանի ժամից ուրիշի հողում պիտի լինեին…

Պատերազմից այրված տունն ու հողը վիրահատարանում մաշկն էր:

Տղաները գրեթե բոլոր զինատեսակներից բոցով այրվածքներ և բազմաբեկորային վնասվածքներ էին ստացել: Չորրորդ, նույնիսկ հինգերորդ աստիճանի ջերմային այրվածքը քայքայել էր նրանց մաշկը, վնասել մկանները, հոդերը, ջլերը, նյարդերը, արյան անոթներն ու ոսկորները:

Բժիշկները դասական այրվածք չէին ախտորոշում. որոշ զինվորների մոտ  այրվածքաբանական դիմագիծը խեղաթյուրված էր, արտասովոր բարդություններ էին առաջ եկել։ Բազմաթիվ վիրահատություններն ու մաշկի փոխպատվաստման փորձերն ապարդյուն էին: Պատվաստված մաշկը հալվում էր: Խորը փոսերը չէին փակվում, վերքերը շարունակում էին բաց մնալ… Ուլտրամանուշակագույն լամպի լույսի տակ երևում էին կանաչ փայլփլուն հատիկները:

Չնայած տեղացի և օտարերկրացի բժիշկների պնդումներին, թե հնարավոր է` քիմիական զենք է օգտագործվել, մինչ այժմ հաստատված որևէ լաբորատոր հետազոտության ամբողջական եզրակացություն չկա:

Շուշիի մատույցներ։ Նոյեմբեր, 2020
Գևորգ Գինոսյան, 26
Երկրորդ ավտոն տրաքացրեցին. իմ ընկերներն էդ ավտոյի մեջ էին։ Հեռվից կանգնած նայում էի` ընկերներս ոնց են վառվում… Ոչ մի բան չէի կարա անել, որովհետեւ ավտոյին մոտ գնալ հնարավոր չէր։ էս ավելի ծանր ա, քան այրված լինելը։ Դե վերք ա, վիրավորում ա, ոնց էլ լինի, լավանալու ա, անցնի, բայց էղածը «չի լավանա», ոչ մեկ չի կարա լավացնի..

Պոստ էինք գնում, սկզբում ճանապարհը խառնել էինք, հետո հետ էկանք, որ ճիշտ ճանապարհով գնանք, մեր երկրորդ ավտոն տրաքացրեցին։ Սկզբից հրետանիով խփեցին, հետո Սմերչի կասետայինը գցեցին։ Էդ ժամանակ վիրավորվեցի. ոտքիս մեջ ասկոլկեք էին մտել, ու ինձ փորձում էին հիվանդանոց տանել, երբ մեր ավտոն տրաքացրին… Մոտավորապես 5 րոպեի չափ մեքենայի մեջ եմ մնացել, հետո գիտակցությունս, որ տեղն ա էկել, կարողացել եմ դուրս գալ։

Մեր ավտոյին, որ խփեցին, կողքներովս քաղաքացիական մի ուրիշ ավտո էր անցնում, ինքը կանգնեց ու չգնաց առաջ։ Էդ ավտոյով տարան մոտակա գյուղի հիվանդանոց (դպրոցը հիվանդանոց էին սարքել)… Էնտեղից արդեն տարան Ստեփանակերտ, հետո Ստեփանակերտից՝ Երեւան, Երեւանում էլ արդեն 8-երորդից ՝ Այրվածքաբանական…

Իրենց սնարյադների մեջ էլ ֆոսֆոր կար։ Ում ստուգում էին, ասում էին՝ կա, պիտի ուղարկեն լաբորատորիա… Տենց էլ չիմացա՝ գնաց, չգնաց…

Չես կարա վերականգնվես… Եսիմ…Չես էլ կարա համակերպվես… Սովորական երեւույթ չի էլի, երբ ընկերդ կողքդ կանգնած ա, ու հինգ րոպե հետո չկա… Ու դու ոչ մի բան անել չես կարա։ Էս ոչ մեկի մոտ չի կարա վերականգնվի… Երեւի ավելի լավ ա՝ էդ ժամանակ քեզ էլ մի բան լինի, որ չտենաս…

Ուղղակի քեզ խաբելով պիտի շարունակես ապրելը, թե չէ վերականգնվել էլ չի լինի։

44-օրյա պատերազմի արդյունքում Մարտակերտի շրջանի 7 գյուղեր անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Նախքան իրենց բնակավայրերը լքելը, մարդիկ իրենց ձեռքով հրկիզում էին սեփական տները։
Գյուղ` Նոր Հայկաջուր, Մարտակերտի շրջան: Նոյեմբեր, 2020
Այրված տուն: Քարվաճառ, Շահումյանի շրջան: Նոյեմբեր, 2020
Աշոտ Հասանյան, 29
Ցավը էնքան ուժեղ էր, որ ոչ մի բանի մասին չէի կարում մտածել… Ձեռքերիս մաշկը սաղ թափված էր արդեն… Կրակը փչում էր. սովորական կրակ չէր… Փչում էր դեպի դեմքդ… Մտածում էի՝ վառվելուց մեռնելը հենց սենց ա լինում…
2013 թվից մտել եմ ծառայության։ Միշտ ապրել եմ Քյուրաթաղ գյուղում, Հադրութում։

Վիրավորումը ստացել եմ հոկտեմբերի 14-ին։ Ավտոյի մեջ էի. տրաքացրին, մի ձեւ դուրս եկա էլի… Խփելու պահին բան չէր երեւում դիմացը՝ ոչ էլ պատուհանը։ Ավտոն ես էի քշում, նայեցի կողք, դուրսը մի թեթեւ երեւաց, խելքս կտրեց, որ կարելի ա էդ կողմից դուրս գալ ու միանգամից թռա։ Ֆռռացի՝ Արմանին տեսնեմ. ինքն էլ հետեւի պատուհանից էր դուրս եկել։ Մեր զամպալիտն էլ էր էդ ավոյի մեջ, մինչեւ խփելը դուրս էր եկել՝ բան հարցնի, գա… Դուրս գալուց մի քանի վայրկյան հետո էլ ավտոն տրաքացրին։ Ինքն էլ վնասվածքներ ստացավ, բայց խփելու պահին ես ու Կարապետյան Արմանն էինք մեքենայի մեջ…

Մարդիկ մոտեցան, որ օգնեն մեզ, մինչեւ շտապօգնությունը գա․ մեքենան չէր կարողանում մոտենալ, որովհետեւ խփում էին անընդհատ։ Մի կես ժամ քայլեցինք դեպի շտապօգնության մեքենան, որից հետո մեզ ցավազրկող սրսկեցին ու տարան հոսպիտալ…

Հիվանդանոցում հատուկ լույսի միջոցով ստուգում էին․ ֆոսֆորը մազերիս մեջ կար, աչքերիս, թերթերունքներիս, ձեռքերիս վրա։ Հետեւիս մասն էլ էր վառված. երբ կապույտ լույս էին գցում, էդ մասում էլ էր ֆոսֆորը երեւում։

Դեմքս էլ էր վառվել, բայց ավելի քիչ, որովհետեւ ձեռքերով պահել էի։ Էդ պահածի հաշվին ավելի շուտ լավացավ։ Հիմա, որ շատ եմ մնում արեւի տակ, վառվածի լաքաները երեւում են…



Երեւի ֆոսֆորը կպել էր ոսկորին… Ձեռքերս չէին լավանում։ Էդպես ստիպված հոդը հանեցին, ու էլ չի ծալվում։ Մատներս չեն ծալվում։ Ֆիզիոթերապիայի եմ գնացել շատ, ահագին օգնել ա, բայց դեռ մի կիլոյի չափ բան բարձրացնել չեմ կարա, որովհետեւ կախած ժամանակ ծակծկում ա, ու չես դիմանում…

Ուլտրամանուշակագույն լամպի միջոցով մարմնի վրա երևում են ֆոսֆորի հետքերը:
Տեղացի և արտասահմանցի բժիշկների տևական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խորը, չսպիացող վերքերը քիմիական այրվածքների հետևանք են:
Մեր հարցումներին ՀՀ Առողջապահության նախարարությունը պատասխանեց, որ Հայաստանում չկան ֆոսֆոր հայտանաբերող հյուսվածքաբանական փորձաքննություն իրականացնող լաբորատորիաներ, հետևաբար, հետազոտության արդյունքները ոչ ամբողջական են և չեն կարող տրամադրվել:
ՀՀ Պաշտպանության նախարարության պատասխանը՝
«Սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակները հանդիսանում են ոչ թե քիմիական, այլ՝ հրկիզող, և Արցախյան 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում դրանց կիրառության և հետևանքների վերաբերյալ հավելյալ փաստահավաք գործընթացներ չի իրականացվել, քանի որ այն տարածքները, որտեղ Ադրբեջանի հանրապետության զինված ուժերի կողմից կիրառվել է սպիտակ ֆոսֆորին բնորոշ հրկիզող զինատեսակ, այժմ գտնվում են նրանց վերահսկողության ներքո։
Այրվածքների առաջացման պատճառների ու գործոնների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան, քանի որ դրանց մասով առանձին հաշվառում չի իրականացվում»։

Վարդգես Հովակիմյան, 28

Վիրավորվելու գիշերը մտածում էի՝ մենակ հասնեմ, մամային, պապային տենամ, էլ բան չեմ ուզում… Երբ առաջին օպերացիան արեցին, չեղավ, չստացվեց, ասեցին՝ ֆոսֆորային այրվածքներ ա, ես էդ ժամանակ սովորական ընդունեցի։ Հիմա մտածում եմ՝ բա չէի հասկանում, որ ֆոսֆոր ա, որ վտանագավոր բան ա եղել, ոնց էի սովորական ընդունել էդ ամեն ինչը… Ես զուտ մամային, պապային տեսնել էի ուզում… Ու, երբ տեսա, մնացածն արդեն, կոպիտ ասած, էական չէր ինձ համար։

Պատերազմի սկզբում Նախիջեւանի սահմանն էինք պահում, հետո՝ ամսի 8-ին տարան Ղարաբաղ՝ Հադրութ, դրանից հետո՝ Ֆիզուլի։ Ամսի 15-ին էլ Ֆիզուլիում վիրավորումս ստացա։

Մենք, որ Հադրութում էինք, հենց երկրորդ օրվանից շրջափակման մեջ էինք, ու ոչ մեկ օգնության չէր կարա գար… Համակերպվել էինք, որ «մեռած մարդիկ» ենք, որովհետեւ սաղ կողմերով իրանք էին, մենք՝ իրանց մեջտեղում… Ճիշտ ա՝ շնչում էինք, կարում էինք կրակել, բայց, երբ մի քիչ ռեալ էինք մտածում, հասկանում էինք, որ ժամեր հետո կարանք չլինենք արդեն… Հրամանատարների շնորհիվ կարողացանք դուրս գալ․ իրենք տեղանքը լավ գիտեին ու էդպես մեզ դուրս բերին Ֆիզուլի… Դասակով տեղավորվեցինք Ուրալ ավտոյի մեջ… 30 վայրկյան հետո ավտոն խփեցին։

Մի 30 հոգի էինք մեքենայի մեջ… Տասներեք-տասնչորսս ողջ մնացինք։

Էդ պահին ուշքս գնացել ա, հետո աչքերս բացել եմ, տեսել, որ կախված եմ ավտոյից… Մի ոտքով… Չեմ էլ հասկացել՝ ինչ ա եղել։ Վառվելու պահին չէի հասցրել իջնել. բրդել էին ու տենց ընկել էի՝ ձախ ոտքով կախված մեքենայից։ Երբ արդեն ոտքս ազատեցի, տեսա՝ շորերս վառվում են, բրոնե ժիլետն էի ուզում հանել, բայց հալվեց, ընկավ հագիցս…

Օգնություն էդ օրը չեկավ. ճանապարհները փակ էին։ Շտապօգնության մեքենան հասավ հաջորդ օրը. մենք արդեն երկար քայլել էինք, մինչեւ կհասներ մեզ։ Էդ ժամանակ այրվածքը, կոպիտ ասած, չէի զգում, կարողանում էի քայլել, մենակ մրմռում էր… Ձեքերս օգտագործել չէի կարողանում, բայց քայլել ստացվում էր։ Չէի էլ զգացել, որ ձեռքերս վառված են…

Ֆոսֆորային այրվածք ա վիրավորումս. ոչ մի տեղ գրված չի, որ ֆոսֆորային ա, ոչ էլ պետականորեն հաստատված ա էդ փաստը, բայց ապացույցներ կան… Ամերիկացի բժիշկները հետները ուլտրամանուշակագույն ֆանարիկ էին բերել, որ գցում էին վերքերի վրա, երեւում էր ֆոսֆորը…

Չեմ կարողանում հասկանալ՝ ոնց ողջ մնացի… Մինչեւ հիմա էլ պահեր կան, որ ոնց որ չհավատամ էլի, որ էդքան բան ա եղել, ու էդքանից հետո ես ողջ եմ մնացել…

Արման Կարապետյան, 24

Վերքերս չէին փակվում… Հիմա էլ չեն փակվում։ Նկարներ կան, որ ֆանարիկը պահում են վերքի վրա, կանաչավուն լույս ա արձակում վնասված մասը։ Էդպես ենք իմացել, որ ֆոսֆորային զենք ա եղել… Մի քանի ամիս անշարժ պառկել եմ, ութ վիրահատություն անցել, որովհետեւ նոր մաշկը չէր մնում ֆոսֆորի պատճառով… Ամենաթեթեւ շարժումից վերքերս նորից բացվում էին։ Կարող ա էլի բացվեն․ մաշկն իրենով չի աճում, մաշկը մաշկ չի դառնում… Վերջին վիրահատության ժամանակ մի ձեւ կպել ա… Չեմ հիշում՝ որ ամսին վերջնական դուրս գրեցին հիվանդանոցից… Մարտն էր երեւի… Երեւի գարուն էր…

Հոկտեմբերի 14-ին եմ վիրավորվել, ու դրանից հետո էլ չգիտեմ՝ ինչ ա եղել։

Պատրիոտ մեքենայի հետեւի նստատեղին էի ես. վիրավորներին էինք հավաքում, առաջ գնալ շատ չէինք կարա, իրենք արդեն գալիս էին։ Մեքենան կանգնեց, սկսեցին կրակել. չգիտեմ էլ անօդաչուով էր, թե ուրիշ բանով, բայց քիմիական զենք էր. իմ վիրավորումը ֆոսֆորային զենքի հետեւանք ա եղել… Բախտներս բերել էր, որ ուղիղ մեքենայի սրահին չէին խփել, այլ կապոտին… Ես ու ընկերս այրվածքներով դուրս թռանք, սպաներից մեկը ավելի շուտ էր հասցրել դուրս գալ, ու վիրավորում չուներ… Պիտի կրակոցներից փախչեինք, թե չէ մեզ կխփեին։ Մտանք խրամատներ, ու մեքենան պայթեց։ Ես չտեսա պայթելը, ձայնը լսեցի։

Էդպես խրամատներով առաջ գնացինք, մինչեւ շտապօգնության մեքենան էկավ, տարավ մեզ Մարտունի (էդ ընթացքում փորձում էին շտապօգնության մեքենային էլ խփել), էդտեղից հետո՝ Ստեփանակերտ ու միանգամից Երեւան…

30 սանտիմետրանոց անցքից եմ դուրս եկել… Խփելու ժամանակ կասկես գլխիս էր դեռ, ու դրա համար վերեւի հատվածում էդքան բան չի էղել, բայց, երբ փորձում էի արագ դուրս գալ, կասկես հանեցի (եթե մնար գլխիս, հաստատ դուրս գալ չէի կարա)… Մի քանի վայրկյան, կասկեն վզիս, կախված մնացի մեքենայից, որովհետեւ հակագազը մնացել էր մեքենայի ներսում կպած, ու չէի կարողանում ազատվել… Մի կերպ դուրս եմ հանել հակագազը ու ընկել մեքենայից։

…Թեւիս վնասվածքները երեւում էին, բայց չգիտեի, որ էդ կարգի այրվածքներ էլ եմ ստացել: Մտածում էի, որ մի քանի օրից կդզվեմ, նորից հետ կգնամ պատերազմի դաշտ: Չէի մտածում, որ ինձ Երեւան են բերելու … Էլ բան չեմ հիշում… Աչքերս բացեցի՝ վերակենդանացման բաժանմունքում էի։ 

…Մինչեւ հիմա մատներս չեն ուղղվել, անշարժ են․ առաջին կարգի հաշմանդամություն ունեմ… Չգիտեմ՝ հետո էլի վիրահատություններ անցնելու եմ, թե չէ: Իններորդ վիրահատությունն արդեն պլաստիկ էր, որովհետեւ մատս ընդհանրապես չէր երեւում… 20 օր անշարժ էի,  ձեռքս՝ որովայնիս մեջ, որ մաշկ գա, բայց արդյունքի չհասանք… Մկաններն են վնասվել… Աջ ձեռքիս մկանները չկան… Վերեւի մասը, տակի մասը մնացել ա, բայց վերեւի մկանները չկան… Վերջացել են… Ու մկան «տեղադրելու» ձեւ էլ չկա…

…Պատերազմից ամենաքիչը իմ վիրավորվելն ա տպավորվել. դրանից առաջ ընկերներիցս շատերը զոհվել են իմ աչքի առաջ… Էլ իմ վիրավորվելը հոգեբանորեն չազդեց վրաս։ Հլը ուրախ էինք, որ հրաշքով կարացինք դուրս գալ… Թե ուղիղ խփեին, մեր դիակներն էլ չէին ճարի… Կմոխրանայինք…

Քարվաճառ, Շահումյանի շրջան: Նոյեմբեր, 2020
Սուրեն Ստեփանյան, 24
Կրակը չէր հանգչում… Ոնց որ ֆոսֆորը հենց էդ ա, որ մինչեւ վերջ վառում ա։ Ես ինձ հողերի մեջ հանգցրի… Հետո լսեցի, որ նույնիսկ վիրահատության ժամանակ ֆոսֆորով վառվածին գործիքներով չեն մոտենում, որովհետեւ կարող ա էլի բռնկում առաջանա… Գլուխս ա հիմնականում վառվել. կասկեն էդ ժամանակ հանել էի… Հանել էի, որովհետեւ աղոթում էինք… Չէի մտածում, որ էդպիսի բան կլինի էդ պահին։
Ֆիզուլիում էինք, ուրալները բերին։ Հրաման էղավ նստելու (մեկն ասում էր՝ նստեք, մյուսը՝ մի նստեք)… Նստեցինք։ Ես, տապի մեջ, չեմ էլ տեսնում՝ ով ուր ա գնում, ինչ ա անում։ Շարասյունը գնում ա միանգամից… Ու տենց հերթով խփում են։ Դեմի երկու մեքենան խփեցին, երրորդը՝ չգիտեմ, չեմ հիշում…

Աչքիս դեմը կարմրեց ամեն ինչ, ուշագնաց եղա, երբ «զարթնեցի», գլուխս վառվում էր։ Վառվում էր ամեն ինչ։ Պատրոններն էին արդեն պայթում։ Թռա ուրալից ու էլ չտեսա՝ ով ոնց դուրս պրծավ… Դե որ մարդ վառվում ա, ամեն ինչ ուզում ա անի՝ պրծնի կրակից։

Դեպքը կոնկրետ չեմ հիշում. կարմիր տեսարան եմ հիշում… Մեկ էլ ուշքի գալու պահը՝ ոնց էի վառվում… Սկզբից տպավորություն էր, որ ոտքերս էլ են կտրվել, որովհետեւ շարժվել չէի կարողանում… Երբ տեսա՝ ոտքերս կան, մի ձեւ ուժ տվի, հելա, սողալով գնացի դեպի դիմացի նստատեղ, մինչեւ ինձ իջեցրին…

Տղաներին տեսա մեր… Վառվող, կիսավառված, մահացած… Մենակ կողքիս նստածին եմ հիշում, որ ատամները պինդ սեղմել էր, ոնց որ սիրտը կանգնած լիներ ցավից… Սաղ գիշեր Ֆիզուլու խուլ գյուղերից մեկում մնացինք, մարդ չկար… Առավոտյան արդեն պատգարակներով տարան մեզ…



Մեկուկես տարի ա՝ վերականգնողական փուլում եմ. էդ ընթացքում առիթների չէի կարում մասնակցել, ոնց որ կտրած ես պահում քեզ ամեն ինչից, բայց համ էլ ուժ ես հավաքում մեջդ, տեսնում ես, որ դեպի լավն ա գնում… Հիմա փորձում եմ աշխատանք ճարել, տուն պահել… Ինչպես բոլորը էլի… Ու մի խնդիր էլ կա. մազերս են։ Չեմ կարողանում բացեիբաց դուրս գալ, քայլել… Պրոցեդուրաների եմ գնում, մազերս էլ պիտի կրակեն…

Ճիշտ ա՝ չեմ համակերպվում էս ամեն ինչի հետ, բայց էն, որ գիտես՝ ինչի համար ես գնացել… Գնացել ես, որ հայրենիք պաշտպանես։ Ամենամեծ բանն ա զինվորի համար… Էն, որ սենց ա եղել, արդեն երկրորդական ա…
Այրվող տների ծուխը երկնքում: Մարտակերտի շրջան: Նոյեմբեր, 2020