Այս պատմության սկիզբը չկա: Չեմ նկարել: Չեմ գրել: Ծանր էր: Ծանր է նաեւ հիմա, երբ վերապրում եմ: Առավել ծանր էր ապրիլի 21-ի առավոտյան, երբ քրոջս ճանապարհեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: COVID-19: Վարակ: Մահ: Վախ: Սպասում: Անորոշություն… Տպավորություն էր, որ տունը դատարկվեց: 

 

Պապան միշտ վախենում է, երբ մեզնից մեկը տանը չէ, երբ տունը դատարկվում է: Այս անգամ բոլորս էինք վախենում: Նարինեն զանգում էր` վախենում էինք, չէր զանգում` ավելի շատ էինք վախենում: Միայն գիտեինք, որ պետք է սպասել, երբ հարմար լինի, երբ ժամանակ գտնի, երբ քնած չլինի` ինքը կզանգի: Սպասում էինք` հաշվելով ողջերին, մեռածներին, հետո` ապաքինվածներին: Հաշիվը կորչում էր զանգերի արանքում: Մենք մեզ կորցնում ու գտնում էինք զանգերի արանքում:

 

 

Մեր նամակագրության սքրինները` իբրեւ փոքրիկ վկայություններ, կենդանի վավերագրեր համավարակի օրերից: Ամեն ինչ տեղի էր ունենում մեսինջերի միջոցով` տեսակապ, չաթ: Հենց պատուհանի կանաչ լույսը վառվում էր` տագնապի կարմիր ազդանշանը մարում էր: Սա մեր մութ սենյակն էր, խոհանոցը, որտեղ կիսվում էինք ամեն ինչով` կենցաղ, անհանգստություն, օրվա անցուդարձ: Ես ընտրել եմ այն նամակները, որ Նարինեն է ինձ ուղարկել:

 

 


Լուսանկարում եմ Նարինեին հիվանդանոցի մոտ, զգում եմ նրա անհանգստությունն ու լարվածությունը: Ամեն ինչ անորոշ է, ինչպես գարնանը: Միայն թե հիմա ամառ է: Արձակուրդից հետո Նարինեն նորից գնում է հիվանդանոց, որտեղ աշխատում է շուրջ 15 տարի, սկզբում` վերակենդանացման, հիմա արդեն` ռենտգեն բաժնի քույր:

 

 

Հիմա, մի քանի ամիս անց, երբ փորձում եմ վերստեղծել այդ օրերի խրոնիկան, ուզում եմ, որ լուսանկարները պատմեն ոչ թե COVID-ի, այլ` կյանքի մասին, սիրո մասին, հույսի մասին, մարդու մասին: Բայց նաեւ մարդու, նրա անձնային ապրումների միջոցով պատմել համավարակի անտեսանելի կողմի մասին: Քույրս այս դեպքում փոխանցողն էր, որի կարծիքով մարդու ապրումները համավարակի հետեւում մնացին քողի տակ:

Երբ հունիսի 21-ին Նարինեն տուն եկավ, ամեն ինչ նույնն էր եւ նույնը չէր: Թվում էր` ամենը գիտեինք, ամեն ինչ պատմել է մեզ՝ երբ էր արթնանում, երբ էր քնում, ինչ էր ուտում, որտեղ էր գիշերում, օրը քանի անգամ էր ձեռքերն ախտահանում, որքան հիվանդ էր ունենում, քանի անգամ էր իրենց ու իրեն ջերմաչափում։ Բայց դա այն էր, ինչ տեսանելի էր դրսից։ Ներսի մասին մենք քիչ բան գիտեինք: Միայն այն, որ սա կարճատեւ դադար է, որի ընթացքում ուզում է վերականգնվել: Ես որոշեցի նկարել հենց այդ անցումը, վերականգնման ընթացքը, փոփոխությունը, որովհետեւ տանն արդեն Նարինեն լուռ էր, ճիշտ բանակից տուն եկած զինվորի պես, որին փայփայում են, կերակրում եւ ավելորդ հարցեր չեն տալիս:

 

 


Ամեն իր ունի իր պատմությունը: Առաջին բանը, որ Նարինեն իր ճամպրուկի մեջ տեղավորեց, Սարոյանի «Ուեսլի Ջեքսոնի արկածներն» էր, Սարոյանն ապրեցրեց նրան այդ ընթացքում: Երբ հեռախոսի միջից կորավ Նարինեի զանգի ավատար-նկարը, մաման մի քանի ժամ տեղը չէր գտնում: Դա նրա համար նույնն էր, թե Նարինեն կորել էր աշխարհի երեսից: Մի օր քույրս կոնֆետի թղթերի վրա նամակներ ուղարկեց մեզ: Ես ու մաման կոնֆետները կերանք, «նամակները» գցեցինք: Պապան դրանք համբուրեց ու խոստացավ աղջկա նամակները պահել: Մի քանի ամիս անց թղթերը բլոկնոտի մեջ գտա, պարզվեց` կատակ չէր…
Մեկուսացման վերջին երկու օրը Նարինեն անցկացրեց տանը ու միանգամից սեղանի մի անկյունում առանձնացրեց իր սպասքը: Թեպետ թեստի պատասխանը երկու անգամ էլ բացասական եկավ, բայց տեւական ժամանակ կորցրեց հոտառությունը, պարզվեց՝ շնչուղիները վնասվել են, բժիշկը տարբեր դեղեր էր նշանակել:

 

 

 

 

Նարինեին ուզում էի լուսանկարել առանց հերոսացնելու, ինչպիսին կա` իր որոշումների մեջ ամուր, զգացմունքների մեջ` փխրուն, առավելագույնի ձգտող, բայց նաեւ` քչով բավարարվող: Ուզում էի, որ նկարները պարզապես ցույց չտան սիրուն աղջկա, այլ մեկին, որն ունի բնավորություն եւ պատասխանատվության մեծ զգացում:

 

Ես դարձա լուսանկարիչ՝ քրոջս համար, դերերը թեպետ հստակ էին, բայց ժամանակ էր պետք հարմարվելու, ընդունելու, տեսախցիկը չնկատելու, նաեւ` խոսելու համար: Լինում էր, որ ձայնագրությունների ընթացքում հուզվում էր, մեծ դադարներ էր վերցնում: Այդ ժամանակ մենք ավելին էինք, քան քույրեր:

 

 

 

 

Ամենաառաջին դժվարությունը սա էր` հոգեպես տրամադրվել, հավաքել ճամպրուկը եւ տնից դուրս գալ: Ընդ որում, գնում ես անորոշ ժամանակով եւ չես կարող վերադառնալ, երբ ուզես: Դժվար է առերեսվել աներեւույթ մի բանի, որից պետք է պաշտպանվես:

Հիվանդանոցում բոլորս կարծես նույն նավի մեջ լինեինք, որտեղ առանց փոխօգնության հնարավոր չէր: Անընդհատ կապի մեջ ես, «ռացիան» միացած է, որովհետեւ ամեն րոպե հիվանդների նոր հոսք էր գալիս: Բարձր մոբիլիզացիայի վիճակ, որտեղ կարեւոր է քո արագ արձագանքը: Դու դառնում ես շղթայի մի օղակը, որը եթե վարակվեց, նշանակում է, շղթայական ռեակցիան անխուսափելի է: Այստեղ է, որ գիտակցում ես քո անձնական պատասխանատվության չափը:

 

 

 

 

Սկզբում տագնապային վիճակներն ավելի շատ էին լինում, կարող է մտովի հետ գնայի ու վերլուծեի` արդյոք ճի՞շտ եմ հանել համազգեստը, ռենտգենից հետո ախտահանե՞լ եմ ձեռքերս կամ գուցե ոչ անվտանգ բա՞ն եմ արել, որը հիմա չեմ հիշում: Լինում էր, որ ժամում մի քանի անգամ ջերմություն էինք չափում: Ու եթե հանկարծ մեկի ջերմությունը բարձրանում էր 36.9, խուճապ էր սկսվում: Տագնապը գրոհում էր, երբ իմանում էինք, որ բուժաշխատողներից էլի մարդիկ են վարակվել: Այդտեղ հասկանում էիր, որ ինչքան էլ պաշտպանիչ համազգեստ հագնես, միեւնույն է` մեծ հաշվով պաշտպանված չես, որովհետեւ կարող ես հիվանդից չվարակվել, այլ քո գործընկերոջից: Ու նորից մտովի հետ էիր գնում, սկսում հիշել դետալներ, թե երբ եք շփվել, ինչ պայմաններում, փորձելով կռահել` հաջորդը դո՞ւ ես լինելու, թե՞ ոչ:

Հիվանդների հետ շփման ընթացքում ամեն կերպ փորձում էի ոգեւորել, ասել, օրինակ՝ որ վիճակդ արդեն լավ է, կազդուրված տեսք ունես։ Ոչ ոք պատրաստ չէր, որ կարող է այդքան ժամանակ անցկացնել հիվանդանոցում, եւ հիվանդության ընթացքն էլ կարող է այսքան ծանր լինել: Անընդհատ հարցնում էին` ինձ ե՞րբ են դուրս գրելու, ե՞րբ եմ տուն գնալու: Կային նույնիսկ մարդիկ, որոնք ուղղակի ի վիճակի չէին խոսել, որովհետեւ ամեն շունչ-արտաշունչ տրվում էր թթվածնի սարքի օգնությամբ:

 

 


Նարինեն ընկերուհու տանն է, 16-րդ հարկի պատշգամբից լույսերի մեջ կորած քաղաքը հիպնոսացնում է:

 

 


Նարինեն խնամում է ոտքերը, հիվանդանոցում անքուն եւ երկար գիշերներն առաջինը հարվածում են ոտքերին: Այտուցներ, կոշտուկներ, արտահայտված մազանոթներ՝ դրանք տարիների ընթացքում «ժառանգում» են բոլոր բուժաշխատողները:

 

 

 

 

Հիվանդանոցում, բախվելով մահվան դեպքերի, անխուսափելիորեն կանգնում ես նաեւ սեփական մահվան, սիրելիներիդ հնարավոր մահվան փաստի գիտակցման առջև… Իսկ կնոջ համար գործողությունների մակարդակում դա կարող է նաեւ ծերացման վախը լինել, որը ստիպի քեզ անել գործողություններ, որ հնարավորինս երկար պահես քո երիտասարդությունը․ նույն մարմնիդ խնամքը, գեղեցկության սրահ գնալը՝ էդ բոլորը միտված է, որ ուշ ծերանաս ու ինչ-որ ձեւով պայքարես քո մահվան դեմ: Իսկ մահվան հակակշիռ կարող է լինել միայն ապրածդ օրերի լիարժեքությունը, եթե մարդն իր կյանքից գոհ է, չի վախենա, որ օրերից մի օր կմահանա, որովհետեւ հասկանում ես` արժեր էդ կյանքը, որն ապրեցիր:

 

 

 

 

Գիտակցում կար, որ շատ կարեւոր մի առաքելություն եմ ստանձնել այս ծանր օրերին. ծառայում եմ, օգնում մարդկանց, ու այդ շրջանում իմ կյանքը դրանով էր իմաստավորված: Այսինքն, եթե գիտես` հանուն ինչի, ցանկացած` ինչպես կարող ես տանել:

Բայց տպավորություն կար, որ զուգահեռ իրականություններում ենք ապրում. մարդիկ, որոնք ապրում էին բնականոն կյանքով, եւ մենք, որոնց բնականոն կյանքը խաթարվել է: Զգացողություն, որ կյանքը կողքովդ անցնում է, ժամանակը դանդաղում է: Եթե դրանից հետոյի ընթացքը վերնագրելու լինեմ, կասեմ` շտապիր ապրել, որովհետեւ հետո փորձում ես լրացնել այն ամենը, որ բաց ես թողել էդ ընթացքում: Իսկ էդ ընթացքում ամենաշատը հույզերն էին պակասում, զգացողությունները, ապրումները, կյանքից հաճույք ստանալու զգացողությունը:

 

 


Նարինեն քիչ է շպարվում, բայց սիրում է խնամել դեմքը, դա փոքրիկ արարողակարգ է ամեն հանդիպումից առաջ:

 

 


Օգոստոսի 1-ի երեկոյան` hերթապահությունից առաջ, Նարինեն արդուկում է իր բժշկական համազգեստը, փորձում է տրամադրվել վաղվա օրվան:

 
 

 

 

Շատ կարեւոր է՝ ճանաչես քո ներքին սահմանները. հոգեկանդ դեռ կարո՞ղ է տանել այն ծանրությունը, որ դրվում է իր վրա: Մի օր խոսեցի բաժնի վարիչի հետ ու ասացի` եկել է ժամանակը, որ արձակուրդ գնամ։ Շատ դյուրագրգիռ, նյարդային եմ դարձել, ու եթե շարունակեմ այսպես աշխատել, գուցե առաջինը ինձ ու իմ շրջապատին վնասեմ: Մարդը մասնագետ է այնքանով, երբ հասկանում է, որ սա է սահմանը, եթե անցնի, կվտանգի թե՛ իր, թե՛ ուրիշների առողջությունը: Հենց դա գիտակցելով՝ 40 օր հետո որոշեցի, որ բավական է, իմ հոգեկանն արդեն հյուծվել է, եւ ժամանակն է` դադար վերցնեմ:

Երբ որոշեցի դադար առնել աշխատանքում, կատակով ասում էի` բոլոր հանդիպումներս մնացին։ Ուզում էի այս ամենը շուտ ավարտվի, որ հանդիպումների գնամ` նոր մարդկանց հետ ծանոթանամ, ստեղծեմ նոր հարաբերություններ, նոր ծանոթություններ։ Թվում էր` էդ ամենը հետ է ընկել: Գուցե, եթե ամեն ինչ առօրյա հունով ընթանար, նման պահանջ էլ չունենայի։ Սահմանափակումն ավելի է սրում ազատության ընկալումը: Այն, ինչ սովորական էր, մի օր դառնում է ցանկալի. ուղղակի արթնանալ ու առավոտյան մի բաժակ սուրճ խմել հարազատիդ հետ: Երբեմն պակասում էին շատ պարզ բաներ, օրինակ` սիրած ուտելիքի համն ու հոտը, իսկ ընդհանրապես՝ մարդկային շփումն էր պակասում:

Երազում էի, որ շուտ վերջանա այս ամենը, որքան հնարավոր է՝ շուտ վերադառնամ իմ սովորական ռիթմին, երբ ուղղակի կարող էի դուրս գալ եւ քայլել:

 
 

 

 

Հիմա փորձում եմ ապրել` «այստեղի եւ հիմա»-ի սկզբունքով, այսինքն՝ COVID-ը ստիպեց հասկանալ կյանքի անցողիկությունը. ոչինչ չես կարող 100 տոկոսով պլանավորել: Ծիծաղելի է, գնալ ինչ-որ մեկի հետ հանդիպման, ու արդեն իր հետ կյանքդ պլանավորես, չի կարող մեկ մարդը դառնալ քո սպասելիքների տերը: Այդ պահին փորձում ես ուղղակի էդ մարդու հետ պահը վայելել` քո կյանքի մի ժամանակը: Բայց հաճախ իմ սպասելիքները իմ կյանքն ավելի են ծանրացնում, իմ սպասելիքները չեն թողնում, որ ես «այստեղն ու հիմա»-ն վայելեմ։ Վախենում եմ՝ հանկարծ չգա մի ժամանակ, որ հասկանամ՝ իմ սպասելիքների պատճառով չեմ ապրել, ու երբ պիտի ապրեի` սպասել եմ:

Էս շրջափուլը սովորեցրեց ճկունություն, որովհետեւ կյանքը ստատիկ չի։ Բոլորս մի օր արթնացանք եւ հասկացանք, որ կյանքն այլեւս առաջվանը չէ։ Սա մարտահրավեր էր ամեն մեկի համար, թե ինչքանո՞վ է սթրեսակայուն, ճկուն, ունի՞ անձնային ռեսուրսներ եւ ինչքանո՞վ է պատրաստ փոփոխվելու: Մեր պատկերացրած իրականությունը կարող է մեկ օրում փոխվել, ու դու պիտի ունենաս ռեսուրսներ, որ փոփոխության մեջ հարմարվես ու ապրես:

 

 


Օգոստոսի 2-ի վաղ առավոտյան. Նարինեն արձակուրդից հետո նորից հիվանդանոցում հերթապահության է: Մամայի հետ գրկախառնվում են դռների արանքում ու ինչպես առաջին անգամ` հուզվում: Այս անգամ ես պատրաստ եմ` լուսանկարում եմ:

 

 

 

 

Որոշ դադարից հետո նորից վերադարձա իմ աշխատանքին: Սկզբում` մինչև գնալս, էլի մտածում էի, որ դժվար ա լինելու, էլի հագնելու եմ էդ պաշտպանիչ հագուստը, ու հատկապես էս ամռան շոգին շատ դժվար կլինի էդ հագուստով: Իհարկե, դժվարությամբ էի գնում, բայց երբ հայտնվում ես դռներից այն կողմ` հիվանդանոցի ներսում, էդ դժվարությունները կարծես մոռանում ես, եւ արդեն քո ողջ էներգիայով, ուժով աշխատանքի մեջ ես քեզ զգում։ Նույն անհանգստությունն ու տագնապը կային, ինչպես առաջին անգամ. էլի ես վախենում, որ դու չվարակվես, քո մտերիմներին չվարակես։ Միայն էն բացառությամբ, որ այս դեպքում դու կարծես ավելի հմուտ ես եւ ավելի լավ ես տիրապետում պաշտպանիչ միջոցներին, ավելի լավ գործիքներ ունես։ Սրանք քեզ հնարավորինս հանգստություն են տալիս էս իրավիճակում։