Նրանցից ոմանք թողեցին իրենց փոքր երեխաներին, նրանցից ոմանք հղի էին, նրանցից ոմանք խաբեցին ընտանիքներին եւ մեկնեցին պատերազմի դաշտ։ Քոթոթը, Կառան, Հասմիկը, Ջեման, Մանուշը եւ մյուսները տղաների կողքին պայքարեցին հաղթանակի համար։
Վերադարձից հետո նրանք փորձեցին վերգտնել իրենց առօրյա կյանքը, սակայն բազում առողջական խնդիրները եւ հոգսերը անընդհատ նորոգում են նրանց վերքերը։
Երբեմն նրանք հանդիպում են միմյանց, վերհիշում, Ջեման ընթերցում է պատերազմից մնացած պատմությունները ու աղջիկների անցած մարտական ուղին, երազելով հրատարակել մի գիրք, մի տեղում հավաքել ողջ ինֆորմացիան, որ խնամքով պահում է իր հյուրասենյակում դրված մի ճամպրուկի մեջ։
Քոթոթը հիշում է, թե ինչպես բահով հողի տակից հանեց տանկիստին, ով դեռ ողջ էր, Մանուշը հիացմունքով պատմում է իր զույգ աղջիկների ունեցած երաժշտական հաջողությունների մասին։
Նրանք բոլորը մի պահ անէանում են, հայտնվում ներկայի ու անցյալի արանքում՝ պատրաստ նորից պայքարելու հանուն Հայաստանի, եթե մի օր դրա կարիքը լինի։