Դժվար եմ թեմա ընտրում լուսանկարելու համար, երկար մտածում եմ, ուսումնասիրում: Որպես լուսանկարիչ` հաճախ եմ դիտարկում կանանց, հանրային կյանքում նրանց փոփոխվող դերերը: Դա ինձ հետաքրքիր է:
Օրինակ` կանայք քաղաքականության մեջ: Հայաստանում հնարավո՞ր է: Մենք այդ երևույթը համարում ենք արտառոց, բացառիկ մի բա՞ն: Որովհետև կանանց համար Հայաստանում դժվա՞ր է:
Հուլիսին երևանյան մի սրճարանում Լենա Նազարյանի հետ մեր զրույցը սկսվեց այս հարցից, որ երևի ամենահաճախն է տրվում նրան լրագրողների կողմից:
Քաղաքացիական նախաձեռնություններում ակտիվիստից մինչև Ազգային ժողովի պատգամավոր դարձած Լենան ասում է, որ դա անտրամաբանական բան չէ, ուզում է, որ «կինը քաղաքականության մեջ» ընկալվի շատ սովորական մի բան: Կանանց իրավահավասարության խնդիր Հայաստանում չկա, կա ռեսուրսների հավասարության խնդիր: Իր դիտարկմամբ` կա չորս կարևոր ռեսուրս, որոնք անհրաժեշտ են հանրային գործունեություն ծավալելու համար` ժամանակ, գումար, հանրային աջակցություն և էներգիա:
Մեր հանդիպումներն ու զրույցները զարգացան երեք ամիսների ընթացքում: Գիտեի, որ ֆոտոխցիկը կարող է ծառայել որպես կամուրջ, լուսանկարելը` որոշակի արդարացում՝ Լենայի հետ երկար ժամանակ անցկացնելու համար: Երբ կա երկխոսություն, համագործակցություն, հարաբերությունները զարգանում են, լուսանկարելը ստացվում է:
Լուսանկարելիս գտնվեցին հանգրվաններ, որտեղ սկսեցին բացահայտվել Լենայի մարդ, կին, քաղաքական գործիչ լինելու շերտերը՝ երբեմն «ապամոնտաժելով» Լենայի հանրային կերպարը:
Ես փորձում էի հետևել նրան տարբեր իրավիճակներում՝ ամեն անգամ բացահայտելով նոր մարդու: Հետաքրքիր էր, որ նույնիսկ մեկ օր հետո Լենան նույնը չէր, ինչ երեկ:
Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: