Ուրախ է Երեւանը իր ծննդյան օրը, հոբելյարին հատուկ փայլ ունի դեմքին։ Մարդաշատ են փողոցները, ամենուր երաժշտություն է հնչում, բազմաթիվ հյուրեր, առատ հյուրասիրություն, թանկարժեք հրավառություն։ Ճոխ ենք նշում, ինչ խոսք, կարելի է ասել` ցուցադրական՝ չենք խնայում ոչինչ։

Հիմա Երեւանը իր ծնունդը նշում է նոր քաղաքապետով, նոր ավագանիով, նոր Երեւանի ծրագրերով, կարճ ասած` նորովի։

Երեւանն արժանի է։

Սակայն, մի փոքր շեղվեմ, ախր շատ հատուկ է մեզ՝ պարտքով ռեստորանում ծնունդ նշելը, իսկ հաջորդ օրը տանից դուրս գալուց նկատել, որ կոշիկդ ծակ է, բայց նշանակություն չտալ: Վերելակում հանդիպել հարեւանին, որը կհիշեցնի պարտքի մասին, ու էլի նշանակություն չտալ, դուրս գալ մուտքից, տեսնել, որ կտրում են բակի միակ ծառը, նշանակություն չտալ, անցնել շենքի մոտ կուտակված աղբի կողքով, խուսափելով նրա շուրջ հավաքված փողոցային կենդանիներից ու կրկին նշանակություն չտալ, դանդաղ քայլերով հեռանալ, գրպանից հանել հեռախոսը եւ Իստագրամում կիսել ծնունդի ռեստորանային լուսանկարները։

Երեւան ջան, տեսնես ի՞նչ նվերներ կուզեիր ստանալ ծննդյանդ տոնին։

Կուզեիր հաստատ, որ կանաչ գոտիներդ վերականգնվեին ու  շնչեիր լիաթոք։

Վերջապես քաղաքային տրանսպորտը չհալածեր բնակիչներիդ ամեն օր՝ առավոտից երեկո գազելի մեջ խցկելով 12-ի փոխարեն 32 հոգու:

Վերելակներդ կյանքի գնով չօգտագործվեին։

Բակերդ լուսավորված լիներին ուշ ժամերին։

Կուզեիր…

Երեւանի ծննդյան 2800-ամյակի համար բյուջեից ծախսվել է 138480000 դրամ։ Ու վստահ եմ՝ ծննդյան լուսանկարներով կողողվի ամբողջ համացանցը։

Երեւան ջան, ծնունդդ շնորհավոր, երանի հաջորդ իմ լուսանկարներում  “ավելի բարեկարգ” լինես։

 


Կուկուռուզնիկը չկա։ Երիտասարդության պալատը քանդվեց 2006 թվականին։ Դրա կորստից առաջացած դատարկությունը մինչ օրս լրացված չէ։

 


Արագիլ։ 1960-ականներին կառուցված ռեստորանը՝ Երևանի ճարտարապետական ժառանգության մասնիկներից մեկն է, որտեղից երեւանցիները զմայլվում էին քաղաքի վրա բացվող սքանչելի տեսարանով։

 


Տոռնադո։ Հաղթանակի զբոսայգու կառուսելներից օգտվելիս՝ քաղաքացիներն արժե, որ ուշադրություն դարձնեն շահագործման թույլտվության առկայությանը:

 


Արամի 23։ Արամի փողոցով քայլելիս՝ ականատես ես լինում, թե ինչպես են նորակառույցները կուլ տալիս հին երեւանյան տները:

 


Տրանսպորտ։ Քաղաքային տրանսպորտի նյարդային ժամերից են 17:30-19:00։ Ամենօրյա այս լարվածությունը կարծես արդեն հատում է համբերության սանդղակի ամենավերին խազը։

 


Մալաթիա-Սեբաստիա թաղամասում գտնվող “Փարոս”-ի անտառ-պուրակն այս թաղամասում միակն էր իր մեծությամբ: Երկու տարի առաջ օտարվել է անտառի մի մասը։ Մասնավոր տնտեսվարողը մինչ օրս մաս-մաս մասնատում ու ոչնչացնում է պուրակը:

 


Նուբարաշեն։ Ամենամեծ քաղաքային աղբավայրում առնվազն 9 միլլիոն տոննա աղբ է կուտակված։ Այն նման է քաղաքային քաղցկեղի։

 


Երևանի սրտով անցնող Գետառը։ Գետի բնական հունը փակված է բետոնով, եւ ցավոք այն ծառայում է որպես բացօթյա կոյուղի։

 


Բակ։ Երեւանյան բնակելի շենքերի բակերում կառուցվող նորակառույցներն ու ավտոտնակները զբաղեցնում են խաղահրապարակների եւ կանաչապատ գոտիների տարածքները:

 


Կենդանիներ: Երեւանի փողոցներում, բակերում ու այգիներում միշտ կհանդիպես այստեղ-այնտեղ քնած, հիմնականում աղբամաններից կերակրվող, մարդկանցից խուսափող թափառական կենդանիների։

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: