Պատերազմող մարդն անցնում է կյանքի ու մահվան պայքարի միջով: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները համարում են, որ տեսել են շատ դաժան, անգութ պատերազմ, որտեղ կար մի ակնթարթում լույսին հրաժեշտ տալու վախը: Այս մարդիկ անցան մի մութ միջանցքով, մինչեւ հասան տուն, որտեղ ոմանք ունեին իրենց սպասողներ, իսկ ոմանք, ցավոք, ոչ:
93-ից 95 տարեկան վետերանները ինձ տարան իրենց ապրած օրերի՝ երբեմն գունավոր, երբեմն էլ սեւ-սպիտակ իրականության միջով: Պատմությունների մեջ ե՛ւ աղմուկ կար, սարսափելի աղմուկ, ե՛ւ լռություն, մահվա՛ն լռություն: Ընկած մարդկանց համար սիրտ էր ցավում. կտեսնե՞ն իրենց հարազատներին այս ամենից հետո։
Պատմությունները սկսում էին մանկությունից, իրենց երազանքներից եւ ուրախություններից: Նրանք մեծամասամբ ծնվել եւ մեծացել են չքավոր ընտանիքներում: Մեկը երազել է հեծանիվ ունենալ ու այդպես էլ չի ունեցել, իսկ իր որդու համար արդեն իր ձեռքերով է սարքել այն: Մեկ ուրիշը այնքան էր ուզում կոնֆետ ուտել, որ իրենց հավերի ձվերն էր գողանում եւ կոնֆետի հետ փոխանակում: Մեկ ուրիշը երազում էր սովորել:
Բայց…սկսվեց պատերազմը: Ամեն մեկին իր պատասխանատվությունը տարավ մարտի դաշտ, եւ մոռացան իրենց փոքր ու մեծ երազանքները։ Ոմանք դիմում էին՝ մարտի դաշտ գնալու համար, բայց նրանց չէին վերցնում տարիքի պատճառով:
Այսպես նրանք հայտնվեցին ռազմաճակատում: Մեկը՝ զինվոր, մյուսը՝ սերժանտ, երրորդը՝ հրամանատար, օդաչու, տանկիստ, դիպուկահար, բժիշկ, երաժիշտ, նկարիչ եւ այլն: Բոլորի հիշողությունները տարբեր են:
Պատմության միակ կին վետերանը պատմեց, որ իր ապագա ամուսնուն ճակատում տեսել է հինգ տարվա մեջ մեկ անգամ, այն էլ՝ հինգ րոպեով։ Դա հերիք էր, որ հինգ տարի անց նրանք հանդիպեն ու միանան իրար։
Մյուսը պատմեց, թե ինչպես իր հրամանատարը, իր կամքին հակառակ, իր իսկ փորած խրամատը ուրիշին տվեց՝ իրեն հանձնարարելով նորը փորել: Քիչ անց թշնամու նետած նռնակից այդ խրամատում կանգնած զինվորը կտոր-կտոր եղավ։
Մեկ ուրիշն էլ պատմեց, թե ինչպես երկու կողմերը առանց հրացանների, ջրի դույլերով հանդիպեցին ջրամբարի մոտ, որ ջուր տանեն իրենց զինակիցների համար, եւ ոչ ոք չկրակեց:
Մի անգամ բժիշկը վիրահատել էր գերմանացի զինվորի, ում հանդիպել էր տարիներ անց, երբ արդեն խաղաղություն էր։
Երաժիշտները դուխ էին տալիս զինվորներին, նկարիչները գծագրում էին։
Սա է նրանց նկարագրությունը պատերազմի՝ մահ, ցավ, հաղթանակ։