Շատջրեքը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկն է։ Այն մինչեւ Արցախյան պատերազմի սկիզբը ադրբեջանաբնակ Կոշաբուլաղ (զույգ աղբյուր) գյուղն էր։ Շատջրեքի բնակիչները Ադրբեջանի իրենց բնակարանները փոխանակել են գյուղի նախկին՝ ադրբեջանցի բնակիչների հետ։ Շատջրեքում ամեն ինչ շատ նման է մյուս գյուղերին` միայն մի տարբերությամբ, որ 1996-ից այն կին գյուղապետ ունի։ Զոյա Գեւորգյանը, որ նախկինում ապրում էր Երեւանում, Շատջրեքում տուն էր գնել շարժման տարիներին Արցախում բնակվող ծնողների համար։ «Եթե հանկարծ մի բան պատահեր, մաման, պապան քաղաքում չէին կարող ապրել, էդ ժամանակ Վարդենիսից թռիչքներ էին լինում դեպի Ղարաբաղ, էդ գյուղը տեսա, դուրս եկավ, գնեցինք էդ տունը»։ Սկզբում ամառներն էր այնտեղ անցկացնում, հետո արդեն տեղափոխվեց Շատջրեք։ ՏԻՄ ընտրությունների ժամանակ գյուղացիների խնդրանքով առաջադրում է իր թեկնածությունն ու մինչ օրս գյուղի գյուղապետն է։ 

 


Շատջրեքի նորածիններից մեկը։ Նախորդ տարի Շատջրեքում ինը երեխա է ծնվել։

 


Գյուղապետարանի ճանապարհին Զոյան ողջագուրվում էր բնակիչների հետ՝ շնորհավորելով նրանց ամանորը։

 


Գյուղապետի աշխատասենյակը, որն ավելի մեծ ու հարմարավետ սենյակ է, գյուղացիների համար որպես հանդիսությունների սրահ է ծառայում։

 


Զոյա Գեւորգյանը՝ գյուղապետարանի իր աշխատասենյակում։ Այս աշխատասենյակում են աշխատում գյուղապետարանի բոլոր աշխատակիցները:

 


Գյուղապետարան գնալու ճանապարհին Զոյա Գեւորգյանը մտնում է դպրոց։

 

Գյուղն ունի 160 տնտեսություն, 714 բնակիչ, որոնցից  530-ը՝ հաշվառված, դպրոցում սովորում է 84 աշակերտ։ Գյուղը գազաֆիկացված է, սակայն ունի խմելու ու ոռոգման ջրի խնդիր, չունի գիշերային լուսավորություն ու համայնքային կենտրոն։ Գյուղի դպրոցը անմխիթար պայմաններում է։ Երեխաները ձմեռային հագուստով են մասնակցում դասերին, դասասենյակները տաքացվում են վառարաններով։ Դպրոցի մի թեւը չի գործում, դասասենյակները մամռակալած են, պատերը՝ ճաքած։ Դպրոցի շենքը հիմնանորոգման խիստ կարիք ունի։

 

 

 


Զոյան հետեւում է թոռների շախմատ խաղալուն։

 


Երեւանից գազելով Վարդենիս հասնելուց հետո՝ Զոյան տեղափոխվում է այլ մեքենա՝ գյուղ հասնելու համար։

 

 

Ամուսնու մահվանից հետո Զոյան գյուղում մենակ է բնակվում, երբեմն գնում է Երեւան՝ երեխաներին հյուր։ «Մենակ կյանքին հարմարվել չի լինի, դժվար ա, եթե աշխատանքս չլինի, չեմ մնա այստեղ, աշխատանքով եմ զբաղված ամբողջ օրը»,- ավելացնում է Զոյա Գեւորգյանը։

Առավոտ կանուխ գյուղացիների հետ զրույցի բռնվելով՝ Զոյան շտապում է աշխատանքի։ Գյուղապետարանի իր աշխատասենյակը ծառայում է որպես հանդիսությունների սրահ. գերադասում է բոլորի հետ մեկտեղ նույն սենյակում աշխատել։

 


Կոճակների ամանի մեջ պետքական կոճակը փնտրելիս։

 

 

Աշխատանքն ավարտելուց հետո, ինչպես գյուղի մնացած կանայք, ինքը եւս անցնում է տնային գործերին։ Երեկոյան միայնությունը ցրելու համար միացնում է հեռուստացույցը։ «Հեռուստացույցով էլ ոչ մի ինտելեկտուալ հաղորդում չկա, մարզերում մշակութային կյանքը մեռյալ է, միայն սերիալը սերիալի հետեւից, որեւէ հաղորդում չկա, որ մտածելու տեղիք տա»,- ասում է նա։ Կին գյուղապետի առանձնահատկություններից խոսելիս նշում է, որ կին գյուղապետը, բացի սովորական գործերից, նաեւ հոգեբան է, լինում է անգամ, որ հարս ու սկեսուր վիճում են, իրեն են զանգում։ «Կուզեի, որ գյուղն ինձնից հետո էլ կին ղեկավարեր, կինը նաեւ մոր պես է վերաբերվում գյուղին»։

 

 


Զոյայի դիմանկարը։