Հարավկովկասյան երկաթուղիներով սկսեցի հետաքրքրվել դեռևս 2021 թ․: Ենթակառուցվածքները, և երկաթուղին մասնավորապես, առանձին համակարգ են պետության ներսում, իսկ Հայաստանի պարագայում՝ երկաթուղին այլ պետության (Ռուսաստանի) համակարգն է Հայաստան պետության ներսում։ Ինձ հատկապես հետաքրքրում էր Իջևան-Դիլիջան ճյուղավորումը և նախկին կայսրության գաղութատիրական քաղաքականությունը տարածաշրջանում՝ ենթակառուցվածքների միջոցով։

Հետազոտությունը սկսեցի Դիլիջանի թունելից՝ դեռևս ոչինչ չիմանալով երկաթգծի առկա վիճակի մասին։ Քայլելով անցա գրեթե ողջ տարածությունը լքված երկաթուղու երկայնքով՝ Դիլիջանից Հաղարծին, Հաղարծինից Գոշավան, Գոշավանից Լուսաբաց․․․ Պատկերներն անվերջ կրկնվում էին՝ փտած կոճափայտեր, այս ու այն կողմ նետված երկաթե գամեր, պոկված լարեր, լքված ժանգոտ վագոններ:  Բոլոր կայարանները վերածվել են ինքնաշեն գոմերի, ճարտարապետական լուծումներն աղավաղվել են։

Ռելսերի վրայով մագլցող մոշի թփերն իրենց թևերով համառորեն ներաճեցրել են երկաթգիծն իրենց մեջ․ կարծես խորհրդային անցյալն էլ այդպես ներաճած է մեր մեջ, կառչած է մեր հասարակության ներկայից։ Տեղի բնակչությունը, փորձելով ազատվել մոշի թփերից, պարբերաբար այրում է դրանք՝ այրելով նաև երկաթուղու կոճափայտերը․․․ Միայն երկաթբետոնե կամուրջներն ու մթնածոր թունելներն են վստահ և ամուր կանգնած իրենց տեղերում․․․ Թունելից օդի սառը հոսանքը միախառնվում է էլեկտրական կիսաթալան կիսակախ լարերի սվսվոցին։

Կառուցման ժամանակ ներդրված ահռելի աշխատանքն ու գիտելիքը, լեռնազանգվածը հորատելու և հազարավոր տոննաներով հողը հանելու ու թունելի պատերը երկաթ-բետոնապատելու նպատակով, աներևակայելի են թվում հիմա։ Ովքե՞ր են և որտե՞ղ են այն մարդիկ, որ ժամանակին այս համակարգը կառուցել են, աշխատեցրել են, սպասարկել են։

***

Հայաստանի ընդհանուր երկաթուղային հանգույցի Իջևան-Դիլիջան ճյուղավորումն ավելի երկար կառուցվել է, քան գործել։ Ընդհանուր նախագծումն ու շինարարությունը տևել են շուրջ 15 տարի՝ 1971-1986 թթ․։ Շինարարության վրա ծախսվել է շուրջ 350 մլն ռուբլի գումար։ 1986 թվականի օգոստոսի 9-ին Իջևանից Դիլիջան է ուղևորվել առաջին գնացքը․ երթի տևողությունը` 55 րոպե։ 1994 թվականին երկաթուղու Կույբիշևո (ներկայիս՝ Հաղարծին) կայարանի հատվածում հողաշերտի փլուզում է տեղի ունեցել, որի արդյունքում երկաթգծի 1.5 կմ հատվածը դարձել է անօգտագործելի։ Այդ պահից երկաթուղին դադարել է գործել․․․