Հայաստանում շատ ենք առնչվում երևույթների, որոնք, թեև օրենսդրական և/կամ բարոյական արգելքի տակ են, միևնույն է, լայն տարածում ունեն։ Այդպիսի երևույթներից է մարիխուանայի ակտիվ շրջանառությունը մեր հասարակությունում՝ հատկապես երիտասարդների շրջանում։

 

«…մարիխուանա ծխելուց սկսում ես իրերին ավելի թեթև նայել։ Մարդիկ կարան ուտեն, կարան պարեն, նույն ձևով և կարան ծխեն, իրենց համար հաճելի կոմֆորտ ստեղծեն ու լավ ժամանակ անցկացնեն։ Բացի այդ, այն օգնում ա առօրյա լարվածությունը հանելու, մտքերը հանգստացնելու, իրականությունը հանգիստ ընդունելու»:

 

 

 

 

«Ծխելն իմ թուլությունն ա, որը ես ընդունում եմ։ Փակ միջավայրում եմ ծխում, կապված ա նրա հետ, որ առաջին հերթին ծնողներս չգիտեն, ու չեմ էլ ուզում իմանան։ Չեմ ուզում` իմանան, որովհետև ես հասկացա, որ փորձում եմ թարգել ծխելը կամ մինիմալ չափերի հասցնել»:

 

 

 

 

Մարիխուանայի օգտագործումն անձնական նպատակներով ապաքրեականացված է ՀՀ-ում և առաջացնում է միայն վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, մինչդեռ իրացնելու նպատակով մարիխուանա պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, փոխադրելը քրեորեն պատժելի է:

 

 

 

«Մարիխուանա օգտագործելուց հետո սկսում եմ ինքս իմ մեջ փորել ու հիմնականում տխրում եմ, քանի որ էն հարցերը, որոնք ես էդ ժամանակ փնտրում եմ, չեմ կարողանում գտնել։ Մարիխուանա օգտագործելուց հետո չեմ սիրում իմ պահելաձևը, սկսում եմ անկապ բաներ խոսել և էդ պահին ինձնից զզվում եմ»:

 

 

«Հասարակության որոշակի հատվածը, ինչպես միշտ, չի ցանկանում ավելի խորը նայել ու հասկանալ, որ մարդիկ մաքուր մարիխուանայից երբեք իրենց շատ վատ առողջապես չեն զգա, էդպիսի դեպքերը լինում են միայն քիմիա (քիմիկական տարրերով ստացված թմրամիջոցներ) օգտագործելուց հետո: Շատ անգամ, կարծում եմ` հենց ծխողներն են մեղավոր, որովհետև չեն կարողանում էդ փարձառությունն իրենցից ավելի քիչ տեղեկացված ծանոթների հետ կիսել»։ 

«Բազմաթիվ հիվանդությունների դեպքում հենց բժշկական մարիխուանան ա հանդիսանում դեղամիջոց՝ տարբեր հոգեկան հիվանդությունների համար, տարատեսակ ցավերի, անքնության»:

 

 

Ֆոտոպատմության մասնակիցները յուրովի են բացատրում, թե ինչով են պայմանավորում մարիխուանայի օգտագործումը, սակայն, ընդհանուր առմամբ, նրանք բոլորն էլ առաջնային են համարում նյարդերը թուլացնելու, մտքերը և քունը կարգավորելու դրդապատճառները, քան թե զվարճանքը: Իրականությունն այն է, որ մարիխուանա գործածողները չափազանց բազմատեսակ են և չեն համապատասխանում հասարակության լայն շերտերի մոտ ձևավորված կարծրատիպերին։

 

 

«Նորմալ ա, երբ մարդ տարիներով` ամենօրյա ռեժիմով օգտագործում ա մարիխուանա, ու իր մոտ տեղի են ունենում հիշողության կորուստներ, եռանդն ա պակասում դեպի առօրյան և այլն։ Ցանկացած բան էլ, երբ էդքան հաճախ կլանես, կրկին ինչ-որ հետևանքների մասին ենք խոսելու։ Բայց եթե դու մարիխուանա ես ծխում, դա չի նշանակում, որ դու դարձել ես թմրամոլ: Գիտակցված օգտագործումը շատ որոշիչ ա»։ 

 

 

Մարիխուանայի ապաքրեականացումը համարվում է սոցիալապես ընդունելի տարբեր մակարդակներում: Շատերը կողմ են բժշկական մարիխուանա ձեռք բերելու օրինականացմանը, որոշները առհասարակ այն ձեռք բերելու ապաքրեականացմանը: 

«Մեր խմբի նպատակն է մարիխուանայի ապաքրեականացումը և մարիխուանայի կիրառումը` որպես դեղամիջոց։ Մենք պայքարում ենք նրա դեմ, որ մարդիկ աննշան գրամներ պահելու համար չդատապարտվեն անազատության, ինչպես նաև կարողանան օրինական օգտագործել մարիխուանան բժշկական նպատակներով, և դա հասանելի լինի»:

Մարիխուանայի անօրինական լինելը արգելք չէ դրա լայն տարածման համար, բայց հայաստանյան հասարակությունում այն խստորեն դատապարտվում է նաև բարոյական դիրքերից: Շատերը գաղտնի են օգտագործում այն, որպեսզի ստվեր չգցեն իրենց մասնագիտական, անձնական հարաբերությունների վրա: Այս ամենով հանդերձ մարիխուանան շարունակում է մնալ ամենապոպուլյար զվարճամիջոցներից մեկը։

 

 

Ֆոտոպատմությունը ներկայացնում է հիմնականում այն երիտասարդներին, որոնք պատճառաբանում են մարիխուանայի գործածումը իրենց ստեղծագործական գործունեությամբ։ Նրանց ինքնահայեցողական մտքերը խնդրի շուրջ բերում են տարատեսակ` հաճախ հակասական եզրահանգումների։ Հատկանշական է, սակայն, թեմային անդրադառնալու և դրա մասին բաց կերպով երկխոսելու պահանջը:

 

 

 

 


Սույն ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը «4Պլյուս»-ի խմբագրության դիրքորոշման հետ պարտադիր չէ: