Հայաստան կատարածս առաջին ճամփորդությունը տասը տարի առաջ է եղել: Մինչեւ հիմա հիշում եմ գիշերային տաքսին ու տաքսիստին, որն այնքան քնատ էր ղեկի հետեւում, որ գլուխը շարունակ դուրս էր հանում պատուհանից, կսմթում էր ձեռքերը, որպեսզի արթուն մնա: Ու երբ բանը բանից անցավ, նա աջ քաշեց ու թռավ սառցաջուր ջրվեժը: Ես այդ պահին վախեցա կյանքիս համար, բայց երբ աղջամուղջն սկսեց բացվել, շուրջս կանգնած լեռներն ու բնապատկերները սկսեցին կենդանանալ: Եւ դա այնքան տարբեր էր այն բանից, ինչը տեսել էի իմ հայրենիքում` Չեխիայում, ու ես սիրահարվեցի այդ տեղին` առաջին հայացքից: Էլ դեմ չէի վարորդին ու պարզապես շուրջ էի նայում լուռ սրդողանքով:
Այս ճամփորդությունը, սակայն, վերջ չդրեց Հայաստանի հանդեպ իմ հրապուրանքին: Ընդհակառակը` ես սկսեցի հետ գալ այստեղ գրեթե ամեն տարի: Ոչ միայն բնապատկերների համար, այլ նաեւ մարդկանց, ինչպես նաեւ ավանդույթների ու հարուստ պատմության… Քանզի դուք իսկապես շատ սարսափելի բաների միջով եք անցել:

Հայաստանի հյուսիս: Ալավերդի:

Սիրահարներ:
Մետաղե եկեղեցին ինձ համար երկրաշարժերի ու կրոնի խորհրդանիշ է: Սպիտակի շրջան:
Այս տատիկը ստիպված էր վերադառնալ Ռուսաստանից մի քանի տարի հետո: Կարոտել էր փլուզված Սպիտակ քաղաքը:

Կոտրված մեքենա:

Սիրում եմ զվարճանքի այգին Երեւանի կենտրոնում:
Սկզբից մնում էի մի ամբողջ ամիս, բայց վերջերս սկսեցի երկու-երեք շաբաթանոց ուղեւորություններ կատարել: Թեեւ միշտ գարնանը, երբ դեռ շատ շոգ չէ, լեռները դեռ ծածկված են ձյունով, ու Զատկի տոներն են: Ես իսկապես սիրում եմ գարնան լույսը, դրամատիկ երկինքը, քամին ու անձրեւը: Գարնան գալու ու ձմռան վերջի միջեւ ընկած ժամանակը իսկը իմ ուզածն է:
Չեխիայի մարդասիրական մի տեղական ճամբար էր գործում Գյումրիում, եւ այնտեղ կար այն փոքրիկ աղջիկը, որ ահավոր ուզում էր ջութակ նվագել, բայց ծնողներն ի վիճակի չէին գնել այն նրա համար: Այնպես որ կազմակերպությունից մի քանի հոգի միացան ու գնեցին ջութակը, ճիշտ է` գործածված էր, բայց նրանք, այնուամենայնիվ, գնեցին այն աղջկա համար: Այսօր նա հաջողակ ջութակահար է, նվագում է սիմֆոնիկ նվագախմբում: Այսպիսի պատմությունները, երբ շատ քիչ բանը կարող է մեծ բան նշանակել, գրավում են ինձ:
Հայաստանի հետ կապված գործիս կենտրոնական մոտիվները պատմական են` քրիստոնեություն, Թուրքերի իրականացրած Եղեռն, Արարատ եւ երկրաշարժ: Ես սիրում եմ այն ձեւը, որով պատմությունը թողնում է իր հետքը այսօրվա կյանքերի վրա: Եւ, իհարկե, ջուրը` ձեր բնական հարստությունը: Տատս ասում էր, որ ես դեռ կապրեմ այն ժամանակներում, երբ կտեսնեմ, որ ջուրը կվաճառվի, եւ ջրի համար պայքար կմղվի: Ջուրը, որ ունեք այստեղ, պարզապես հրաշք է:

Միայն Գյումրիի բնակիչները չեն, որ ապրում են վատ պայմաններում երկրաշարժից 30 տարի անց:

Անգամ հին տանը կարող եք տեսնել Արարատի պատկերը: Տեսեք: Միայն արձակեք ձեր երեւակայությունը:

Սիրում եմ Զատկի տոները Հայաստանում:

Կարմիր կակաչներն ամենուր են գարնանը:

Շատ ծխող աղջիկներ չեմ տեսել Հայաստանում: Բայց մի անգամ Երեւանում….
Ես սիրում եմ հայկական հյուրընկալությունը, ավանդույթները, երաժշտությունը, սուրճն ու ուտելիքը: Շատ բաներ կան, իրոք: Բայց ես ամենից շատ ապշում եմ պատրաստակամությունից: «Մենք շատ բան չունենք, բայց ուրախ կլինենք օգնել»,- սա մի բան է, որ ես շատ եմ լսում ու չեմ կարողանում գլուխ հանել, թե ինչպես է դա հնարավոր: Պարզապես անհավատալի է: Լինելով Եւրոպայից, որտեղ վերջերս, դժբախտաբար, պակասում է համերաշխությունը` ինձ ժամանակ է պետք սրան սովորելու համար: Մի կողմից` ի վիճակի եմ զուգահեռներ տանել ու տեսնել, որ Հայաստանը տնտեսապես լավ վիճակում չէ, բայց մյուս կողմից` հնարավոր չէ չնկատել, որ երիտասարդները ձեզ մոտ փոփոխությունների կոչ են անում ու գիտեն, որ դրան հասնելու համար աշխատել է պետք: Եւ ես դրա մեծ երկրպագուն եմ:

Սեւանա լիճը ազգային հարստություն է: Կարող եմ օրեր շարունակ անցկացնել լճի մոտ` նայելով ու զգալով բնապատկերի մթնոլորտը:
Հայերը երբեմն չվող թռչունների են նման:
Հայր Պետրոսյան: Գյումրի: Մի քանի օր ճամփորդել եմ նրա հետ:

Ջուրը շատ կարեւոր մոտիվ է Հայաստանի մասին իմ նախագծում:
Կուզեի, որ տարագրությունը վերջ գտներ: Մարդիկ այստեղ կարիք են ունենում թողնել իրենց աշխատանքն ու ընտանիքը, երբեմն էլ սեփական երկիրը, բայց դա բացարձակ սխալ է: Այն իր վատ ազդեցությունն է ունենում ընտանեկան արժեքների ու միասնականության վրա: Իմ երկրում այդպիսի արժեքներն արդեն փլուզվել են, մարդիկ ընտանիքներում այլեւս չեն օգնում իրար, այդքան որ վատ է: Մենակ են թողնվում իրենց խնդիրների հետ, ավելին` ստիպված են լինում մենակ առերեսվել մահվանը… Ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ այս միտումը սողոսկում է նաեւ ձեր երկիր: Եւ, իհարկե, ես ձեզ խաղաղություն եմ մաղթում սրտիս խորքից: Որպեսզի պահեք ձեր ինքնավարությունն ու ժողովրդավարությունը:
Փորձում եմ կապի մեջ մնալ Հայաստանի ընկերներիս հետ: Իրարից տեղյակ լինելը կարեւոր է փոխադարձ վստահության համար: Երբ ինքս եմ էլեկտրոնային նամակ ուղարկում գյումրեցի Նարեկին` առանց սպասելու, որ որեւէ կարեւոր բան կատարվի, պարզապես հարցնելու` ոնց ես, եւ դա նշանակում է, որ ես իսկապես հոգ եմ տանում նրա մասին: Դա նաեւ օգնում է լուսանկարելիս: Կապերն ամեն ինչ են:
Օլդրիչ Մալաչտան կենտրոնանում է երկարատեւ նախագծերի վրա, որոնց հիմքում այսօրվա հասարակության սոցիալական վավերագրությունն է: Նա իր գործի նյութն է դարձնում, օրինակ, Կենտրոնական եւ Արեւելյան Եւրոպայի փոքր քաղաքների գործազրկությունը, ազգային սովորույթներն ու գյուղական կյանքի երեւույթները: Սոցիալական պայմանները պատկերելու համար` նա օգտագործում է բնապատկերն ու սուբյեկտիվ լուսանկարչությունը: Նրա ոճն ուղիղ է ու անկեղծ: Խուսափում է խաղարկային լուսանկարչությունից եւ ֆոտոլրագրությունից: «Իմ լուսանկարչությունը հուզական փորձընկալման մասին է: Բաներն ինձ պետք է անակնկալ մատուցեն: Ես պետք է հասկանամ պատմությունը, հույզերը եւ մտնեմ նյութի մեջ: Դա ժամանակ է ուզում: Պետք է փորձառել այն, միայն այդ դեպքում է պատմությունն իրական»: Կարող եք հետևել @oldrich_malachta -ին Ինստագրամում: