Սեպտեմբերի 27-ին Արցախում պատերազմական գործողություններ ծավալվեցին, որոնք շարունակվում են մինչ օրս։ Այս իրադարձությունների հետևանքով Երևան և մի շարք այլ բնակավայրեր տեղափոխված մեր ազգակիցներին հյուրընկալում են ընտանիքներ, կազմակերպություններ, հյուրանոցներ և այլն։
Հայաստանում և արտերկրում բնակվող հայերը, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրացիներ, անում են ամեն հնարավոր բան՝ պատերազմից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու համար։ Կացարաններ, հագուստ, սնունդ, դեղորայք, հանգանակություններ․ ՀՀ Սոցիալական ապահովության ծառայությունը և մի շարք այլ կառույցներ կամավորների օգնությամբ հոգում են պատերազմի հետևանքներից տուժած ընտանիքների կարիքները։
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի օպերատիվ շտաբում ձևավորվում է կանանց կամավորական զորահավաք՝ ՕՄՈՆԻ խորհրդի անդամ, փոխգնդապետ Մարինե Այրումյանի գլխավորությամբ։ Մինչև 55 տարեկան բոլոր հայ կանայք կարող են ներկայանալ անձնագրով՝ կանանց կամավորական գումարտակին անդամագրվելու համար։ Լուսանկարը՝ Փիրուզա Խալափյան
Կամավորները տեսակավորում են Արցախ ուղարկվող դեղորայքը «ՈՄԱ» կազմակերպությունում։ Լուսանկարը՝ Տաթև Հակոբյան
Կամավորներն աշխատում են հերթափոխով․ նրանք 24 ժամ հավաքագրում ու պահեստավորում են ապրանքները և օրական տասից ավելի փոխադրամիջոցով Արցախի բնակիչներին, Արցախի Պաշտպանության բանակին ուղարկում այն։ Լուսանկարը՝ Գայանե Հարությունյան