Գիտակցությանս մեջ Լոռին միայն անհաղթահարելի բարձունքների, վեհության ու պարզության ընկալում է առաջացրել: Այդ պատկերացումներս միանգամից փոխվեցին, երբ սկսեցի առնչվել քաղցկեղի թեմային, և վիճակագրությունն ինձ տարավ դեպի այդ մարզ:
Ալավերդիում անցկացրածս առաջին ժամերից հետո ինքնազգացողությանս վատացման պատճառը ներշնչանքը չէր: Գլխապտույտ, գլխացավ՝ սրանք ի հայտ էին գալիս բոլոր այցերիս ժամանակ` առանց բացառության: Սկզբում կարծում էի, թե տեղանքի բարձրությունից է, բայց բնակիչների հետ երկար շփվելուց հետո հասկացա, որ դա սովորական երևույթ է, ու դեռ ամենամեղմ հետևանքն է, որ մարդ կարող է զգալ` տարածքի էկոլոգիական աղտոտվածության պատճառով:
Ամեն անգամ նայելով հրաշք բնությանը՝ երանի էի տալիս այն ամեն օր վայելողներին, բայց բավական էր հիշել Սանահին-Սարահարթ թաղամասից բացվող պղնձամոլիբդենի գործարանի հրեշավոր ներկայությունը, պատկերը սևանում էր վայրկյանական. բակերում խաղացող երեխաների ձայները խլանում էին, և ցանկություն էր առաջանում բոլորին այնտեղից տանել հեռու։
Ավելի քան 2.9 միլիոն բնակչություն և մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրում շահագործելու իրավունք է տրված 22 մետաղական հանքի, որոնք էլ մի շարք մարզերում դառնում են քաղցկեղի առաջացման պատճառ։
Ալավերդիում քչերն են խոստովանում, որ իրենց բազմապիսի առողջական խնդիրների պատճառը բնական միջավայրի ծայրաստիճան աղտոտվածությունն է: Տարեսկզբին պետությունը չարորակ հիվանդությունների վիրահատությունը դարձրել է անվճար բոլորի համար։ Մոտ 1500 մարդ արդեն վիրահատվել է։
Ըստ պաշտոնական վիճակագրության.
- 2017թ.-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 27 157 մահ (911.49 մահ` ամեն 100 000 բնակչի հաշվով): Ներկայացված տվյալները փաստում են, որ բնակչության շրջանում առավել տարածված է ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը, որի բեռը կազմում է մոտ 81.4%, վարակիչ հիվանդություններից` 0.7%:
- Ավելի կոնկրետ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` 55.6%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները` 20.4%, շաքարային դիաբետը` 3.0%, վնասվածքները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները` 2.4%:
Ամենալուրջ խնդիրներից մեկը շարունակում է մնալ քաղցկեղի վաղ հայտնաբերումը` հատկապես կանանց մոտ, որոնք, սոցիալական դրությունից ելնելով, իրենց առողջության խնամքը հաճախ մղում են ետին պլան։
Գալինա Վասիլեւան այդ կանանցից մեկն է։ Նա ընդամենը 65 տարեկան է: Շուրջ 46 տարի է, ինչ Ղազախստանից տեղափոխվել է Հայաստան: Ամուսնու և երեխաների հետ ապրում է Ալավերդիում: Նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի ուռուցք, որն արտահայտվել է սուր գլխացավերով: Մինչ օրս նա կարծում է, թե դա գրիպի հետևանք է, և որ շուտով կապաքինվի: Հարազատները, մտերիմները դժվարանում են ասել ճշմարտությունը հիվանդության մասին։
Գալինայի համար չկա երկրագնդի վրա որևէ այլ տեղ, որտեղ նա կուզենար ապրել, նույնիսկ իր հայրենիքում, գուցե միայն մահճակալի կողքի պատին կախված նկարի տնակում` մանուշակագույնի մեջ: «Ես Ալավերդին սիրում եմ, շատ սիրում եմ։ Անցյալ տարի գնացել եմ իմ հորանցս տուն՝ դատարկ ա, ասին եկեք ապրեք ստեղ… ես՝ չէ, չեմ ուզում, ստեղ լավ ա, սիրում եմ Ալավերդին շատ»: Գալինային խնամում է աղջիկը` Իռան, ով արդեն լիարժեք տիրապետում է հիվանդությանն առնչվող բոլոր նրբություններին: Օր ու գիշեր մոր կողքին է:
«Գերդաստանում տենց բան չենք ունեցել, ունեցել ենք հիպերտոնիա՝ պապիկներ, տատիկներ՝ գենետիկորեն եկել են և պապայի, և մամայի կողմից, բայց էս հիվանդությունը ոչ մեկ չի ունեցել»։
Հայաստանում մարդիկ շատ հաճախ գնում են հիվանդանոց, միայն երբ «դանակը ոսկորին է հասնում»: Նման մոտեցման պատճառները շատ են՝ ակնկալվող ֆինանսական բեռ, կարծրացած մտածելակերպ, վախեր և այլն։ Պատկերն ավելի տխուր է մարզերում, ուր սոցիալական ծանր վիճակը հաճախ ստիպում է մարդկանց հաշտվել հանքարդյունաբերության պատճառած ծանր հետևանքների հետ։ Որոշ ծառայությունների բացակայությունը մարդկանց ստիպում է կիլոմետրերով ճանապարհ կտրել և հասնել մայրաքաղաք, ինչը շատերն անում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Առերեսվելով գործազրկության սպառնալիքին՝ Ալավերդու և շրջակա բնակավայրերի բնակիչները հայտնվել են հակասական դրության մեջ. նրանք դժվար են պատկերացնում տարածաշրջանը առանց հանքարդյունաբերության, հետևաբար հանքարդյունաբերող կազմակերպությունները երբեք պատասխանատվության չեն բերվում՝ առկա առողջական խնդիրների ու վաղաժամ մահերի համար` գրեթե ողջ այդ բեռը թողնելով ընտանիքների և պետության ուսերին։