Թատրոնի բեմը նախընտրող դերասանների համար թատրոնից դուրս աշխատելը Հայաստանում դժվար, բայց միակ ձևն է գումար վաստակելու համար: Հայաստանի` մարզային 10 ու Երևանի 29 թատրոնների դերասանների ամեն փորձը սովորաբար 6-8 ժամ է տևում, ինչի համար նրանցից յուրաքանչյուրը վճարվում է միջինը 350 դրամ։ Դերասանը, որպես կանոն, շաբաթական երկու-երեք փորձ է անում, բեմ դուրս գալիս երկու-երեք ներկայացման շրջանակներում։ Ամեն ներկայացումից թատրոնի դերասանական խմբերում ներառված դերասանը 2-3 հազար դրամ է վաստակում: Թատրոնում գրանցված աշխատող լինելու դեպքում՝ դերասանի միջին աշխատավարձը 70-80 հազար դրամ է, առավելագույն աշխատավարձը՝ 150 հազար։
Դերասան Սամվել Թադևոսյանը որևէ թատրոնում գրանցված չէ, ասում է` «եթե հրավիրյալ դերասան ես, դա մահ է», քանի որ ոչ կայուն աշխատանք կա, ոչ էլ` եկամուտի անգամ մոտավոր չափ է հնարավոր կանխատեսել։ Ասում է` հավելյալ գումար վաստակելու համար դերասանները թամադա են աշխատում, խաղում են սերիալներում:
«Սերիալում խաղալը «սոսկալի է»` նշում է Թադևոսյանը` շեշտելով, որ դերասանը գնում է, դառնում է աղբ, տաղանդավոր լինի, թե չլինի, ինքը դառնում է աղբ, փող է աշխատում, բայց կեղեքվում, փչանում է, տարիներ շարունակ տաղանդավոր դերասանները այս համակարգի մեջ մտել ու մաղվել են»։ Երիտասարդ դերասանի համար սա անընդունելի է, բայց ավելի մեծ ողբերգություն է, երբ այդ համակարգից դուրս ես:
Սերիալներում նկարահանվել չուզող դերասանները դերերի կրկնօրինակմամբ են զբաղվում, դասախոսում են, նրանցից շատերն աշխատում են սպասարկման ոլորտում: Ոմանք սեփական գործն են ձեռնարկում, ինչպես Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանը:
«Ես համարյա միշտ ապրել եմ թատրոնի աշխատավարձով: Երբեք դա ինձ համար խնդիր չի եղել, ես շատ երջանիկ էի թատրոնում, անգամ շնորհակալ էի, որ ինձ վճարում էին, մի քիչ, իհարկե, բայց վճարում էին, գուցե ընտանիքում ապահովված էի, դրա համար էր հեշտ»,-ասում է Գրիգորյանը։ Երեխա ունենալուց առաջ, սակայն, նա գեղեցկության սրահ է հիմնել, որպեսզի կայուն եկամուտ ունենա, այլապես թատրոնը կդառնար նրա համար «տաժանակիր գործ», ու նա էլ չէր սիրի այն:
Գրիգորյանը նշում է, որ սերիալում մեկ օր նկարվելու համար ստացած գումարը կարող է թատրոնի մեկ ամսվա աշխատավարձը լինել: Գումար վաստակելու համար մի քանի սերիալներում նկարահանվել է նաև դերասան Տաթև Մելքոնյանը. «Վճարի հետ կապված ես մեծ դժվարությամբ եմ խոսում, ուրիշ երկրներում ձևաչափ կա, դու ունես գործակալ, քո վարձատրությունը դու չես քննարկում, այլ ագենտը։ Եթե մեզ մոտ էլ լիներ, ավելի հեշտ կլիներ, մրցակցություն կլիներ, ֆինանսի վրա էլ կազդեր»։
«Հիմա մենք ուղղակի ապրանք ենք ու մատչելի, ինձ թվում է։ Բայց ես առանց թատրոնի չեմ կարող։ Իմ կյանքի հունն այստեղով է գնում»,-հավելում է նա:
Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանը նշում է` խորհրդային տարիներին դերասաններն ավելի պաշտպանված էին, իսկ հիմա գրեթե անպաշտպան, քանի որ նրանց իրավունքները պաշտպանող կառույց չկա. «Արտասահմանում դերասանների արհմիություններ կան, նրանք հասնում են այնպիսի պայմանավորվածությունների, որ 100 տոկոսով պաշտպանվում է յուրաքանչյուր դերասանի իրավունքը, նրանք ունենում են առողջության ու անվտանգության երաշխիքներ, ավել ժամեր չեն աշխատում»:
Հայաստանում, ըստ ռեժիսորի, այս բոլոր իրավունքների ու երաշխիքների համար պիտի պայքարի արհմիությունը, որը ձևավորելու գաղափարը «հենց դերասանական համայնքից պիտի դուրս գա»: «Կամ նման պահանջը դեռ չի հասունացել, կամ` դերասանները իրավագիտակցության նման մակարդակի չեն»,- ասում է Բադալյանը:
Տիկնիկային թատրոնի դերասան Դավիթ Սարգսյանը վարձատրության մասին խոսելիս ընդգծում է` թատրոնում խաղալ ցանկացող դերասաններին ասում են` թատրոն մի եկեք փող աշխատելու համար։
«Էդ իրականությունն ա, բայց տենց չպետք ա լինի, թատրոնը բարձր մշակույթ է ու պիտի գին ունենա»,- նշում է նա` շեշտելով, որ դերասաններն էլ պետք է բարձր գնին համապատասխան որակ ապահովեն, ինչը տեղի չի ունենում, քանի որ դերասան դառնալ ցանկացողների մեծ մասը հիմա ուզում է սերիալներում նկարահանվել:
Մշակութային լրագրող, գրող Անուշ Քոչարյանը ինչ-որ առումով համաձայնում է Դավիթ Սարգսյանի հետ` դերասանի մասնագիտությանը Հայաստանում լուրջ չեն վերաբերվում, քանի որ գոյութուն ունեցող համակարգը, առկա հարաբերություններն ու ոլորտում իրերի դրությունը չի օգնում թատրոնին ու դերասանին կայանալ. «Եթե անկախ բեմադրություն ես նախաձեռնում, ուժասպառ լինելով այն պիտի ապրացնես, մեծացնես, սարքես, հասցնես, ձեռի հետ էլ լսարան ձևավորես, տոմսեր ծախես, մեկ-մեկ էլ ավլես էդ պոլերը, որ կարողանաս հասցնել»։
Ռեժիսոր Վահան Բադալյանը կարծում է, որ պետական ֆինանսավորումը փոքր չէ, սակայն գործող մոդելի պայմաններում առկա ֆինանսական հնարավորությունները փոշիանում են, աշխատանքը դառնում է անորակ, թատրոնի մարդիկ` դժգոհ:
Թատրոնի դերասանների անպաշտպան ու աներաշխիք իրավիճակը ընդհանուր առմամբ սերում է թատրոնի շահավետ բիզնես չլինելու փաստից, բայց առավել ևս հայկական արդի մշակույթում` այդ արվեստի չվերաիմաստավորված նշանակությունից։ Դերասանների կարգավիճակն ու ֆինանսական դրությունը բարելավելու համար անհրաժեշտ է փոխել թատրոնի կառավարման մոդելը: «Դա ցավոտ պրոցես կարող է լինել, լիքը մարդիկ նեղացած են մնալու, լիքը մարդիկ վիրավորվելու են, բայց այլ ուղի չկա, աշխարհում այնքան հետաքրքիր ու արդյունավետ մոդելներ գոյություն ունեն, մենք պետք է ընտրենք դրանցից մեկը»,-նշում է Բադալյանը: