Քաղաք քաղաքի մեջ՝ միջավայրային փազլ. մոլերը երեւանյան առօրյայում համեմատաբար նոր երեւույթ են։ Սինթետիկ քաղաքային միջավայրը սկսել է բավականին արագ կլանել քաղաքի «իրական» ենթակառուցվածքներն ու մարդկանց՝ դառնալով ժամանցի, հանգստի, գնումների կազմակերպման, վերջին շրջանում անգամ մշակութային հետաքրքրությունը բավարարելու վայր։
Հանուն մարդու հարմարավետության եւ բարեկեցության ստեղծված այս կենտրոններից առաջինները ստեղծվել են ԱՄՆ-ում՝ նախորդ դարասկզբին։ Ընդ որում, ըստ առցանց աղբյուրներում առկա տեղեկության, խթաններից մեկը մեքենաների համար կայանատեղի ունեցող եւ առեւտրի համար քաղաքից դուրս հարմար մի տեղ ունենալն էր։ Ու հենց այս գաղափարի շուրջ 1907 թվականին Բալթիմորում մի խումբ կրպակներ միավորվեցին՝ կազմակերպելով ավտոկայանատեղի, 1922-ին՝ Կանզաս Սիթիում կառուցվեց Country Club Plaza-ն, որտեղ մուտքը միայն մեքենաներով էր, իսկ ծածկված տարածքով ժամանակակից առեւտրի հսկա կենտրոնի նախատիպը ստեղծվեց Մինեապոլիսում 1956-ին։ Եղանակային կայուն պայմաններ, հաճախորդների համար հնարավորինս հարմարավետ միջավայրի ստեղծում մեքենաների կայանման, երեխաների զբաղմունքն ապահովելու եւ այցելուին առեւտրում ներգրավելու համար։ Հետագայում արդեն, ինչպես տեսնում ենք նաեւ այսօր, հարմարավետության սահմանները կարծես ձգտեցին անսահմանության։
Երեւանյան մոլերը նույնպես այսօր ապահովում են քաղաքային միջավայր՝ իրենց վրա վերցնելով ուրբանիստական իրականության ստեղծման «առաքելություն»՝ այգի, պուրակ, սրճարաններ, կամուրջներ, ֆասադներ, ատրակցիոններ ու հանգստի, զվարճանքի այլ գոտիներ, նույնիսկ փոքր կենդանաբանական այգիներ՝ իրականության զգացողությունն ու մարդկանց գրավելու գայթակղությունը մեծացնելու նպատակով։ Առանցքում, իհարկե, մարդն է՝ նրա ընկալումներն ու անվերջ պայքարը՝ բնության ու արդյունաբերության, բնականի եւ արհեստականի միջեւ։ Ո՞վ եւ ի՞նչն է հաղթում այս դեպքում…
Ամառ, թե ձմեռ ունիվերսալ պայմաններ ապահովող այս միջավայրում բնության, բնականի իմիտացիան, սակայն, հաստատապես տանուլ է տալիս օդի ու աղմուկի հարցում։ Առանձնահատուկ օդ ու մոլի բազմաղմուկ, որն էականորեն տարբերվում է քաղաքային աղմուկից. մոլում այլ խտացում է, այլ շարժ ու ռիթմ։ Հասկանալիորեն, այդ ռիթմով մարդուն «բռնելու» համար փոքր ներդրումներ չեն, որ արվել եւ արվում են։
Ի՞նչ է առաջարկում Երեւանի բնակիչներին «իրական քաղաքը», որը, գոնե առայժմ, ակնհայտորեն տանուլ է տալիս կոմերցիոնին։
Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, Երեւանն ունի 90 համայնքային զբոսայգի եւ պուրակ։ Դրանցից միայն 34-ն ունեն մանկական խաղահրապարակներ, ատրակցիոններ:
Հետխորհրդային տարիներին, ինչպես հայտնի է, երեւանյան զբոսայգիների մի ստվար մասը դարձել է անբարեկարգ, մասնատվել, վաճառվել, «խեղվել»։ Որքա՞ն գումար է այժմ Երեւանն հատկացնում այդ այգիների, հանգստի գոտիների պահպանմանը եւ զարգացմանը ամեն տարի: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանից տեղեկացրին, որ նման միջոցների մասին առանձնացված տվյալներ չունեն։ Այդ ենթակառուցվածքները պահպանվում եւ խնամվում են համայնքների բյուջեների ընդհանուր ծախսերի հաշվին։ Իսկ համայնքային բյուջեի միջոցներով վերջին 3 տարվա ընթացքում բարեկարգվել է Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնին կից հատվածը (149.500.000 հազ. դր.), Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածը (26.500.000 դր.) և Կարապի լճի պուրակը (70.500.000 հազ. դր.):
Սիրահարների, Կասկադի, Թումանյանի անվան («Թումո» կենտրոնին կից գտնվող) եւ 2800-ամյակի զբոսայգիները ու Դվին հյուրանոցին կից պուրակը վերանորոգել են բարերարները եւ նվիրատուները։
Այսուհանդերձ, քաղաքապետարանը վստահեցնում է, որ հեռանկարային ծրագրով (չի հստակեցվում՝ երբ) նախատեսում են ավելացնել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները, բարեկարգել հանգստի գոտիները։