Ես իմ պատերազմն ունեցա․․․ Առաջին հերթին՝ որպես մայր, ոչ որպես լուսանկարիչ։
Սեպտեմբերի 27-ին մեծ տղայիս՝ Միքայելի ծնունդն էր։ Օրն սկսվեց սարսափելի լուրերով․․․ Հավաքվեցին ընկերները, հարազատները, բոլորը հավաքվեցին, ու սկսվեցին զինկոմիսարիատի զանգերը։ Հաշվառելու կանչեցին։
28-ի առավոտյան գնացինք զինկոմիսարիատ, ու Միքայելին տարան․․․
Երբ տուն եկա, նոր գիտակցեցի՝ ուր եմ ուղարկել, ինչ ա կատարվում։
29-ին լուսանկարիչ ընկերս՝ Վաղինակը, Ստեփանակերտում պատահաբար հանդիպեց Միքոյին։ Ասում էի․ «Վաղ, նայի ուր են տանում, տեր կանգնիր․․․»։
․․․ Դրանից հետո 26 օր կապ չկար, լուր չունեի։ Մոտավորապես գիտեինք՝ որ ուղղության վրա ա, ողջ ընթացքում փորձում էինք մի բան ճշտել․․․
Հազարավոր վիդեոներ էի նայում՝ հույս ունենալով մի տեղ կտեսնեմ Միքոյին։ Ամեն օր զանգում էի հեռախոսին, որ գոնե «բաժանորդն անհասանելի է» արտահայտությունը լսեմ․․․ Հետո դաժան շրջան էր՝ էն պահը, երբ սկսում ես ցուցակներով նայել, ծանոթներ ես փնտրում ու գտնում, մի ցուցակից էն մյուսին ես անցնում ․․․
Առաջին օրերին որպես լուսանկարիչ գիտակցում էի իրադարձությունները վավերագրելու կարևորությունը, ու պատերազմը կանչում էր, բայց․․․ Լուսանկարելն անհնար էր։ Ես առանց գնալու արդեն մեջս լցրել էի պատկերներ, ապրում ու վերապրում էի պատերազմը։ Բախումս շատ ուժեղ էր պատերազմի հետ, ու, ինձ թվում է, թե ի վիճակի չէի լինի լուսանկարել․․․
Միգուցե մեռնել կարողանայի, բայց լուսանկարել՝ չէ․․․
Առաջին անգամ ունեցա փորձառությունը, որ կատարվածն ավելի կարևորեցի, քան լուսանկարը․․․ Առանց խցիկը հանելու, առանց մտածելու՝ ոնց պիտի նկարեմ, արդեն իսկ խոցելի էի էդ պատկերների առաջ կանգնելու համար։
Սպասումն ու հավատը․․․ Շաբաթների ընթացքում ներսդ սկսում ա շատ ուժեղ քայքայել, գալիս ա պահը, որ քեզ թվում ա՝ մարմինդ չի շարժվելու։ Վերջին օրերին շարունակում էի լսել մարդկանց, բայց այլևս ոչ հասկանում էի, ոչ էլ ընկալում։ Կորցնում էի էդ կարողությունները։
Հաճախ կանգնում էի սենյակների տարբեր անկյուններում, լուռ աղոթում ու փորձում էի կապվել տղայիս հետ, գոնե ներսումս լսել իր ձայնը, հասկանալ՝ ուր է, արդյոք իմ ձայնն իրեն հասնում է․․․Ու մի օր ուժեղ լույս մտավ սենյակ՝ երկար ստվեր գցելով պատին․․․ Նշա՞ն էր․․․
20-րդ օրն էր , երբ գրեցի՝ «ես ոչինչ եմ որպես մարդ, որպես լուսանկարիչ։ Կորցնում եմ ամեն ինչ․ զրոյացել եմ։ Միայն մայր եմ․․․»։
Շատ կարևոր մի բան կորցրի, այնպիսի մի բան, որը նախկինում հաստատ կար, բայց էլ երբեք չի լինի․․․
Միքայելի վերադառնալուց ամիսներ հետո վերադարձավ լուսանկարելու կարիքը։ Շատ բան այլևս առաջվանը չէ։ Սրվել է «հասցնել-անելը»։ Ներսի հակասական ու էմոցիոնալ պրոցեսները շարունակվում են, բայց ուրախ եմ, որ չկորցրի լուսանկարիչ լինելու, տեսնելու ու վերարտադրելու կարողություններս․․․ Ավելին՝ դրանք վերափոխվեցին, ավելի զգոն ու համարձակ դարձան։
Պատերազմի ողջ ընթացքում անհնար էր պատկերացնել, թե ինչպես կլուսանկարեի, ինչպես կաշխատեի, բայց իմ ընկեր-գործընկերներից շատերն էին այնտեղ․․․
Հետպատերազմյան այս նյութը պատրաստելիս՝ փորձել ենք արդեն մի փոքր հեռավորությունից զրուցել այդքան մոտ, իրական պատերազմի ու իրենց մասնակցության մասին՝ «ներս» բերելով նաև այն դետալը/առարկան, որն իրենց հետ եղել է պատերազմի ողջ ընթացքում կամ մնացել է պատերազմից։