Այս պատմությունը տարածության մասին չէ, այն տարածության հիշողության մասին է, որը իմը չէ, ես հայտնվել եմ այս վայրում առաջին անգամ, եւ այն անծանոթ է ինձ։
«Տեղը (տարածությունը) ունի հիշողություն» եւ կախված, թե երբ ես հայտնվում այդտեղ, ինչպես ես ընկալում այդ տարածությունը, ինչ հոգեվիճակ ունես, այն սկսում է ապրել քո ներսում։ Դու քոնն ես դարձնում այդ տարածությունը ու ստեղծում ես քո պատմությունը։ Ու սկսում ես կռիվ տալ ինքդ քեզ հետ` պարզելու համար, թե ում պատմությունն է դա։
Կա չէ՞ վայր, ուր լուսանկարիչը իր մտքի ծայրով փափագում է հայտնվել։ Նրա մտքերը միշտ իրենից առաջ են ընկնում, ու թվում է` արդեն իսկ տեսնում է պատրաստի շրջանակված կադրեր։
Ու մեկ էլ հայտնվում ես չորսհարկանի, խորհրդային, կարմիր տուֆից շենքի առջեւ, որի վրա փակցված է «Հոգեբուժարան» անվանումով ցուցանակը։ Վայրի մատնանշումը որոշակի ազդակներ է հաղորդում գլխուղեղիդ։ Մինչեւ մուտք գործելը` անհասկանալի ձեւով արդեն զգում ես այդ տարածությունը եւ, միեւնույն ժամանակ, շրջանակով պատրաստի կադրերը գլխիդ միջից հոդս են ցնդում։
Տարօրինակ տագնապով ներս եմ մտնում, փոշոտ աստիճաններով բարձրանում վերեւ։ Շենք մտնելիս մաշկիս վրա անմիջապես զգում եմ սառը, մեռած կապույտ գույն ու խոնավ լաթի հոտ ունեցող օդի հոսանք։
Դատարկ սենյակներ՝ վառ ներկված պատերով, պոկված հին դռներով, ճաղապատ պատուհաններով ու ամենուր թափրտված իրերով։ Տագնապս ավելի է սաստկանում։ Ծանր օդն ու համառությունս պայքարում են` իմ այնտեղ գտնվելու համար։ Ամեն հաջորդ սենյակ մտնելը ինձ համար փորձություն է դառնում, որ գումարվում է իրար ու երկխոսության մեջ մտնում ինձ հետ։
Մի քանի օր է, ինչ մարդիկ լքել են այս վայրը եւ թողել այն ամենը, ինչից վաղուց ուզել են ազատվել, ինչ այլեւս անպետք է, հնաոճ։
Առաջին անգամ կարողացա կես ժամ մնալ շենքում ու լինել ընդամենը առաջին հարկում։ Սենյակից սենյակ շատ դանդաղ էի անցնում ու անընդհատ սպասում էի, թե ինչ եմ տեսնելու հետո։
Մեկնաբաննություններ չունեի ու չէի կարող տեսածիս մասին խոսել անգամ ինքս ինձ հետ, կարծես պատերազմի դաշտում եղած լինեի։ Այդ օրը լուսանկարել էլ չկարողացա, մինչեւ ոսկորներս սառած էի, չնայած որ այդքան էլ ցուրտ չէր։
Երկրորդ օրը առավոտյան կրկին շենքի դիմաց կանգնած էի։ Էլի 30 րոպե, ոչ ավել։
Երրորդ օրը՝ մի ժամ։ Տարածությունը, որը կոչվում է նախկին հոգեբուժարան, ինձ համար դառնում է վայր, որտեղ շատ հարցեր կան եւ շատ տարբեր պատասխաններ։ Իրականության ընկալմանը միանում է երեւակայությունս։
Օր չորրորդ, հինգերորդ, վեցերորդ… Ես ավելի եմ տարրալուծվում տարածության եւ ինքս իմ մեջ։ Կտրվում եմ արտաքին աշխարհից եւ առանց մի բառ արտասանելու` ժամեր շարունակ թափառում շենքում։ Մեկ-մեկ անգամ զգում եմ, որ ատամներս պինդ սեղմված են։
Ամեն իր, տարածք, միասին վերցրած, սկսում են պատմել նրա մասին, թե ինչպես են մարդիկ սպառել այստեղ իրենց ժամանակը։ Ինչպես են շփվել, կարոտել, քայլել միջանցքներում, նայել ճաղապատ պատուհանից դուրս, զբոսնել այգում, ինչպես են իրենց զգացել դեղահաբերը ընդունելուց հետո, օգնե՞լ են արդյոք դեղահաբերը, լա՞վ են վերաբերվել արդյոք իրար, հավատացե՞լ են արդյոք, աղոթե՞լ, ինչու՞ են պատերին իրենց անունները գրել, սպասել, անտարբերության մատնվել, լացել, լռել, տուն ուզել…
Բոլոր այս զգացողությունների, գործողությունների, հարաբերությունների մասին երեւակայությանս հորինած պատկերները ոչնչացնում են պատկերացումներս հոգեբուժարանի մասին։ Իմ լուսանկարչությունն էլ, լինելով իմ մի մասը, անկախ ինձանից եւ, միեւնույն ժամանակ, ինձ հետ համաձայնեցնելով այդ որոշումը` սկսում է հորինել կոլաժային պատկերներ, որոնց ես սկզբունքորեն դեմ եմ։
Սակայն դա թելադրում է տարածությունը, եւ ես անզոր եմ:
Եվ, ի վերջո, ի՞նչ էր ինձ համար այս փորձառությունը. մարդու տեսակը ճանաչելու, պատկերի միջոցով իրերի եւ տարածության միջեւ երկխոսություն ստեղծելու, սեփական վախերը հաղթահարելու փորձ: