Աշխարհը սկսվեց տատիկիս աչքերից, մորեղբայներիս կեսժպիտ ու խորազգա հայացքների ներքո, մորս գեղեցկության ու անհատնում հոգատարության մեջ ու շարունակվեց… ու շարունակվեց…
Չգիտեմ, թե ինչու էր տիկին Շուշիկը լավը, իսկ տիկին Թամարը՝ վատը… հետո էլ՝ այսինչ բանը հրաշալի, իսկ այնինչը՝ ոչ… Չեխովի՝ սրա շուրջ նույնքան շվարած մտքերից հետո հասկացա, որ պետք էլ չի պարզել… և ամբողջ էությամբ սիրեցի հրաշալին ու աննմանը՝ մեր «Հավիկ» տաղի աննմանը և աշխարհի բոլոր աննմաններին: Չկա ավելի արժեքավոր զբաղմունք, քան դա… Ես մտա երաժշտություն: Սկսվեցին իմ բազմաթիվ ողջագուրումներն ու ընդհարումները կյանքի հետ: Բայց ուրախությունը ամենակարող էր… ամոքեց անամոքելին:
Մնացին մարդկանց հետ ապրած գարունները, մնացածը՝ անհետացավ…
Երիտասարդ օրերի ընկերներիս կորուստներից ու նրանց հանդեպ կարոտներից այսօր էլ շողում են այդ օրերիս չխամրող հուզմունքը, շարան-շարան, հուլունք-հուլունք մեր Կոմիտասի փշուրները, «Հովերիս» պարզկա օդն ու վտանգավոր արարումները: Ուրախությունները շատ հուզիչ ու անմեկնելի են, շարունակ հետապնդում ու հիշեցնում են իրենց մասին:
Այսօր էլ ես հիշում եմ այդ հազարտոկոսանոց ուրախության պահերը, երբ վերից նայում էի մեր կարկատված սարերին ու հասկանում էի, որ 18 տարեկան եմ, և ներսս լի է… հետո՝ 25… հետո՝ 40…, որ դա կապ չունի իմ գլխին եկածի հետ, որ դա կապ չունի ոչնչի հետ, որ դա իմ մեջ դրված է` անկախ բարեկեցությունից, իմ հանդեպ մարդկանց չարակամությունից, իմ բոլոր սխալներից… Ինքը միշտ շողում է… իմ քարուքանդ հոգին… Էդպես է…
Սոնա Հովհաննիսյանը և ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը` «Անուշ» օպերայի փարիզյան հյուրախաղերի ժամանակ: Փարիզ, 2013։
Սոնա Հովհաննիսյանը “Պոլիֆոլիա” երգչախմբային փառատոնի շրջանակներում հանդես եկավ հայկական մոնոդիկ երաժշտության մասին դասախոսությամբ, որի ընթացքում ունկնդիրը ծանոթացավ նաև Կոմիտասի “Լուսնակն անուշ” խմբերգի հետ:
Ֆրանսիա, 2010