Գարեգին Ալեքսանյան

Շարժվող մեքենա, անշարժ օդ, անհամաչափ շարժապատկեր, մի կերպ բռնված ձեռք, ճնշող ծանրություն, սաստկացող խտություն, յոգայի չպլանավորված պարապմունք` երաժշտական անհամատեղելի ելևէջներով, հայելու մեջ` ծխաքուլայի արանքներից նայող վարորդի հայացք, մարդիկ` կռացած ու կիսատեղավորված,  անհանդուրժողականության ու համակերպման սահմանին դեգերող: Երևանի հանրային տրանսպորտում ամենօրյա փորձարկման է դրված մարդկային նյարդը աշխատանքային օրերին` առավոտյան` 8:30-9:30-ին և երեկոյան 17:30-19:00-ին:

 

 

Հանրային տրանսպորտի խնդիրները նման են մի մեծ սառցաբեկորի, որի միայն սրածայր գագաթն է տեսանելի: Մենք տեսնում ենք լեփ-լեցուն` 40 ուղևորի անմարդկային պայմաններում տեղափոխող միկրոավտոբուսներ, որոնցում կա ընդամենը 14 նստատեղ: Տեսնում ենք վարելու ընթացքում ծխող և երբեմն նույնիսկ սուրճ խմող վարորդներ: Երբեմն մեզ տեղափոխում են սարսափելի աղտոտ և կիսախարխուլ գազելներ, որոնց սովորել ենք, ու այլևս բթացնում ենք անվտանգ և քաղաքակիրթ տրանսպորտի մասին մեր մտքերը: Ավտոբուսները ծանրաբեռնված ժամերին այնքան ուղևոր են ընդունում, որ ներսում այլևս հնարավոր չի լինում գեթ կես ոտնաչափ տեղաշարժվել, նույնիսկ բռնվելու կարիք չի լինում, ազատ անկման տարածք չկա:

 

 

Սառցաբեկորի ստորին (չերևացող) հատվածում տրանսպորտային համակարգի ընդհանուր կազմակերպման հարցն է, ինչպես նաև` վարորդների աշխատանքային իրավունքները, սոցիալական վիճակը, սպասարկման ոլորտում աշխատելու պատրաստակամությունը և այլ հարցեր:

Հանրային տրանսպորտի հարցով Երևանում զբաղվում է քաղաքապետարանը, ոչ թե Տրանսպորտի և կապի նախարարությունը: Սակայն պետական մարմինը պարզապես պայմանագրեր է կնքել մասնավոր ընկերությունների հետ (այստեղից առաջացել է «գծատեր» եզրույթը), որոնք պետք է կազմակերպեն տրանսպորտի ամենօրյա աշխատանքը: Միկրոավտոբուսների դեպքում` 39, իսկ ավտոբուսների դեպքում՝ 18 մասնավոր ընկերություններ են ներգրավված: Ես զրուցել եմ տարբեր երթուղիների բազմաթիվ վարորդների հետ: Մեծ մասը վստահ է` «գծատիրոջը» մեկ բան է միայն հետաքրքրում` ամենօրյա «պլանը» (հստակ սահմանված գումարի չափ, որ պետք է վճարի յուրաքանչյուր վարորդ): Այն տատանվում է 6000-14000 դրամի սահմաններում` կախված նրանից՝ մեքենան վարորդի՞նն է, թե՞ գծատիրոջը, նաև երթուղու երկարությունից և մեքենաների քանակից:

 

  • Պահեստային անիվի համար այլ տեղ չկա:

 

Օրական 8-10 վարորդից 12 հազարական դրամ վերցնելով` ամսական գումարը կազմում է մոտ 3 միլիոն դրամ, սակայն շատ երթուղիների վարորդների համար նվազագույն պայմաններ ապահովված չեն: Վերջին կանգառում, որտեղ վարորդները պետք է գոնե հանգստանալու հնարավորություն ունենան մինչ հաջորդ «ռեյսը», նույնիսկ զուգարան չկա, հաճախ ոչինչ չկա: Երբ այցերից մեկի ժամանակ հարցրեցի, թե այդ դեպքում որտեղ են հոգում բնական կարիքները, նշեցին` «այստեղ` փողոցում»: Ինչպե՞ս թե: Այո, նրանք համաձայնեցին միզել փողոցում` մեջքով կանգնած տեսախցիկին` պայմանով, որ մնալու են անանուն:

«14 ժամ աշխատում ենք` առավոտյան 7-ից մինչև գիշերը 11-ը: Ամառվա ամիսներին լինում է 2000-3000 դրամով ենք տուն վերադառնում, քանի որ օրվա պլանից բացի՝ նաև գազն ենք մենք լցնում` օրական 8000 դրամ: Հենց բողոքում ենք, ասում են` մոռացեք, պլանը չի իջնելու, նույնիսկ ամառը, երբ ուսանողներ չկան: Ասում են` ձեռք չի տալիս, մի աշխատեք: Հույս ունենք, որ կառավարությունը կզբաղվի այս հարցով, օրինակ՝ շատ լավ կլիներ, եթե մենք ֆիքսված աշխատավարձ ստանայինք: Այս վերջին կանգառում էլ լիներ բիոզուգարան ու գոնե նստարան», – նշում է վարորդներից մեկը:

 

  • Քարաշեն տնակ` «63» համարի միկրոավտոբուսային երթուղու վերջին կանգառում:

 

Մեկ այլ միկրոավտոբուսային երթուղու` «9» համարի վարորդներն ընդհանրապես  հանգստի համար նախատեսված տարածք չունեն: Հասնելով Ջրվեժի համայնքապետարանի հարևանությամբ գտնվող վերջին կանգառ՝ պարզվեց, որ վարորդը 2 րոպեից շարժվում է հակառակ հետագծով. այլ միկրոավոտոբուսներ չկային վերջին կանգառում, բոլորը շարժման մեջ էին: Անընդհատ շարժման մեջ, ոչ մի հանգիստ:

«63» համարի միկրոավտոբուսային երթուղում վարորդներն իրենց սեփական մեքենաներն են վարում: Հենց այդ պատճառով էլ առանձնակի խնամքով են վերաբերվում մեքենաներին: Իմ ֆիքսած բոլոր մեքենաները մաքուր էին: Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ մեքենա է շարժվում Պաշտպանության նախարարության մոտ գտնվող վերջին կանգառից, որտեղ կա փոքրիկ քարաշեն տնակ, մայթեզրին` աղբյուրի հարևանությամբ, քարերով և երթուղայիններից հանված աթոռներով հարմարեցված նստատեղի: Մեքենաները վարորդներն են մաքրում, օրական 1-2 անգամ, հենց աղբյուրի ջրով:

Հատկապես վերջին կանգառներում վարորդների համար նախատեսված պայմաններից հետո պարզապես զավեշտալի են թվում Երևանի կանգառներում տեղադրված էլեկտրոնային ցուցատախտակները: Մեծ մասը չի էլ աշխատում` անջատված է: Հատուկենտ աշխատողներն էլ որևէ բան չեն ցուցադրում, միայն հակառակ կողմում ցուցադրվում (գովազդվում) են զուգարանի թղթեր:

 

Վարորդը, չունենալով բնական կարիքները հոգալու այլ տեղ, միզում է փողոցում: Այս միկրոավտոբուսային երթուղու բոլոր վարորդներն են միզում փողոցում` մի կողմից պատսպարված բլրակով, մյուս կողմից` «մարշուտկայով»:

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: