Ես նստած էի մեքենայի, իսկ իրանք՝ գլխիս մեջ:

Բոլորը խոսում  էին միաժամանակ՝ իրար հերթ չտալով, մեղադրում, մուննաթ էին գալիս, հետո շունչ էին քաշում ու անցնում ամոթանքների:

– Հո դու ապո՞ւշ չես:

– Ո՞ւր ես գլուխդ տնգել, գնում:

– Բա որ մի բան եղա՞վ:

– Լրիվ հաստագլուխ ա, է՛:

– Մենակ դո՛ւ էիր պակաս ընդեղ:

– Ասո՛ւմ եմ, չե՛ս գնալու:

– Մեր մասին մտածե՞լ ես:

– Էսքան անպատասխանատու կարելի՞ ա լինել:

– Երեխուդ խղճա, գոնե:

– Ձեն հանի՛:

– Խի, սրան համոզել կլնի՞:

– Ճիշտ ես անում, գնա՛:

– Վա՜յ, էս ի՞նչ ես ասում:

– Դե, մալադե՛ց քեզ:

– Սաղ քո ցեղն աաա՛:

 

Օդը սառեց: Համառությունը ժառանգաբար փոխանցող կողմը Վարդանյան Մուրադի («Հարսնացուն հյուսիսից» կ/ֆ) պես ինքնագոհ գլուխը բարձրացրեց, նայեց մյուսներին: Մյուսները  կուլ գնալու պլաններ չունեին: Ըըըըըըը՜: Լսվեց օդային տագնապի ծորացող ազդանշանը, ու ռազմական դրությունը վայրկենական մտավ ուժի մեջ: Երկու կողմերը մոռացված պապենական խոսքերի գնդացրին ամրացրին 250-անոց փամփուշտի ժապավենները ու սկսեցին իրար մաղել: Ես նայեցի մեքենայի ապակու մեջ արտացոլվող քթիս ռելիեֆին, հետո՝ աչքերիս գծագրին:

Ո՞նց էլ երկու ցեղ մի երեսի վրա խաղաղության համաձայնագիր են ստորագրել: Երկուսը ո՞րն ա, չորս, ութ, տասնվեց, երեսուներկու, վաթսունչորս… Էդքան մարդ մի տեղ ազդեցության գոտիների կռիվ են տալիս՝ ում գենն ա ուժեղ, ում ձենն ա բարձր, ում խոսքն ա վերջինը: Համառ մարտերը գագաթնակետին էին հասել, երբ ամենաորոշիչ պահին բախվեցին ուղեղիս բամբակե պատերին:

– Շուխուռ մի՛ արեք, լա՛վ, իմ կոլոտ, բոյով, սպիտակ, թուխ, նիհար, կլոր, գեշ, սիրուն, կատաղած ու նամռոտ ցեղ: Բոլորդ էլ գլխիս վրա տեղ ունեք, բոլորիդ տոմսերն էլ առաջին շարք ա, բայց ստեղծված իրավիճակում բոլորդ ենթարկվում եք Ի՛ՆՁ: Հարցեր կա՞ն: Հարցեր չհնչեցին:

Հավսա՛ր: Զգա՛ստ: Ազա՛տ:

Լարումը թուլացավ: Բոլորը բացեցին յոլա գնալու ուստավը ու սկսեցին կրկնել: Ուղեղիս խրամատներում հաստատված հարաբերական անդորրի միջից մորական տատուս վախվորած ձենը լսվեց՝ մենակ թե էդքան կերցրածս ջուրը չգցե՜ս:

Գնում էինք լուռ: Մեքենան խրտնած վազում էր: Ժամանակ առ ժամանակ արագաչափի լույսը կասկածներիս պես աչքերս էր ծակում ՝ տուգանքի  չեկերը շպրտելով դեմքիս: Կարո՞ղ ա ճիշտ էին ասում, կարո՞ղ ա լավ չմտածեցի, բա որ մի բան… Մտքերս կեսից կուլ էի տալիս, որ հանկարծ չարթնանային ու ճակատիս չշարեին դասական դարձած՝ տեսա՜ր, բա որ ասում էինք-ը:

 

 

 

 

Հայացքս կառչում էր ինձ ծանոթ վերջին դաշտերից ու սարերից, որ կողային հայելիների մեջ անհետանում էին: Անծանոթ տարածքները գնալով ավելի անհյուրընկալ էին դառնում: Երբեք էս դաշտերը չէի երազել, ձեռքս չէի հանել պատուհանից ու շոյել բլուրների չոր, խանձած դեմքերը: Աչքերը հանած տները դուրս էին պրծնում բլուրների հետևից ու ճանապարհում էին մեզ` առանց մեր հետևից նայելու: Գյուղի կոտրված ողնաշարը հատելուց հետո կանգնեցինք…

ՄԻ ՐՈՊԵ

Էս էն թունելը չի՞, որ երեկ երազում կանգնել էի դիմացը, ապշած նայում էի, թե ոնց ա ինձ կլանում: Դեմս նույն թունելն էր: Հող ու փոշուց քերթած ծուռմռտիկ կոկորդ, որ ցանկացած ձայն որսում ու խլացնում էր, ինչքան ուզում ես` գոռա: Վեր թռա, բայց էս անգամ արթնանալու ձև չկար:

-Ճիշտն ասեք, ձեզնից ո՞վ էր երեկ երազիս կասետը փոխել ու ի՞նչ էր ուզում հասկացներ: Ձեն չեկավ:

Քամուց խռխռացող կոկորդի մյուս կողմում երևացին գլխներիս կախված իրար սեղմված երկու ժայռերի բռունցքները՝ ամեն մեկը փնջերով գույնզգույն ծառեր բռնած: Դիմավորում էին: Ինչքան խորն էինք հոսում երակներով, էնքան զարկերակս դանդաղում էր, աչքերս թարթում էին փափուկ, թթվածինը հասնում էր մինչև ոսկորներս, մտքերս դառնում էին թափանցիկ:

Հասանք:

Չոր, խանձած դեմքերը ինձ դիմավորեցին ծովից ծով ժպիտներով:

Պատերազմը մոտիկից պարզ ու հասկանալի էր: Խնդիրը՝ հստակ: Վախը՝ անտրամաբանական: Կռիվը՝ անՑավ: Տեսանելի ու շոշափելի էր, թե հանուն ինչի ու հանուն ում:

 

 

– Վաշտ, վեր կա՛ց: Հասել ենք:

  Ցեղը մի մարդու պես խառնված վեր թռավ, արագ հագնվեց, շարվեց:

– Թույլ տվե՛ք դիմել: Ո՞ւր ենք հասել:

– Հասել ենք Սրտին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարներում ՈՄԱ («Ողջ Մնալու Արվեստ») կազմակերպության անդամներն ու կամավորականներն են: