Հայաստանում շատ քիչ շինհրապարակներ կան, որտեղ սովորական, ոչ ստուգողական այցի ժամանակ, կարելի է տեսնել անվտանգության անհրաժեշտ, գոնե մինիմալ պայմաններում աշխատող շինարար: Պատճառները տարբեր են` շինարարության կազմակերպողի անտարբերությունը, կանոններին չհետևելը, պետական պատշաճ վերահսկողության բացակայությունը, շինարարների անփութությունն ու անշրջահայացությունը:

Մասնագիտությամբ ոսկերիչ 47-ամյա Արտակ Գևորգյանը Դիլիջանից է, իր գործին զուգահեռ նաև շինարարությունում է աշխատում: Սկզբում բանվորի աշխատանքներ էր կատարում, հիմա շենքի ներսում ջեռուցման համակարգերի մոնտաժմամբ է զբաղվում:

 

«Այն, ինչ մենք գիտենք շինարարության անվտանգության մասին, Հայաստանում դեռ չկա, ու չգիտեմ` երբ կլինի։ Բայց խնդիրը մենակ գործատուն չէ, մենք էլ ենք բնավորությամբ, մենթալիտետով ուրիշ. կասկա են տալիս, որ դնենք, մեր ապահովության համար է, կհանենք, կգցենք, հատուկ ժիլետ տան` աշխատանքի ժամանակ հագնելու, կհանենք, կգցենք»,-ասում է Գևորգյանը։

 

«ՄԼԼ Ինդասթրիզ» շինարարական ընկերության` Բիզնեսի զարգացման և մարկետինգի գծով տնօրեն Տիգրան Խաչատրյանն ասում է` շինարարությունում զբաղված մարդկանց աշխատանքի անվտանգության ու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության հետ երբևէ չի առնչվել. «Ես չգիտեմ այդպիսի կառույց: Կա շինարարների ասոցիացիա, որ ոլորտի  կազմակերպություններն է իրար միավորում, բայց, չեմ կարծում` նրանք աշխատողների իրավունքներով են զբաղվում»:

Խաչատրյանը հավելում է` եթե շինարարության պատվիրատուն չի պարտադրում անվտագնության հստակ ստանդարտներ, ոլորտում դրանց առանձնապես չեն հետևում. «Հիմնականում դրսի կազմակերպություններն են դրանք պարտադրում: Սակայն, հաճախ դա էլ մինիմալ ձևով են ապահովում, երբեմն կասկաներից այնկողմ չեն գնում»:

 

 

 

 

Շինարարությունում զբաղված 33-ամյա Սանասար Հախվերդյանն ասում է` փաստաթղթերի վրա անվտանգությունը պահպանվում է, իրականում` ոչ միշտ. «Շինարարությունը, դե, ռիսկային գործ ա, պայմանագիր կնքում ենք, հա, բայց, դե, պայմանագիրը մի բան ա, գործը` մի ուրիշ բան: Անվտանգության գիրք կա, որ ստորագրում ես, բայց գործի մեջ բաներ կան, որ չեն համապատասխանում գրածին: Բայց եթե էդ պայմաններում չանես, առանց աշխատանքի կմնաս: Օրինակ` արձակուրդային թղթերով հասնում ա, բայց չես ստանում, շատ պնդես, կասեն` հավաքվի գնա»։

Հայաստանում շինարարության բնագավառում վերահսկողական լիազորություններ ունի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որի լիազորությունները ավելի շատ շինարարության իրականացման իրավական գործընթացներ սահմանելն ու դրանց իրականացմանը հետևելն է, քան բուն շինհրապարակում ստուգումներ իրականացնելը: Շինարարների անվտանագության համար անհրաժեշտ նորմերը պահպանել երբեմն պահանջում են շինարարության որոշ պատվիրատուներ, հազվադեպ լինում են նաև պատվիրատուներ, որոնք ապահովագրում են շինարարներին:

Շինհրապարակներում մոտեցումը հիմնականում այն է, որ աշխատողը պիտի զգույշ մնա:

 

«Բանվորին մի բան եղավ, թող զգույշ լիներ։ Էդ պահին իրենք անում են հնարավոր բաները, որ բանվորը չբողոքի, անցավ` պրոցեսը վերջացավ, օրգանների [ոստիկանության] հետ էլ հարց չկա, մոռացան, գլխիդ ճարը տես,- ասում է Արտակ Գևորգյանը` հավելելով,-ես տասնհինգ տարուց ավելի շինարարությունում եմ, դեռ չգիտեմ դեպք, որ ուրիշ ձև վարվեն: Մեկը չկա, որ ասի` ինձ թոշակ ա նշանակել ֆիրման, կամ, ասենք, վեց ամիս պիտի բուժում անցնի, ծախսերը փակեն»։

 

Շինհրապարակներում սովորաբար չկան նույնիսկ առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներ. «Պետությունն էլ չի պահանջում, մենակ հարկեր ա հավաքում: Մարդկային կյանքն իրանց մոտ արժեք չունի: Մտածում են` եթե դու շինարարությունում ես աշխատում, կեղտոտ շորերով ես, ուրեմն դու ստրուկ ես, բոմժ ես, կարող ա քեզ հետ կոպիտ խոսի, վիրավորի»։

 

 

 

 

Գևորգյանը կարծում է, որ անվտանգության ապահովումը երաշխավորող թերթիկի տակ ստորագրողների զգալի մասը չգիտի էլ` ինչի համար է ստորագրում. «Չի էլ կարդացել, ոչ ոք զահլա չունի։ Իրան հետաքրքրում ա` գործը շուտ տան, անի։ Աշխատանքի պակասի պատճառով ա դա»: Նա նշում է` Հայաստանում շինարարություն կազմակերպողը պահանջում է` լավը, արագ ու էժան, մինչդեռ, այս երեք որակները համադրելի չեն:

Տիգրան Խաչատրյանն ասում է` հայաստանյան շինհրապարակներում անվտանգության չափորոշիչները գրեթե չեն պահպանվում, օրինակ, երկու մետրից բարձր լինելու դեպքում ամրագոտիով կապված լինելը, հատուկ կոշիկները, սաղավարտները, հատուկ ակնոցները, կրակմարիչները և շատ այլ պարտադիր նորմեր:

 

«Մենք աշխատում ենք ամեն ինչ պահել, օրինակ, եթե շինարարը կասկան չի դնում, իրան տուգանք է հասնում, իսկ այն մարդը, որ հետևում է անվտանգության բոլոր նորմերին, խրախուսվում է, ու քանի որ ոլորտում աշխատողների շրջանում այդ մշակույթը չկա, մենք ստիպողաբար ենք անում»:

 

Ըստ Խաչատրյանի, հազվադեպ են դեպքերը, երբ իրենց պատվիրատուները նաև ապահովագրում են աշխատողների կյանքը, հիմնական պատճառը գումարն է, քանի որ տասնյակ հազարավոր դոլարների մասին է խոսքը: Նա համոզված է, որ Հայաստանում շինհրապարակներում տիրող իրավիճակը իրավական լծակների չգործելու հետևանք է. «Օրինակ` ԱՄՆ-ում ստանդարտներին հետևում են, քանի որ որևէ խնդիր ունենալու դեպքում` մարդիկ դատի են տալիս ընկերություններին»:

 

 

 

 

Մասնագիտությամբ շինարար 58-ամյա Գեորգի Առուշանյանը խորհրդային տարիներին շինաշխատանքների ղեկավար է եղել, հիմա բանվոր է աշխատում: Ասում է` խորհրդային տարիներին բանվորը հանգիստ էր իր ապագայի համար, անգամ բնակարան էր ստանում:

«Սովետի ժամանակ ամառ-ձմեռ պարտադիր հագուստ էին տալիս, կոշիկ, հիմա` նայած օֆիս։

Օրինակ` պարտադիր պետք ա բատինկաներ հագնել, որ մեխ ա, բան ա, ոտքը չմտնի։ Մեկ-մեկ ջահելները լաթիկներով են աշխատում, բայց չի կարելի ու պարզ ա` ոտը մեխ կմտնի»,- ասում է Առուշանյանը` շեշտելով, որ դա վերահսկողության պակասի պատճառով է։

 

«Ես շինարարությունում սկսել եմ աշխատել մինչև բանակ գնալը, սովետի ժամանակ միչև 18 տարեկան էրեխեքը աշխատում էին մինչև ժամը 3-ը ու ստանում լրիվ աշխատավարձ, իրավունք չկար շատ աշխատացնելու։ Հիմա էրեխեքը ամբողջ օրով աշխատում են»,- հավելում է նա։

 

Շինարարությունում զբաղվածների մյուս խնդիրը աշխատավարձի պարբերական ուշացումներ են, երբեմն ընդհանրապես չվճարելը, ինչից բողոքում են գրեթե բոլորը:

29-ամյա Սուրեն Ավետյանը արդեն 9 տարի շինարարության ոլորտում է աշխատում` որպես բանվոր, ասում է` միայն մտերիմները գիտեն, թե ինչով է զբաղված, քանի որ գործը պատվաբեր չէ, ամեն մեկին չի ասում:  

Նա շինարարությունում աշխատել է Հայաստանում ու Ռուսաստանում. «Շատ տեղեր աշխատավարձը ուշացնում են, չեն տալիս, հենց զգում եմ` տենց ա, դուրս եմ գալիս աշխատանքից, էստեղ, օրինակ, նորմալ ա, ճիշտ ա, քիչ ա գումարը, բայց կարևորը` չեն ուշացնում ու չեն խաբում»: