2017 թվի օգոստոսին Խոսրովի անտառ պետական արգելոցը տեսավ իր պատմության ամենամեծ հրդեհը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այրվեց 2500-3000 հա, այլ կերպ ասած` արգելոցի 10%-ը։ Զգալի վնասներ կրեց արգելոցի էկոհամակարգը՝ էնդեմիկ ծառերն ու թփերը, միջատներն ու բույսերը։ Հրդեհը բռնկվել էր արգելոցի Խաչաձոր տեղամասում։ Հրդեհից երկու տարի անց էլ այրվածի մնացորդներին ձեռք տալիս` դեռ մրոտվում ես։

 

 

 

 


«WWF Հայաստան»-ի արխիվից

 

 

Այդ օրը երեխա ծնվեց

 

29-ամյա Արթուր Դանիելյանն իր մեծ ընտանիքով ապրում է Արարատի մարզի Տափերական գյուղում։ Արդեն չորս տարի աշխատում է իրենց գյուղից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Խոսրովի անտառ պետական արգելոցում։ Այստեղ էր աշխատում նաև հայրը։

Մինչև Խոսրովի արգելոցում գործի անցնելը Ռուսաստան էր գնում՝ արտագնա աշխատանքի։ Հենց ամուսնանալու որոշումը կայացրեց, էլ չգնաց։ Արթուրն ու Անին արդեն երկու որդի ունեն, բայց պլաններն այսքանով չեն վերջանում, պատմությունն էլ։ Ավագ որդու՝ Հրաչիկի ծնվելը ոչ իրենք կմոռանան, ոչ էլ անտառում այդ օրը հրդեհ մարողները։

 

 

 

 

Որդին ծնվեց 2017-ի օգոստոսի 15-ին՝ հրդեհի չորրորդ օրը։ Արթուրն իրենց առաջնեկին տեսավ երեք օրական։ Հաջորդ հանդիպումը 15 օր անց էր։

 

 

 

 

Թեև բուն հրդեհը տևեց 4 օրը, բայց արգելոցի աշխատակիցները ուժեղացված վերահսկողությունը շարունակում էին ﬔկ ամսից ավել. մարում էին ծխացող փոքր օջախները։

 

 

Դե չէի սպասում, որ կարող ա էդ օրը լինի։ 15 օր շուտ ծնվավ։ Բժիշկները սեպտեմբերի մինչև 5-ն էին ասել։ Էդ օրը անտառում հաց ուտելուց խոսում էինք, ընկերս կողքից, բա ինջի գնա, տղեդ ծնվել ա, խաբարն եկել ա։ Ասում եմ սուս էլի, գոնե ոչ էսօր, առանց էն էլ պաժառի թեժ օրն ա։ Որ իրիկունը իջանք, տղաները ծափերով դիմավորեցին։ Մենակ ես չէի, լիքը տղաներ են եղել, որ ինչ-որ առիթներ են ունեցել ընտանիքում, դեպք ա պատահել, որ պետք է գնային, չէին գնացել։ Նու կոլեկտիվ ա, եթե մեկս չի գնում, մյուսս էլ չի գնում։

 

 

 

 

 

Հրդեհը մարող ուժերը

 

Հրդեհի տարածման համար կային մի քանի առանցքային հանգամանքներ՝ բարձր ջերմաստիճանը, չոր խոտը, դժվար ռելիեֆը, տեխնիկայի ու ջրի սակավությունը։

Այդ օրերին այրվող անտառում աշխատում էին հրշեջ-փրկարարները, արգելոցի աշխատակիցները, հարակից համայնքների բնակիչները, ՊՆ Արարատի զորամասի զինվորները։ Այստեղ էին նաև Բնապահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարները՝ Արծվիկ Մինասյանն ու Դավիթ Տոնոյանը։ Մարդկային ուժը նման պայմաններում կարծես անզոր էր․․․

Մեծ հրդեհի մարելուն օգնեց 5-րդ օրը եկած անձրևը, թե նույն օրը գործի անցած ռուսական ինքնաթիռը, թե երկուսը միասին՝ այս մասով մասնագետների կարծիքը տարբեր է։ Չնայած այդ օրերին ԱԻՆ-ից ասում էին, թե իրավիճակին տիրապետում են, ու կամավորների կարիք չկա, բայց հրդեհն էլ չէր հանգում։ Անհանգստությունը մեծ էր, ու երրորդ օրը Երևանից Խոսրով հասան հինգ կամավոր։

 

 

 

 

 

Անի Խաչատրյանը նրանցից մեկն էր, ավելին, նա այստեղ աշխատող միակ կինն էր։ 

 

2017-ի օգոստոսի 14-ը նկարագրում է «դժոխք» բառով․ 100-200 տարեկան ծառերը աչքի առաջ լուցկու նման վառվում էին, շարժվող գետնի տպավորություն էին ստեղծում կրակից խուճապահար փախչող մանր միջատները։ Սրան գումարվում էր շոգը, կրակի տաքությունը, տեղանքի բարդությունը։ Արձանագրում է, որ այդ օրը կար հանդերձանքի պակաս, նաև գիտելիքի ու, որոշ դեպքերում, սրտացավության խնդիր։

 

 

 

33-ամյա Անին, բացառությամբ նախորդ տարվանից, Խոսրով միշտ գնացել է հանուն Խոսրովի։ Մինչև հրդեհը այնտեղ էր, երբ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ինչ-որ օբյեկտ էր կառուցում այնտեղ, կամ երբ հայկական Կարմիր գրքում գրանցված բեզուարյան այծի ու գորշ արջի որս էր եղել։

 

 

 

«Բավականին մեծ թեքության վրա հերիք չի դու մի հատ քեզ պետք ա պահես, մի հատ էլ գործողություն անես։ Օրվա արդեն վերջերին ծնկներս էնպես էին ցավում, որ չոքած էինք արդեն կրակի դեմ»,- պատմում է Անին։

 

 

 

Վրաստանից գալիս էինք ու իմացա, որ Արտավանում են հրդներ, սկսել էին նոր։ Հետո մի երկու օր անցավ ու սկսեց Խոսրովում։ Ուղղակի Խոսրովի հրդեհը էնքան իմիջիայլոց ասեցին, որ մեզ թվաց մի փոքր տարածք ա եղել, հանգցրել են։ Երկու օր հետո իմացանք, որ դեռ շարունակվում ա Խոսրովի հրդեհը, արդեն խառնվեցինք իրար, հասկացանք, որ լուրջ ա։ Հետո մեզ զանգեցին ներսի աշխատողներից, ասեցին, որ ԱԻՆ-ին մի լսեք, կամավորների կարիք կա, եթե ուզում եք գալ՝ հլեք, եկեք։ Հասանք տեղ ու հասկացանք վիճակը շատ վատ ա։ Մենք հասել ենք շուտ, որ շուտ գնանք, իրենք մլուլ են տալիս ու չեն շտապում, ինչը իմ համար աբսուրդ էր, որովհետև ես ուզում եմ րոպե առաջ հասնել, որովհետև ամեն րոպեն թանկ ա։

Երկար գնում էինք, ամբողջ ճամփին վառված տարածքներ էին, ահավոր էր։ Ուղղաթիռով ցեմենտի պարկեր էին թափել, իբրև թե պետք ա հանգցներ, բայց ոչ մի բան չէր արել, ընկել էր, ուղղակի մի փոքր ճղվել էր։ Ավտո շատ տեղեր չէր հասնում, զինվորներին էին բերել, զինվորներն էին իրենց ուսերով էդ 25 կգ-անոց 20լիտրանոց ջրի բաները կրում։ Ահավոր անկազմակերպ վիճակ էր ու տեխնիկայի ահավոր պակաս կար։ Ու նաև գիտելիքի պակաս կար, որովհետև մարդիկ չգիտեին ինչ անեին։

 

 

 

 

 

Անորոշ սահմաններ

 

WWF Հայաստանի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանն ասում է, որ Հայաստանում անտառային հրդեհները մեծամասամբ մարդածին են, ուստի կարծում է, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել կանխարգելման և արագ արձագանքման վրա։ 

Նա առաջրկում է օգտագործել տեղի կամավորական ուժը․ «Էն մարդիկ, որ անտառի կողքն են, ավելի լավ գիտեն ճանապարհները։ Եթե իրենք ունենան մինիմալ գույքը ու աշխատանքի դիմաց մինիմալ վճարվեն, մենք ամեն համայնքում կունենանք փոքր արագ արձագանքման խմբեր, որոնք կկարողանան ավելի շուտ տեղ հասնել, ու ավելի ուշադիր կլինեն»։

Հրդեհի օրերին հարակից համայնքների բնակիչները անտառում եղել են, կամավոր օգնել են, բայց անտառին լավ ծանոթներ էլի կային, որ որոշել էին չգալ։

45-ամյա Համլետ Ղազարյանն արգելոցի նախկին տեսուչներից է, բացատրում է, որ արգելոցի և հանրային հողերի սահմանները հստակ նշագրված չեն։ Հանրային հողերից օգտվելու նպատակով այստեղ մտնողները օգտվում են նաև անտառից։ Խնդիրն այն է, որ վերահսկումը ոչ հստակ է․ որոշ մարդկանց թողել են մտնել անտառ, որոշներին՝ ոչ։ Որոշներն էլ գաղտնի են մտել։

 

 

Համլետ Ղազարյանն ուրցաձորցի է, անտառին ծանոթ է հինգ տարեկանից։ Մինչև 2017 թվի հրդեհը երեք տարի աշխատել է Խոսրովի անտառ պետական արգելոցում։

 

 

 

Եթե անտառը հրդեհվում ա, առաջինը Ուրցաձոր համայնքն ա մասնակցում էդ հրդեհաշիջման աշխատանքներին, իսկ եթե մարդկանց նեղացնում են, շատ մարդիկ կան, որ հրաժարվում են գնալ էդ հրդեհը մարելու։ Ճիշտ ա, գնացել են մարդիկ, ահագին շատ մարդ գնացել ա, բայց երբ մարդկանց նեղացնում են, ձեռքից վերցնում են կամ չեն թողնում մտնել անտառ, ինչ-որ բանից օգտվեն, ընդհանուր կարելի ա գնալ։ Ճիշտ ա, մարդկային գործոնը սխալ ա, բայց կարելի ա մտնել-դուրս գալ՝ նայած տարածքների, որովհետև անտառում կան տարածքներ, որ անտառի քարտեզի մեջ չեն, համայնքներինն են՝ Փոքր Վեդի համայնքինն ա, Ոսկետափ համայնքինն ա։ Կան տարածքներ, որ մարդիկ անասնապահությամբ էլ են զբաղվում էնտեղ։

 

 


Արգելոցի տարածքում, ըստ Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի, խստիվ սահմանափակված է մարդու միջամտությունը, սակայն իրականության մեջ ամեն ինչ օրենքի նման հստակ չէ։

 

 

 

Ոչ պաշտոնական հաշվարկներ

 

Դեպքի վայր առաջին հասածները արգելոցի աշխատակիցներն էին։ Նրանցից մեկն էլ Տիգրան Անդրեասյանն էր. այն ժամանակ արգելոցի հատուկ ջոկատի տեսուչն էր, այժմ՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի ռենջերների համակարգողը։ Հրդեհի բռնկման օրը Տիգրանը աշխատանքի էր, հրդեհի օջախ հասավ կրակի սկսվելուց մոտ կես ժամ հետո։ Մի քանի ժամից իր համար արդեն պարզ էր, որ հրդեհը ավելի կմեծանա․ «էդ ժամերին քամի էլ էր, մարդու վազքի արագությամբ կրակը տարածվում էր։ Էնպիսի տարածքներ էր մտել կրակը, որ անհնար էր աշխատել»,- հիշում է 48-ամյա Տիգրանը։ 

Ինքն անտառի վնասների իր հաշվարկն է արել՝ մոտավոր 3000-4000 հա, նաև բացատրում է հետևյալը․ «Խոսրովի անտառածածկ տարածքը տասնըքանի տոկոս ա, իսկ էդ այրված տարածքը կազմում ա արգելոցի 10%-ը, բայց էն անտառածածկ տարածքի, ես կասեի, 50%-ն այրվել է»։

Ըստ գնահատումների, Խոսրովի մեծ հրդեհի հիմնական զոհը անտառի ամենաարժեքավոր ծառերից էր՝ գիհին․ հարուստ եթերայուղերի պատճառով այս տեսակը շատ արագ է այրվում։


Մասնագիտությամբ աշխարհագրագետ Տիգրանն արգելոցին մանկուց ծանոթներից է․ այստեղ են աշխատել ծնողները, եղբայրները, հետո նաև՝ ինքը։

 

 

 

WWF Հայաստանից Արսեն Գասպարյանն էլ բացատրում է, որ գիհին շատ դանդաղ աճող տեսակ է, իսկ կլիմայական փոփոխությունների պարագայում փաստ չէ, որ այն կվերականգնվի։ Մասնագետը նաև բացատրում է բավականին շահարկված թեզը, թե հրդեհից հետո անտառը վերականգնվել է․ «Հրդեհից հետո բնությունը կարող է շատ արագ արձագանքել, ինչ-որ տեսակներ` ծաղիկների, խոտաբույսերի, մեծածավալ աճ ունենալ և այլն, բայց դա չի նշանակում, որ էկոհամակարգը վերականգնվեց»։

Մինչև հիմա էլ առկախված է մնում հարցը` ո՞րն էր հրդեհի պատճառը։ Չնայած որ Քննչական կոմիտեն կարճել է հարուցված քրեական գործը և եզրահանգել է, որ ամենայն հավանականությամբ կրակն առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից, բայց մամուլում կասկածներ հայտնող հրապարակումներ կան, ու հարակից համայնքներում շշուկները չեն մարում, որ հրդեհը մարդածին էր։ Նույնիսկ հրդեհի օրը օջախին մոտ խոտի կապեր են եղել։

 

 

 


 

Տիգրան Անդրեասյանը պնդում է, որ գիհին չի վերականգնվի, ավելին, արդյունքում անտառի կառուցվածքն էլ կփոխվի՝ գիհու փոխարեն այլ ծառեր կաճեն։

 

 

 

Ես շատ հրդեհներ եմ տեսել, արգելոցի հետ կապված համարյա բոլոր հրդեհներին էլ մասնակից եմ եղել՝ հանգցնելու պրոցեսին, բայց 17 թվականի հրդեհը շատ ահավոր էր։

40 աստիճան շոգ, ամենափարթամ բուսածածկ տարածքներն էր։ Կրակի դեմ պայքարելը շատ դժվար էր։
Ես մի քանի անգամ եմ էդ պահերն ապրել։ Մարդն իր անճարությունից կարող ա նստի, լացի։ Օրինակ, էդ հրդեհի ժամանակ կազմակերպված տղաներով մեկն էդ ուժեղ կրակն ա հանգցնում, էն մեկը հետևից նասոսներով ջուր ա փչում, էն մյուսն էլ հետևից գալիս ա, որ մի հատ մոծիլ մնացած ա լինում, ոտքով ա տրորում, սենց գնում ես, մի կմ հատված բարձրանում ես, ուրախանում ես, էսքան հատված հանգցրեցինք, մեկ էլ քամին հակառակ, կամ մի տեղից մի հատ մոծիլ, քու էդ հանգցրած տեղից կրակը նորից բռնկվում ա, միանգամից ոնց որ թևաթափ լինես։ Քո անճարությունից չգիտես ինչ անես։

 

 

 

 

 

 


Նյութի գլխավոր նկարը տրամադրել է «WWF Հայաստան»-ը, իսկ տեսանյութերը «Հայկական բնապահպանական ճակատ»-ինն են: