Կենդանիների ու մարդկանց  մտերմությունը հաճախ հանդիպող երևույթ է:  Կենդանիները մարդկանց չմեծացող երեխաներն են, և մարդիկ ստանձնում են նրանց մշտական հոգածությունը: Կենդանիների մշտական խնամքի անհրաժեշտությունը  նպաստում է տիրոջ սեփական եսի նշանակության և պատասխանատվության զգացումի բարձրացմանը:

 


Անին իր երեսնամյակի առթիվ թութակ նվեր ստացավ գործընկերոջից: Այդ օրը թռչունը վանդակով Անիի և ընկերների հետ փաբում անցկացրեց երեկոն, հետո հասավ իր նոր բնակարան: Անունը Գալուստիկ կնքվեց: Արդեն 5 տարի նա բնակվում է Անիի ընտանիքի հետ: Գալուստիկը իր ուրախությունն արտահայտում է ընտանիքի անդամների գլխին կանգնելով:

 


Քրիստինան փոքր տարիքից ձիասպորտով է զբաղվում: 7 տարի առաջ հայրը նրան թուրքմենական ձի նվիրեց` Միրային: – Երբ Հայաստանից բացակայում եմ, Միրային սարսափելի կարոտում եմ ու օդանավակայանից ուղղակի գնում եմ ձիարշավարան, որտեղ ապրում է Միրան: Քրիստինան 1 տարի առաջ տուն բերեցի նաև ճապոնական Ակիտա ինու ցեղատեսակի շանը` Մայխին: 4 ամիս անց նա կորավ ու ես տեղս չէի գտնում: Անշուշտ անհանգստանում էի Մայխի համար, թե որտեղ է, ինչպես են իրեն վերաբերվում: Ամեն բան արեցի, որ գտնեմ նրան ու հետ բերեմ, 9-րդ օրը գտնվեց: Մեր հանդիպումից պարզ էր, որ Մայխը ինձ մոտ է ուզում լինել, նա խեղդվելով ձգում էր պարանը ու վազում դեպի ինձ:

 


Անանիա Ոսկանյանը Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի գեղանկարչության բաժնի ուսանող է: Անանիան շատ է սիրում հեծանիվ. պրոֆեսիոնալ հեծանվասպորտով չի զբաղվում, սակայն մասնակցում է սիրողական մրցաշարերի: Բելգիական Մալինուա ցեղատեսակի շանը նրան նվիրել է ընկերը: – Մինչև Ջեկը` ոչ մի կենդանի չեմ պահել ու ուրիշ կենդանիների հանդեպ հիմա էլ եմ անտարբեր,- ասում է Անանիան,- ես շատ սիրում եմ հենց Ջեկիին ու չեմ պատկերացնում, եթե ինքը չլինի, ես ուրիշ կենդանի կկարողանա՞մ պահել: Ինքը իմ միակն է:

 


Միքայելը և Դեմիան:

 


Նանեն տեղավորվում է բազմոցին, քնելու համար:

 


Քրիստինան, Միրան ու Մայխը զբոսանքի ժամանակ:

 

-Ավելի հաճախ կենդանիներ ունենալու ցանկություն հայտնում  են երեխաները, երբ հավատարիմ ընկերոջ կարիք են զգում: Շան դրական ազդեցությունը երեխաներիս վրա նկատելի է,- ասում է Արփի Մաղաքյանը:

– Շուն ունենալու գաղափարը տղայինս էր՝ Մուշեղինը, ես ինքս համաձայն չէի: 15 տարեկան աղջիկս ու 10 տարեկան տղաս իրենց շատ պատասխանատու էին զգում նրա համար, ու սկզբնական շրջանում  իրենք էին հոգ տանում շան մասին: Այժմ ես ինքս շատ եմ սիրում մեր Ամպիկին և գնահատում եմ  երեխաներիս  վարքագծի դրական փոփոխությունները, որ տեղի ունեցան մեր տանը` Ամպիկի հայտնվելուց հետո:

 


Թաթիկը ընկերուհուս կատվի ձագն է: Թաթիկ անունը տվեցի, որովհետև թաթիկները սպիտակ էին,- ասում է Սևանը, – արդեն 2 տարի միասին ենք ապրում: Երբ 2 ամսեկան էր, չորրորդ հարկի մեր պատշգամբից ընկավ երկրորդ հարկի հարևանների պատշգամբն ու թաթիկը կոտրեց: Կլինիկայում պետք եղավ թաթիկն անշարժացնել: Նրան 1 շաբաթ պահեցին այնտեղ: Թաթիկը ընկերուհիս է, ես նրա հետ լուրջ խոսում եմ՝ բարև, Թաթիկ, լա՞վ ես, բա հիմա ի՞նչ անենք: Թաթիկ, եթե հարևանի պատշգամբի դուռը բաց է, դա դեռ չի նշանակում, որ կարող ես իր տուն մտնել: – Նրա հետ պահմտոցի ենք խաղում,- ասում է Սևանը ու մտնում հյուրասենյակի դռան հետևը: Թաթիկն էլ խոհանոցից գալիս ու գտնում է նրան: – Մարդիկ ծիծաղում են վրաս: Թաթիկը շատ սիրուն է, սիրուն դիմագծեր ունի, – ասում է Սևանը ու ձեռքով Թաթիկի դեմքը շրջում է իր կողմը:

 


– Մոտ 5 տարի առաջ զինվորական ծառայություն անցնող ընկերոջս էինք այցելել Սիսիանի տարածաշրջանում: Նա պատմեց, որ մի բու են գտել – բերել զորամաս, բայց չեն կարողանում խնամել: Ես բվին հետս տուն բերեցի: Անունը Դեմիան դրեցի, քանի որ ազդված էի Հերման Հեսսեի վեպից: Ես Դեմիանին չեմ փորձել վարժեցնել, քանի որ շատ եմ սիրում իր բնական պահվածքը,- ասում է Միքայելը:

 


– Մուշեղը գանձատուփ էր պահում շնիկ գնելու նպատակով: 65 000 դրամ արժեցավ Ջեսին: Օրեր անց Ջեսին մեր տանը ստացավ Ամպիկ անունը: Ամպիկը եկավ մեր տուն, մարդիկ գնացին,- կատակում է Արփին: – Մենք հիմա խուսափում ենք հյուրեր ընդունելուց, մեր տան առօրյան ավելի շատ հարմարեցված է Ամպիկին:

 


Քրիստինան, Միրայի այցի ժամանակ, Մայխին հետը ձիարշավարան է բերել:

 


Ֆոտոլրագրող Նելլի Շիշմանյանը նկարահանման համար այցելել էր «Կենտավր» թերապիայի կենտրոն: Կենտրոնում պահվող շներից Էբբիին Նելլին շատ սիրեց ու մտածեց նրան որդեգրել: Առաջին հանդիպումից ամիսներ անց Էբբին արդեն Նելլիենց տանն է: -Նա երկու շաբաթ է, մեր տանն է: Հայաստան է բերվել Գերմանիայից, նախկին տերը դժվարացել է Էբբիին խնամել ու հանձնել է խնամքի կենտրոն: Մենք շատ ուրախ ենք, որ գտանք նրան: Շատ խելացի շուն է ու երջանիկ է զգում իրեն մեր տանը:

 


– Ձկներին տատիկն էր նվիրել տղայիս` Դավիթին, նրա տարեդարձի օրը, սակայն նա հետաքրքրություն չցուցաբերեց դրանց հանդեպ: Ես պատասխանատվություն եմ զգում ու, ինչպես հարկն է, հոգ եմ տանում: Պատահում է՝ հիվանդանում ու հերթով սատկում են. այդ օրերին առավոտյան վախվորած մոտենում եմ ամանին, որ տեսնեմ՝ ո՞ղջ են բոլորը, թե՞ ոչ: Նոր ձկներ ենք գնում, ավելացնում: Կարմիրը մեր հնաբնակներից է, առաջին ձկներից է:

 


Հիսունյոթամյա Ժաննա Հայրապետյանն Աբովյան քաղաքի իր բնակարանում ապրում է Շարպեյ տեսակի շան` Նանեի հետ, որը ընտանիքի հետ է արդեն 10 տարի: Ամենօրյա զբոսանքները ու Նանեի խնամքը կնոջ առօրյայի անբաժան մասն են: Ժաննայի ամուսինն արդեն տարիներ է, Մոսկվայում է ապրում և աշխատում: Այնպես է դասավորվել, որ նրա 4 երեխաները նույնպես բնակվում են Հայաստանից հեռու, ու Ժաննան ապրում է, ինչպես ընտանիքի անդամներն են սիրում ասել, իր փոքրիկ աղջկա` Նանեի հետ:

 

Կենդանիները մարդկանցից տարբերվում են իրենց անշահախնդրությամբ, նրանց զգացմունքները միշտ իրական են, նրանք չեն կեղծում ու  սիրում են անվերապահորեն: Կենդանիներն իրենց տերերին սովորեցնում են հավատալ և վստահել: Կա կարծիք, որ կենդանի պահում են նաև միայնակ ու չհասկացված մարդիկ, որոնք հավատարիմ ու նվիրված ընկեր են փնտրում`  միշտ իրենց կողքին լինելու համար: Ընկեր-կենդանին ակամայից դառնում է նաև զրուցակից, մարդիկ խոսում են իրենց խնդիրներից, կիսվում ընկերոջ հետ: Կենդանին չի խոսում, չի դատապարտում, չի  քննադատում ու կարողանում է իսկապես սիրել: