Լինելով Նյու Յորքում տարիներով հաստատված հայ, որ հիմա վերադարձել է հայրենիք` ես մտածում էի այնպիսի գաղափարների շուրջ, ինչպիսիք են հայրենիքն ու այն տեղեկությունը, որ այն կրում է իր հողի ու ջրի մեջ, անհատի կարիքը` ընդունվելու հայրենակիցների կողմից եւ բնությանը դեմ գնալը: Մի շոգ ամառային գիշեր նստած իմ սենյակում գրում էի գեղարվեստական ֆիլմի սցենար` երիտասարդ կին գիտնականի մասին, ով վերադառնում է իր հայրենիք` Հայաստան, աշխատելու մի հավակնոտ հանքարդյունաբերական ծրագրի վրա, բայց դառնում է ինքանավերիչ մի ուժի կրողը` հանքային փորվածքում մի տարօրինակ մետաֆիզիկական հանդիպման արդյունքում:
Այդ ժամանակ ես գաղափար չունեի, որ ինձնից 150 կմ հեռավորության վրա գոյություն ուներ հենց այս լեռը` իրականը, մեջը հանքով` որպես բաց վերք: Ամուլսարը թարգմանվում է որպես անբերրի, ստերջ լեռ՝ լինելով շրջակայքի միակ անբերրի հողը, որտեղ չեն աճում զարմանալի սոճիներ, համեմունքներ ու ծաղիկներ: Սրա պատճառը հողում առկա ուրանն է, ասում են տեղացիներն ու շրջակա միջավայրի մասնագետները: Իհարկե, լեռը բացարձակ ստերջ չէ, այն ոսկի է թաքցնում իր ընդերքում. փաստ, որը դեպի իրեն է ձգել միջազգային ներդրողներին:
Այս լեռը իր նոր, դեռ չգործարկված հանքով, մտահոգ բնակիչներով, որ ապրում են հարեւան Ջերմուկ առողջարանային քաղաքում եւ Կեչուտ ու Գնդեվազ գյուղերում ավելի իրական էին, ինչքան չէր ոչինչ իմ պատմության մեջ:
Սա կանչ դարձավ ինձ համար` ուսումնասիրելու իմ սեփական պատմությունը իրական պատմության մեջ, ինչ-որ տեղ` ալտերնատիվ իրականության մեջ: Երբ հասա Ամուլսար լեռը, այն գագաթից փորված էր, ու գլխին աշխատանքային սարքավորումներ էին տեղադրված: Ես զգացի մեր կապը` նայելով նրան ու հասկանալով, որ այն ինչ-որ կերպ կապված է ինձ մետաֆիզիկական մակարդակում` ստիպելով ինձ գրել իր պատմությունը: Ես սկսեցի լուսանկարներ անել:
Ամուլսարը մարդկանց օգնության կարոտ էր տարիներ ի վեր, բայց գյուղերում շատերը չէ, որ լսում էին: Մայիսյան Թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ զորեղացած ու ոգեշնչված զգացին` շարունակելու իրենց պայքարը տեղական մակարդակում: Ու դուրս եկան իրենց տներից, վերցրին վրաններ ու քնապարկեր ու գնացին դեպի հանքը տանող ճանապարհը փակելու:
Օդում ոչինչ չէր փոփոխվել շատ տարիներ: Մարդիկ շատ չէին խոսում իրար հետ շրջակա միջավայրի ու իրավունքների մասին: Բայց այս անգամ իրերի դրությունը տարբեր էր. ես նրանց բոլորին գտա փողոցներում պայքարելիս` լինելով իրենց ուզած պատմության դերակատարները:
Ես փնտրում էի իմ սեփական պատմությունն այնտեղ ու գտա դրա հետքերն ամենուրեք, ուր գնացի. հանքի գործավորների նյարդայնացած հայացքներում, բողոքողների պարզ հպարտության մեջ, աղբյուրի ջրի ու բնության մեջ, յուրաքանչյուր հենակետում, որ ես այցելեցի ու փաստագրեցի Ամուլսարում: