Վեռան իր տան պատուհանի մոտ:

«Ես հասկացա, որ Հայաստանն իմն է, այստեղ ես իսկական եմ, չեմ խաղում»:

Վեռա Գավրիլյուկը ծնվել է 1976-ին Ռուսաստանի Կալինինգրադ (Քյոնիգսբերգ) քաղաքում: Հայրը տնտեսագետ էր, մայրը՝ քիմիայի ուսուցչուհի: Ունի նաև զույգ քույրեր:

Ինքը` Վեռան, կրթությունը ստացել է Կալինինգրադի տեխնիկական քոլեջի հաշվապահության բաժնում: Բայց հաշվապահի մասնագիտությամբ ոչ մի օր չի աշխատել: Տարիներ շարունակ առևտրով է զբաղվել, հետո աշխատել Միգրացիոն բաժնում:

Քսաներեք տարեկանում ամուսնացել է: Ծննդաբերության ժամանակ դեռ չծնված երեխան խեղդվել է մոր արգանդում, իսկ Վեռային հազիվ են փրկել: Վեռայի ամուսինը նեցուկ եղավ նրան, և այդ դեպքից հետո ապրեցին իրար հետ ևս ութ տարի: Այդ ողբերգությունից Վեռայի  ամուսինը չկարողացավ ապաքինվել և նրանք բաժանվեցին:

Այդ դառը փորձից հետո Վեռան սկսում է փնտրել իր երկրորդ կեսին այլ ազգի տղամարդկանց մեջ: Եվ քանի որ «չափսերով» մեր Վեռոչկան, այսպես ասած, ստանդարտից դուրս էր, նույնպիսի ոչ ստանդարտ ճաշակի տեր տղամարդ էր փնտրում: Որոշեց փնտրել հայերի մեջ, քանի որ իր կարծիքով իդեալական տղամարդուն պետք է հայ ազգի մեջ փնտրել։

«Այո՚, ես դեռ Կալինինգրադում նկատել էի՝ ինչ հոգատար և ուշադիր են հայ տղամարդիկ իրենց ընտանիքների հանդեպ: Պատասխանատու և նպատակասլաց: Եթե խնամված տղամարդ էի տեսնում փողոցում, միանգամից հասկանում էի, որ հայ է»։

Իսկ այդ ժամանակ հեռավոր Հայաստանում` մայրաքաղաք Երևանում, ապրում էր Վեռայի արքայազնը՝ Արսենը:

 


  • Վեռան պատրաստվում է կարգի բերել բակը:

 

Արսեն Աբրահամյանը ծնվել է Երևանում՝ ինչպես նախկինում էին ասում՝ «ինտիլիգենտ» ընտանիքում: Արսենի ծնողները լեզվաբան են: Ինքը` Արսենը, կրթություն է ստացել Մոսկվայում: Նա մասնագիտությամբ տնտեսագիտության և պետական համայնքի կառավարիչ է: Արսենի մայրը ամբողջ կյանքում աշխատում էր, ու տղային մեծացրել է տատիկը՝ Վալենտինա Սմիռնովան, որը ռուս էր: Նա շատ փամփլիկ կին էր, ու մանուկ հասակից Արսենի համար իդեալական կնոջ կերպարը ձևավորվեց հենց Վալենտինա տատիկի «տեսքով ու նմանությամբ»: Այնպես որ Արսենը համաձայն է Ֆրոյդի հետ՝ ցանկացած տղամարդ իր ապագա կնոջ մեջ փնտրում է իր մորը:

Վեռան ու Արսենը գտան իրար ծանոթության կայքի միջոցով: Երեք շաբաթ հետո հանդիպեցին Հայաստանում: Արևոտ ու տաք Հայաստանը իր զարմանալի ջերմ գույներով հիշեցնում էր հարազատ Կրասնոդարը, որտեղ մեր Վեռոչկան իր մանկությունն էր անցկացրել իր տատիկի մոտ: Իսկ ռոմանտիկ հանդիպումն ու ծնողների և հարազատների ընդունելությունը հաստատեցին, որ Վեռոչկան ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մարդու հետ: Ամուսնացան։

Ինչպես Վեռայի պատկերացրած հայ տղամարդն էր, Արսենը սկսեց «շենացնել» իր ընտանիքը: Ամուսնու դերում նա որսորդ է՝ ստեղծող, բերող, պաշտպանող: Իսկ կինը տան տիրուհին է, որը կառավարում է տնտեսությունը ու դաստիարակում երեխաներին: Երկուսի համար էլ սա ընտանիքի իդեալական մոդելն է:

Բայց որքան էլ Վեռան ասի, որ հայ տղամարդիկ (դե երևի կանայք էլ) կատարյալ են, Երևանում ապրող հայերի սովորությունները հաճախ շատ «հետաքրքիր» են թվում նրան:

 


Արսենն աշխատելիս Վեռայի համեղ թեյն է վայելում:

 


Վեռան և Արսենը նարդի են խաղում:

 


  • Վեռան հայերեն է սովորում: Հայերեն այբուբենը ննջասենյակում:

 


Վեռայի մայրական ընտանիքը Կալինինգրադում:

 

 


Խոհանոցում Արսենը սուրճ է պատրաստում, իսկ Վեռան` ընթրիք:

 


Վեռայի պատրաստած կարկանդակները:

 


Վեռան և Արսենը ֆիլմ դիտելիս:

 

«Երբ առաջին անգամ երթուղային նստեցի, հասկացա որ այն միայն վարորդի համար է: Մարդիկ էլ այդ անհարմար երթուղայիններից պրծում չունեն, բայց անպայման պետք է ունենան ամենավերջին iPhone-ը։ Մեր հարևանն էլ երթուղայինից չի օգտվում, ունի Մերսեդես, բայց տանը տարրական զուգարան չունի, ամբողջ ընտանիքով իրենց կարիքները հոգում են դրսի փայտե զուգարանում։ Տարօրինակ է։

Մի բան, որ միայն Հայաստանում կտեսնես, կենտրոնական փողոցներում պատշգամբներից երկար պարաններով փռված լվացքն է։ Բայց չէ, դա հրաշալի է, սա է իրական հայկական կոլորիտը: Հետո մի բան էլ նկատեցի. Հայաստանում երեխաներին հաճախ եմ տեսնում՝ հայրիկների և պապիկների հետ զբոսնելիս: Նման բան չես տեսնի Ռուսաստանում:

Պոլիկլինիկայի բժշկի մոտ ընկնելն էլ շատ հեշտ է: Մեզ մոտ պետք է օնլայն գրանցվել և օրերով սպասել: Իսկ ամենակարևորը՝ միջանցքներում չկան միայնակ ծերեր: Տարեց մարդիկ կան, բայց նրանք գալիս են իրենց հարազատների հետ: Իսկ մեզ մոտ ծերերը գալիս են ու հերթ պահում, որ շփվեն իրար հետ։ Ինչ ուզում ես, ասա, Հայաստանն իմն է»:

Արսենն էլ միշտ ասում է, որ չնայած իրենք հավատով լի մարդիկ են ու ամեն կիրակի գնում են պատարագի, միևնույն է, Վեռան իրեն պակասում էր։ Հիմա ունի իր Վեռային:

 


Վեռան պարգեւատրում է Արսենին` բակի մաքրության համար:

 


Վեռան և Արսենը եկեղեցում, պատարագի ժամանակ:

 


Երևան Մոլում Արսենն ու Վեռան իրենց համար անկողին են ընտրում:

 


Վեռան և Արսենը Երևան Մոլում:

 


Երևան Մոլում Վեռան և Արսենը զրուցելիս:

 

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: