Գյուղը

Ալավերդին ետևում է: Դարուփոսերով լի ոլորանները մի կերպ հաղթահարելուց հետո թեքվում ես ձախ` թեթև սրտով բաժանվելով նեղլիկ մայրուղուց: Անհամեմատ ավելի լավ ճանապարհը տանում է դեպի Մեծ Այրում: Գյուղի անվանումից կարելի է եզրակացնել, որ կա նաև Փոքր Այրում. դա իսկապես փոքր է․ դրանում հաստատապես համոզվում ես` գյուղը ծայրից ծայր ացնելիս։ Ինչը չես ասի Մեծ Այրումի մասին, այն միանգամից է բացվում իր լայնությամբ, ուր տարածությունը լի է օդով, որտեղ ժամանակը կարծես ուրիշ ռիթմով է ընթանում, լույսը այլ շեշտադրում ունի ու ստվերները սովորականից ավելի ուշ են գոյանում, ինչը երբեմն հատուկ է հարթավայրային բնակավայրերին։

Նույն օդով է լցված նաև Նորայենց տնամերձ բակը։

 


Նորայենց տնամերձ այգին անձրևից հետո։

 

Լրիվ հակառակ պատկերն է գյուղի հյուսիսային հատվածը, որտեղ իր` բոլորովին այլ կյանքով է ապրում պոչամբարը, այնտեղ են ամբարվում Ախթալայի ԼՀԿ-ի հանքարդյունաբերական թափոնները։ Գյուղի այս հատվածի պատկերում ինչ-որ անդադար, լուռ տագնապ կա, այն հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի հեռավոր անմարդաբնակ մոլորակի մի արհեստածին պատկեր։

Ընտանիքը

Մեծ Այրում գյուղը  լիովին ադրբեջանաբնակ էր: 1988-ից սկսած` գյուղը բնակեցվում է  ադրբեջանական տարբեր բնակավայրերից գաղթած հայերով: Գաղթում են նաև Նորայի ծնողները` մյուսների հետ զրոյից սկսելով նոր կյանք։ Հայրը պայմանագրային զինվորական է հայ-ադրբեջանական շփման գծում։ Մայրը տան տնտեսուհի է` իր ամբողջ տնտեսությամբ։ Նորան առաջնեկն է, ունեն նաեւ մեկ որդի ու երկու դուստր։

 


Մեծ Այրում, ՍՄԱՐԹ դպրոց, Նորայի ընկերուհիները օգնում են հաղթահարել թեքահարթակը։

 


Նորան մոր` Նաիրայի հետ իրենց բակում` ինչ-որ բանի սպասելիս։

 


Նորայի ընկերուհիներն են ՍՄԱՐԹ դպրոցից։ Տուն գնալիս հրաժեշտ են տալիս այլ ճանապարհով գնացող ընկերուհիներին։

 


Անձրևից հետո ամբողջությամբ ցեխ է: Մայրը և զարմիկը օգնում են Նորային դուրս գալ տան բակից:

 


ՍՄԱՐԹ ուսումնական կենտրոնում` հանելուկներով խաղ խաղալիս։

 


Դեղին գույնովը Մեծ Այրումի մանկապարտեզն է, շարունակությունը` ՍՄԱՐԹ դպրոցը: Նորան հիմնական ժամանակը այստեղ է սիրում անցկացնել:

 


Նորայի եղբայրն է՝ Սպարտակը, Նորային սայլակից տանում է պատշգամբ:

 


ՍՄԱՐԹ դպրոցում խաղալիս: Ճակատին փակցված թղթին գրված է «անիվ», թիմակիցը պետք է բացատրի բառը գոյականներով, իսկ Նորան կռահի ճակատին գրվածը։

 


Նորայի քույրը՝ Քրիստինեն, պատշգամբում։

 


Նորայենց տունն է. երկու սենյակներից մանկականը ծառայում է նաև որպես ճաշասենյակ։

 


Նորայի ձեռքն է` սեղանի անկյունից բռնված։

 


ՍՄԱՐԹ դպրոցում, ժամանցային պարապունքին։

 


Անձրև է, Նորան նայում է իրենց տան պատշգամբից` մեծ դժվարությամբ մի քանի քայլ անելուց հետո։

 


ՍՄԱՐԹ դպրոցում, պարային մրցույթ։

 


Նորայի մայրը` Նաիրան` 36 տարեկան, խոհանոցում։

 


Տեսարան Մեծ Այրումից։

 


Նորան իր զարմուհու հետ գյուղի վերջնամասում` պոչամբարի հարևանությամբ զբոսնելիս։

 

Դպրոցը

Երբ եկել է դպրոց գնալու ժամանակը, Նորայի մայրը` Նաիրան, դպրոց հաճախելու համար պետք է թույլտվություն ստանար մարզպետից և բժշկական կոմիսիայից: Նրա խոսքերով` այն ժամանակվա օրենքն արգելում էր, որ հաշմանդամություն ունեցող երեխան հաճախի դպրոց։ Պետք էր ապացուցել, որ մանկական ուղեղային կաթվածը չի ազդել մտավոր ունակությունների վրա։ Դպրոցի տնօրենի օգնությամբ հաղթահարելով բյուրոկրատական քաշքշուկները, օրերով թակելով մարզպետարանի, բուժհաստատությունների դռները, հավաքելով անհրաժեշտ փաստաթղթերը` Նորան իրավունք է ստացել հաճախել դպրոց։ Առաջին երկու ամիսը մայրը գրկած էր տանում-բերում դպրոց, մինչև համապատասխան թղթաբանական ձևակերպումներից հետո` ստացան սպասված սայլակը։

 


Նորան իր սիրած վայրում։

 

Երկու տարի առաջ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Մեծ Այրումի երեխաների համար բացում է Սմարթ սենյակ, որը տալիս է այլընտրանքային կրթություն, կարողությունների բացահայտման հնարավորություն, հետաքրքիր ժամանց։ Բացվելուն պես` Նորան դպրոցից հետո սկսեց հաճախել Սմարթ սենյակ, որտեղ ուսումնասիրում է մեդիագրագիտություն, անգլերեն։

Նորան

Ահա Նորա Ֆարմազյանը` 17 տարեկան: Մեծ Այրում գյուղի բնակիչների առաջին սերունդն է: Գյուղում երբևէ ծնված առաջին էթնիկ հայերն են։ Կարելի է ասել` այս նոր սերունդն է, որ գյուղին բերում է նոր շունչ, նոր հարաբերություններ։

Նորան  գյուղի նոր սերնդի հավաքական կերպարն է` անհաղթահարելի թվացող բաները հաղթահարող, երազանքները իրականություն դարձնող: Դա է վկայում նաև այն, թե ինչքան լեցուն է նրա կյանքը` չնայած տեղաշարժի և ընդհանրապես շարժումների սահմանափակությանը։ Հաղթահարել է տանից դուրս գալու ամոթը, հաճախել ընդհանուր դպրոց:

 

 

Գյուղի դպրոցում առաջին անգամ թեքահարթակ է պատրաստվել իր համար։ Երկու տարի առաջ ՍՄԱՐԹ սենյակի բացվելուն պես հաճախում ու այդ  ընթացքում բացահայտում է, որ ուզում է ծրագրավորող դառնալ։ Նաև ընտրվել է, որ հաճախի Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոն, որտեղ ամեն ինչ հարմարեցված է տեղաշարժվելու համար։

Իմ հարցին թե` արդյոք երազում չե՞ս թռչում, ասաց` չէ, քայլում եմ և դրա մասին եմ երազում։

Գյուղում երկու հատված կա, որտեղ Նորան սիրում է լինել: Գյուղի սկզբնամասը, որ նկարագրել եմ տեքստի սկզբում, որտեղ տարածությունը այլ է, լույսը` տարբեր, ստվերները` իրենց կյանքով ապրող։ Եվ մյուսը` հակապատկերը` պոչամբարը իր ողջ իրողությամբ, մարդու ակտիվ ներխուժմամբ` որպես արտադրանքի հետք բնապատկերում։

Այս երկու հատվածների հանդեպ Նորայի անտարբեր չլինելը բացահայտում է նրա իսկ կյանքի զուգահեռները․ մի կողմից խխունջի պես հանգիստ, հանդարտ լուսաստվերներով՝ մարդու ներքին տարածություն, իսկ մյուս կողմից` պոչամբարի պես անդադար սպասումների մեջ մղվող մարմնի քարկապված շարժում։ Երկուսն էլ Նորան է:

Հաշմանդամությունը

Նորայի քայլելը ուշացավ․․․ ստուգումներից հետո նրա մոտ հայտնաբերվեց մանկական ուղեղային կաթված: Չորս տարեկանում Երևանում ֆիզիոթերապիայի կուրս է անցել, որը մնացել է կիսատ։ Երկրորդ բուժման հնարավորություն ընձեռվեց արդեն 17 տարեկանում։ Մի բարերար միջազգային կազմակերպության միջոցով գումար հատկացրեց Նորայենց ընտանիքին` կով գնելու, նրանց սոցիալական ծանր պայմանները թեթևացնելու համար։ Մնացած գումարը բավարարեց Վանաձորում ֆիզիոթերապիայի 10 հանդիպման։  

 


Նորան տան բակում` իր տատիկների, քույրերի և հարևանուհու հետ զրուցելիս։ Նորան այգում ՍՄԱՐԹ դպրոցի ընդմիջման ժամանակ` քրոջ, զարմուհու և դասընկերուհու հետ։

 

Մեծ Այրումից Վանաձոր և հետ մոտ 135 կիլոմետր է: Ճանապարհածախսն ու  ֆիզիոթերապիայի մեկ սեանսը կազմում է շուրջ 18000 դրամ։ Ֆիզիոթերապիայի կուրսը Նորային օգնում է, սակայն դրական արդյունք ունենալու համար հարկավոր են ամիսներ։

Նորային աջակցելու համար կարող եք կապվել մեզ հետ – women@4plus.org:

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: