Աբովյան քաղաքի՝ նախկինում ինֆեկցիոն հիվանդանոցին պատկանող շենքերից մեկում բնակություն են հաստատել խնամքի կարիք ունեցող երեսունվեց մարդիկ։ Միհարկանի շենքի երկար միջանցքի սենյակներից ամեն մեկում բնակվում են չորս հոգի։ Փորձել են այնպես անել, որ հարեւանները իրար հետ կիսելու բան ունենան ու լեզու գտնեն։ Երկար միջանցքով դեսուդեն են գնում-գալիս «Նարեկի» բնակիչները։ Շենքի հարեւանությամբ դիահերձարանն է։ Բնակիչներն արդեն սովորել են դրա ներկայությանը։ Ամենավերջին սենյակի բնակչուհի տեխնիկական գիտությունների թեկնածու թիֆլիսեցի Կարախանյան Ալլան իր պատուհանը փակել է ստվարաթղթերով, որպեսզի դիահերձարանի շենքը չերեւա։

 

«Ես արդեն սովորել եմ, բայց մարդիկ, որ գալիս են դիահերձարան, պատուհանից ներս են նայում, դրա համար էլ փակել եմ պատուհանը, որ ներսը չերեւա»,- ասում է նա։

 

 

 

 


Խոհանոցում։

 

Նախաճաշի, ճաշի, ընթրիքի, համերգի, որեւէ միջոցառման ժամանակ հնչում է զանգը։

 

 

 


Ճաշարանում։

 

«1988 թ.-ի երկրաշարժի ժամանակ ես գնացի Կիրովական, չորս երեխա բերեցի այնտեղից»,- պատմում է Շողիկ Միքայելյանը, ով ամուսնու՝ Ֆրիդոնի հետ 1999թ.-ին հիմնել է «Նարեկ» ոչ պետական տուն-ինտերնատը։ «Այդ երեխաների հայրն ու մայրը  բաժանված էին, մայրը գնացել էր արտագնա աշխատանքի, երեխաները մնացել էին անտեր։ Շենքի մոտ խարույկ էին վառել, պարում էին։ Որ իմացա չորսը մի ընտանիքից են, մտածեցի` տանեմ, ժամանակավոր պահեմ, մինչեւ ծնողները հայտնվեն։ Համաձայնվեցին։ Բերեցի Աբովյան, փոքրիկին տվեցի մանկապարտեզ, մյուսներին տեղավորեցի դպրոցում, սկսեցին սովորել։ Իհարկե լավ չէին սովորում, զգացվում էր, որ հետեւողական ծնողներ չեն ունեցել։ 

Լենինականից էլ մի ընտանիք բերեցինք, մեզ հետ պահեցինք, երկու տարի անց նրանց պետությունը տեղավորեց։ Դրանից հետո աղջիկներս շուկայում ընկած մի տատիկ գտան, տեղափոխեցին հիվանդանոց: Հիվանդանոցում հարցնում էին, թե տերն ով է, զանգեցին ինձ, թե՝ մամա արի, մեզ օգնի։ Գնացի, մտա գլխավորի մոտ, ասացի, որ պատրաստ եմ օգնելու, բուժեք տատիկին։ Տասը օր անց դուրս գրեցին, տարանք իր տուն։ Երկրորդ ամուսնու տունն էր, ուներ երեխաներ։ Երեխաները կռվում էին, որ ինքը դուրս գա, տունը վաճառեն։ Օրը երեք անգամ գնում էինք էդ տատիկին խնամելու։ Վազում էի հանրակացարան, վարձով բնակարաններ՝ անապահով մարդկանց մոտ, որ կարողանանք օգնել, խնամել։ Տեսանք, որ մարդիկ շատացան, միտք հղացավ ծերանոց բացել, հինգ տարի վարձով պահեցինք, տուն էինք վարձել, հարյուր դոլար էինք վճարում, որ այդ ծերերին խնամենք։ Հետո մեզ էս շենքը տվեցին»։

 

 

 

 

Համահիմնադիր Շողիկ Միքայելյանը «Նարեկ» տուն-ինտերնատի իր սենյակում։

 

 

 

 

 

 

 

«Նարեկ» տուն-ինտերնատի համահիմնադիր Ֆրիդոն Միքայելյանն աշխատում է իր գրքի վրա։

 

 

 

 


«Նարեկ» տուն-ինտերնատի բնակիչները պարելիս։ Նրանց համար հաճախ նվագում եւ երգում են տարբեր արտիստներ։

 

 

Փամբուխ Մուրադյանի դիմանկարը։ Պատին կախված են որդեգրված որդու ու քրոջ տղայի լուսանկարները։
«Մի օրեկան երեխա էր, մերն ու հերը չուզեցին իրեն պահել, ես պահեցի, մեծացրեցի։ Քառասունյոթը տարի աշխատել եմ Լենինականի տեքստիլում, քրոջս տղան եկավ տունս գրավեց, ինձ էլ գցեցին դուրս, բերեցին էս ծերանոցը, երկու տարի ա ստեղ եմ»,- պատմում է Փամբուխը։

 

 

 

Գայանե Հովսեփյանի դիմանկարը։ Մոր մահվանից հետո երկար տարիներ բնակվելով քրոջ ու եղբոր մոտ Ռուսաստանում` Գայանեին արտաքսում են Հայաստան։
Սեպտեմբերին կլրանա երկու տարին, որ նա «Նարեկ»-ում է։
«Ախպորս տանից եկան միլիցեքը բռնեցին։ Օգնում էի հող մշակելուն, կարտոշկա էի տնկում, տներն էի ուբորկա անում, բախչեն էի մաքրում, պարապ չեմ նստել, անընդհատ գործ եմ արել էնտեղ»,- հիշում է Գայանեն։

 

 


56-ամյա Դանիելյան Էլմիրայի դիմանկարն իր սենյակում։

 

Ծերանոցն իր փոքրիկ տնտեսությունն ունի՝ կովն իր հորթուկով, հավն իր ճտերով, շները, ապակյա տարայի մեջ բնակվող կրիաները հարստացնում են ծերանոցի առօրյան։ Ոմանք նաեւ օգնում են մշակել դիմացի այգին, բերք հավաքել։ Տուն-ինտերնատում կոմպոտ են պատրաստում ձմեռվա համար, թթու են դնում։ Ինչպես Շողիկ Միքայելյանն է նշում՝ սնունդից չեն դժգոհում, հասցնում են։ Միակ խնդիրը տարածքն է։ Ավելի մեծ տարածք ունենալու դեպքում ավելի շատ մարդկանց կարող են ընդունել։ Իսկ սպասման ցուցակը բավական երկար է։ Ծերանոցի հենց դիմաց պոլիկլինիկայի լքված, ավերակ երկհարկանի շենքն է, որ չի օգտագործվում տարիներ ի վեր։ 

Հիմնադրման օրվանից սկսած երեք հարյուր յոթանասուներկու մարդու են խնամել «Նարեկում», մի մասը մահացել է, մի մասի հարազատները հայտնվել ու տարել են։

 

«Շատ կուզեի որ հայաստանում ծերանոց չլիներ, ես էլ իմ թոռների հետ զբաղվեի։ Մտավոր հետամնաց երիտասարդներ ունենք, շատ խեղճ են, ութ հոգի են, որոնց ծնողներն են խնամել, ծնողները մահացել են, ընկերները, բարեկամները բերել են մեզ մոտ, ու մենք սիրով ընդունել ենք։ Իրենց նեղացնող չկա, ծերերն էլ շատ են սիրում, որովհետեւ ինչ ասում են, անմիջապես կատարում են։ Ես հանգիստ քնում եմ, գիտեմ, որ իմ շրջապատում ոչ մուրացկան կա, ոչ անտեր մնացած երիտասարդ աղջիկ, տղա կա»,- եզրափակում է Շողիկը։

 

 

 


Մկրտչյան Սեդան «Նարեկ»-ի ամենահին բնակիչներից մեկն է։

 

 

«Մենք Բաքու էինք մնում, մենք շուտ ենք եկել Հայաստան, կռվից չորս տարի առաջ, մամաս, պապաս, ես, ախպեր էլ ունեմ, Մոսկվա ա մնում։ Եկանք, ու Սումգայիթը սկսեց էլի։ Մենք Մասիվ ենք փոխանակել տունը թուրքի հետ։ 1991-ին պապաս մահացավ, 2010-ին էլ մամաս մահացավ, հետո հարսս ինձ տարավ Մոսկվա, երկու տարի էնտեղ մնացի, հետո նորից, չէի ուզում ստեղ գայի, զոռով ինձ բերեցին, լացելով եմ եկել, հետո ոչինչ, հարմարվեցի էլի, ուժե յոթ տարի ա, ստեղ եմ։ Հուլիսին յոթը տարին լրացավ։ Հեռախոս ունեմ, զանգում, խոսում եմ»,-ասում է Լարիսան։

 

 


«Նարեկ»-ի երկար միջանցքը։

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: