Մարդիկ

Նազիկ Արմենակյան և Փիրուզա Խալափյան

Ես առաջին Արցախյանին տասներկու տարեկան եմ եղել, իսկ հիմա իմ տղան է տասներկու տարեկան: Հենց էդ տարիքին եմ եղել, երբ մեզ պաշտպանել ենք ու մեր գյուղերը մեզ վերադարձրել։ Էսօր մեր ձեռքից նորից խլեցին, հիմա զգում ենք մեզ անապահով, դեռ 90-ականների հոգսն է մեր սերնդի սրտում, դրա համար դժվար ենք համակերպվում: Գյուղը անելանելի, անհասկանալի վիճակում է, չգիտենք, չենք կողմնորոշվում, դեռ լավ բան չենք տեսնում: Պատը դպրոցին մոտիկ է, մեր երեխաներն էդտեղ պիտի դասի գնան: Տասը մետր հեռավորության վրա դասի պիտի գնա, թե՞ հիսուն մետր հեռու է իմ տունը. ի՞նչ տարբերություն:

Զոհրաբ Նազարյան

Եթե վախենանք, պիտի էս գյուղում չապրենք։

Չեմ վախենում, ես պիտի ապրեմ:

Ես ապրում եմ այստեղ, հնարավորություն էլ չունեմ իմ ընտանիքը ուրիշ տեղ տանելու, կողքից միշտ հեշտ է երևում ամեն բան: Իմ երեխաները մտահոգում են ինձ, ես գերադասում եմ քիչ խոսեմ, քանի որ երեխաները շատ բան են տեսնում, շատ բան են հասկանում։ Ինչքան էլ փորձեմ իրենց հետ խոսեմ, ավելի վատ արդյունքի կհասնեմ, թողնում եմ իրանք իրենցով հասկանան։ Եթե զգում եմ իրանց ինչ-որ բան անհանգստացնում է, միջամտում եմ, եթե փորձեմ սովորեցնել, թե կյանքն ի՞նչ է, իրենք ավելի բարդ փուլի մեջ կհայտնվեն: Էն փոքրս հարց չի ուզում տա, կարծես, ամեն հարցի պատասխան գիտի: Փորձում եմ որպես հայ ծնող ավելի շատ տղայիս հետ աշխատել, որը դժվար է

Զոհրաբ Նազարյան 

Գյուղը փոխվել է, մնացել ենք մի անկյունում, ոնց որ արդեն թալանված լինենք: 

Հերիք տատ

2007 թվին մերս մահացավ, էդ թվից մենակ եմ ապրում էստեղ: Ես էստեղ ծնվել եմ, էստեղ մեծացել եմ, հերս էլ, մերս էլ էս գյուղացի են եղել: Սա հորս տունն է: 
Տավարն էի տանում դաշտ, փուշ էի կտրում, թուրքի գնդակը գալիս էր, գլխիս վերևով թռչում: Մենք էստեղ անասուն էինք պահում կռվի ժամանակ, մեր երեք կովը տարան, ինչ ապրանք գնում էր էնտեղ, արդեն տերը չէիր: Էն կռիվների ժամանակ, մերս, չաղ կնիկ էր, մտել էր կառավաթի տակ, ման էի գալիս, չէի գտնում: Այ էդ վիճակն էր:

Մեր բալկոնից ամբողջը երևում է, էդ ինչքա՞ն են պատը բարձրացնելու, որ ես իմ բալկոնից չտեսնեմ թուրքին:

Շուշի տատ

Սիրտս տխուր է, ում սիրտը տխուր չի լինի, որ իրանց գյուղը սենց տեսնի, հիմա ահով ու վախով ենք քնում, մենակ չմորթեն, գլխիս կրակեն, մահանամ, քան գան տուն մտնեն… Ասում են` շան հետ ախպերացի, փետը ձեռքիցդ մի գցի: Էնքան հայ ջահելների գլուխները կերան, ի՞նչ խաղաղություն, էն մահացածների ծնողները ո՞նց են հաշտ լինելու, ի՞նչ խաղաղություն: Մեր էս փոքր գյուղից քանի զոհ գնաց:

Շուշի տատ

Մենք, որ մեր գյուղը կարողանանք պահել, ուրեմն հայրենիքն էլ կպահենք:

Հաղթանակ Նազարյան

Վախ հիմա էլ չկա, էս պահին կռիվ լինի, դրանից վախեցող չկա, բայց էն ժամանակ մտքովս չէր անցնում, որ էսպես կլինի, եթե իմանայինք, որ սենց կլինի, այլ բան կլիներ, որ իմանայինք մեր գյուղն էլ են տալու, ուրիշ բան կլիներ։ Թուրքի սահմանը չտվեցին, մերը տվեցին, մեր գյուղը: Գյուղում ամեն մեկն իր ցավի մեջ է ապրում: Գյուղից ընտանիքներ են հեռանալու։ Կարևորը ոչ թե սարքած տներն են, այլ միջի ապրողները:

Ամեն օր պատին նայելիս մտքովս մի բան է անցնում: Սրանք, որ պրծնեն, գնան, քաղաքում կան լավ նկարողներ, որ ուզում են մի տեղ մի բան նկարեն։ Մեր զոհվածների նկարները ծայրից ծայր նկարենք․ եռագույնն էնտեղ, զոհվածների նկարները էնտեղ։ Էս պատի երկարությունը կհերիքի: Առավոտ նստած էստեղ նայում եմ, էդ եմ մտածում․ մաքուր բետոն է, մի հատ ներկ ենք քսում, եռագույնը նկարում ու դրա մեջ մեր զոհվածների նկարները նկարում: Գուցե էդ է՞լ արգելեն մեզ։ Էս պատը լացի պատ է, Իսրայելի լացի պատի պես մի պատ է դարձել:
Պարտադիր չէ բոլորի նկարները լինեն, գոնե էս Տավուշի մարզի զոհվածների նկարները լինեն, բետոն չլինի էլի, որ նայես, սիրտդ մղկտա։ Էս պատին մենք ենք նայում, թուրքը չի նայում։ Եթե վաղը էդ պատը քանդելու լինի, էդ տղերքի նկարները չեն խանգարելու: Էստեղ, որ քանդեն, հայրենիքը պիտի մեզ տան։ Էդ տղերքը չեն նեղանա։ Բայց հույս ունեմ, որ մի օր քանդվելու է պատը․․․

Հաղթանակ Նազարյան