Հակառակորդը անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի… Էլ չէի ընկալում շարունակությունը… Մաշկիս վրա զգացի «արյունը երակներում սառչելը»: Դողացող ձեռքերով զանգեցի Բագրատին: Միանգամից պատասխանեց. կարևորը ձայնը լսեցի, խոսել չէի կարող:

2016 թ.-ի Քառօրյայի ժամանակ Բագրատը` տղաս, ծառայում էր Սիսիանում: Ռմբակոծվել էր Սիսիանի ջոկատի ավտոբուսը: Քառօրյա պատերազմի զոհերի թիվը անցել էր հարյուրը: Յուրաքանչյուր տղայի անունը գիտեինք, բայց երբեք չէինք կարող պատկերացնել, որ չորս տարի անց կլինի շատ ավելի սարսափելի պատերազմ, ու զոհերի թիվը հազարներով կհաշվենք:

Սա շատ բարդ ու ցավոտ իրավիճակ է իմ նման կանանց՝ որդիներ ունեցող մայրերի համար: Այս ֆոտոպատումը ստեղծելիս՝ զրուցել ու լուսանկարել եմ տարբեր տարիքի կանանց ու մայրերի, խոսել նրանց հետ այս կենսական ու մտահոգիչ հարցի շուրջ, թե ի՞նչ է նշանակում Հայաստանում որդի ունենալ:

Նրանց որդիները տարբեր տարիքի են՝ յոթ ամսականից մինչև պատերազմի մասնակից: Բայց բոլորիս մտքում պտտվում է ի՞նչ անելը, ի՞նչպես նոր մարտահրավերներին դիմակայելը:

Հասմիկ

 

Ինձ ավելի հոգեհարազատ է տղա երեխայի մայր լինելը. աղջկական բաներ երբեք չեմ սիրել:
Բայց ես պատրաստ չեմ տղուս բանակ ուղարկելու, չեմ էլ ուղարկելու:
Իմ պապան զինվորական ա եղել, հատուկ ջոկատում ա ծառայել քսան տարի: Առաջին պատերազմն անցել ա Մոնթեի հրամանատարությամբ:
2020-ին դիմել ա, որ մեկնի առաջնագիծ, տարիքի պատճառով չեն տարել:
Միշտ ասում էր, որ տղան պետք է ծառայի:
Բայց էս ամեն ինչից հետո…
Կտամ տղաս կպարապի, կուժեղանա, քրոջն էլ, իրեն էլ կպաշտպանի: Կարող ա ինքը մեծանում ա, կարող ա պապը հեքիաթներ ա պատմում, ու որոշում ա. «Չէ, պետք ա գնամ, ծառայեմ»: Ես չեմ ուզի, բայց ինքը թող որոշի:

Ալյոնա

 

Արցախից Հայաստան եմ տեղափոխվել 2011 թվականին, երբ տղաս 4 տարեկան էր: Մինչև 2020 թվի պատերազմը ներքին ձայն կար, ես զգում էի, պապայիս համար էի անհանգստանում, սրտում հինգ հատ ստենտ կա:
Սեպտեմբերի 20-ի լուսադեմին ընկերուհիս ասեց ձերոնց հանի, պատերազմ ա սկսելու: Մտածում էի՝ մենակ մերոնց ո՞նց հանեմ: Բոլորի մասին էի մտածում, բայց ամենաշատը` երեխեքի:
Հետո տաքսիով գիշերով գնացի մամային, հարսիս, երեխեքին հանեցի: Պապայիս հարևանը զանգեց, ասեց՝ գիտեմ, որ քշում ես: Մատենադարանի մոտից մեքենաներ են գալիս, զինվորի հաց են բերում, կնստե՞ս, գաս մեր ավտոյով կնգաս ու երեխեքիս տանես: Ես նստում եմ, գազելով գալիս:

Էդ էն օրն ա, որ Շուշին վերցնում են: Լաչինի մոստը տրաքցրած՝ ես էդ մարդու մերսեդեսը քշում եմ, ընտանիքին տեղափոխում եմ Երևան, բեսպիլոտնիկները (ԱԹՍ-ները) բամբիտ էին անում… Ինձ ճամփին զինվորականները կանգնացրեցին, ասեցին. «Աղջի՛կ ջան, լույսերդ անջատած քշի, բեսպիլոտնիկները վերևը ֆռում են, կխփեն»:

Իսկ մեր տունը՝ լացուկոց. մաման, տղաս: «Մի՛ գնա, ուրիշի պատճառով քո երեխուն անտեր ես թողելու:» Ես ասեցի՝ պետք ա գնամ, ես էլ սենց կարամ օգնեմ: Մերոնց բերում էի, բոլորին միսենյականոցում տեղավորում, փչովի մատրասներ էի առնում, պոլերին էինք քնում: Ես նույնիսկ ուրիշների տներում էի քնում:
Մերոնք ասում են՝ սոված լինենք, ծարավ լինենք, մենք մեր տունն ենք ուզում: Չէին հարմարվում:
Դավիթը Ղարաբաղի գրանցում ունի, ու խոսակցություն կա, որ թուրքական բանակում ա ծառայելու: Էդպիսի բան չի կարա լինի, ոչ մեկ էդ թույլ չի տա, ոչ մի ծնող: Տենց բան չի կարա լինի: Դավոն սթրես ա տանում, ասում ա. «Որ արձակուրդ լինի, ես չե՞մ գնալու Ղարաբաղ՝ հանգստանամ»:
Իրա ուղեղի մեջ չի տեղավորվում, որ չկա, չի կարա գնա, ինքը Երևանը չի սիրում, ինքը Ղարաբաղն ա շատ սիրում:

Էլեն

 

Տասնչորս տարի չէր ստացվում հղիանալ: Արդեն մտածում էի երեխա վերցնեմ:
Նոր տարուն հանգստանում էինք Եգիպտոսում, չէինք պլանավորել Երուսաղեմ գնալ: Պատահաբար գնացի Սուրբ Հարության տաճար, ձեռքս դրեցի Քրիստոսի գերեզմանին: Սրբավայրից, չգիտես ինչի, լացելով դուրս եկա: Զգացողություն էր, որ միջիցս ինչ-որ չար բան հեռացավ, ու թեթևություն զգացի: Մի ամիս հետո իմացա, որ հղի եմ:
2020 թ.-ի պատերազմից հետո մտքովս անցնում էր երկրից հեռանալ: Բայց ուրիշ տեղ չեմ կարողանում մնալ երկար: Սիրում եմ մեր Հայաստանը, մինչև վերջ էլ ապրելու ենք:
Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, որ ամեն ինչ հետ կգա: Չգիտեմ՝ ինչի, մի քիչ հանգիստ եմ: Մենք պետք ա պայքարենք, որ մեր էրեխեքին լավ պահենք, մեծացնենք, լավ մարդ դարձնենք, էդ ա մեր միակ հույսը: Մարդու կյանքում միակ երազանքը, որ իրա էրեխեն լավ լինի:

Գոհար

 

Հեռախոսով խոսելիս՝ կրակոցներ լսեցի. «Զորավարժությո՞ւն ա, չէ՞»:
«Հա, մամ, զորավարժություն ա»: Կարծես հուշում էի՝ ինչ ասի, որ ճշմարտությունը չիմանամ:

Քառօրյայի ժամանակ Խաչատուրը ծառայում էր Քարվաճառում: Արդեն հայտարարված հրադադարից հետո լուրերով հայտնեցին, որ Քարվաճառում երկու զինվոր է զոհվել: Հարևաններս կողքս՝ ձեռքս բռնած, այնքան են նստել, մինչև հայտարարել են զոհվածների անունները:
Սեպտեմբերի 19-ի հարձակման մասին լսեցի, անջատվեցի, կարծես՝ ուշաթափվեի: Պարզվեց լարվածությունից ճնշումս ա իջել:
Երկու անգամ ներկա ա եղել ինքը. մեկ անգամ՝ Քառօրյան, մյուս անգամ՝ Քառասունչորսը: Հեչ չէինք սպասում, որ դա այդքան երկար ա տևելու: Դրանից հետո մի վատ լուր, ու ես չկամ:

Ամեն օր աղջկաս հետ գնում էինք հրապարակ, որտեղ զինվորների համար անհրաժեշտ պարագաներ էին հավաքում: Մի օր ծածկոց էինք տանում, մի օր՝ կոշիկ: Դա անելիս՝ կարծես Խաչատուրի հետ կապի մեջ լինեի:

Խաչատուրը շատ նման է պապիկին, որին թեկուզ և չի տեսել, բայց շատ ընդհանուր գծեր ունի: Պապը քաղաքացիական շատ բարձր պատասխանատվության զգացում ուներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից էր: Քառասունչորսօրյայի ժամանակ Խաչատուրը տանը իր գծագրերի վրա էր աշխատում, բայց չորացած սպասում էի, որ մի բան անելու է: Խաբեց, թե գնում է ՄՈԲ-ի տղաներին ականանետին ծանոթացնի, բայց կամավոր առաջնագիծ մեկնեց: էլի՝ Քարվաճառ:
Մեկ-մեկ մտածում եմ, ես արվեստի բնագավառում իմ քսան տոկոսն եմ անում՝ լինելով ջազային երգչուհի, ստեղծելով կոլաժներ, բայց ընտանիքը ամենակարևորն ա: Դու երբ քո խոհանոցում քո ճաշը եփում ես, շատ ավելի մեծ աշխատանք ես քո ընտանիքի համար անում, որովհետև մաման ա կայունությունը:

Վերժինե

 

Երեք տղաներիս էլ կարող էի Ամերիկայում ունենալ, քանի որ հղի ժամանակ օրինական մեկնել եմ ԱՄՆ: Բայց վերադարձել եմ, որ իմ երեք երեխաները ծնվեն Հայաստանում՝ իրենց հոր կողքին: Դա իմ ու ամուսնուս որոշումն է, որ մենք Հայաստանում ենք ապրելու:
Նույնիսկ պատերազմից հետո մեր սերը հայրենիքի հանդեպ ավելի մեծացավ: Մայրերը շատ ուժեղ պետք է լինեն, քանի որ տղաները նայում են մեզ ու ձգտում են էլ ավելի ուժեղ լինել:
Մեր երեխաները ծառայելու են, բայց մենք հիմա ամեն բան պետք է անենք, որ իրենց ծառայությունը լինի խաղաղ պայմաններում:
Իմ կյանքում 2020 թ.-ի պատերազմը շրջադարձային էր: Ամուսինս, ազատված լինելով պարտադիր զինվորական ծառայությունից, գրեթե առանց զինվորական գիտելիքի և պատրաստվածության մեկնեց ճակատ: Պատերազմից վերադառնալուց հետո Հակոբի պես մի խումբ գիտնականներ և ծրագրավորողներ, հիմնեցին «Ազատազէն» առաջին քաղաքացիական հրաձգարանը:

Առաջին զենքը ամուսինս է մարտի 8-ի կապակցությամբ նվիրել: Կարևոր եմ համարում, որ բոլորը տիրապետեն զենքին և պատրաստ լինեն պաշտպանվելու: Երբ զրկվենք զենք կրելու իրավունքից, կհայտնվենք զոհի կարգավիճակում: Եթե զենք ունենաս, մեռնելուց առաջ գոնե երկու թշնամի կսպանես:


Նյութը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» ծրագրի շահառու 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը, և արտահայտված տեսակետները կարող են չհամընկել Եվրոպական միության տեսակետների հետ։.