Լյուբան (Տալիթա) էն կանանցից է, ում ես պարբերաբար հանդիպում եմ։ Լյուբան հավաքարար է աշխատում Աբովյան քաղաքում։ Նրան հաճախ կարելի է տեսնել հենց մեր բակը մաքրելիս։ Լյուբան չորս երեխաների մայր է։ Ամուսնու տունը կորցնելուց հետո՝ որտեղ ասես, որ չի ապրել Լյուբան։ Դրանցից ամենաարտառոցը, որտեղ եւ ես ծանոթացել եմ Լյուբայի ու նրա ընտանիքի հետ, Աբովյան քաղաքից դուրս, ոչ բնակելի դաշտավայրի նրանց «քարաշեն տունն» էր։ Հողի մակերեւույթից մի փոքր բարձր, փոքր պատուհաններով, առանց հոսանքի, առանց ջրի, առանց հարեւանների, առանց քաղաքակրթության հետքերի, բայց ապագայի հանդեպ մե՜ծ հույսերով, մե՜ծ երազանքներով ու կենսախնդությամբ։ Լյուբայի մասին մի ամբողջ գիրք կարելի է գրել։ Բայց հիմա կփորձեմ կարճ կապել։ Ամուսնու մահվանից հետո Լյուբան վախենում է ապրել իրենց հողաշեն տանը, սկեսուրի ու որդու հետ տեղափոխվում է Աբովյանի «Էլլար» թաղամասի տներից մեկի նկուղ։ Վարձով է ապրում։ Սկեսուրն այստեղ է մահանում։ Բժիշկներն ասել են, որ ուռուցք ունի, իսկ ինքը չի հավատում բժիշկներին։ Լյուբան, ինձ տեսնելով, ուրախ-ուրախ խնդրեց, որ ես իրեն մի նամակ թելադրեմ, երկար էր սպասել, որ «խելքը գլխին մեկը» իրեն օգնի նամակ գրել։ Դե այնքան երկար, որ Հայաստանի վարչապետը այլեւս Հովիկ Աբրահամյանը չէ։ Ես էլ ինքնաբերաբար հայտնվեցի Լյուբայի ու իր որդու՝ նոր տարին դիմավորելու մասին պատմող ֆիլմի մեջ՝ Կարեն Կարապետյանին նամակ թելադրողի դերում։
Լյուբային օգնել ցանկացողները կարող են դիմել մեզ women@4plus.org հասցեով: