6 մարզ, 52 դպրոց, 5000 աշակերտ, 71 ուսուցիչ. «Դասավանդիՙր, Հայաստան» ծրագրի վիճակագրությունն է:
Ամեն անգամ առաջին հանդիպում. ծուխը գլխին գյուղեր, ցեխ, խոնավություն, դպրոցի անզիջում զանգ, սեղմված ձեռքեր, սուրճի սեղանիկ, ներկաթափ փեղկեր, կանոնիկ շարված գոմաղբ:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ծրագիր է երիտասարդ մասնագետների համար, ովքեր տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը:

Աշակերտ՝ ուսուցչի տան բակում:

Ձորագյուղի դպրոցի սպորտային դահլիճ: Զատիկին նվիրված հանդեսից րոպեներ առաջ:

Անուշ Մուրադյան, 25 տարեկան: Դասավանդում է մաթեմատիկա Կաթնառատի հիմնական դպրոցում: Անուշը դասավանդում է երեք դասարանի 31 աշակերտների, նաեւ դասղեկ է:

Յաղդանի հիմնական դպրոցի բակ: Դասամիջոց:

Կաթնառատի հիմնական դպրոց: Մաթեմատիկայի դասաժամ:

Սուսաննա Տատյան, 27 տարեկան: Դասավանդում է անգլերեն Սարչապետի հիմնական դպրոցում:

Ձորագյուղի դպրոցի սպորտային դահլիճ: Զատիկին նվիրված հանդեսից առաջ երեխաները զարդարել են տոնական սեղանը:

Լեռնահովիտ: Աշակերտուհին դասերից հետո կանաչի է հավաքում: Այգին վերականգնել են հենց աշակերտները:

Խաչիկ Չուխաճեան, 28 տարեկան: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի փիլիսոփայության բաժնի շրջանավարտը Մեդովկայի դպրոցում պատմություն է դասավանդում, նաեւ՝ անգլերենի պարապմունքներ անցկացնում: Դասարանի հետ անգլերենով Բիթլզի գործերից են երգում:

Մեդովկայի հիմնական դպրոց: Դասամիջոց: Կարկուտ է տեղում:

Մեդովկա: Ուսուցիչը տուն գնալիս աշակերտուհուն տուն է հասցնում:

Նարեկ Արզումանյան, 22 տարեկան: Ձորագյուղի հիմնական դպրոց: 34 աշակերտներից 30-ին Նարեկը դասավանդում է աշխարհագրություն, տեխնոլոգիա, «Ես եւ շրջակա աշխարհը»: Դասղեկական դասարան էլ ունի՝ 4 աշակերտով:

Յաղդանի հիմնական դպրոց: Շրջանի մեջտեղում Հուսիկ Մարտիրոսյանն է, 34 տարեկան: Դասավանդում է հայրենագիտություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, աշխարհագրություն, հասարակագիտություն: Դասամիջոցին կամ դասերից հետո երեխաների հետ շփվելու առիթը բաց չի թողնում:
Վերապատրաստվելով եւ համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա:
10 ամիս, տարվա տարբեր եղանակներ, 10 դպրոց. Լոռի, Տավուշ, Արմավիր…
Գյուղի ահագնացող անշարժությունը՝ նման կովի որոճին՝ օդի մեջ շարունակ կրնկվող: Ամեն անգամ նոր… չէ՛, նորից:

Մեդովկայի հիմնական դպրոց: Դասամիջոց: Կարկուտ է տեղում:

Մարիամ Մարիկյան, 23 տարեկան: Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղի հիմնական դպրոցում դասավանդում է Հայ եկեղեցու պատմություն: 12-րդ դասարանցիների դասղեկն է:

Լոռու մարզ: Փոքրիկ լճակ՝ գյուղերից դեպի մարզկենտրոն տանող ճանապարհին: Այն ուսուցիչները, որոնք բնակվում են Տավուշում, հենց այս ճանապարհով են գնում-գալիս:

Հուշակերտի հիմնական դպրոց: Բաց դաս է: Երեխաները ներկայացնում են հայկական ավանդական ամանորյա ուտեստների ծագումը:

Լեռնահովիտ: Զինա Ղուկասյան, 24 տարեկան: Դասերից հետո տուն է վերադառնում աշակերտների հետ: Դասավանդում է հասարակագիտություն եւ հայոց եկեղեցու պատմություն:

Վանիկ Վարդանյան, 22 տարեկան: Բագարանի 68 աշակերտ ունեցող դպրոցում մաթեմատիկայի միակ ուսուցիչն է: Վանիկն ամենաշատ դասաժամերն ունի. դասավանդում է 5-12-րդ դասարանի 42 աշակերտի:

Բագարանի հիմնական դպրոց: Աշակերտուհին հետեւում է մաթեմատիկայի խնդրի ներկայացմանը:

Կողեսի հիմնական դպրոց: Դասամիջոց:

Ձորագյուղի հիմնական դպրոց: Դասի ժամանակ:

Իննա Քոչարյան, 24 տարեկան: Դասավանդում է անգլերեն Կողեսի հիմնական դպրոցում սովորող 23 երեխաներից 19-ին:

Հուշակերտի հիմնական դպրոց: Աշակերտուհին վազում է դասարան, զանգը խփել է:
Միտքս թափառում է դպրոցի միջանցքով, որ նման չէ տան միջանցքի: Նման է բետոնե երկար կոկորդի, որ միացնում է մարմնի մի մասը մյուսին: Նման՝ ֆոտոխցիկիս կոկորդին, որի միջով դասամիջոցին կվազի չոր հողից ճաքած դպրոցական կոշիկը՝ իր հետ մի կորպուսից մյուսը տանելով տարածքի հոտը, մկանում կուտակված լարումը…
Ինչ-որ հեռու տեղից այստեղ ուղարկված երիտասարդի ու այս տարածքի ուժն իր մեջ պահած երեխայի հանդիպում մի կետում – կետի անունը՝ դպրոց, հանդիպման անունը՝ պայթյուն: Ի՞նչ կառաջանա դրանից, ի՞նչ կփոխվի, ինչու՞…
Լուսանկարներն արվել են Մեդիամաքս լրատվամիջոցի «Դասավանդիՙր, Հայաստան» ծրագրի շրջանակներում: