Անուշ, 21

Հասակակիցներիս շրջանում ապագա քայլերի ու որոշումների մեջ անվստահության և անորոշության զգացողությունը, վախերը և, դրանց զուգահեռ՝ լավատեսությունն ու հաստատակամությունը իմ փոքր ուսումնասիրության սկիզբը դարձան: 


Սկզբում զրուցում էի ընկերներիս հետ, հետո սկսեցի ծանոթանալ նոր մարդկանց հետ: Հետզհետե ավելի անկանխատեսելի դարձող իրավիճակի մասին զրույցների ընթացքում մեզ համար առավել կարևորվում էր ներկայով ապրելու և այն արժևորելու միտքը: Ուսումնասիրությունս վերածվեց ֆոտոշարքի: Սպասումը, ինչ-որ կադրեր կորցնելը, դրանց անավարտ ու ոչ իդեալական ընթացքը նմանեցնում էի ընկերներիս հետ ունեցածս էմոցիոնալ, բաց և անձնական, երբեմն էլ՝ սառը և փակ խոսակցություններից ստացած տպավորություններին:

 

Ժապավենով լուսանկարելը, չնայած իր ժամանակատարությանը, ինձ համար դարձել է պատկերներ ստանալու հեշտ և հոգեհարազատ տարբերակ, որի պատճառը մարդկանց կարևորելու, հիշողություններն ու զգացողությունները նյութական ու շոշափելի դարձնելու մինչ օրս չգիտակցված ցանկությունս էր:

Սոֆի, 20

Մինչ էս մտածում էի, որ Արցախի հետ կապված ինչ-որ բան կարա դեպի լավը գնա: Նույնիսկ եթե մտածում էի արտասահմանում սովորելու մասին, մեկ ա էդ ամենի վերջնակետը Արցախն էր: Եթե ես ճարտարապետ եմ դառնում, ուրեմն Արցախի համար ինչ-որ լավ բան անելու համար: Երբ էներգիայի պակաս էի զգում, գնում էի էնտեղ: Հենց մենակ իմ սենյակում քնելը իմ համար էներգիայի աղբյուր էր: Իմ սենյակի պատուհանների դիմաց ծառեր էին, ու ես ինչքան մեծացել եմ, էդ ծառերը ինձ հետ մեծացել են: Տատիի հետ ասում էինք՝ մեր ծառե՜րը: Տատին էլ ասում էր՝ քո ծառերն են, քո՜ ծառերը…

Դա քո ծառն ա, քո էնեգիայի աղբյուրն ա: Դու չես ուզում էդ տեղից հեռու լինես, որովհետև անընդհատ տենց լցվում ես: Ես չեմ ասում իմ կյանքը վերջացավ, բայց ես չեմ կարա հերքեմ, որ իմ էներգիայի աղբյուրն էլ չկա:

2020-ից հետո, երբ արդեն գիտեի, որ կորցրել ենք Շուշին, մտածում էի՝ ի՞նչն ա, որ անեմ, հանգիստ կմեռնեմ որպես մասնագետ: Էդ էն կլինի, որ աշխարհի ցանկացած ծայրում Ղազանչեցոցը վերակառուցեմ: Դա լինի իրա ապրող խորհրդանիշը:
Արցախից ում էլ ասես՝ ինչ որ տեղ Ղազանչեցոցն եմ վերակառուցել, բոլորի համար էդ էմոցիաները, զգացմունքները նույնն են լինելու:
Հիմա չեմ ասում, որ նենց ուժեղ բան ա, որի համար պետք ա ապրեմ, բայց դա ինձ ավելի ուրախ կդարձնի, մի փոքր սիրտս կսփոփի: Ցավալին էն ա, որ հիմա էդ հուշարձանները էնքան են շատացել, որ չես կարա մի հատ պուճուրիկ Արցախ ստեղծես քաղաքում ու ասես՝ ամբողջը սարքել եմ, որովհետև էլ նույնը չի լինելու: Էն ժամանակ գոնե Ստեփանակերտը ու կողքի գյուղերը ունեինք: Գոնե տեղ ունեի, որ ասեի՝ ես գնում եմ տուն…

Անընդհատ ուզում եմ փախնեմ էս իրականությունից: Չի ուրախացնում ինձ ոչ մի հաջողություն: Միայն իմ մարդիկ, ովքեր ինձ՝ ինձ են դարձնում: Քայլում ես փողոցում, բարբառը էնքան ա շատացել: Աչքերիդ չես հավատում, նենց մարդկանց ես տեսնում: Էդ ամենը քեզ ցավացնում ու հիշացնում ա, որ դա եղել ա, դրա համար ա էդ մարդը ստեղ: Ու չեմ հասկանում, չեմ հավատում. մինչև հիմա մտածում եմ՝ տատիենք եկել են մի տասը օրով, հեսա հետ պիտի գնան: Անասելի ցավ ա: Ավելի լավ ա՝ գնաս ուրիշ տեղ ապրես, լինես օտարության մեջ, քան էս ատմասֆերան անընդհատ քեզ հիշացնի կատարվածը: Ամբողջ կյանքում մտածել եմ, որ պետք ա ներկայով ապրեմ, չպետք ա մտածեմ՝ վաղը ինչ ա լինելու: Եթե առաջ «էսօրն» էր կարևոր, հիմա «էս պահը», որովհետև էս ամենից հետո դու նույնիսկ քո ներկան չես սիրում, ուր մնաց ապագայի մասին մտածես:

Հիմա իմ համար ոչ մի նշանակություն չունի՝ ոնց կդասավորվի իմ կյանքը, որովհետև եթե քո ակունքները չկան, հաշվի՝ դու մոլորվել ես, չգիտես՝ ուր գնաս: Եթե ծաղիկը արմատներից հանես, չի աճի: Պետք ա փորձես տնկես ինչ-որ տեղ, բայց եթե տեղ չկա, կթոռոմի: Իմ մոտ կա՛մ էն շրջանն ա, որ պետք ա հասկանամ՝ ինձ որտեղ տնկեմ, որ չթոռոմեմ, կա՛մ էլ պիտի թոռոմեմ: Չգիտեմ… Ես չեմ վախենում թոռոմելուց:

Արամ, 21

Ինչքան ինձ հիշում եմ, էս ոլորտի հանդեպ սերը միշտ եղել ա: Արշավների գնալը փոքր տարիքից ինձ հարազատ ա եղել: Ու գնալով՝ էդ հետաքրքրությունը մեծանում էր: Հիշում եմ՝ մի օր, երբ մամայիս հետ քայլում էինք, ասեց՝ կարո՞ղ ա երկրաբան դառնաս: էդ ժամանակ փոքր էի՝ դպրոցական, ու լուրջ չէի վերաբերվում մասնագիտության ընտրությանը: Հետագայում արդեն հետաքրքրվեցի, ստեղից-էնտեղից տեղեկություն հավաքելով՝ հասկացա, որ ուզում եմ երկրաբան դառնամ: Դպրոցը ավարտելուց հետո ընդհունվեցի ԵՊՀ՝ Երկրաբանության ֆակուլտետ: Մի տարի սովորելուց հետո գնացի բանակ:

Ասում են՝ հեսա բանակ գնաս, էնտեղ հետաքրքրությունդ կորելու ա, գալու ես, ոչ մի բան չուզենաս անես: Ինձ մոտ հակառակն էր: Ծառայության ընթացքում դա ավելի ա ամրապնդվել: Էնտեղ ամեն օր ավելի շատ էի գնահատում ու հասկանում, թե ինչքան կարևոր ու իմաստալից ա իմ համար էն, ինչն ընտրել եմ, ինչքան ամուր ու խորն են իմ արմատները: Բանակից եկա ու ավելի մեծ եռանդով սկսեցի սովորել:

Շատ եմ ուզում արտերկրում սովորեմ, որ գամ ստեղ կիրառեմ իմ գիտելիքները: Իմ մասնագիտությունը շատ կարևոր ա մեր երկրի զարգացման համար: Շատ հարցերում Հայաստանը առավելություն ունի, որը մարդիկ չեն գնահատում: Բնականաբար, դժվարություն կա, բայց էդ դժվարությունն ամեն տեղ կա:
Ոչինչ միանգամից չի լինում: Պետք ա հանդուրժես ու ճանապարհներ գտնես խնդիրների լուծման համար: Պատրաստ լինես, որ դա չի անհետանալու մեկ կամ երկու տարի հետո, այլ տասնամյակներ ա տևելու: Մանավանդ ծառայելուց հետո, ոնց-որ սրտիդ մի բան նստի: Էդքան մարդ գնաց, զոհվեց, վիրավորվեց, որ ուղղակի թողնենք, գնա՞նք: Եթե բոլորը գնան, ոչ մի բան չի փոխվի: Իմ կարծիքով մեր երկիրը շատ սիրուն ա, ու պետք ա մնանք, զարգացնենք: Չես կարա ասես՝ վաղը քո հետ ինչ կլինի ու դու ինչ որոշում կկայացնես: Մենակ չնստենք ու մտածենք, որ ամեն ինչ վատ ա: Վատը վատ ա, բայց կարելիա ինչ որ բանով լավացնել:

Ռուբեն, 18

Սովորում եմ Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի բաժնում: Մինչև էդ էլ վարժարանում եմ սովորել: Ես նպատակ ունեմ ազգային երգ ու պարը, խաղերը, տոնախմբությունները տանել թատրոն, որ երեխեն գա, նայի ու սիրահարվի: Իմանա, որ կա մշակույթ, կա պատմություն, որը դարեդար շարունակվում ա: Դրա համար ընտրեցի էս մասնագիտությունը: Ճիշտ ա, կարայի ընտրեի զինվորի մասնագիտությունը՝ երկիր պահեի, ավելի մեծ բան անեի, բայց չգիտեմ, իմ «կոմֆորտ զոնան ա»: Հիմա պատերազմական իրավիճակում առաջին բանը կամավորության գնալն ա, գոնե իմ տարիքի տղու համար զենք բռնելն ա, սահմանին կանգնելն ա: Ես ընտրել եմ էս մասնագիտությունը, բայց որ պահին որ պետք լինի, ես էդ գործը միանգամից պետք ա փոխեմ մյուսի հետ: Ամեն դեպքում, բանակի էդ պարտքը չես փոխարինի: Դա պարտք ա ու պետք ա արվի:

Ինձ թվում ա՝ իմ տարիքի համար անում եմ էն, ինչը կարող եմ: Շատ դեպքերում բաներ կան, որ զլանում եմ անել, բայց հետո հասկանում եմ, որ պետք ա մարդկանց հետ զրուցես, մարդկանց պատմես էն, ինչը գիտես: Ինձ համար ազգագրության գրքերը փորփրելը մոտիվացիայի աղբյուր ա եղել: Էսպիսի ճգնաժամային պայմաններում երբևէ հարց չի առաջացել, թե ինչի համար եմ անում, որովհետև հստակ գիտեմ, որ պատերազմից հետո առաջին քայլը մշակույթը զարգացնելն ա: Եթե մենք էս ձեռագիրը չենք պահում, ո՞վ պետքա պահի մեր փոխարեն: Գոնե մեր պատմությունը իմանանք:

Իմ համար կարևոր ա էս երկրում ապրելը: Իմ պլանները կապված են Հայաստանի հետ: Ես մեծացել եմ ստեղ ու պետք ա մնամ ստեղ: Իմ համար ուրախություն ա ընկերներիս հետ ինչ-որ հետաքրքիր գործ անելը ու արդյունքը տեսնելը:

Արցախահայերի տեղահանման ժամանակ, երեք-չորս օր Գորիսում կամավոր էի: Հետո իմացա, որ մեր ուսխորհրդի անդամները Վայք են գնացել, ես էլ իրանց հետ գնացի:
Տպավորություն կար, որ եթե ես էդ պահին ինչ-որ մի գործ չձեռնարկեմ, ավելի շատ ցավ կզգամ: Դա ինքնապաշտպանական բնազդ էր: Գոնե էնտեղ ցրվում ես: Մի երեխու կոնֆետ տալը, ժպիտները տեսնելը մի ցավ փակում ա: Հասկանում ես, որ գոնե մի հոգու օգնեցիր: Ծանր էին էդ օրերը: Մի կերպ էդ գիշերները լուսացրեցինք ու եկանք Երևան: Հետո նորից սկեցինք մեր, իբր թե, բնականոն կյանքը: Նորից նույն ցիկլի մեջ ենք: Նենց տպավորություն ա, որ էս ամենը անընդհատ կրկնվում ա: 44-օրյային նորից առանց քնելու օգնություն էինք հավաքում: Աստված չանի, որ կրկնվի, որովհետև հասել ենք Հայաստան, էլ ուրիշ տեղ չունենք գնալու:
Իսկ էդ ընթացքում մտածել՝ արժի՞ Հայաստանում մնալ, թէ՞ չէ… Չգիտեմ, չի եղել էդ հարցը: Ավելի շատ վախ կա, որ կարող ա, անկախ մեր կամքից, դուրս գանք ու գնանք անորոշ ճանապարհով: Ու էս պարագայում բարեկամների ասած՝ «եկեք Ամերիկա, մեր մոտ լավա»-ն, դառնում ա ատելի խոսք:

Գայանե, 20

Հայրս մասնագիտությամբ լրագրող ա: Երբ փոքր էի, իրար հետ տարբեր արշավների էինք գնում, ուսումնասիրում հուշարձանները: Ես պատմություն ընդհանրապես չեմ սիրել դպրոցում ու լիքը բաներ էդ արշավների շնորհիվ եմ սովորել: Դա ավելի շատ ինքդ քեզ ու հայրենիքդ ճանաչելու միջոց ա: Երևի դրանով էլ պայմանավորված ա մասնագիտությանս ընտրությունը: Հիմա չգիտեմ՝ ուզու՞մ եմ էս մասնագիտությամբ շարունակեմ, թե՞ ոչ: Ու դա կապված ա էն հարցի հետ, թե ինչ օգուտ կարող եմ տալ հետագայում: Առաջ ավելի թեթև էի նայում: Նայում էի էն տեսանկյունից, թե ես ինչ եմ ուզում: Չգիտեմ, գուցե քաղաքաշինությունը ընտրեմ կամ պատմական ժառանգության պահպանությունը: Երբեմն մտածում եմ նաև լուսանկարչության կամ լրագրության մասին: Պապաս Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էր: Ինձ մեկ-մեկ ստիպում, ասում էր՝ նյութ գրի՛, տպենք թերթում: Առաջ չէի սիրում: Բայց հիմա, որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ դա իմ հետ կապ ունի: Ես դա սիրում եմ: Առհասարակ, ինձ չի թվում, որ, մի մասնագետ դառնալով, կարող ես մեծ փոփոխություններ անել: Հատկապես մեր երկրի պարագայում մարդ պետք ա իր արածից մի փոքր ավելին անի:

Անորոշություն շատ կա: Տխուր ա հնչում, բայց ես մոտակա հինգ տարվա պլաններ չունեմ: Էս պահի դրությամբ ապագա ասելով՝ պատկերացնում եմ ինչ-որ աշխարհաքաղաքական երևույթներ, որոնք ազդում են մեր վրա, ու դրանց ազդեցության տակ մենք ոնց կգոյատևենք: Ճիշտ ա, մենք էլ ենք ազդում, բայց շատ ավելի փոքր ազդեցություն ունենք: Վերջին դեպքերից հետո հասկացա, որ կյանքն ա էդպիսին: Կյանքի հետ էլ պետք ա հաշվի նստենք: Դու պետք ա կամ ապրես էդ կյանքով կամ չապրես: Ես ընտրում եմ ապրելը, որովհետև տենց համենայն դեպս գոնե մի օգուտ կտանք:

Տասնութս պատերազմից հետո լրացավ, բայց էս երկու տարիների ընթացքում ամեն ինչ փոխվել ա՝ էն, թե միչև պատերազմը ոնց էինք պատկերացնում մեր ուսանողական տարիները: Մեկ-մեկ մտածում եմ, որ ես էդ տարիքը, մտածելակերպը, զգացողությունները չեմ ապրել ու դրա պատճառով հիմա եմ ապրում: Ու էդ մի քիչ խախտվել ա: Հաճախ մտածում եմ, որ կարող ա մեր պետությունը չլինի, բայց մենք լինելու ենք, չէ՞: Գոնե մի մաս հաստատ կլինի: Էդ մասը ի՞նչ կանի, կփորձի՞ նորից ստեղծել, թե՞ տենց վերջնական կցրվի ու վերջ:

Կարինե, 20

Վստահ եմ, որ էս մասնագիտությունը շատ եմ սիրում: Կողքից ինչ կավելանա, կպակասի, չգիտեմ, բայց ես շարունակելու եմ սովորել ու իմ ներդրումն եմ ունենալու հասարակության զարգացման գործում: Իմ մասնագիտությունը՝ նախադպրոցական մանկավարժությունը, հասարակության ամրության հիմքն ա: Ինչքան սկսեցի ուսումնասիրել էս ոլորտը, զգացի որ մենակ սիրելը քիչ ա. պետք ա գիտակցես, որ այն անհրաժեշտ ա: Մեր հասարակության մեջ շատ բացեր կան ու պետք ա լրացնել: Ինչ սերունդ հիմա կդաստիարակենք, էդպիսի հասարակություն կունենանք հետագայում: Իմ աշխատանքը անմիջապես արդյունք չի տալու, հնարավոր ա՝ տասը տարի հետո: Ես պետք ա էնպիսի երեխա դաստիարակեմ, որն իր որոշումների մեջ խորանում ա, մտածում ա, հետո գործում:

Հետագայում ցանկանում եմ սեփական նախադպրոցական հաստատությունը բացել: Իմ մասնագիտական կարողությունները շատ դրական եմ գնահատում: Դրա համար գիտեմ, որ ինչքան էլ հիասթափված լինեմ, ինչքան էլ տխուր լինեմ, միևնույն ա իրանց հետ աշխատելիս՝ պետք ա լավ տրամադրությամբ խմբասենյակի դուռը բացեմ, մտնեմ ներս: Ու էս շրջանն էլ մեզ ավելի սթափեցնում ու զգոն ա դարձնում: Էս ամենի հետ միաժամանակ՝ սովորում ես՝ ինչպես ավելի կազմակերպված լինել: Այսինքն՝ էն մանկական գծերը վերափոխվում են: Միանգամից չի փոխվում, սխալի վրա ես սովորում: Որոշ հարցում պետք ա առաջնորդես, ինքդ քեզ դաստիարակես որպես պատրաստակամ, պատասխանատու և պունկտուալ մարդ: Արդյունքում, դու փոխվում ես դեպի լավը, հասունանում ես:

Ես իմ մեջ զգում եմ հայրենասիրական ոգին, որը, գուցե, բառերով բացատրելի չի, բայց համոզված եմ, որ աշխատանքով կդրսևորվի:
Խանգարող բաները չհաշված՝ ամեն դեպքում Հայաստանում ես հանգիստ եմ ապրում, ինձ լավ եմ զգում: Հանգիստ քայլում եմ փողոցում: Ինձ էստեղ ապահով ու ներդաշնակ եմ զգում: Իսկ ապագայի հետ կապված հարցերում, միշտ լավատես եմ: Ուզում եմ հավատալ, որ մեր հայրենիքում ամեն բան լավ ա լինելու: Չեմ ասում՝ վաղը կամ մոտ ապագայում, բայց որոշ ժամանակ հետո մենք լինելու ենք էն հայերը, որոնք գլուխը բարձր, շատ հստակ իմանալով իրանց նպատակը՝ շարժվելու են առաջ: Իսկ դրա համար պետք ա, որ յուրաքանչյուրս իր տեղում լինի:

Լևոն, 18

Սովորում եմ Պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի ինստիտուտի առաջին կուրսում: Ընտրել եմ Ատոմային էներգետիկա մասնագիտությունը, որը էս տարի առաջին անգամ տարկետման բաժին էր համարվում: Այսինքն՝ հնարավորություն են տալիս չորս տարի սովորենք, դրանից հետո գնանք ծառայության: Մտածում եմ, որ երկրի ապագան կախված ա ոչ թե ինչ-որ խմբերից, այլ անհատներից: Մի հոգին էլ հնարավորություն ունի ամեն ինչ փոխելու: Էս պահին ես ավելի շատ որպես ուսանող եմ իմ գործունեությունը ծավալում. սովորում եմ ու երևի մոտակա տասը տարին դեռ սովորելու եմ: Ես ձգտում եմ հասնել գիտելիքի բարձր աստիճանի, որպեսզի այդպես կարողանամ երկրին օգուտ տամ: Թե ինչքանով կստացվի, հետագայում կտեսնենք: Ներկայիս լարված իրավիճակը իմ մտքերի, հետագա անելիքների վրա ազդում ա, մի պահ ինքը ինձ արգելափակում ա: Ստիպում ա օրերով ոչինչ չանել ու անընդհատ մտածմունքների մեջ լինել: Հատկապես էս տարիքում զգում ես, որ գնալով մեծանում ես ու ժամանակ էլ չկա: Այսինքն՝ կա, բայց քեզ թվում ա, որ դու հետ ես մնում ժամանակից: Դրա համար ես փորձում եմ գոնե մինչև քսան տարեկանը հասնեմ էն արդյունքին, որը ինձ կգոհացնի:

Պոլիտեխնիկական համալսարանի հետ էլ նպատակներ ունեմ, որովհետև ինքը, որպես տեխնիկական բուհ, շատ մեծ գործ ա անում երիտասարդների համար:

Ապագայում ցանկություն ունեմ ժամանակի մեքենա սարքեմ, չգիտեմ՝ ինչքանով կստացվի: Հիպնոսն ուսումնասիրելով՝ հասկացա, որ ցանկացած անհավանական բան վաղ, թե ուշ հավանական կդառնա:

Իմ ապագան Հայաստանում եմ պատկերացնում: Հնարավոր ա ուսումս դրսում շարունակեմ, որովհետև Հայաստանը էս պահին ֆիզիկայի բարձր մակարդակ չունի կամ ցանկություն չունի դա օգտագործելու: Եթե չստացվի, ինչ-որ հանգամանքներ խանգարեն, հաստատ հնարավոր ա ինքնակրթությամբ հասնել բարձր մակարդակի:

Հենց ֆիզմաթ գիտությունների զարգացումը կարա օգնի բանակի զարգացմանը: Իմ համար ավելի կարևոր ա բանակը զարգացնելը, քան բանակ գնալը: Հիմա նորագույն տեխնոլոգիաներ կան: Ես ավելի շատ հակված եմ, որ սահմանների պաշտպանությունը լինի ռոբոտացված:

Հայրենասեր համարվելը իմ համար գիտելիք ստանալն ա, էդ գիտելիքը օգտագործելը, երկրի համար ինչ-որ լավ գործ անելը:


Նյութը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» ծրագրի շահառու 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը, և արտահայտված տեսակետները կարող են չհամընկել Եվրոպական միության տեսակետների հետ։.