Էդ օրը՝ առավոտյան, վերսկսվեց․․․ Պատերազմը չէր էլ վերջացել իմ ընկալմամբ։


2016 թվականի պատերազմից հետո․․․ 2020-ին վերսկսվեց պատերազմը։


Գնալիս արդեն Հայաստանի տարածք մտնող մեքենաներ կային, որոնք ամեն կողմից ապրանքներով էին կապկպված, մարդիկ չէին խոսում, չէին ժպտում, դեմքերին միմիկա չկար։ Մայրամուտ էր, ու դիմացից եկող մեքենաների մեջ դեռ արև էր ընկնում։ Էդ տեսարանը, էդ մարդկանց դեմքերը, որ երբեք չեմ կարողացել նկարել, տպավորվել են շատ․․․ Այդպես երկար ձգվող մեքենաների շարք ու հարցեր՝ ո՞ւր են գնում, ինչո՞ւ են գնում, ի՞նչ եմ անելու ես հիմա, ասե՞մ էս մասին, չասե՞մ․․․ Նկարե՞նք․․․ Չնկարե՞նք։


Պատերազմների խնդիրն է․ չգիտես՝ պատմությունը ոնց պատմես, ու երբեմն պետք չի անմիջապես պատմել, որովհետև ընկալումները տարբեր են․․․


Երևանում խոսում էին, որ մարդիկ պիտի չհեռանային, չլքեին իրենց տները, պիտի մնային (բա զինվորը ո՞նց է կռվելու, եթե չգիտի՝ ուր է հետ գնալու, կամ, եթե եկավ, ու Արցախում էլ մարդ չեղավ, գյուղերում մարդ չեղավ, ի՞նչ պիտի անի)․․․


Հետո, կամաց-կամաց, երբ ավելի ես խորանում, հասկանում ես, որ ախր էդ մարդը Սումգայիթ ա տեսել, էդ մարդն առաջին պատերազմն ա տեսել, էդ մարդն Ապրիլյանն ա տեսել և էդ մարդը ամեն սերնդից զոհ ու վիրավոր ունի ․․․ Հա, պատերազմը չի էլ վերջացել․․․ Էդ մարդն ապրել ա պատերազմի մեջ ու իհարկե իրավունք ունի անմիջապես վերցնելու իր ընտանիքին ու դուրս գալու․․․ Եվ մենք էլ իրավունք չունենք քննարկելու իր որոշումը․․․ Միակ քննարկումը հասկանալու համար կարող է լինել։

Ստեփանակերտում առաջին օրերին մարդկանց շուքերն էիր տեսնում վարագույրների հետեւից ու հեռավոր փոքրիկ լույսեր նկատում․․․ Մեկ-երկու օր հետո դրանք այլևս չկային։ Քաղաքն ուղղակի գետնի տակ էր, և գետնի վերևում քաղաք, մարդ չէր մնացել։


Հակասական զգացողություն շատ կար․ արթնանում ես ու ասենք հաց չկա, պանիր չկա, ոչ մի բան չկա․․․ Մտածում ես՝ չի կարող ամեն ինչ էսքան շուտ կանգնել ու վերանալ։ Լիբանանյան պատերազմի փորձառությանս էի վերադառնում․ երբ էնտեղ մի քանի ժամով ռմբակոծությունը կանգնում էր, ամեն մարդ բացում էր իր խանութը, իր գործն էր անում, հետո նոր ռմբակոծությունից վերադառնում էր իր ապաստարանը։


․․․Գիտեմ, որ Լիբանանում մարդիկ կան 6 ամիսը մեկ ինջնում են իրենց ապաստարանները, պահածոների վիճակն են ստուգում, ջուրն են թարմեցնում, կարգի են բերում տարածքը, որովհետև ենթագիտակցորեն գիտեն, որ կարող ա էդ ապաստարանը․․․ Պատերազմից տասնյակ տարիներ անց էլ նույն վիճակն էր․․․


․․․Ու Ստեփանակերտ գնում ես, հասկանում ես, որ․․․ Ապաստարաններն իրականում պադվալներ են, նույնիսկ փոքրիկ լեժանկա չի դրված․․․ Որտեղ էլ տարածքը նորմալ վիճակում է, ոչ մի բան դրված չի, անգամ ջուր չկա․․․ Այս առումով մտածելու շատ բան կա, որովհետև մշտապես ենք պատերազմի մեջ։ Առաջին անգամ մեկ շաբաթ մնացինք (պատրաստ չէինք էդքան երկար մնալու), ու վերադառնալը սարսափելի դժվար էր՝ մեղքի զգացում կար, որ լքում ես ինչ-որ բան, որը քո կարիքն ունի։ Շուշիի ոլորաններում կանգնեցինք (երեք հոգով էինք, Միրզոյան Կարենն էլ՝ մեզ հետ), էդտեղից նկարեցինք Ստեփանակերտը, շատ ծանր պահ էր, դասալքության զգացում կար, բայց չվերադառնալն էլ հնարավոր չէր։

Ամեն վերադարձ էսպես ծանր էր լինում․ Հայաստանում մեկ օր մնալուց հետո ուղղակի panic attack էր սկսվում, թե ես ինչ եմ անում էստեղ, երբ պիտի էնտեղ լինեի, չնայած որ ինչպես Հայաստանում, էնպես էլ Արցախում անպիտան էիր զգում, որովհետև աշխատելու հնարավորությունը շատ քիչ էր, ու երկակի հարցերը շատ էին՝ որտեղ լինեմ, որ ավելի օգտակար լինեմ․․․

Ինձ թվում է՝ լրագրողներն ուղղակի անզոր էին պատերազմի ժամանակ․ դու էնտեղ ինչ-որ առաքելություն ունես, գնում ես եսիմ ինչ պատկերացմամբ, թե այ ես պիտի լինեմ պատերազմի վավերագրողներից մեկը, պիտի լինեմ աշխարհին պատմողներից մեկը, բայց քեզնից բացի ոչ մեկ դա էդպես չի տեսնում․․․ Բանակը էդպես չի տեսնում, Արցախի տեղական կառավարման մարմինները էդպես չեն տեսնում, բնակչությունն էդպես չի տեսնում․․․ Հասկանում ես, որ էդ ընդամենը քո գլխում ա, որ էդ դու ես էդպես որոշել, որովհետեւ տղաները կռվում են, չգիտեմ ովքեր ինչ են անում, սա էլ ես պիտի անեմ, իմ պարտականությունն է․․․ Ու ոչ մեկ չի ուզում, չի սպասում, որ դու պիտի անես քո պարտականությունը, դա առաջնահերթություն չի, և միայն դու ու քո կոլեգաներն ունեք գիտակցությունը, որ ախր, եթե մենք չանենք, ով պիտի անի ․․․


Իրավիճակը շատ հիմար պատճառներով սրված էր լրագրողների դեմ, որովհետև live-երի ժամանակ մասսայական կերպով Արծրունը ասում էր՝ էն մի նկարեք, էս մի արեք, երբ նկարում եք, րոպե հետո խփում են էդ տարածքը․․․


Լրագրողներին դարձրին ժողովրդի թշնամի․․․ Մոտենում էիր ինչ-որ շենքի, անմիջապես ասում էին՝ հիմա կնկարես, վաղը մեզ կխփեն․․․ Մյուս հակասական բանն էլ կար․ նույն վայրկյանին օտար լրագրողին առաջնահերթություն էին տալիս և երևի մտածում, որ տեղացի լրագրողը պրոֆեսիոնալ չի, պատասխանատու չի, ոչ էլ արժանի․․․ Զայրանում ես․․․ Ախր օտարազգի լրագրողը մի քանի օրից գնալու ա ու տանելու ա հետը մի քանի հատված, ավարտվելու ա էդպես․․․Իսկ մենք ծայրից ծայր վավերագրողն ենք․․․


Երբ «Եվրոպա» հյուրանոցից էվակուացնում էին ժողովրդին, ասում էին՝ կամերադ կջարդեմ, մի հատ էլ էս կողմում երևաս, բայց հաջորդ օրը տեսնում ես, որ BBC-ն մի ամբողջ նյութ ա դրել դրա մասին, մասսայական տարածվում ա էդ նյութը, որտեղ շենքն էլ ա երևում, անունն էլ․․․ Երևի մենք էլ փորձառություն չունեինք․ միգուցե ավելի հանգիստ պիտի տանեինք ամբողջը, միգուցե միանգամից նետվել պետք չէր․․․


Էնքան բան ենք բաց թողել ու էնքան հիմար պատճառներով․․․

Պատերազմն ինձնից բան չտարավ․․․ Բերեց․․․ Բերեց էն ճշմարտությունը, որ մենք ինչքան potentially tragic իրավիճակում ենք ապրում, թե ինչքան հիմար ենք, ինչքան անկազմակերպ, ինչքան անպատասխանատու, ինչքան անհեռատես և անիրատես․․․ Ու, ցավոք, շարունակում ենք մնալ այդպիսին։


Անզորության զգացումը բերեց միանշանակ․ երբ ասում են՝ 2016-ից հետո չկազմակերպվեցինք, 2020-ին էսպես եղավ (հենց գոնե մեդիայի առումով), ուզում ես ասել՝ եթե 2025-ին էլ լինի պատերազմ, նույնն ենք լինելու ․․․


Մենք չունենք առաջնահերթություն։


Մենք անկեղծության խնդիր ունենք․ ոչ ինքներս մեզ հետ ենք անկեղծ, ոչ իրար մեջ․ էսքան տարի ապրել ենք մի երկրում, որի սահմանների մասին չգիտեինք․․․


Պատերազմը հետաքրքրական ընթացքն ունի․․․


Ստեփանակերտի առաջին շաբաթվա դատարկությունն ու մթությունը, հետո արդեն երկրորդ, երրորդ շաբաթվա ընթացքում կերպարները, որ հայտնվեցին․․․ Հայտնվեցին հերոսներ, հայտնվեցին քաջեր, ինչ-որ միջին մարդիկ և նաև ծայրահեղներ․․․ Էդտեղ ես հասկանում, որ պատերազմը համակարգ է դառնում․․․ Դու ես փոխվում, քո վարվելակերպն է փոխվում։


Երրորդ, չորրորդ շաբաթներին տեսնում ես մարդկանց բարկությունը, ագրեսիան, զգում ես, որ իրենց սահմաններն են անցել ու արդեն ահագին մարդ են թաղել, ահագին մարդ են կորցրել, արդեն անզորության մեջ են․․․ Էստեղ արդեն լրիվ ուրիշ իրավիճակում ես հայտնվում․․․ Ականատեսն ես, բայց չես պատմում․․․ Ու հանդիպում ես զինվորին, ով քեզ օճառ է նվիրում․․․


Առաջին շաբաթն էր, հայտնվեցինք երկրորդ գծում, որտեղ կամավորներ էին եկել զինվորական հագուստ ստանալու, որ միանգամից առաջնագիծ գնան։ Ամբողջ ընթացքում չեմ նկարել։ Այսինքն նկարել եմ, բայց էն, ինչ իրենք էին ուզում։ Իրենց համար եմ նկարել, որովհետև էդ տղաները էդ րոպեին ֆորմա էին ստանում, դուրս պիտի գային ու նստեին գրուզավիկն ու առաջնագիծ գնային։ Էդ պահին բոլորի համար հավանաբար իրականությունը շատ ծանր էր։ Եվ, եթե առաջ ասում էին՝ հանկարծ ինձ չնկարես, էնտեղ ամեն մարդ ասում էր՝ խնդրում եմ ինձ էլ նկարի, մի հետ էլ էսպես, մի հատ էլ ընկերոջս․․․ Ու ի՜նչ լրագրող, ի՜նչ բան․․․ Դու իրենց համար նախ մի քիչ ցրվելու առիթ ես, որ ծանր հոգեվիճակում չմնան, երկրորդ՝ դու իրենց համար նաև գործիք ես․․․ Միգուցե դա իրենց վերջին լուսանկարն է․․․


Պատերազմի ժամանակ, ինձ թվում է, կին լրագրողի ներկայությունը շատ կարևոր է․ մի ուրիշ ձև են հետդ խոսում, ավելի անկեղծ են, ավելի կարոտով են զրուցում, երբեմն նուրբ են, երբեմն՝ շատ դաժան (…մեկը կարող էր վիսկին առնել ձեռքն ու գալ քեզ մոտ՝ հյուրանոց)․․․

Մենք զինվորին միշտ խրոխտ, պատրաստ, ձիգ կանգնած ենք տեսնում և հետո արդեն՝ վիրավոր, կաղացող, սայլակի մեջ․․․ Կամ մահացած։ Բայց էն զինվորները, ովքեր վիրավորվեցին և վատ վիրավորվեցին, վաղը, մյուս օրը վերադառնալու են հասարակություն․․․ Այ էդ ընթացքը մենք չենք տեսնում։ Էդ մի ամբողջ կյանք ա, ու ես չգիտեմ՝ ինչպես կարելի է էդ մասին պատմել… Ինքն իր ուրիշ պատերազմն ունի, որ մենք չենք տեսնում, չենք խոսում էդ մասին։ Այո, հաշմանդամություն բառն ասում ենք մակերեսային մի ձևով․․․ Բայց տղերքը, որ արդեն չունեն ձեռք, ոտք, մարդկային սիլուետ չունեն, պիտի վերադառնան հասարակություն․․․ Էս է պատերազմի ամենաիրական պատկերը, որը գրեթե չենք տեսնում․․․ Եվ չենք տեսնում նախ որովհետև չենք ուզում տեսնել․․․ Եթե տեսնեինք, երևի ուրիշ ձև կմտածեինք, որպես հերոսություն չէինք ընկալի պատերազմ գնալը։


․․․ Պիտի ի վերջո հասկանանք՝ ինչի դիմաց է լինելու խաղաղությունը․․․ Ուրիշի՞ կյանքերի, նո՞ր կյանքերի, Արցախի՞․․․ Պիտի դրա համար կամ դրա դիմաց ինչ-որ բան տանք, չէ՞ ․․․


․․․ Խոսակցությունը, որ 30 տարի չենք ունեցել, միգուցե հիմա պիտի ունենանք, պիտի հարց տանք մեզ՝ ի՞նչ ենք տալիս խաղաղության դիմաց․․․ Ենթադրում եմ՝ «քաջ նազարի» բախտով խաղաղություն չի իջնում գլխիդ, ոչ էլ նվիրվում է․․․