Մտքումս անվերջ պտտվող ժապավենի վրա կարդում եմ՝ քովիդ, համավարակ, դիմակ, ընդհանուր առմամբ, պաշտպանիչ միջոցներ, կատարված թեստեր, թոքաբորբ, օնլայն համակարգ, վիրուսի երկրորդ ալիքը դիտեք առաջին ալիքով, հեռավորություն, մեկուսանալ, առանձնանալ, հեռու մնալ, տարանջատվել, անջատվել, անջատ, անջատիչ, անջատված, անջատում, անջատող, անջատի լույսը, մա՛մ…
– Ի՞նչ ես մտածում: Հը՞ն, Եվա:
– Չգիտեմ, ուզում եմ չմտածեմ:
– Ինչի՞ մասին ես ուզում չմտածես:
– էս ամեն ինչի: Իրավիճակի: Համավարակի: Հարմարվողականության: Վախի:
– Ինչի՞ց ես վախենում:
– Մենակությունից: Մարդու՝ ամեն ինչին հարմարվելուց: Նրանից, որ մենակությունը կարա դառնա նորմալ ու դրան էլ հարմարվենք: Չեմ ուզում պատկերացնեմ:
– Փորձի մտածես, որ էս ամեն ինչը ժամանակավոր ա: Մարդիկ չեն կարա առանց իրար: Մարդիկ միշտ իրար կարիք ունեն ու միշտ ունենալու են, ոչ մի համավարակ դա չի կարա փոխի: Ոնց ասում էին «Սոլարիս» ֆիլմում՝ մարդուն մարդ ա պետք: Կուզե՞ս՝ հետո էդ ֆիլմը նայենք իրար հետ:
– Հա:
– Անպայման կնայենք, դե քնի, Սոլար:
– Ի՞նչ ա նշանակում էդ բառը:
– Արև ա նշանակում, քնի, Արև, վաղը գործ ունենք անելու:
Գագիկ Հարությունյան, 11տ
Գիշերներ կար, որ չէի քնում, մտածում էի՝ հեսա կորոնավիրուսը վարակելու ա մեզ, ընտանիքը, դրանից դիսկոմֆորտ էր իմ մեջ առաջանում, որովհետև մորքուրիս ընտանիքը վարակվեց ու հիվանդանոց պառկեց։ Երբ որ մայրիկս զանգում էր ՝ հարցնում էր, ոնց են, իրանք ասում էին՝ մենք արդեն քիչ-քիչ լավանում ենք։ Դրանից ես արդեն ավելի քիչ սկսեցի վախենալ։ Հետո իրանք բուժվեցին ու իմ ընկերներից կամ բարեկամներից էլ ոչ մեկ չէր վարակվում, ես սկսեցի ավելի քիչ վախենալ կորոնավիրուսից։
Որ ասեցին դասի չեք գնալու, ես մի պահ ուրախացել էի, ոնց որ ամառվա արձակուրդներին, ինձ թվում էր, որ իմ ընկերները բոլորը բակ կիջնեն, ամեն օր կխաղանք իրար հետ, բայց տենց չեղավ, բոլորը տանը նստած դաս էին անում:
Մենք հատուկ ժամ էինք ընտրում, որ իջնեինք բակ: Իմ ընկեր Տարոնը, եթե բակ էր իջնում, ես սպասում էի ինքը խաղա, տուն գնա, որ հետո ես իջնեմ: Տենց հարևանները պատուհանից հետևում էին, սպասում էին, որ իրանց հերթը չանցնի: Մեր բախտը բերելա մենք շուն ունենք ու Միկիին ման տալու համար, առավոտյան տատիկն էր գնում քայլելու քաղաքում, երեկոյան էլ մենք էինք գնում:
Մի օր կարանտինի օրերին, մաման տատիկին ու պապիկին ասեց.- էսօր մենք գնում ենք քաղաքից դուրս: Տատիկը զարմացավ, բայց բան չասեց: Մաման հավաքեց բոլորիս մի սենյակում ու մի ամբողջ օր մենք սենյակից դուրս չեկանք, խոսում էինք, խաղում էինք, գիրք էինք կարդում, իբր քաղաքից դուրս էինք գնացել, որ տատիկն ու պապիկը հանգստանային մեզնից:
Մի հատ կարոբկա կար, մենք մեջը մեր խոմյակին էինք պահում , էդ կորոբկան վերցրի, միջի թեփը հանեցի, շշի կրիշկաներով, զուգարանի թղթերով դիջեյի պուլտ սարքեցի: Տոմսեր էլ կտրտեցի թղթերից, մամայի վայֆայով դինամիկը միացրի ու մայրիկը, հայրիկը, եղբայրս, քույրս հատուկ հագնվեցին եկան պարելու մեր փակ բալկոնի դիսկոտեկայում : Տրամադրություն էի ստեղծում էլի, ախպերս էլ ֆոնարիկով լույսը պահում էր դեմքիս ու ես ինձ հայտնի դիջեյ էի պատկերացնում:
Մարի Ավետիսյան, 14տ
Ես ոչ թե իմ համար էի վախենում, այլ մյուս մարդկանց համար կամ տան անդամների համար, որովհետև, չգիտեմ, իրանց մոտ էլ կան չէ՞ խրոնիկ հիվանդություններ։ Իրանց համար ավելի վտանգավոր ա, քան թե մեր։ Դրա համար ես ավելի շատ իրանց համար էի հիգիենա պահում։
Ինչքան ընկերներ ունեի, նույնը մնաց, չպակասեցին։ Դասարանցիներով ավելի իրար մոտիկացանք, որովհետև անընդհատ իրար հետ խոսում էինք էդ օնլայն դասերի հետ կապված, որ պետք ա ինչ-որ լինքեր, բաներ ուղարկենք, դրանից բացի ուրիշ թեմաներից էլ էինք խոսում, ավելի իրար հետ ընկերացանք։
Կարանտինի ժամանակ սկսեցի ավելի շատ նկարել, չգիտեմ, ժամանակ կար։ Ավելի ազատ էիր քեզ զգում, օրինակ, որ դաս չկար անելու։ Հետո որ դաս անես, գիշերվա մինչև 12-ը պետք ա նստես, նկարելու ժամանակ չի մնում։
Օնլայն դասերի ժամանակ դասատուները ավելի հանգիստ էին, համ էլ երեխեքը տենց շատ չէին կարում չարություն անեին, ոնց որ իրար կողք նստած օրինակ, չէին կարող խոսալ իրար հետ, ծիծաղել, դրա համար ուսուցիչները ավելի հանգիստ էին, քան իրական կյանքում։
Ես երազում եմ տարբեր երկրներ գնամ, բայց դե որ փակ են ճանապարհները, արդեն չես էլ կարում երազես էդ ժամանակ։ Իտալիա կգնայի, որտեղ հանրաճանաչ կառույցներ ու լիքը նկարներ կան:
Ես կուզեի, որ մարդիկ կորոնավիրուսից հետո փոխվեին: Եթե հնարավոր լիներ փոխել իրանց հատկություններից, ես կուզեի, որ նախանձը, կեղծ շփումը փոխվեր իրանց մեջ:
Լևոն Ավետիսյան, 15տ
Իմ համար սկզբում վախենալու էր, մտածում էի թե վսյո, հեսա սաղ աշխարհը կվերանա: Բայց հետո աստիճանաբար մարդիկ սկսեցին լավանալ, ու անհանգստությունս քիչ- քիչ պակասեց:
Լավը էն էր, որ դպրոցները փակվեցին։ Քննությունները չտվեցինք, էդ էր լավը։ Բայց օնլայնն էլ իրա բարդությունը ուներ, էլի պետք ա առավոտը յոթին վեր կենայիր, էլի նույն բանն էր ինչ դպրոցում։ Ես ահագին բարձր գնահատականներ ստացա օնլայն դասերի ժամանակ, ուղղակի մի քիչ անարդարություն կար, որ քո ստացած գնահատականները չէին անցկացնում մատյանի մեջ։ Չգիտեմ ինչի։
Կյանքում ահագին բան փոխվեց իմ մոտ։ Հիգիենային ավելի շատ սկսեցի հետևել։ Երբ որ գնում էի պարապմունքի, կամ ասենք, ընտանիքով դուրս էինք գնում, գալիս էինք տուն, անպայման մտնում լողանում էինք հերթով։
Ավելի շատ վախենում էի ուրիշների համար, դրա համար տունը շատ էի մնում, դուրս չէի գալիս շփման, մենակ հեռախոսով, կամ հեռավար էի շփվում։ Տենց․․․ ու անընդհատ լվացվում էի։
Ընկերներիս հետ ավելի քիչ սկսեցինք խոսել։ Շփվելը պակասեց մեր մեջ։ Մի քիչ բարդ ա բացատրելը։ Հիմա նորից սկսել ենք հունի մեջ ընկնել։ Դե, ոնց որ․․․ ասենք մարդու հետ իրականում շփվում ես, բնականա էդ շփումը։ Իսկ նենց արհեստական ա, հաճելի չի։
Հենց կարանտինի ժամանակ լիքը բան սովորեցի ես։ Ինչ որ ինձ հետաքրքրում էր, օրինակ տեխնիկայի մեջ ավելի շատ սկսեցի խորանալ ու լիքը բաներ իմացա։ Էդ ընթացքում երկու հատ կոմպ ունեի չաշխատող, քանդում-հավաքում էի, դրանով էի զբաղվում։ Մորքուրիս կոմպը օրինակ սարքել եմ արդեն։
Իմ կարծիքով, կորոնավիրուսից հետո աշխարհը ավելի դրական կողմը կփոխվի։ Ես էլ չգիտեմ՝ ինչի, բայց ինձ տենց ա թվում։ Մարդիկ իրանց սխալները կուղղեն իմ կարծիքով, իրանց բացթողումների վրա կմտածեն։ Մարդկությունը հաստատ կվերանայի իրա բժշկական սխալները, արդեն էդ փորձը ունի։
Լիկա Կարախանյան, 16
Ինձ մոտ տպավորություն էր, որ ես ասես մուկ լինեի վանդակի մեջ, ու խեղդվում էի բնակարանում։ Կարանտինը մարտ-ապրիլից սկսվեց, չէ՞, ես ուղղակի նստած էի վերմակի տակ ու չգիտեի ինչ անել։ Ինձ համար դժվար էր հավատալ, որ այլևս որևէ տեղ դուրս գալու հնարավորություն չունեմ: Ջոկում ես, որ կարա պատմության գրքերի պես մի բան տեղի ունենա, կարանք ընդհանրապես էլ չլինենք․ շատ վախենալու էր դա պատկերացնել։
Սթրեսի հետևանքով, կոպիտ ասած, սկսեցի քաշ հավաքել։ Կորավ որևէ բանով զբաղվելու ցանկությունը։ Դիմում էի մոդելիերի մասնագիտություն սովորելու համար ու պիտի գրեթե ամեն օր նկարեի, բայց հասկանում էի, որ դրանով զբաղվելու ուժ չունեմ։
Ես ուղղակի փակվել էի իմ մեջ ու ոչինչ չէի կարողանում անել։
Ես կարծում էի, որ կարող եմ ընկերություն անել/ ընկերություն անել գիտեմ, ու կարծում էի, որ շատ-շատ ընկերներ ունեմ, բայց արդյունքում ընդամենը չորս մարդ մնաց, ու ես չեմ զղջում դրա համար, որովհետև կարանտինի պատճառով կորավ ինչ-որ մեկի հետ շփվելու ցանկությունը, սկսվեց ինքնամեկուսացումը, ու երևի ամենաադեկվատ տեղը իմ սեղանն էր։ Ես ուղղակի թաքնվում էի դրա տակ ու փորձում ոչ մի տեղ չնայել։ Վարագույրները, պատուհանները, դռները, ամենուր ամեն ինչ փակ էր։
Օգտագործում էի խանութ գնալու ու հաց գնելու ցանկացած հնարավորություն ու դուրս վազում տնից։ Աղբ թափե՞լ՝ մե՜ծ ուրախությամբ։
Երբ ինձ փակում են որևէ տեղ ոչ իմ ցանկությամբ, օրինակ, սենց ասեմ, եթե ես ուզում եմ նստել տանը, ինձ ոչ ոք դուրս չի հանի, ես կնստեմ տանը, իսկ եթե ինձ կողպում են ստիպողաբար, վա՜յ, ո՜նց եմ ուզում փողոց դուրս գալ։
Շատ հազվադեպ էի տեսնվում համադասարանցիներիս հետ, որովհետև ոչ բոլորն էին դասի մտնում։ Ուսուցիչները նույնպես նյարդային էին, բոլորը զայրանում էին, որովհետև ոչ ոք ոչ մի բան չէր հասկանում․ ինչ-որ մեկն ուզում էր դուրս գալ, ինչ-որ մեկն ուզում էր դուրս չգալ․ ուղղակի ֆիզիկապես բարդ էր, ու անսովոր էր։ Օրինակ, եթե ինձ ծնված օրվանից սովորեցնեին նրան, որ կարելի է ինքնամեկուսացվել ու նստել օնլայն դասերի, կարծում էի, կսովորեի դրան։ Իսկ մոտ երեք-չորս ամիս սենց նստել․․․ բարդ էր։
Ես այնքան եմ սիրում ինքնամեկուսացումը․․․ հասցրեցի սիրել այս ընթացքում, որ սպասում եմ՝ երբ մաման կքնի, որ ուղղակի դուրս գամ պատշգամբ ու հասկանամ, որ հա, ես վերջապես մենակ եմ, ես հանգիստ եմ զգում ինձ։
Ես խնդիրներ ունեի ինքս իմ պատճառով։ Շփվող լինելու պատճառով։
Ես միշտ քննադատել եմ իմ արտաքինը․ այն սպեցիֆիկ է / ուրույն է։ Ես ռուսական արտաքին ունեմ, Հայաստանում դա ուշադրություն է գրավում, մարդիկ ձգտում են շփվել ինձ հետ։ Ես շփվել եմ տարբեր երեխեքի հետ՝ զուգահեռ դասարաններից, որովհետև չէի կարող ընդհանուր լեզու գտնել իմ դասարանի հետ։ Նրանք սկսեցին դիտարկել ինձ որպես օբյեկտ, որը խանգարում է իրենց ինչ-որ բան անել։ Իսկ ես մի աղջիկ եմ, որը ջինս ու լայն վերնաշապիկ է հագնում ու շփվում է տղաների հետ։ Սկսեցին նեղել / ճնշել ինձ շփվող լինելուս պատճառով։ Շատ խնդալու էր, որովհետև կոմպլեքսներ / բարդույթներ ի հայտ եկան․ երևի միայն հիմա՝ կարանտինի ընթացքում, սկսեցի աստիճանաբար բացվել իմ ոճի մեջ։ Շատ էի վախենում ինչ-որ կիպ բան հագնել։ Ուզում էի, որ ոչ մի բան չերևար, ու աստիճանաբար սկսեցի բացվել։
Հիմա՝ կարանիտնի ընթացքում, սկսեցի ինչ-որ նոր բաներ գտնել ինձ համար։ Դադարեցի ամաչել ինչ-որ բաներից, սկսեցի կարել, կախազարդեր պատրաստել, թևկապներ սարքել․․․ ու աստիճանաբար գտա իմ ոճը։
Անի Բարոյան, 13տ
Անկեղծ ասաց, երբ էս ամեն ինչը նոր էր սկսում, ինձ շատ հետաքրքիր էր, որովհետև բոլորիս համար նոր բան էր, չգիտեինք ինչա լինելու: Ինձ հետաքրքիր էր, էս ամեն ինչը ինչպես կվերջանա, կվերջանա արդյոք:
Դասերը երբ օնլայն դարձան, մենք դրան անլուրջ մոտեցանք, բայց մենակ մենք չէ, բոլորի համար էր անսովոր օնլայն դասերը: Տրամադրված չէինք, որ նույն ձևով գնում ենք դպրոց սովորելու, գլուխ էինք պահում: Բայց եթե սկզբում հետաքրքրություն կար, անսովոր էր դաս անելու էդ ձևը, ընթացքում, երբ սկսեց երկարել կարանտինը, էդ հետաքրքրությունն էլ կորավ: Որ տնից դուրս չես գալիս, փառատոնների, միջոցառումների չես մասնակցում, նոր տպավորություններ չունես, ձանձրալիա դառնում ամեն ինչ:
Բայց լավ բաներ էլ կար դրանում, տանը մնալով ես ինքս իմ մեջ նոր բաներ եմ բացահայտել, իմ համար նոր զբաղմունքներ՝ պար, երաժշտություն, ֆիլմեր, նոր հետաքրքրություններ եմ գտել, օրինակ սկսել եմ դիմանկարներ նկարել, որ դարձելա իմ հոբին ու եթե կարանտինը չլիներ, հաստատ չէի բացահայտի էդ ունակությունը:
Շատ հավես էր, երբ մենք երկար նստակյաց կյանքից հետո գնացինք քայլարշավ, երբեք չէի եղել նման տեղերում, շատ տպավորված եմ մթնոլորտից ու թե ոնց մեր ուժերով հասանք մեր նպատակակետին:
Ամեն դեպքում շատ բան փոխվեց, շատ մարդկանց հետ դադարեցի շփվել, բայց ծանր չտարա, որովհետև արդեն գտել էի իմ հետաքրքրությունները: Մեկուսացումը ֆիզիկապես ու հոգեպես բոլորիս վրա լուրջ ազդեցություն թողեց: Մեր դասարանում միշտ խմբավորումներա եղել, բայց կարանտինի ժամանակ, ոչ ոք չկարողացավ շփվել իր խմբի հետ: Հիմա բոլորը իրար էնքան են կարոտել, որ հավասար շփվում են:
Մեր դասարանի երեխեքից մեկի մաման բժշկուհիա ու հիվանդներին բուժելիս ինքն էլ էր վարակվել: Պատկերացնում եմ, թե ինչ դժվարա եղել համադասարանցուս համար: Եթե ես իմ մայրիկին չտեսնեի օրերով, ով ուրիշների կյանքը փրկելու համար մնար հիվանդանոցում, տուն չգար ու ես չիմանայի ինչ վիճակումա, ինչ կարողա իր հետ լինել, չկարողանայի մոտիկից շփվել, տեսնել, շատ ծանր կտանեի:
Լավը էն էր, որ մոլորակը մաքրվեց, հանգստացավ, աղբը քչացավ, վատը էն էր, որ մարդիկ էին մահանում: Բայց ինչքան որ վատա, նույնքան էլ հետաքրքիրա, ես սիրում եմ աղետ-ֆիլմեր, որտեղ կործանվումա աշխարհը:
Հիմնականում ժամանակ չենք ունեցել երկար մտածել կյանքի մասին, բայց երբ ամեն ինչ կանգնեց, սկսեցինք դրական բաներ գտնել մեր կյանքի մեջ:
Մանուկ Բարոյան, 11տ
Կարանտինի ժամանակ միշտ դուրս եմ եկել տնից, ոչ մեկի հետ չէի շփվում, բայց դուրս էի գալիս քայլելու, պարապմունքի էի գնում: Մեր կարատեի պարապմունքները տեղափոխել էին դպրոցի դահլիճից մոտակա այգին: Դրսում պարապելը ինձ ավելի շատ դուր եկավ, ավելի ազատ էի զգում ինձ: Սպորտը ինձ օգնում էր չկենտրոնանալ էս խնդիրների վրա, ավելի թեթև էի ընկալում շատ բան: Կարանտինի ընթացքում շատերը իրանց գործողությունները սահմանափակեցին, ավելի դանդաղ սկսեցին մտածել, բայց ես՝ հակառակը, ավելի արագ սկսեցի կողմնորոշվել, արագ մտածել: Ես շատ արագ եմ հարմարվում իրավիճակին, կարանտինին էլ շատ արագ հարմարվեցի ու էդ ժամանակ շատ բան լուրջ չէի ընդունում, դրա համար շատ բան ավելի հեշտ տարա:
Իմ հետաքրքրությունները չփոխվեցին, էն ինչով ես զբաղվում եմ բավարարումա ինձ` թավջութակը, մաթեմատիկան, կարատեն, ծրագրավորումը:
Հայկ Բարոյան, 8տ
Ազատություն, ուրախություն զգացի, երբ իմացա, որ տանն ենք մնալու: Բայց օնլայն դասերը հաճելի էր, որովհետև տանը ավելի հովա քան դասարանում ու դասամիջոց չկա: Հավես էր օնլայն, բայց մի քիչ կարոտել էի դպրոցը, որովհեև չէի կարողանում ընկերներիս տեսնել:
Մեկուսացման, սոցիալական հեռավորության պայմաններում սրվեցին մենակության հետ կապված տագնապային զգացումները:
Երեխաների շրջանում ուսուցման հանդեպ հետաքրքրությունը նվազեց:
Ցանցային կախվածությունը ստիպեց հրաժարվել սոցիալական կյանքից:
Պատանիների շրջանում շատերը ցանկություն չունեն լքել տունը, նույնիսկ երբ դա թույլատրված է:
Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է մինչև 18 տարեկան 6358 երեխայի մոտ:
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։