Լուսանկարը` Հրայր Բադալյանի

Կյանքի շերտերն Արցախում բազմազան էին՝ պատերազմ և խաղաղություն, զարգացում և անկում, ազատություն և շրջափակում, ձեռքբերում և կորուստ։ Պարադոքսալ հակասություններով լի կյանքում արցախցիները համարձակվում էին երջանիկ լինել։ Բայց երջանկությունը գնալով նեղանում էր։
Սահմանափակումները քիչ առիթ էին տալիս երջանկանալու՝ լույսը տվեցին, հորդառատ անձրև է՝ Սարսանգը լցվում է, Հաագայի դատարանը պատժամիջոց է սահմանել Ադրբեջանի դեմ, հումանիտար օգնությունը Գորիսում է, հացի հերթի քո համարն են բացականչում․․․
2023-ի վերջին ամիսներին Արցախում ուրախանալու առիթ գրեթե չկար, բայց կար Արցախը ․․․
Բռնի տեղահանվելիս այն ինչ չտեղավորվեց ավտոմեքենաների մեջ, տեղավորվեց արցախցիների հոգում և սրտում։ Նրանք հասան Հայաստան այդպես ծանրացած։
Արցախցի լուսանկարիչները վավերագրում էին հայրենիքը յուրովի`վառ ու գունավոր, տառապող ու ցավից տնքացող, ապրող ու պայքարող։ Ավելի ուշ ոչ միայն հիշողություններն էին դառնալու հայրենիք վերադառնալու միակ ճանապարհը, այլև՝ լուսանկարները, որոնք պատուհան են դեպի տուն, դեպի անտեսանելի հայրենիք։

Հրայր Բադալյան
Լուսանկարիչ

Ես լրատվամիջոց չեմ, որ աշխատեմ օպերատիվության վրա կամ սենսացիաների համար։ Ես պատմություն եմ վավերագրում։
Ծանոթների քիչ էի նկարում, հիմնականում նկարում էի պատահական անցորդների, նրանց՝ ում մեջ գտնում էի պահի փիլիսոփայությունն ու ընթացող իրականությունը։
Իմ լուսանկարները ֆեյսբուքյան լայքերի համար չէին։ Շատ նկարներ ունեմ, որոնք երբեք չեմ հրապարակել։ Հարմար պահի եմ սպասում ցուցահանդես կազմակերպելու համար։ Վստահ եմ՝ շատ կուրախանան, երբ այդ նկարներում իմ հայրենակիցները տեսնեն իրենց Արցախում (գուցե որովհետև երբեք դրա հնարավորությունն այլևս չեն ունենա), մինչդեռ նկարելու պահին գուցե թույլ չտային կամ ստիպեին ջնջել։

Շրջափակման ժամանակ և դրանից հետո մարդիկ չէին վստահում ոչ ոքի, այդ թվում և լուսանկարիչներին։ Հենց տեսախցիկ էին տեսնում, միանգամից լարվում էին, տագնապում, բարկանում։ Երևի առաջին պատճառն այն էր, որ չափազանց հյուծված էին, անխնամ, հոգսատանջ: Երկրորդ պատճառը թշնամու թիրախում հայտնվելն էր ու սենսացիաների հետևից վազող լրատվականների թեթև ձեռքով մանիպուլյացիաների զոհ դառնալը։ Իհարկե, հասկանում էի իրավիճակը, հարգում։ Նկարում էի շատ զգույշ։
Սեպտեմբերի վերջին օրերին արդեն գիտակցում էի, որ ինչ նկարում եմ, վերջին անգամ եմ նկարում։ Փորձում էի ամեն ինչ հասցնել, ամեն տեղ լինել. իհարկե, խոսքը միայն Ստեփանակերտի մասին է, այլ տեղ գնալու ո՛չ վառելիք ունեի, ո՛չ հնարավորություն։ Մեծ ուշադրություն էի դարձնում հուշարձաններին. գիտեի, որ առաջինը հենց դրանք են ոչնչացնելու։

Պայթյունի ժամանակ շատ դաժան մի պահ եմ անմահացրել՝ մահացած մարդը երկու սյուների արանքում, այնքան կենդանի էր այդ անշնչացած անծանոթը։ Սարսափելի իրավիճակ էր։ Երբևէ չէի պատկերացրել, որ նման բան կնկարեմ։ Եթե դա լիներ մի քանի տարի առաջ, հաստատ չէի կարող, բայց վերջին մի քանի տարում այնքան բան ենք տեսել՝ դաժանություն, դժվարություն, սարսափ․․․
Շուրջբոլորը մրոտված էր, տարածքը՝ վտանգավոր։ Նկարում էի փրկարարների անգնահատելի աշխատանքը։ Գիտեի, որ եթե նկարելու թույլտվություն հարցնեմ, մերժելու են, մինչդեռ ժամանակ չկար նրանց բացատրելու այդ գործողությունները վավերագրելու կարևորությունն ու նրանց անմահացնելու իմ ցանկությունը։ Նկարում էի առանց թույլտվության, հաճախ նաև թաքուն՝ չշեղելով նրանց իրենց առաքելությունից։

Արմեն Գաբրիելյան
«Ծիլ» տիկնիկային թատրոնի ղեկավար, լուսանկարիչ

Ես սիրահարվեցի լուսանկարչությանը, երբ սկսեցի լուսանկարել իմ հարազատ Շուշին։ Ինչ որ պահից սկսած՝ ես հասկացել էի, որ պետք է վավերագրեի Շուշիի ինքնատիպ ճարտարապետությունը, որի միջոցով նաև ցույց էի տալիս, թե ինչպիսի հարուստ պատմություն ունի Շուշին։ Շուշին նաև շուշեցիներն էին, նրանցից յուրքանչյուրն իր մեջ կրում էր Արցախի պատմությունը։ Սկսեցի նրանց մասին պատմել դեմքներին ուրվագծված կնճիռների, ծանրացած կոպերի, վառվող ու խամրած հայացքների միջոցով, ես նրանց լուսանկարում էի։

Ե՛վ նկարում էի, և՛ ամաչում էի․․.
Տեսախցիկիս օբյեկտիվում ձեռքերով մակարոն ուտող պապիկն էր։ Մտածում էի՝ նկարել, թե՞ ոչ… Մարդիկ տարբեր կերպ էին արձագանքում, մեկը չէր ուզում նկարվել, մյուսը, դառը ապրումներից խեղված, չէր էլ նկատում տեսախցիկը։
Հրապարակի մի ծայրում կանանցից մեկը եփած մակարոններ էր բաժանում այն մարդկանց, ովքեր վաղուց էին հրապարակում: Պապիկը նրանցից մեկն էր։ Մտածեցի՝ կառավարության միջոցներով են մակարոնը բաժանում, պարզվեց, կինն իրենց տան եղածն է բաժանում, որ պահել էին ձմեռվա համար։
Հասկացա, որ երկու րոպե հետո իմ հերթն էր հայրենիքը լքելու, ու եթե մի բան գտնեմ ուտելու, հենց այդպես էլ ուտելու եմ, ձեռքերով` պապիկի նման:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը այլևս անճանաչելի էր: Հուսալքված՝ մարդիկ սպասում էին հայրենիքը լքելու իրենց հերթին։ Հիմնականում շրջաններից տեղահանված գյուղացիներն էին ու ես՝ իմ տեսախցիկով։ Օբյեկտիվս կլանում էր Արցախի այդօրվա վիճակը՝ խեղճ, անճար, թույլ․․․
Այս լուսանկարները հրապարակելուց հետո շատ քննադատություններ ստացա։ Ոչ մի քննադատություն ինձ չստիպեց դադարել ներկայացնել Արցախը, այն Արցախը, որը ցավի ու տառապանքի մեջ մենակ էր։

Հասմիկ Խաչատրյան
Լուսանկարիչ և օպերատոր

2020 թվականի պատերազմից հետո, երբ Արցախ վերադարձանք, ուզում էի նկարել ամեն ինչ, ուզում էի Արցախը տեղավորել օբյեկտիվիս մեջ։ Ես պրոֆեսիոնալ լուսանկարիչ չեմ, նկարում էի ինձ համար և որևէ տեղ չէի հրապարկում։ Այսօր արդեն իմ լուսանկարները հրապարակվում են Civilnet-ի #հուշերԱրցախից խորագրի ներքո հատվածում: Civilnet-ում աշխատելու ընթացքում հասցրեցի լինել Արցախի շատ վայրերում։
Շրջափակման ամիսներին տեսախցիկս արձանագրում էր ամեն ինչ, փորձում էի աշխարհին հասցնել Արցախում կատարվող իրադարձությունները, համագործակցում էինք միջազգային լրատվամիջոցների հետ։ Դժվար էր աշխատել շրջափակման պայմաններում։ Միայն Ստեփանակերտում էինք կարողանում նկարահանումներ անել, ոտքով ստիպված հասնում էինք քաղաքի մի ծայրից մյուսը՝ տեխնիկան շալակած։
Գործից դուրս էլ սովորական արցախցի էի ու բոլորի նման անցնում էի ստեղծված դժվարությունների միջով՝ հա՛մ հերթ էի նկարում, հա՛մ հերթ կանգնում։

Սեպտեմբերի 19-ին, երբ ռազմական գործողությունները սկսվեցին, Civilnet-ի գրասենյակում էի։ Վերցրեցի տեսախցիկը, համակարգիչս ու գնացի ապաստարան։ Մի ամբողջ օր քարացած նստած էի ու ոչինչ չէի նկարում․․․ Գուցե, որովհետեւ ես նախ արցախցի էի, ում ընտանիքը մի քանի մասի էր բաժանված. եղբայրներս պատերազմում էին, ոչ մեկից լուր չունեինք։
Եթե աշխատանքս չլիներ, երեւի թե ոչինչ չէի նկարի։
Սեպտեմբերի 20-ին ինձ հավաքեցի ու սկսեցի նկարել. սկզբում ապաստարանները, հետո Ստեփանակերտի մեր վարձով տունը, որտեղ Մարտակերտի շրջանի տարհանումից հետո 70-ից ավելի մարդ էր ապաստանել:
Դուրս էի գալիս ու ժամերով քայլում Ստեփանակերտում։ Նկարում էի այնքան, մինչեւ հեռախոսիս ու տեսախցիկիս մարտկոցները չէին նստում: Այդ օրերին լույս ու ինտերնետ չկար։ Քաղաքի 2-3 կետերում «դվիժոկ» էր միացրած, ու բոլորը շտապում էին այնտեղ։ Ժամերով հերթ կանգնելուց հետո կարողանում էի լիցքավորել ու շտապում էի կրկին նկարելու։ Չէի ուզում որևէ բան բաց թողնել։ Գիտեի, որ երկրորդ հնարավորությունը չեմ ունենալու, բայց հիմա էլ, երբ նայում եմ, զղջում եմ, որ ավելի շատ չեմ լուսանկարել։

Սևակ Ասրյան
Բնապատկերի լուսանկարիչ

Արցախը սկսել եմ նկարել 2016թ․-ից։ Մինչ այդ լուսանկարչությունն ինձ համար հոբբի էր: Նկարում էի, երբ ընկերներով ինչ-որ տեղ էինք գնում՝ արշավների կամ պարզապես հանգստանալու։ Ավելի ուշ, որոշեցի բացահայտել Արցախը լուսանկարչությամբ` ինքս ինձ համար։
Արցախը ճանաչում էին Դադիվանքով, Գանձասարով, Ամարասով, Շուշիի երկու եկեղեցիներով՝ Կանաչ ժամով և Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցով։
Ես փորձեցի ցույց տալ մի ուրիշ Արցախ, մի ուրիշ աշխարհ։ Չէի ուզում, որ մարդիկ երկիրս վիրավոր, ավերված ու թշվառ տեսնեն։ Իմ լուսանկարները պատմում էինք ապրող, ծիծաղող, երազող Արցախի մասին, իմ լուսանկարները պայծառ էին, գունավոր, ուրախ, կյանքով լցված։

Մի անգամ Շուշիի Կանաչ ժամն էի նկարել բոլորովին այլ դիրքից ու մոռացել այդ լուսանկարի մասին։ Վերհիշեցի նկարելուս պահը, այնտեղ հասնելու ճանապարհը։ Չնայած Ղազանչեցոցը Արցախի սիմվոլներից մեկն է, սակայն Կանաչ ժամը մեր ժողովրդի սիրելի եկեղեցիներից է։ 44-օրյա պատերազմի ժամանակ այն ռմբակոծվել էր, այնուհետև թշնամու վերահսկողության տակ անցնելով՝ բարբարոսաբար ոչնչացվել։ Նկարը հրապարակելուց հետո, հայրենակիցներս ինձ գրեցին, որ Արցախն իրենց համար նաև Կանաչ ժամն էր․․․
Ձեռքս չի գնում նկար ջնջել, նույնիսկ չստացված։ Ցանկացած լուսանկարի դեպքում մի քանի կադր ես նկարում, ընտրում ամենահաջողվածները, մնացածը ջնջում, հիմա ես չեմ կարողանում ջնջել անգամ այդ չստացվածները։ Այդ լուսանկարներում մեր կյանքն է։
Բռնի տեղահանվելուց հետո առաջին օրերին չափազանց դժվար էր արխիվում բան փնտրել։ Երկու նկարի համար ամբողջ արխիվս փորփրում էի, նորից վերապրում, տրամադրությունս ընկնում էր, ծանրանում էի․․․
Մի սկավառակ ունեի, որտեղ 2018թ․-ին նկարներ էի լցրել ու մոռացել։ Արցախը լքելուց առաջ, սկավառակը հասցրեցի գտնել ու հետս վերցնել, չէի հշում ինչ կար մեջը, բայց կարևորը, որպեսզի հետո չընկներ հակառակորդի ձեռքը։
Ճիշտ որոշում էի կայացրել, սկավառակում 1000-ից ավելի լուսանկար կար։ Նկարներ գտա, որոնք երջանկացրին ինձ։