Վերջին հինգ տարվա ընթացքում Կապան այցելել էի մեկ անգամ՝ քաղաքի միջով արագ անցնելով, առանց հասցնելու նորից ճանաչել այն: Այս անգամ նույն երկար ճանապարհը պետք է անցնեի տարածքի հետ դեռևս ոչ մի ձևով չասոցացվող սովորույթով՝ լուսանկարելով:
Հինգ-վեց ժամվա ընթացքում դանդաղ կերպով հարթավայրային տեսադաշտը հասցվում էր փոխակերպվել լեռնային բնապատկերի: Գորիսից հետո ճանապարհն արդեն փոխվել էր. հիմնականում նույն ոլորաններն ու ֆոնին անընդհատ երևացող բեռնատար մեքենաներն էին, բայց այս անգամ արդեն նեղ ճանապարհի վրա:

Տեսախցիկով պետք է ֆիքսեի ոչ միայն ճանապարհին երևացող պատկերները, այլև քաղաքի հետ ինձ կապող բոլոր վայրերը՝ տունը, որտեղ ծնվել եմ, Նժդեհի հրապարակը, որտեղ մի ժամանակ ծովափնյա տրամադրություն էր տիրում, փոստի մոտ գտնվող կրպակը, գետի ափին ամսագրեր վաճառող կինը և այլն:
Հասնելուց անմիջապես հետո սկսված անձրևը ոչ մի կերպ աշխատանքը սկսելու հույսեր չարթնացրեց: Իսկ տեսախցիկն ու տունը, որտեղ ապրում էի և ամեն շրջապատող բան իրար հետ այնքան օտար ու խորթ էին երևում, որ մի լուսանկար անելն արդեն իսկ մեծ ռիսկ էր թվում:

Գնալուս հաջորդ օրն էլ սկսվեց Արցախյան պատերազմը: Ո՛չ ես էի պատրաստ անձնական պատմություն անելու, ո՛չ էլ քաղաքն էր պատրաստ ինձ անձնական պատմություն ցույց տալու: Քանի որ արդեն ինձ անզոր էի համարում պատմել քաղաքի մասին, որոշեցի գտնել այնտեղ երկար ժամանակ ապրող մարդկանց, ովքեր իմ փոխարեն դա կանեն: Ընկերուհուս խորհրդով հայտնվեցի Կապանի դրամատիկական թատրոնում և այնտեղ շատ արագ կերպով հասցրի ծանոթանալ քաղաքում ակտիվ գործող երիտասարդների հետ: Նրանց միջոցով էլ փորձեցի գտնել այն հարցերի պատասխանները, որոնց համար և գնացել էի:

Ալբերտ

Կոնկրետ մասնագիտություն չունեմ, որովհետև ես սիրում եմ զբաղվել ամեն ինչով, ինձ տեսնում եմ ամեն մասնագիտության մեջ: Մասնագիտությամբ նաև դերասան եմ, փոքրուց զբաղվել եմ դերասանությամբ, հետո ներգրավվեցի մոդելինգում ու սկսեցի զբաղվել դրանով՝ գովազդներ, ֆոտոցուցադրություններ: Հասկացա, որ Հայաստանում մի քիչ բարդ է այդ շուկան ու փորձեցի դրսի շուկան, և ստացվեց:
Հիմա զբաղվում եմ մոդելինգով ու համագործակցում եմ համաշխարհային FP Models-ի հետ:

 

Կապանում այդ ոլորտը, կարելի է ասել չկա, որովհետև հետաքրքրությունը այդ ուղղությամբ դեռևս չի զարգացել: Բայց Կապանը շատ մեծ հնարավորություններ ունի հաջող ցուցադրություններ կազմակերպելու, հյուրընկալելու համար: Կապանից կարելի է ստանալ նորաձևության քաղաք: Ես առայժմ փորձում եմ էստեղից լինել մոդել և համագործակցությունների ժամանակ գնալ ու գալ: Ես հիմա Կապանից էլ անում եմ ավելի շատ բան, քան կարող էի Երևանից անել:

Նաև աշխատում եմ կոմբինատում՝ որպես ավտոփականագործ: Ես չգիտեի անգամ մեքենա վարել, անգամ շարժիչը միացնել, բայց ժամանակի ընթացքում սովորեցի: Դա ինձ համար ավելի շատ ֆինանսական աղբյուր է:

Դավիթ

Խաղում եմ «Սյունիք» ֆուտբոլային ակումբում: Արդեն տասներկու տարի է, ինչ զբաղվում եմ ֆուտբոլով: Ժամանցը Կապանում, ի տարբերություն խոշոր քաղաքների, պասիվ է, բայց եթե դու ուզենաս գտնել, միանշանակ կգտնես մի բան:

Ամռանը Կապանում ամենաշատ երիտասարդությունն է հավաքվում, ու քաղաքի մթնոլորտն է փոխվում, ու դա էլ հենց քեզ թույլ է տալիս, որ քո ժամանցը կազմակերպես: Բայց ի տարբերություն Հայաստանի մյուս քաղաքների, երբ 19:00-ից հետո մարդիկ դուրս չեն գալիս, և կարծես ամայի տարածք լինի, Կապանում պատկերը այլ է: Հիմա մութ է, ու եթե հիմա դուրս գանք, կտեսնենք և՛ երիտասարդների, և՛ մեծերի:

Բացի դրանից Կապանը նաև ապահով քաղաք է: Էստեղ շատ չեն քննադատի քեզ տարբեր բաների համար, մանավանդ նոր սերունդը ավելի պատրաստ է քեզ ընդունել: Էստեղ Ֆուտբոլն է աստիճանաբար զարգանում, նաև ռոքը: Մեր թիմում ինձնից բացի էլի կան երկար մազերով տղաներ, ու արդեն ուրիշ տարբեր բաներ քաղաքի համար սովորական են դարձրել: Ինձ քաղաքում արդեն շատ մարդ է ճանաչում, ու ոչ մեկը տարօրինակ չի նայում:

Կապանը կարող է նաև լավ սկզբնակետ լինել երիտասարդ ֆուտբոլիստների համար՝ հետագայում ավելի լավ թիմեր գնալու նպատակով: Իրականում, պիտի միշտ ձգտես մաքսիմալին, ու այդ մաքսիմալը գտնվում է Կապանի սահմաններից դուրս, բայց այն կարող է լավ սկիզբ լինել այդ մաքսիմալին հասնելու համար:

Մեր խաղը նայողները տարբեր տարիքային խմբի մարդիկ են՝ մեծահասակները, որ կարոտ էին մնացել ֆուտբոլին, փոքրերը, ում համար դաշտում գտնվողները կուռքեր են, ու երիտասարդությունը, ում համար ֆուտբոլը լավ ժամանց է: Մանավանդ, երբ Կապանի երկու թիմերն են մրցում իրար հետ, դա արդեն յուրաքանչյուր այցելուի համար մեծ իրադարձություն է:

Թինա

Աշխատանքից դուրս միակ բանը, որ անում եմ, գրելն ու կարդալն է: Բայց եթե ամեն ինչ լավ լինի, տարիներ հետո կամ մոտ ապագայում, կարելի է ունենալ հողատարածք, որտեղ ջերմոցներ կլինեն: Հեռակա են դեռ նպատակները, ուղղակի օդից կախված բաներ են: Տարիներ հետո, քանի որ անընդհատ փոխվում է պահանջարկը, այն ժամանակ կորոշենք, թե ջերմոցում ինչ կլինի: Ինձ էդպես եմ տեսնում՝ հողի հետ աշխատելիս։ Հողի հետ աշխատում ես, էներգետիկ դաշտդ կարգավորվում է երկիր մոլորակի հետ:

Ես Կապանից դուրս ինձ ընդհանրապես չեմ պատկերացնում, չեմ պատկերացնում պատուհանը բացեմ ու լեռներ չլինեն: Բայց դե ամեն պահի սպասողական ես էստեղ, ուզես թե չուզես: Արցախի դեպքերից հետո, Գորիսից վերադառնալուց հետո գալիս ես Կապան, ու դու հասկանում ես, որ եթե մի երկինք հեռու է լինում այդ ամեն ինչը, երկու սար էն կողմ, հաջորդ քաղաքը բթացած է, չի զգում դա: Ես եկա Կապան, ու էդ հանգստությունը ինձ հունից հանում էր:

Դու կարող ես ազատ լինել, բայց միևնույն ժամանակ, այո, ազգայնական մտածելակերպ ունենալ: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է գալ ու ասել, որ այս հայրենիքը ինձնից պակաս ես սիրում, որովհետև ազատական մտքեր ունես: Հայրենիքը սիրում ես այնքան, ինչքան պատրաստ ես:

Մենք կոշտ մարդիկ ենք. դա լեռներն են անում իրականում, չնայած ինչքան կոշտ ենք, այնքան էլ բարակ սրտով ենք: Բայց իրականում շատ մեծ է տարբերությունը՝ լեռնոտ տարածքում և հարթավայրում ապրողների միջև: Մենք բռի ենք, բայց ներքուստ պաշտպանության կարիք ունենք:

Արդեն վաղուց է՝ թատրոնում եմ, ու էստեղ բոլորը երիտասարդներ են, նոր երիտասարդներ են գալիս, խմբեր են ձևավորվում, ու երիտասարդությունը եռում է և՛ քաղաքում, և՛ մշակույթի մեջ: Այսինքն՝ դու չես դոփում նույն տեղում: Դու անընդհատ տեսնում ես, որ երիտասարդությունը հաստատուն էստեղ է մնում, ու հավատացնում եմ, ոչ մի բանով հետ չենք մնում ուրիշ տեղերից: Էստեղ մի փաբ կար, էնտեղ էինք հավաքվում, բայց քանի որ մենք բոլորս թատրոնում ենք, մեր հավաքներն էլ են թատրոնում կամ ստուդիայում կամ մեզնից մեկի տանը, ու քննարկումներ, զրույցներ, ֆիլմի դիտումներ, նոր երաժշտություն, նոր բանաստեղծություն է ծնվում, ու անընդհատ աշխատում ես դրա վրա: Այնպես որ, էնպես չի, որ մի կառույց է պետք, որ գնանք էնտեղ, մենք ինքներս կարողանում ենք էդ կառույցը ստեղծել:

Վահե

Ես դպրոցական տարիներից էլ լավ չէի սովորում, ու միակ բանը, որ ինձ մոտ նորմալ ստացվում էր, դա երաժշտությունն էր՝ կիթառ նվագել, երգել… Դե հիմա մենք խումբ ունենք, արդեն 1,5 տարի: Իմ երգերի բառերն ու երաժշտությունը գրում եմ ես:

Մինչև Գորիս գնալը իմ տեքստերը հիմնականում սիրային թեմաներով էին: Արցախի դեպքերի ժամանակ Գորիսից հետ գալուց հետո դեռ երկու տեքստ եմ գրել ու զգացի, որ ընդհանրապես դրական զգացմունք չկա իմ բառերի մեջ: Ինձ դուր է գալիս իմ գրածը, աճ կա ընդհանուր առմամբ, բայց դրական զգացմունք չկա. ատելություն, հիասթափություն, նմանատիպ բաներ:

2020 թվականին ես դեռ փոքր էի, ու էն չափով ու էդքան մասշտաբային չզգացի այդ ամենը, ինչ որ հիմա՝ Գորիս գնալու ժամանակ: Բոլորիս ապրելակերպը փոխվել է, ու դա նորմալ է:

Եթե անգամ մի որոշ ժամանակով գնամ Կապանից, հաստատ հետ եմ գալու: Քաղաքի բնակչության մեծ մասը իրեն ազատ զգում է միայն էս քաղաքում: Կապանից դուրս ես ինձ սեղմված եմ զգում: Իսկ ինչ վերաբերում է քաղաքում ազատ մտածելակերպին, մենք գնում ենք դրան, բայց դեռ չեմ կարող ասել, որ լավ արդյունքներ ունենք:
Ես ունեմ 30-ից բարձր, 40-ին մոտ ընկերներ, լրիվ ազատ են մտածում ու ամբողջ կյանքում Կապանում են ապրել: Չգիտեմ՝ ինչու էն սերունդը, որին ես եմ պատկանում, հիմա նորից սկսել է դեգրադացվել, նորից հետ ենք դառնում հին ավանդույթներին:

Արրեն

Կողքից հնարավոր է էդպես թվա, որ դիզայների համար Կապանում դժվար է աշխատանք գտնել, բայց դա այդքան էլ էդպես չի: Աշխատելու տեղերը շատ են՝
թեկուզ ծաղկի խանութ, հագուստի հետ կապված արտելներ: Ես երբեք չէի պատկերացնում, որ կարող եմ գալ թատրոն և այստեղ աշխատել, չնայած որ կողքի շենքում էի ապրում:

Չեմ կարող ասել, որ դիզայների համար հեռանկարային քաղաք է, ոչ էլ կարող եմ ասել, որ հեռանկարային չէ: Ես, օրինակ, ընդգրկված եմ նաև քաղաքային տարբեր միջոցառումների համար տաղավարների ձևավորման մեջ, ֆոտոզոնաներ եմ սարքում, ու ամեն տարի ես այդ աշխատանքում կամ։ Եկող ամիս պիտի արդեն կորկոտի փառատոնի համար անեմ:

Մասնագիտությամբ աճելը, ինձ թվում է, էդքան էլ տեղից կախվածություն չունի: Հիմա 21-րդ դարն է, սովորելու միջոցները հասանելի են: Ես շոր կարել չգիտեի, բայց մի ներկայացման համար պետք եղավ, սովորեցի, արեցի: Եթե ուզես, կարող ես սովորել ամեն ինչ: Ներկայացման համար աֆիշ սարքելն էլ էստեղ առաջին անգամ եմ փորձել:

Սկզբունքորեն քաղաքը երիտասարդների համար տարբեր բաներ կազմակերպում է, բայց ուշ-ուշ: Դե դա բնական է, սահմանամերձ քաղաք է, և ուզած-չուզած խնդիրներն ավելի ուրիշ են: Բայց շատ առումներով քաղաքը ազատ է, էստեղ մինչև գիշերը 02:00-ը կամ 03:00-ը նույնիսկ ընտանիքներով են դուրս գալիս քայլելու, ով ինչ ուզում հագնում է, ով ինչ ուզում անում է…

Քաղաքի կոլորիտն էլ է ուրիշ: Փոքր քաղաք է և ուզած-չուզած քաղաքի կեսին ճանաչում ես, յուրաքանչյուր խանութի աշխատողին եթե ինչ-որ մեկի դեմքը ցույց տամ, կարող է ասել, թե նա ինչ է ծխում կամ սովորաբար ինչ է առնում խանութից: Փողոցով քայլելիս շատերին բարևում ես, բայց դա լավ է: Օրինակ, իմ մեծ եղբորը քաղաքի 90 տոկոսը ճանաչում է, ու մի օր իրեն ասել էին, որ իր եղբայրը պոչիկով է: Մամայիս մի օր հայտնել էին, որ ես փողոցում ծխում եմ, ոնց որ թե դրա մեջ վատ բան կա, բայց դա ինձ ընդհանրապես չի սահմանափակում, ոչ մի առումով: Մինչև հիմա էլ տարօրնակ հայացքներ նկատում եմ սանրվածքիս հետ կապված, նույնիսկ մազի գույնի հետ կապված:

Մինչև պատերազմն էլ էի պատրաստվում մնալ Կապանում, հիմա էլ եմ պատրաստվում: 100 տոկոսով չեմ ասի, բայց մոտ 95 տոկոսով դեռ էստեղ եմ: Եթե զգամ, որ Կապանում հասել եմ մի վերջնակետի, որ էլ ինձ հետաքրքրիր գործ չկա, կգնամ: Բայց դեռ լիքը տեղեր կան, որ դեռ ոչ մի բան չեմ արել և լիքը տեղեր կան, որ պատրաստվում եմ անել:


Նյութը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» ծրագրի շահառու 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը, և արտահայտված տեսակետները կարող են չհամընկել Եվրոպական միության տեսակետների հետ։.