Ամեն անգամ գյուղ` Կաթնաղբյուր (Արագածոտնի մարզ) գնալիս` նկարահանման սարքերով լցված ծանր պայուսակս հետս տարել ու առանց բացելու հետ եմ բերել: Հարևանուհի Արուսին նկարե՞մ, թե՞ փռվեմ նստարանին, հետը սուրճ խմեմ ու լսեմ իրեն: Էս անգամ պայուսակս բացեցի:
Տեսախցիկի անցքից էնքան սիրուն էին մեր գյուղի կանայք, տղամարդիկ՝ չգիտեմ, երևի իրենք էլ էին սիրուն, բայց ես մի տեսակ չուզեցի տեսախցիկս իրենց կողմը թեքել: Նյութիս ճանապարհն անցավ մեր տնից մի քանի հարյուր մետր շառավղով՝ Արուսենց, Տաթևենց, Հեղիինարենց, Հազարվարդենց, Ռոզայենց, Գյուլվարդենց ու Լալայենց տներով: Ու իրենք էս անգամ իմ հետ խոսեցին առանց շշուկի ու կոդերի, իրենց պատմությունները գիտեի երեխա ժամանակից ու անգամ գիտեի՝ ով է աբորտների չեմպիոնը. բազմաթիվ աբորտներ ունեցած կնոջը մարզային հիվանդանոցի գինեկոլոգը սպառնացել էր, որ էլ չերևա հիվանդանոցում: Ասում է. «Ի՞նչ անեմ, երիտասարդ առողջ օրգանիզմ ունեի ու շատ արագ հղիանում էի»,- ու արագ փոխում է թեման.
– Դե, 5 երեխա ունեցել եմ՝ 2 տղա, 3 աղջիկ: Այդքանին դժվարությամբ եմ մեծացրել, ավելի չէի կարող ունենալ:
Անպատասխան հարցեր մնացին, բայց չեմ ուզում` ավելի կուչ գա, ու այս անգամ ես եմ փոխում թեման: Իրար հերթ չտալով, մեկ բարձր ծիծաղով, մեկ խոժոռվելով` կանայք պատմում էին…
-Ես իրավունք չունեի իմ հոր տուն գնալ: Ամուսնուս հետ կինո գնացի, ու առավոտյան սկեսուրս ինձ նախատեց:
– Երեխայիս չէին թողնում տանեմ հորս տուն: Աշխատավարձս տալիս էի սկեսրայրիս, ու եթե ինձ մի բան պետք լիներ, ինքն էր ընտրում ու առնում, անգամ ներքնաշորերը, ու ես լուռ հագնում էի, եթե անգամ հագովս չէր: Ոչ մի ցանկություն ու երազանք էլ չունեի, մեկ է` իրենց ուզելով էր ամեն բան, ու դե, ես էլ անում էի էն, ինչ ինձնից սպասում էին:
– Իմ տեգոր կինը տղա ունեցավ, իրեն ադամադե մատանի նվիրեց սկեսուրս: Իմը աղջիկ էր, ես ոչ մի նվեր չստացա, բայց գիտեի, որ ինձ էլ կտան, երբ տղա ունենամ:
– Ես երկու եղբայրների միակ քույրն էի ու ամբողջ կյանքում համոզված եմ եղել, որ մայրս ինձ չի սիրում. միայն եղբայրներիս է սիրում: Շատ ցավալի էր, բայց ես երեխա ունենալուց ու մորս մահից հետո միայն հասկացա, որ մայրս ինձ սիրում էր:
Հարցնե՞մ` բազմաթիվ աբորտների մեջ սեռով պայմանավորվածներ եղե՞լ են: Չէ, է՜, էն ժամանակ ախր էխո չկար, անիմաստ հարց է լինելու, արդեն պատմում են՝ էն ժամանակ մարդիկ 9-10 երեխա են ունեցել ու փաստորեն բնական ձևով ծնվել են ցանկալի տղաները: Փաստորեն, երբ էխո չկար, աղջիկները ծնվում էին: Էսօր չծնված ու նախկինում ծնվածները մի ընդհանրություն ունեն՝ պակաս ցանկալի են: Չծնվածների պատմությունները նման են, ծնվածներինը` մի քիչ տարբեր:
Հայաստանում կա արու զավակի նախընտրության բարձր ցուցանիշ: Վերջին տարիների հետազոտությունները վկայում են տղա երեխայի նախընտրությամբ պայմանավորված հղիության արհեստական ընդհատման բարձր տեմպերի մասին: Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տվյաների` Հայաստանում տարեկան չի ծնվում 1400 աղջիկ: 100 աղջկա դիմաց ծնվում է 115 տղա, որը պատճառ է դարձել է սեռի խախտված համամասնության: 2016թ. իրականացվեց օրենսդրական փոփոխություն. ՀՀ օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք մինչեւ 12 շաբաթական ժամկետը:
Երևույթի արմատները խորն են ու պայմանավորված են մշակութային պատկերացումներով: Ընտանիքում տղա երեխայի մասին ավանդաբար երազում են տարբեր պատճառներով. տոհմի շարունակականությունն ապահովելու, կայուն տնտեսական ապահովվածություն ունենալու համար և այլն:
Տղա երեխայի նախընրությունը համարվում է աղջիկների, կանանց ոչ լիարժեք արժեւորման հետեւանք եւ արդյունք, իսկ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները՝ բռնության մի տարատեսակ, որն իրագործվում է ինչպես դեռեւս չծնված աղջկա, այնպես էլ աղջիկ պտուղ կրող կնոջ նկատմամբ: Սա էլ անմիջականորեն ազդում է կնոջ կարգավիճակի, հեղինակության ու հնարավորությունների ընկալման վրա: Վորլդ Վիժն կազմակերպության կողմից 2016 թ.-ին իրականացված հարցումների համաձայն` Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերում ստացվել են ամենապահպանողական պատասխանները` կին-տղամարդ հարաբերությունների և տղա երեխայի նախընտրության մասին: