Տարիներ առաջ Հնդկաստանի քաղաքացիների ավելի հաճախ հնարավոր էր հանդիպել «Շրջանայինում»՝ Բժշկական համալսարանի մոտակայքում։ Հայաստանում բժշկական կրթությունը նրանց համար ավելի մատչելի է, իսկ Հնդկաստանում այն 2-3 անգամ թանկ է։
Բայց վերջին ամիսներին, Երևանի բոլոր անկյուններում ավելի հաճախ կարելի է հանդիպել հնդիկների։ Ի՞նչն է նրանց գրավում Հայաստանում, ի՞նչ հեռանկարներ են տեսնում այստեղ։
Հնդիկները Հայաստան գալիս են հիմնականում սովորելու, աշխատելու, սեփական բիզնես հիմնելու, համեմունքների և հնդկական ապրանքների խանութներ բացելու համար։ Ոմանց այցի նպատակն էլ մուտքի արտոնություն ստանալն է` այլ երկրներ մեկնելու համար:
Օրինակ, եթե նախկինում շատ քիչ կարելի էր հանդիպել հնդկական խոհանոցի, ապա այժմ ավելացել է հնդկական համ ու հոտով ռեստորանների թիվը։

Հնդկական ռեստորանի խոհանոցում աշխատանքային եռուզեռ է տիրում:

Հնդկական խոհանոցը հարուստ է բազմազան համեմունքներով և կերակրատեսակներով:

Սիդդուն և Սինուն ընկերներ են: Ամիսներ առաջ եկել են Հայաստան` ընկերոջ խորհրդով և աշխատում են հնդկական խոհանոցում` որպես խոհարար: Նրանք երջանիկ են Հայաստանում, շատ են սիրում հայերին, հայերը նույնպես լավ են իրենց վերաբերվում: Հայաստանը խաղաղ և հանգիստ վայր է իրենց համար:
Հնդկական ռեստորանների ցանկացած անկյուն հիշեցնում է Հնդկաստանը:
Սննդի կետերի հիմնական հաճախորդները հնդիկներն են, սակայն հայերը նույնպես օգտվում են հնդկական խոհանոցից:

Օբաիս Նուրը Խաների ընտանիքի ընկերն է, ով 4 ամիս է, ինչ Հայաստան է եկել` Խան ընտանիքի հրավերով` ընտանեկան գործին աջակցելու նպատակով:

Հնդկուհիները` Հնդկաստանի մշակույթի օրվան նվիրված համերգին:
Տարին մեկ անգամ Հայաստանի դեռևս չձևավորված հնդկական համայնքը մեծ շուքով նշում է Հնդկաստանի մշակույթի օրը, որին հրավիրված են նաև հայերը:
Աղջիկները պատրաստվում են Հնդկաստանի մշակույթի օրվան նվիրված միջոցառման իրենց ելույթին:

Հնդիկները Հայաստանում հիմնականում սննդի, համեմունքի վաճառքի կետեր են ստեղծում:

Փարվեզ Ալի Խանը 2015-ից կնոջ և երեխաների հետ եկել է Հայաստան, հիմնել սեփական ռեստորանային գործը, որը տարիների ընթացքում ընդլայնվում է: Շուտով նրանք պատրաստվում են նոր ռեստորան բացել Երևանի կենտրոնում: Փարվեզ Ալի Խանի դուստրերը հիմնական կրթությունը ստացել են Երևանում և վարժ տիրապետում են հայերեն լեզվին:

Ուսանողական հանրակացարանի աստիճանավանդակը:

Ուսանողները հանրակացարանի ընթերցասրահում. շատ օտարազգի ուսանողներ կան:

Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները ընտրում են հնարավոր բոլոր վայրերը` պարապելու համար:
32-ամյա Դարլին նոյեմբեր ամսից Հայաստանում է, վարձակալել է փոքրիկ տարածք` հնդկական ուտեստների վաճառքի համար: Դարլին հաղորդակցվում է տեղացիների հետ անգլերենով, այդ իսկ պատճառով իրեն ավելի հեշտ է աշխատել Հայաստանում, քան մյուս հայրենակիցներին, որոնք չեն տիրապետում օտար լեզվի: Միակ խնդիրը Դարլիի համար կացության թույլտվության խնդիրն է: Վստահ չէ, որ ժամկետը լրանալուն երկարաձգելու հնարավորություն կստանա, քանի որ հիմա շատերին են մերժում: Չնայած այս հանգամանքին, նա պատրաստվում է կնոջը և երեխաներին նույնպես Հայաստան հրավիրել:
Դարլին` ընկերների հետ, իր փոքրիկ խանութի դիմաց:

Հնդիկ ուսանողները ֆուտբոլ են խաղում ուսանողական հանրակացարանին կից ֆուտբոլի դաշտում:

Ապագա հնդիկ բժիշկների ֆուտբոլի թիմը:

Ձմեռային ցուրտ օրվա արևը ուսանողներին ֆուտբոլային խաղի հնարավորություն է տալիս:

Երբ հարցնում ես նորեկ հնդիկներին, թե Հայաստանում որ վայրերում են եղել և ինչով են տպավորված, առաջինը նշում են «Մայր Հայաստան»-ի արձանը: Գուցե շատերին այն տան, պաշտպանվածության և ապահովության զգացողություն է տալիս, և ակամայից «Մայր Հայաստանը» դառնում է բոլորիս կապող օղակը` անկախ ազգությունից, մաշկի գույնից և կրոնից:
Հնդիկների նկատմամբ հայերի ուշադրությունը բավական մեծացել է և, ցավոք, մեծամասամբ ոչ դրական առումով: Ինձ համար զարմանալի է նման արձագանքը` մեր երկրում ապաստան և աշխատանք փնտրողների նկատմամբ, քանի որ նույնանման կարգավիճակ մեր շատ հայրենակիցներ փնտրում են այլ երկրներում: Չէ՞ որ յուրաքանչյուր ազգ իր հետ բերում է իր մշակույթը, հետաքրքրությունները, որոնք էլ բազմազանությամբ են լցնում մեր շրջապատը:
Նրանց միջոցով իմանում ենք նաև մեր քաղաքի անհարմարությունների մասին. շատ օտարազգի զբոսաշրջիկներ, չտիրապետելով հայերենին, չեն կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից, քանի որ երթուղու ուղղությունները միայն հայերեն լեզվով են նշված:
Շատ հնդիկներ հետ են գնում Հնդկաստան` մեծամասամբ լեզվի խնդրի պատճառով: Ոմանց էլ երկրում հեշտ կողմնորոշվելու հարցում օգնում են ավելի վաղ Հայաստան եկած իրենց հայրենակիցները։ Ի դեպ, նրանցից շատերը բացի անգլերենից, տիրապետում են նաև հայերենին:
Իմ կարծիքով` հնդիկներն ու այլ օտարազգիներ, Հայաստանում աշխատանք գտնելով, օրինակն են նրա, որ Հայաստանում հնարավոր է դա անել, և գուցե բոլորովին կարիքը չկա լքել հայրենիքը, հարազատներին և աշխատանք փնտրել աշխարհի այլ կետում: