Ինչ ինձ հիշում եմ, պատերազմ ա։

РУБИН, Горизонт Ц-355, Panasonic, SONY, Grundig, Samsung հեռուստացույցների ալիքները փոխելու արանքում ձեռքս կոշտացավ. պատերազմը փոխեց տեղանքը, լեզուն, զինանոցը, գինը, բայց չիջավ կապույտ էկրանից: List.am-ով վերջին մահաբեր էկրանը խուրդելուց հետո էլ ոչինչ չփոխվեց… Մնացինք գոյելու պատերազմի մեջ, պատերազմի կողքին, պատերազմից պատերազմ: Պատերազմը կպավ մաշկներիս, բանտեց ճահճագույն հանդերձանքի մեջ, ստիպեց սպասել, խոստացավ վերադառնալ: Պատերազմը մնաց ավանդույթ միմյանց գերազանցելու, տիրելու, ենթարկելու հանուն՝

Արքայության

Զորության

Փառքի

Հավիտյանս

Հավիտենից

ԱՄԵՆքիս ձեռամբ։

Նորիկ Հակոբյան, 27 տարեկան, Եղեգնաձոր
պատերազմի ընթացքում՝ կամավոր (կապավոր, շարքային)
մարտական գործողությունների վայրը՝ Մարտունի
մասնագիտությամբ՝ իրանագետ, արշավային զբոսավար
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ յուրաքանչյուր սերունդ գոնե 3 պատերազմ ա տեսել. գենետիկ հիշողություն ա դարձել պատերազմը, որովհետեւ սերունդը դեռ չփոխված, մտածելակերպը դեռ չփոխված, էլի պատերազմ ա։ Պատերազմը միշտ ներկա ա մեր կյանքում։

Արշավի էինք Վայոց ձորում, երբ իմացա՝ պատերազմն սկսվեց… Մի քանի կմ քայլելուց հետո ուղղաթիռներ նկատեցինք, զգացինք, որ լրջանում է վիճակը… Սեպտեմբերի 28-ին գնացի պատերազմ, վերադարձա հիսուն օր անց՝ նոյեմբերի 17-ին։

Պատերազմի դաշտում հիսուն օր եղա․ իրենց հրանոթի ու տեխնիկայի հզորությունն զգացի, բայց դեմք չտեսա: Ծանր ա, երբ դու կռվում ես չերեւացող թշնամու դեմ, երբ գիտես՝ ինքը կա, բայց չես տեսնում իրեն։ Ինքը պայքարում ա հրանոթով ու անօդաչուով, դու՝ ավտոմատով…

Ես որպես կապավոր եմ ծառայել բանակում։ Առաջին անգամ պատերազմի շունչն զգացել եմ հենց ծառայության ժամանակ. էնպես էր եղել, որ դիրքերում երեք օր կապ չունեինք ու ստիպված էի ձյան ու զրո տեսանելիության պայմաններում, առանց համապատասխան սարքավորումների, մագլցել լեռները՝ վնասված գիծը գտնելու համար… Էդտեղ թշնամին սկսեց կրակել… Փամփուշտներից խուսափելու համար պառկեցի հողին ու 150 մետրի չափ ձորը գլորվեցի… Արդյունքում թշնամու փամփուշտն ինձ չվնասեց, բայց բնությունը ջարդուփշուր արեց։

…Մի գրադի հարվածից մինչեւ մի լուսաբաց ամբողջ մտածեկալերպ ա փոխվել… Ու էդպես կյանքը գնահատելու մոտեցումն էլ ա փոխվել։ Հիմա ամեն րոպեի արժեքն ավելի սուր եմ զգում։ Պատերազմն էդպես «մոտիվացնող» ա․ երբ հասնում ես մի կետի, որ կարա ամեն ինչ փլուզվի, ոչնչանա, սկսում ես վախենալ կորցնելու մտքից… Դրա համար հիմա ավելի շատ եմ աշխատում, ուղիներ եմ փնտրում, որ մի տեղ չհաջողեմ, մյուս տեղում հաստատ ստացվի, փորձում եմ մի բան փոխել հասարակության մթնոլորտում։

Առավելապաշտության ձգտումն ա բերում պատերազմների։ Եթե մտածես՝ արդյոք կփոխվի մարդկությունը, հավասարազոր ա տիեզերքի անվերջության մասին մտածելուն։ Ու գիտակցում եմ, որ էդ պահը նորից կարող է կրկնվել, գիտակցում եմ, որ պատերազմից հետո միտքը սկսում ա թմրել, կորցնել զգոնությունը, որովհետեւ ուզում ա արագ մոռանալ էն, ինչ եղավ… Մենք պիտի մեկ օրը հինգ օրվա պես ապրենք՝ ավելի արդյունավետ, ավելի գիտակցված։

Ես ոչ մեկին առհասարակ չեմ մեղադրում։ Պատերազմում էի, որովհետեւ իմ պատասխանատվությունն ու իմ տեսակն է էդպիսին։ Չգնացողին մեղադրելը (առհասարակ մեղադրելը) մասնատում ա․ պատերազմից հետո հատկապես միասնականության կարիք կա… Եթե ես մեղադրեմ, էդ բաժանումն ավելի կխորացնեմ։

Լեռների գեն կա։ Լեռն ստիպում է չգիտակցվածը գիտակցել։

Չես կարող լեռը «գրավել». սա հենց նույն առավելապաշտությունն ա… Դու մի քանի հարյուր տարի հետո մի բուռ ես էդ լեռան ստորոտում… Դրա համար իրեն «հաղթելը» մտքիցդ հանում ես, սկսում ես համակերպվել իր հետ, ենթարկվել իրեն, սիրել, գնալ, բարձրանալ ու էլի վերադառնալ։ Լեռան գագաթից շատ ավելին ա երեւում, լեռան գագաթը հնարավորություն ա ստեղծում հեռուն նայելու։ Ավելի պարզ գիտակցելու, մտածելու ու տեսնելու համար պիտի էնտեղից նայես..
Մեսրոպ Բադալյան, 21 տարեկան, Երեւան
պատերազմի ընթացքում՝ ժամկետային զինծառայող (հրետանավոր, 120մմ ականանետային
մարտկոցի 1-ին հաշվարկի հրամանատար, սերժանտ)
մարտական գործողությունների վայրը՝ Վարանդա (Ֆիզուլի), Շուշի
մասնագիտությամբ՝ ձյուդոիստ
Հայրս ինձ հայրենասեր ա դաստիարակել. միշտ ասում էր՝ առաջինն ազգն ա, հետո նոր՝ ընտանիքն ու մնացած բաները… Ասում էր՝ սահմանից ա հայրենիքը սկսվում, ու պիտի ծառայես… Հայրենիքը… Էն ա, ինչի համար կյանքդ պատրաստ ես տալ։ Գիտեի, որ պատերազմ եղավ, առաջիններից եմ գնալու։

Երրորդ օրն էր, երբ մեր մարտկոցից զոհեր ու ծանր վիրավորներ ունեցանք։ Էդ օրը ինչ տեսա, աչքի համար նորմալ բան չէր։ Ամեն ինչ ավելի ծանր էր, որովհետեւ էդ ամենը տեղի էր ունեցել մարդկանց հետ, ում հետ մի տանիքի տակ ես ապրել, մի ընտանիքի պես ես եղել, ամեն օր իրար դեմք եք տեսել… Մեկ էլ տեսնում ես՝ էդ ինչ-որ մեկը էլ չկա՝ կամ մասնատված ա, կամ գոտկատեղից ա կիսված… Ուզում ես օգնել, բայց ի՞նչը վիրակապես, երբ կեսից չկա…

Բաց դաշտի մեջ 22-24 հոգուց ոտքի վրա մնացել էինք 8 հոգի․ մնացածը կամ ծանր վիրավոր էին, կամ զոհվել էին։ Վիրավորներին Պոնչը հասցրեց հոսպիտալ, մնացածս իջանք։ Երբ մտանք զորամաս, էդ պահին հասկացա, որ գոյություն չունեմ, որ անկախ ինձնից արցունք ա գնում։ Սպառված վիճակ էր… Չգիտեմ… Մեջիս մարդը մահացել էր։

Ֆիզիկապես էլ էր արտահայտվում դա. դող էր տալիս վրես, ջերմությունս բարձրացրել էր, ինքս ինձ ասում էի՝ «հավաքի քեզ, տղամարդ ես, թե ինչ ես, նորմալ ա… Նորմալ ա, որ էս վիճակին ես. պատերազմ ա…»։

Երազում էի հարձակման մասին, որ մի հատ հրաման լիներ առաջ գնալու… … Երբ նահանջում էինք, անտանելի վատ էի զգում։ Շուշիի ընկնելը վերջին կետն էր… Ծանր ա, երբ հագդ համազգեստ ա ու գիտակցում ես, որ պիտի մինչեւ վերջ կանգնեիր, պահեիր հողդ արյան գնով, բայց նահանջում ես… Անտանելի ա էդ միտքը։ … Ամեն մեկն ունեցել ա մի ծանոթ, ընկեր, հարազատ, որ զոհվել ա պատերազմում… Բոլորս մարդ ենք կորցրել… Էդ կորստով հանդերձ սփոփանք չկա, դժվար ա նվաստացած ապրելը… Դժվար ա գիտակցելը, որ մեր սերունդները պատերազմ անընդհատ են տեսնելու։

… Բայց չեմ վախենում տղա զավակ ունենալուց․ հենց էս երկրում ա պետք տղա ունենալ… Երեխայիդ զոհվելու միտքը վախենալու բան ա, բայց ոնց ինձ են դաստիարակել, էնպես էլ ես եմ վերաբերվելու իմ էրեխուն։ Իմ էրեխենն առաջինն իմ ազգինն ա, իմ երկրինն ա, հետո նոր՝ իմը։ Չգիտեմ՝ ինչքանով ա նորմալ ասածս, բայց էդպես եմ մտածում։

Ճիշտ ա, ես սպորտսմեն եմ, իմ կյանքով եմ ապրում, ազատություն սիրող մարդ եմ, բայց համբերատար, ատամներս կրճտացնելով սպասում եմ՝ եթե լինի պատերազմը պիտի չհասցրածն էդ անգամ անենք, ինչն էլ հասցրեցինք, բայց մեր սրտով չդառավ, փորձենք փոխել, դարձնել մեր սրտով։

Ես ինձ զինվոր չեմ զգացել ու երբեք էլ չեմ զգա, որովհետեւ չսիրեցի «ասֆալտի ծառայությունը», հավսար-զգաստը… Երբ պատերազմ ա, էլ «զինվոր» չես, մարտիկ ես։ Սա լրիվ ուրիշ զգացում ա… Դրա համար գիտեմ, որ պատերազմ եղավ, առաջիններից եմ գնալու։
Նարեկ Բաբայան, 20 տարեկան, Երեւան
պատերազմի ընթացքում՝ ժամկետային զինծառայող (ՀՄՄ 2-ի հրամանատար)
մարտական գործողությունների վայրը՝ Մարտակերտ
մասնագիտությամբ՝ գովազդի մասնագետ, կանչերի կենտրոնի օպերատոր
Ինձ միշտ թվացել ա, որ պատերազմը գրքերում գրված տեքստ պիտի մնացած լիներ։ Ու բոլոր պատերազմները հեռու եմ կարծել, մեզ չհասնող մի բան, չոր ինֆորմացիա՝ «մեկը մյուսին սպանեց», էն մեկը հաղթեց, ու վերջ… Փոքր ժամանակ կռիվ-կռիվ խաղալով ու կինոներով ենք տեսել՝ ինչ ա դա, ուզել ենք նմանվել մեր սիրած հերոսներին, դպրոցում էլ՝ պատմության դասերից իմացած պատերազմներում հայը միշտ «հաղթող» ա եղել, ու վերջ։ Ոչ մի կերպ չեմ պատկերացրել պատերազմի սարսափը…

…Կիրակի էր, ու պադյոմը մի ժամ ուշ պիտի լիներ, բայց շուտ հանեցին։ Օրվա հերթապահը, որ լեննականցի տղա էր, գոռաց․ «Տղերք, հլը բեսպիլոտնիկի ձենն ինչ մոտիկից կու գա»։ Դուրս էկա, քայլեցի առաջ, փոխգնդապետիս կողքը կանգնեցի․ սահմանի ողջ գծով ոնց որ տոնածառի գիրլյանդա գնար։ Խնդացի, որովհետեւ չգիտեի՝ ինչ անեմ, ոչ մի ձեւ չէի պատկերացնում, որ մեզ կհասնի… Բայց եղած հեռավորությունը երեւի մի 3 կմ էր… Փոխգնդապետը գոռաց, թե փախեք պադվալ… Ընկած պադվալի բանալին էինք ման գալիս, չէինք գտնում։ Երկաթի կտորով ջարդեցինք դուռը (տղերքից մեկն էնքան լարված էր, որ ներսում նոր ջոկեց՝ բանալին մոտն էր)…Սպասում էինք հրամանի, բայց մինչեւ վերջ հրաման չեղավ։ Մնացինք սպասելով…

Երկու 5 լիտրանոց ջրի շշերով վազում եմ, կողքս պայթում ա, դխկում ա, ու ես չեմ կարում ասել՝ ես հանգիստ մարդ եմ, տենց բան մի արեք ինձ հետ․․․ Վազում եմ ու մտածում՝ ինչի եմ ես խաղաքարտ մեծ խաղացողների ձեռքում, ինչի պիտի սենց լինի։ Էդ շոկի մեջ ոչ ծնող, ոչ հայրենիք, ոչ մի բան չկա։ Մենակ տեսածիդ մասին ես մտածում, մենակ հետիդ տղերքն են մոտիվացնում․ անում ես էն, ինչն իրենց օգնելու ա ողջ մնալ։

Եղել ա օր, որ աչքներս բացել ենք ու մինչեւ մութն ընկնելը 5-6 հոգով խցկված ենք եղել մի ժայռի տակ ու դուրս գալ չենք կարողացել, որովհետեւ անդադար կրակել են։ Էդ ժամանակ ֆոտոստուդիայի հատակագիծ էի նկարում․ մտածում էի, որ պիտի զորացրվելուց հետո բացենք տղերքից մեկի հետ… Բիլետիս մեջ պահում էի էդ «հատակագիծը»…

Ռմբակոծությունների ժամանակ էլ պադվալում կարդում էի (ընդունվելու հաջորդ օրը զորակոչվել էի բանակ)․ տղերքը ձեռ էին առնում, թե բա կռիվ ա, հեսա մեռնելու ենք, դու կարդում ես… Խնդալով ասում էի, որ եթե չմեռանք, ես եմ մեջներից շահածը դուրս գալու… Երեւի կարդալը միջոց էր, որ ինձ կտրեմ էդ սարսափ վիճակից, որ հույս ունենամ՝ հետ եմ գալու ու իմ սիրած բանով զբաղվեմ (Գովազդի ու Փի Ար-ի բաժին էի ընդունվել անվճար):

Պարտության գիշերը կրակոց չկար։ Երբ իմացանք կռիվը պրծել ա, չքնեցինք… Համ ուրախ էինք, որ վերջ, համ անսովոր էր, որ դխկոց չենք լսելու, համ ցավոտ շատ, որ սենց ավարտվեց։

Պատերազմից հետո ոչ մի պայմանից բողոքելդ չի գալիս։ Հենց հիմա ցուրտ ա, չէ՞, ես էլ դողում եմ, բայց մտքովս չի անցնի, որ ցուրտ ա, մինչեւ մեկը չասի…

Չեմ հավատում, որ պատերազմը կկրկնվի։ Ավելի ճիշտ չեմ ուզում հավատալ, որ կկրկնվի։ Չեմ ուզում լինել զինվոր, ու երեւի ոչ մեկ էլ չի ուզում։ Ոչ մեկ չի ուզում հայրենիքի համար մեռնել. բոլորն ուզում են իրենց հայրենիքը տեսնել։ Բայց… Գիտեմ՝ եթե գործը հասավ պատերազմին, ընկերներս գնալու են, ես էլ՝ իրենց հետ։
Զարեհ Գասպարյան, 27 տարեկան, Երեւան
պատերազմի ընթացքում՝ կամավոր (գնդացրորդ, շարքային)
մարտական գործողությունների վայրը՝ Մարտունի
մասնագիտությամբ՝ երաժիշտ (էլեկտրոկիթառահար)
Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո անընդհատ երազներ էի տեսնում, որ Արցախում եմ։ Վերջին երազը պատերազմից մեկ կամ երկու ամիս առաջ էր. տեսա, որ զենքը ուսիս, հողոտ տեղանքով քայլում եմ դեպի ընկերս, ում հետ Ստեփանակերտում ենք ծառայել։ Մայրաքաղաք Ստեփանակերտի սարքված փողոցով պիտի քայլեի, բայց հողերի միջով էի գնում… Պատերազմն սկսվեց, ու 5-6 տարվա երազներս պատասխանի պես դարձան։ Գիտեի, որ վերադառնալու եմ պատերազմից, որովհետեւ էդ նույն երազներում ասում էի՝ տուն կգնանք։

Պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, կամավորագրվեցի։ Էդ օրը երեկոյան պիտի դասավանդեի։ Մտել եմ տուն, զինվորական գրքույկս վերցրել, դասս տվել ու մի ժամ հետո գնացել…

Պատերազմում սկիզբը բարդ ա. ամբողջ կյանքդ փոխվում ա, իսկ դու պատրաստ չես էդ փոփոխությանը, որովհետեւ քեզ ոչ մեկ բան չի զգուշացրել, ոչ մեկ բան չի հարցրել։ Ասում ես՝ էս ինչ ուժեղ կենդանի ա մարդը. ո՞նց ա միանգամից էս փոփոխությանը ենթարկվում, ո՞նց ա պատերազմի դաշտում էլ ցինիկանում, հումոր անում… Էդ ժամանակ մարդը հենց էն ա դառնում, ինչ պետք ա էդ պահին։

Բարդ ա հիշել՝ պատերազմից առաջ ինչպիսինն եմ եղել… 44 օրերի ընթացքում աննկարագրելի էմոցիաներ եմ ապրել, դաստիարակվել եմ։ Հիմա ասում եմ՝ «ինձ պետք էր» էդ պատերազմը, որ սովորեի սիրել մարդկանց, որ սովորեի ժամանակ չկորցնել… Մեր ժամանակը վաղը չի, վաղը չէ մյուս օրը չի, հենց հիմա ա… Էսօրվա չակերտավոր խաղաղությունը վաղը կարա չլինի, ու մենք ժամանակ չունենանք սիրելու։ Հենց էսօր ու հենց հիմա ա պետք անել էն, ինչ պիտի անես։

Պատերազմից հետո բարդ էր առօրյա կյանք վերադառնալ, բարդ էր մարդկանց աչքերին նայել, ովքեր մնացին Երեւանում, ովքեր շարունակում էին ապրել այնպես, ոնց կային։ Փորձում էի պայքարել, որ մեղադրական մտքեր չառաջանան… Հիմա երեւի թե անցել ա էդ ամենը։

Ես գիտակցել եմ, թե ինչ կռիվ են տվել մեր մշակույթի գործիչները։ Մարդկանց հարցնում ես՝ ով է Կոմիտասը, պարզ պատասխաններ են տալիս՝ երգահան, ուսուցիչ, վարդապետ… Հա, պարզ անունով էդպես է, բայց ինքն իրականում հասկացել ա, որ առանց մշակույթի կջնջվենք միանգամից, ինքը հաստատել ա, որ հայն ունի սեփական երաժշտությունը, հավաքել ու փոխանցել ա սերնդեսերունդ… Ու, եթե Կոմիտասը չաներ էդ գործը, մեզ ջնջելն ավելի հեշտ էր լինելու։ Օրինակը երաժշտության վրա բերեցի, բայց ամեն մեկն էդպիսի մի քար ա դրել, մի գործ ա արել, որ մնանք… Ուրիշ տարբերակ չկա։

Չեմ ստի, որ ասեմ՝ հանուն մշակույթի էր իմ համար էս պայքարը ու հանուն հայ մշակույթի: Հիմա էլ իմ փոքրիկ քարն եմ ուզում դնել էդ մեծ քարերի կողքին. երաժշտություն դասավանդելուց, երբ ինչ որ արդյունք եմ տեսնում, երջանկանում եմ։

Ընկերներով արդեն մեկ տարի ա՝ կամավորական նախաձեռնություն ենք իրականացնում՝ «Մշակութամետը»։ Ամեն շաբաթ-կիրակի հինգ-վեց ժամ ճանապարհ ենք անցնում, գնում սահման՝ Այգեձոր, Չինարի գյուղեր, Երասխ, Արցախի Աղավնո գյուղ, Ճամբարակ, դասավանդում ենք, վերադառնում քաղաք։ Ամենաթանկ բանը՝ ժամանակը, նվիրում ենք էդ էրեխեքին. մենք մեզ հետ ինչ-որ արտառոց բան չենք տանում. տանում ենք գիտելիք ու սեր։ Էդ էրեխեքը փոխվում են, ապրելու գինն սկսում են իմանալ…

Հանրապետության հրապարակը չի մեր երկիրը․ մեր երկիրը սկսվում ա սահմանից, մարդուն ուշադրություն դարձնելուց։ Երբ հայ ընտանիքում տղա ա ծնվում, իր անունը «Հայ ա», ազգանունը՝ «Զինվոր», ու դա մեր երկրորդ, երրորդ դերը չի, մեր կյանքն ա, մեզ տրվածն ա, մենք էդպիսի տեղ ենք ծնվել… Ու քանի դեռ խաղաղությունը հաղթանակով չենք վաստակել, պիտի պատրաստվենք՝ սխալը չկրկնվի… Ժամանակը հետոն չի, հիման ա։
Պետք ա կրթվել ու կրթել։ Եթե էսօր էդ ուղով գնանք, վաղը երկիրը պահելու խնդիր չենք ունենա։
Սեդրակ Վելիկոդնի, 48 տարեկան, Երեւան
պատերազմի ընթացքում՝ ՄՈԲ (շարքային)
մարտական գործողությունների վայրը՝ Դժոխքի ձոր
մասնագիտությամբ՝ նկարիչ
Պատերազմի մասին իմացա, հենց որ զարթնեցի. մոտավորապես 11-ն անց էր: Վեր կացա, ինչ-որ գործով զանգեցին ինձ, խոսացինք, անջատեցի, մտա ֆեյսբուք ու առաջինը, ինչ տեսա՝ «ՊԱՏԵՐԱԶՄ»:

Ընկերուհուս տղան «Եղնիկներում» էր ծառայում, առաջինը զանգեցի իրեն, որ հասկանամ՝ ինչ վիճակ ա, խոսացել ա, չի խոսացել… Վերջին անգամ տղան կապի էր դուրս եկել հոկտեմբերի 2-ին… Ես արդեն ծանոթներ էի գտել, որ գնամ «Եղնիկներ», ինչ որ ձեւ օգնեմ, բայց Ալենը հոկտեմբերի 2-ի գիշերը զոհվեց, իսկ մենք մահվան լուրը ամսի 6-ին իմացանք։

Ես կամավորագրվեցի ու միաժամանակ ծանուցագիր ստացա: Հոկտեմբերի 21-ին գնացի: Հատկապես Ալենի մահվանից հետո շատ պարզ հասկանում էի՝ էնտեղ ինչ ա կատարվում։ Մեր արվեստանոցներում Ղարաբաղից փախստականներ էին ապրում. իրենց միջոցով էլ էինք ինֆորմացիա ստանում… Ես պատրանքներ չունեի։

Սկզբից գնացինք Սովետաշեն։ Առաջին օրը 9 պատրոն տվեցին, կրակեցինք, երկրորդ օրը մարդը մի գրանատ շպրտեցինք։ Հոկտեմբերի 21-ի երեկոյան մեզ ամեն ինչ տվեցին՝ բրոնե ժիլետ, բուշլատ, զենք, կասկա… Ես պատրաստվածություն չունեի. բանակում ծառայածս էլ մի 100 տարի առաջ էր. մեծ հաշվով անփորձ էի, բայց տեղս էլ նստել չէի կարող։

Ասեցին՝ Ջաբրայիլ (Ջրական) պիտի գնանք, վերջում պարզվեց` գնում ենք Լաչինի ճանապարհը պահենք։ Գնում ենք Դժոխքի ձոր… Լցվեցինք գրուզավիկը, ոնց «կանսերվի» բանկի մեջ կլցվեինք՝ գլխներիս գրանատի յաշիկ, ձեռ, ոտ, ավտոմատ՝ իրար խառնված… Եթե ինչ-որ բան լիներ, էդ գրուզավիկից դուրս գալը հարց էր լինելու։

24-ից 52 տարեկան մարդ կար՝ բենզալցակայանի բենզին լցնողից սկսած, որ հազիվ ա երկու խոսք հայերենով կապում, վերջացրած սիմֆոնիկի մրցանակակիր թավջութակահարով։

Ինչ-որ ուստավ կար՝ գերի չընկնել, չնահանջել, վերադառնալ կենդանի… Ու դե աղոթում էինք. ասում են՝ մինամյոտի կրակի տակ անհավատներ չկան… Ցավոք սրտի, առաջին մարտից հետո պարզվեց, որ 7-8 հոգի մեր «առյուծ» տղաներից փախել են… Թավջութակահարը չփախավ, պուճուրիկ-մուճուրիկ «Հոբիթը», որ հիմա մատուցող ա աշխատում, չփախավ… Սանիտարը՝ բժիշկ տղա, որ սուսփուս իր գործն անում էր, չփախավ… Բայց «դոշ տվողները», որ ասում էին՝ «հեսա գնանք, սպանենք-մորթենք», փախան…

Մեր բախտը բերել էր, որ մեր եղած տեղանքում գյուղացիները քարանձավներ էին փորել. մի սենյակի չափ տեղ էր, բայց 2 դասակ էր տեղավորում…

Ռմբակոծությունների ժամանակ դրա շնորհիվ շատ զոհ չտվինք, թե չէ ինչ ասես գլխներիս էր թափվում։ Ֆոսֆորը, երբ լցվում էր, վարագույրի պես էր ու շատ սիրուն… Էն որ հասկանում ես՝ վտանգավոր ա, բայց, մեկ ա, կանգնում, նայում էինք։

47 հոգով էդ տարածքը պահեցինք, նահանջ չունեցանք, չնայած հետո իմացանք, որ 3 կողմից շրջափակման մեջ էինք։ Մինչեւ նոյեմբերի 30-ը մնացինք, հետո որոշում եղավ, որ զորքը հետ պիտի քաշվի… Որ իջանք, զարմացած էի՝ ոչ մի էմոցիոնալ սթրես չկար։

Սթրեսը սկսվեց, երբ քաղաքում սկսեցի տարբեր մարդկանց հետ շփվել. փողոցում «դավոլնի» փորով տղերքն էին՝ ավտոների ձենը քոքած… Մտածում ես՝ էդքան ջահել էրեխա սրանց համար զոհվեց, որ փողոցի մեջտեղում ավտոյով կանգնեն, մարդկանց տեղ չտան, բարձր-բարձր ղժժան՝ «հորս արեւ, մորս արեւ»…

Շատերը կան, որ ոչ մի բան չարած, փորձում են իրենց համար անուն ստեղծել, շատերն իրենց հերոսացնում են, բայց բան չեն արել իրականում… Հա, մասնակցել են, բայց դու տեսել ես էդ «մասնակցածը»… Փախածներից մեկը մեդալ ա ստացել, իսկ տղերք կան, որ ինչ ասես արել են, բայց ձայն չեն հանում, բան չեն պահանջում։

Պատերազմից հետո ինձ մոտ ահագին բան վերացավ՝ ամբիցիա, ինչ-որ բանի հասնելու ձգտում… Կենդանի ես, ու էդքանը հերիք ա… Բազկաթոռին երկու շալվար ա, ու ավել բան պետք չի, մինչեւ չմաշվեն…
Արտուշ Միքայելյան, 24 տարեկան, Գյումրի
պատերազմի ընթացքում՝ ժամկետային զինծառայող (ՀՕՊ զորքեր)
մարտական գործողությունների վայրը՝ Հադրութ, Մարտունի, Ասկերան, Ճարտար
մասնագիտությամբ՝ թատրոնի ռեժիսոր
Պատերազմն ինձ համար Ռուբեն Հախվերդյանի` «Ես սպասում եմ քեզ, հայրի՛կ» երգի հետ է կապված։ Էդ երգն իմ մանկությունը տակնուվրա արեց…

«Այս տարվա քո նվերները
Մութն ու ցուրտն են, ի՛մ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը
Քեզ դարձել են խաղալիք:
Եվ այս խաղը պատերազմն է,
Որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է՝
«Ես սպասում եմ քեզ, հայրի՜կ»»…

… Պապայի ընկերներից մեկը Արցախյան առաջին պատերազմի լուսանկարիչներից էր։ Աչքի պոչով միշտ կողքից նայում էի՝ ոնց են ինքն ու պապան աշխատում էդ արխիվի հետ… Մինչեւ մի օր ծանր կադրեր տեսա, ու դրանից հետո Արցախյան ազատամարտի մարտիկների մասին խոսք էր գնում, թե չէ, էդ կադրերն էին մտքիս… Պատերազմի թեման միշտ էր ակտուալ մեր տանը, բայց փոքր տարիքում թվում էր՝ վերջ, էլ չի լինի, միշտ է խաղաղությունը լինելու…

… Իմ ծնունդի գիշերն սկսվեց պատերազմը: Մտածում էինք՝ հերթական տագնապն ա, բայց հարակից դիրքի ուղղությամբ, մեզնից մոտ 1-2 կիլոմետր հեռավորությունից, սկսեցին հրետակոծել: Իրավիճակն անհասկանալի ու աննկարագրելի էր. չէինք գիտակցում՝ ինչ ա կատարվում…

Մեր ռազմական խնդիրը ՀՕՊ համակարգ հրամանատարական կետի պաշտպանումն էր… Մի քանի ժամում հետախուզական ու հարվածային ԱԹՍ-ներ սկսեցին պտտվել… 10 հոգու համար նախատեսված բունկերում 30-ից ավելի վիրավոր լցվեց… Մեկի ձեռքը չկար, մյուսի՝ աչքը… 40-ից ավելի մարդ՝ 10 հոգու համար նախատեսված բունկերում, պատերին ու իրար սեղմված, ծանր, թունդ արյան հոտ էր շնչում, մեռելի հոտ… Բռունցքներս սեղմած՝ սպասում էինք հարվածի, հասկանում էինք, որ կյանքի վերջին րոպեներն ենք ապրում։

Պատերազմի ողջ ընթացքում ամեն օր վերջին օրն էր։

Տնեցիներին ասում էինք՝ նորմալ ա, վտանգ չկա, բայց ամեն ինչ արդեն ոչնչացրել էին, մենք զրկվել էինք մեր հիմնական մարտական ֆունկցիաներից։ Երեք ընկերներով, որ մտերմացել էինք պատերազմի ընթացքում, փորձում էինք ինքնակազմակերպվել ու սնունդ տեղափոխելու պատրվակով գնում էինք առաջնագիծ…Երեքիցս երկուսս վերադարձանք. Արոն, որ զգում էր իր մահը ու հա դրա մասին ասում, զոհվեց Շուշիում…

Ավարտի լուրը, որ եկավ, լացն ու ծիծաղը խառնվել էին․ տղերքի ու տարածքների կորուստը, ու մեր ողջ լինելը… Աբսուրդ էր… Տղերքի դատարկ անկողինների կողքը քնելը ծանր էր։

Զորացրվելուց հետո էլ երազներումս հա պատերազմն էր։ Պատերազմը չի ջնջվում… Բայց սկսում ես գնահատել ամեն րոպեն, ընտանիքիդ անդամների հետ շփվելու ամեն վայրկյանը… Սկսում ես հասկանալ, որ կարեւոր թվացող բաները՝ թասիբ, սրբություն, եսիմ ինչ, կեղծ կատեգորիաներ են։ Հասկանում ես, որ ոչ մի սկզբունք համարժեք չէ մարդկային կյանքին… Ու միեւնույն ժամանակ թիվ մեկ տագնապի վիճակում ես, որ հանկարծ լուրը եղավ, վեշ-մեշոկդ հավաքես, գնաս…

…Պատերազմն ինտելեկտի բացակայության արդյունք է. ամեն բան չափազանցնելու, բնազդներով առաջնորդվելու, ուժը ցուցադրելու, ամբիցիաներ պարտադրելու, կրոնի, մշակույթի գերի դառնալու հետեւանք է… Վաղուց սպառված գաղափարախոսությունների զոհ ենք բոլորս… Կա «մեկ» պետություն՝ Երկիր մոլորակ… Հավերժ խաղաղություն կուզեի այդ մոլորակի համար։